2021.03.09,

Քննադատ

ՀՀ տեղեկատվական դաշտ․ հաճախ չտրվող հարցեր

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Այսօր շատերս հոգնել ենք անընդհատ տրվող նույնանման հարցերից։ Բայց կան հարցեր, և խնդիրը հենց դա է, որ քիչ են տրվում։ Կամ նույնիսկ չեն էլ բարձրաձայնվում, անտեսվում են, անցնում, գնում։ 

Բայց չէ՞ որ մարդը հենց հարց տալու համար է (նաև)։ Այնպես որ եկեք լինենք մարդկային և տանք մի քանի հարց, որոնց պատասխանները առնվազն ես կուզեի լսել` հնարավորինս բացված, խորը, և ինչու ոչ՝ համապարփակ։

Ա․  Եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում արգելափակումների ոլորտում։ 

Մենք այնքան էլ սովոր չենք, երբ ինչ-որ բան ցանցում անհասանելի է այն պատճառով, որ այդպես որոշել է պետությունը։ Մի անգամ այդպես եղավ 2008-ի մարտի մեկին հաջորդած արտակարգ դրություն, մեկ էլ՝ 2016-ին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած կարճ և ոչ ամբողջական Ֆեյսբուքի արգելափակման ժամանակ։ 

Այս անգամ, 2020-ի պատերազմի ընթացքում մենք ունեցանք լիարժեք արգելափակումներ։ Սկզբից սկսեց խափանվել TikTok սոցցանցի աշխատանքը։ Ընդ որում՝ դա կատարվում էր ոչ ամբողջականորեն։ Օրինակ, մի հեռախոսի վրա այն աշխատում էր, մյուսի՝ ոչ։ 

Եվ այստեղ առաջին հարցերը սրանք են․ ինչու՞ պաշտոնապես չհայտարարվեց արգելափակման սկիզբը, ինչու՞ մենք չիմացանք նաև արգելափակումների ավարտի մասին։ Եթե TikTok-ի արգելափակումն այդ պահին կարևոր էր (հիշեցնեմ, որ նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն էր պատերազմի առաջին օրերին հորդորում երեխաներին հեռու պահել այդ հարթակից, քանի որ այնտեղ տարածվում էին շատ վտանգավոր տեսանյութեր, որոնք պարունակում էին ռազմական հանցագործություններ, ատելության խոսք և ոչ մի կերպ չէին մոդերացվում սոցցանցի կողմից), ինչու՞ այդ դեպքում դա արվեց ոչ լիարժեքորեն։ 

Ինչու՞ մարդկանց մի մասը անխափան կարողանում էր օգտվել TikTok-ից, եթե այն վտանգ էր ներկայացնում։ 

Հոկտեմբերի կեսերին արգելափակումներն ավելի սաստկացան։ 

Լիովին անհասանելի դարձան .az, .tr դոմեյնային տիրույթներում գտնվող, ինչպես նաև այլ դոմեյնների տակ գտնվող ադրբեջանական ֆեյք կամ բացահայտ քարոզչական կայքերը։ 

Լավ, եկեք համաձայնենք, որ Ադրբեջանի վարած տեղեկատվական պատերազմը Հայաստանի դեմ իսկապես կարող էր պարտադիր դարձնել ժամանակավոր ինչ-որ կայքերի արգելափակումն այդ տիրույթում։ 

Սակայն ո՞րն էր իմաստը անհասանելի դարձնելու բազմաթիվ թուրքական կայքերը, որոնք խիստ կարևոր էին այդ պահին հայաստանցի քաղաքագետների և այլ փորձագետների համար և բացարձակ անհետաքրքիր էին Հայաստանի բնակչության մեծամասնության համար, որը պարզապես չի կարդում թուրքերեն կամ անգլերեն։ 

Եվ ամենակարևոր հարցը․ ինչու՞ ժողովրդավարությանը ձգտող երկրի բնակչությանը տեղյակ չպահեցին արգելափակումների մասին։ Մենք այդպես էլ չիմացանք, թե երբ կողպվեցին, իսկ երբ ազատ արձակվեցին այդ կայքերը։ Չիմացանք, թե ում որոշմամբ դա արվեց։ 

Ավելի հետաքրքրասերներին, որոնք նաև տեխնիկական գիտելիքներ ունեն, ասեմ, որ նաև DNS-ների մակարդակով կային, և միգուցե դեռ կան, խնդիրներ։ 

Բայց այդ հարցերի պատասխանը ստանալը էլ ավելի բարդ է լինելու, քանի որ պետք է կարողանալ հարցը ձևակերպել, գտնել նաև նրան, ով կկարողանա պատասխանել հարցին։ Ընդ որում, կարող եմ արդեն ակնկալել պատասխանը․ «Ամեն ինչ արվել է ըստ ՀՀ օրենսդրության․․․»։

Բ․ Հարցերի երկրորդ շարանը տեխնիկական չէ, փիլիսոփայական է։ 

Ինչու՞ ներկա կառավարությունն ու ԱԺ-ն, որտեղ, չեմ սխալվի, եթե ասեմ, որ ամենաշատն են նախկին խմբագիրերն ու լրագրողները, անընդհատ ուզում են նորանոր օրենսդրական սահմանափակումներ մտցնել։ Մե՛կ ուզում են զրպարտանքը քրեականացնել, մե՛կ անանուն աղբյուրներին հղում անելը արգելել։ 

Գ․ Իսկ հիմա հարց մենեջմենթի, մարդկային ռեսուրսների կառավարման և էսթետիկայի ոլորտներից։ Ինչու՞ է ողջ պետական ապարատը մի քանի ֆեյքերի հետևից ընկած։ 

Էլի հարցեր կան։ Բայց քանի որ հույս չկա միանգամից շատերի պատասխանը ստանալու, եզրափակվեմ այս մի քանիսով։ Չնայած, սրանց պատասխանները ստանալու հույսերս էլ շատ մեծ չեն։ 

Հ․ Գ․ Հա, մոռացա մի ռազմավարական և մարտավարական հարց էլ տալ․ ռազմական դրություն դեռ ինչքա՞ն է տևելու։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *