Ուրեմն մտնում եմ ինտերնետ, և մի լրատվականում (ամսական մի քանի հարյուր հազար այցելություն ունի, ինչ-որ անկապ խռբզ․քոմ չի էլի) գրված է հետևյալը․ «Dejavu թելեգրամյան ալիքը գրում է․ @Tzhvzhik –ի կրեմլյան աղբյուրները հայտնում են․․․»։ Այս հատվածից հետո անմիջապես դադարեցի կարդալ։ Զուտ մի պատճառով․ իմ սեփական հոգեկան և ֆիզիկական առողջությունն անհամեմատ ավելի կարևոր եմ համարում, քան տեղյակ լինելը ամեն մի տժվժիկի ծանոթների ուղեղի զեղումներից։
Մի հատ խորացեք․ ինչ-որ Տժվժիկ անունով Տելեգրամ ալիք, որն ունի ընդամենը երկու հազար ու մի բուռ ընթերցող (որոնցից կեսից շատն ակտիվ չեն) ունի աղբյուրներ Կրեմլում։ Հետո այդ գրառումը Տժվժիկից մեջբերում է Դեժավյու ալիքը, որն ունի հազար ու մի պոչ ընթերցող (կրկին կեսից շատը վիրտուալ կոմայի մեջ են)։ Դրանից հետո լրատվականը վերցնում է այն, ինչը Տժվժիկին ասել է Կրեմլում բնակվող տնապայը՝ տան ոգին կամ домовой-ը։
Եկեք կրկնենք քայլերը։ Ուրեմն, տնապայը Կրեմլում լսում է թաքուն ինչ-որ բան, հետո հայտնում Տժվժիկին (Դոբբին բարի է)։ Տժվժիկն էլ դա պատմում է Դեժավյուին։ Դեժավյուն պատմում է լրագրողին։ Երևի պատմում է հենց Դեժավյուն անձամբ, թե չէ դժվար է պատկերացնել, թե ինչու է լրագրողը իր հոդվածում մեջբերում Դեժավյուին, որը մեջբերում է Տժվժիկին, այլ ոչ թե բացում Տժվժիկը, որ մեջբերի ուղիղ Տժվժիկին։
Այստեղ տեղի է ունենում մեկ այլ հրաշալի իրադարձություն․ լրագրողը որոշում է լինել շատ մանրակրկիտ ու արհեստավարժ և հղում է տալիս իր աղբյուրին, այսինքն Դեժավյուին, որն էլ, չմոռանանք, մեջբերում էր Տժվժիկին, որն էլ իր հերթին մեջբերում էր Կրեմլում ապրող Դոբբիին։
Բայց հրաշալին այն է, որ հղումը տանում է զուտ Telegram.org հասցեին։ Այսինքն, մարդն ուզում է ասել, որ Տելեգրամում եմ կարդացել։ Ընդ որում, բուն մեսենջերը ստեղծողի կայքում։ Ինչպես ասում են՝ անմիջապես արտադրողից է ապրանքը։
Սա մի փոքր դեպք է մեկ մարդու համար, բայց հսկայական խնդիր է, եթե խոսում ենք հայաստանյան հասարակության մասին։
Խնդրի անունն է անարժանապատիվ, անմիտ տեղեկության սպառում։
Մենք հաճախ ենք խոսում մեդիագրագիտության, փաստերի ստուգման և նման այլ բաներից։ Անկասկած, այդ ամենը պետք է։ Շատ է պետք, որքան հնարավոր է շատ։ Սակայն, հարցն այն է, որ շատ դեպքերում պետք չէ լինել փաստերի ստուգման մասնագետ, հարկավոր չէ ծախսել մի քանի ժամ՝ ստուգելու համար տեսանյութում պատկերվածի իսկությունը և այլն, և այլն։
Խնդիրը պարզ է և շատ մարդկային։ Այն կարելի է ներկայացնել մի քանի նախադասությամբ։
Հարցն այն է, որ մենք պետք է լինենք արժանապատիվ և հպարտ մեդիա սպառող՝ անկախ ինտելեկտուալ հանգամանքներից։ Ինչը նշանակում է, որ չպետք է լինենք լուռ համաձայնողի դերում, երբ մեզ ուզում են կերակրել Կրեմլում ապրող տնապայի պատրաստած տժվժիկը։ Ընդ որում՝ այնքան հաճախ են կերակրում, որ այս ամենը դեժավյուի նման կրկնվում ու կրկնվում է։
Մենք անդադար բողոքում ենք, որ մեդիադաշտը լցված է ֆեյքերով, կեղծիքներով, ապատեղեկատվությամբ (այս երեքի միջև տարբերություններ գոյություն ունեն, թե ոչ, առ այսօր պարզ չէ)։ Բայց բանն այն է, որ հենց մենք ենք այս ամենը սնում։
Եթե դադարենք կարդալ, էլ չեմ ասում՝ տարածել նման անհեթեթություններ, դրանք երկար կյանք չեն ունենա։ Մեղքը նաև մերն է, պետք չէ այն բարդել ֆեյքաբուծարանների և քաղաքական գիշատիչների վրա։ Եթե դադարենք դրանք «ուտել», շատ բան կփոխվի։
Դասականը այս ամենի պատասխանն ունի վաղուց․
– Ներսես-ախպար, ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Հիշո՞ւմ ես այն թոքը, այն համեղ տժվժիկը…
– Ահա, ա՛ռ քո թոքը և ձա՛յնդ կտրե,- ասաց զայրացած Ներսես-ախպարը և աբբայի տակ թաքցրած թոքը դուրս հանելով, այնպես շրմփացրեց Նիկողոս-աղայի քթին, բերանին, որ վերջինս ապուշ դարձավ, տեղն ու տեղը մնաց՝ երեսը, գլխի թանկագին շալը, վիզը արյունով ներկված։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: