Հայաստանը շարժվում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց մեծ հաշվով ոչ մի տեղ էլ չի շարժվում։
Մեդիա մթնոլորտն է այնպիսին, որ ցանկացած քաղաքական խոսք միանգամից դատապարտվում է մնալու անկարևոր ու չլսված, իսկ փոխարենը մեծանում է (ու դեռ ավելի է մեծանալու) բարձր գոռացող քարոզիչների դերը։ Ով ավելի բարձր կգոռա՝ սուր ու բարակ ֆալցետով, նա էլ կհիշվի՝ հույսով, որ ճիչը կդառնա քվե։
Թեև պաշտոնապես դեռ չի սկսվել քաղաքական քարոզարշավն ու դեռ պարզ չի, թե ինչ կուսակցություններ կմասնակցեն ընտրավազքին արդեն հետպատերազմյան ԱԺ-ում հայտնվելու համար, բայց այն փաստը, որ մենք արտահերթ ընտրությունների շեմին ենք ու ոչինչ չի փոխվել հաղորդակցման ու հռետորաբանության մեջ, արդեն վկայում է, որ շարժ չկա։ Որ շարժը ձևական է։
Քաղաքական դաշտը հիմա խոսում է այնպես, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել՝ չի եղել պատերազմ, զոհեր, պարտություն, աշխարհաքաղաքական վերադասավորումներ ու զիջումների այնպիսի փունջ, որի ծավալն անգամ ընկալելի չէ, զուգահեռ դրան նաև կորոնավիրուս՝ իր տնտեսական ու առողջապահական հետևանքներով։
Շատ քաղաքական ուժերին թվում է, որ ընթանում է սովորական քաղաքական պայքար՝ կարճաժամկետ հեռանկարով: Եվ մարդիկ պետք է պատրաստ լինեն ընտրելու ոչ թե այն պատճառով, որ իրենք լավ առաջարկ ունեն, այլ որովհետև չեն ուզում եղած ուժը մնա իշխանության։
Մինչդեռ այս մոլորված ու փակուղային վիճակը նշանակում է, որ երբ կոտրված ես, ավելի բաց ես ցանկացած ապաքինման առաջարկի առջև։ Հետևաբար ուզում ես տեսնել ծրագրային ուղենիշներ։
Ի վերջո, ցանկացած ընտրություն միջոց է հասնելու ինչ-որ նպատակների, իսկ այդ նպատակները մեր քաղաքական դաշտը չի ձևակերպում։ Այլ փոխարինում է արդեն իրեն սպառած հաղորդակցման ձևաչափով՝ մերժումով, հետո՝ անեծքով։
Անեծքների լեզվով են խոսում քաղաքական ուժերն ու մեդիան էլ վերարտադրում է նրանց խոսքը՝ «ընդդեմ» սկզբունքը դարձնելով քաղաքական միավոր։
Ընդդեմ լինելը փաթաթվում է մեր վզին, որպես շանտաժ (եթե չեք ուզում նրան, ուրեմն ես եմ, իսկ եթե ես եմ, ուրեմն մերժեք նրան)։ 2018-ից հետո քաղաքական մարտարվեստում պայքարի նոր ոճ չի ավելացել։
Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ ձևակերպվեց սև-սպիտակ, նախկին-ներկա, փրկիչ-դավաճան ուժերի բախումը, այնպես էլ հիմա է շարունակվում։
Եվ խնդիրն այն է, որ սպիտակի միակ հույսը սևի առկայությունն է, իսկ սևինը՝ սպիտակի։ Գույնի ու բառերի կոնտրաստն է, որ արդարացնում է պայքարի իմիտացիան։
Օրինակ, «փրկիչ» կլինի, եթե թիրախում «դավաճան» է։ Հակառակ դեպքում՝ եթե դավաճան չկա, ու՞մից պետք է փրկի փրկիչը։ Դավաճանն անհրաժեշտ է, որ լինի նրանից ազատվելու կոչ, հետո անեծք, հետո նորից կոչ։ Այսինքն, տեղում դոփելու պրոցես։
Ընդ որում՝ դավաճան պետք է բոլորին թե՛ իշխանական ուժին, թե՛ ընդդիմությանը, որ իրենց զգան լիաժեք պայքարի մաս։
Դա օգնում է նաև խուսափել բովանդակային առաջարկներից, թե ինչպես դուրս գալ այս արտառոց վիճակից։
Անգամ խաղաղության ու պատերազմի մասին մտորումները, որոնք առաջացան իշխող ուժի նախաձեռնությամբ, մնացին օդում կախված ու մեծ հաշվով՝ ոչ շարունակելի։ Անեծքը շարունակություն չէ, եղածի դեկորացումն է, իսկ այդ դեկորացումը օգնում է իշխող ուժին բնավ էլ բացատրություն չտալ, թե ինչպես է տեսնում այդ խաղաղությունը գործնականում։
«Ու՞մ դեմ ես» հարցը դառնում է քաղաքական գործոն, իսկ «Ի՞նչ ես առաջարկում» հարցն անցնում է երկրորդ պլան։
Եվ այս երկրորդ պլանում ավելանում են անեծքի ժանրում հմտացած ու մեծ ուրախությամբ պայքարի նետված լրատվամիջոցներն ու տարատեսակ փորձագետները, որոնք պատրաստ են «դավաճաններին» գամել անարգանքի սյունին։
Իսկ ավելի պարզ ասած՝ ապահովել պրոպագանդայի աննախադեպ ծածկույթ՝ էլ ավելի սուր ու նողկալի ֆալցետով։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: