2021.02.03,

Քննադատ

Քարոզչությունը թիկունքում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը պատերազմից հետո լրատվական դաշտում գրեթե չէր երևում։ Լինելով պատերազմի պաշտոնական «ձայնը» (որոշ իմաստով նաև սիմվոլիկ խիղճը) մեդիայում, նա դադար էր վերցրել պատերազմի ավարտից հետո։ Թերևս մեծ հաշվով ասելու բան չուներ, քանի որ պարտությունից հետո փոխվեց ոչ միայն հռետորաբանությունը (և կտրուկ փոխվեց), այլև բուն քարոզչությունը։ Զրկվելով հաղթական տոնայնությունից այն վերածվեց բավականին քաոտիկ խոսքի՝ անորոշ և միաժամանակ այդ անորոշությունը անտեսող։

Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 1-ին ԱԺ-ում ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ ու նաև հարցազրույցներ տվեց՝ խոսելով ինֆորմացիոն իր աղբյուրների (բացառապես պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբից և բանակից), քարոզչության (որին ինքն էլ անկեղծորեն հավատում էր ու համարում էր անհրաժեշտ) և իր դերի մասին։

Նրա խոսքերը լավ առիթ են մտորելու հավատի մասին։ Ու նաև վստահության, որը երբեմն հավատի հակոտնյան է։

Քարոզչության հիմքը հավատն է, որոշակիությունը, հստակը։ 

Բայց երբ չկա հավատ, չկա նաև քարոզչություն։ Հենց այդպես են աշխատում նաև կրոնական դոգմաները։ Սկզբից հավատն է, հետո ինֆորմացիան, հետո նորից հավատը։ 

Ինֆորմացիան պիտի հիմնվի հավատի վրա ու հավատով պսակվի, այլապես ինֆորմացիան մեկ լումա էլ չի արժենա քարոզչական կառույցներում։

Եվ այսօր բավականին ծանր հոգեբանական վիճակ է Հայաստանում նաև այն պատճառով, որ քարոզչությունը շատ արագ դարձավ փուչ գործ, և ներքուստ բարդ է համակերպվել այն մտքի հետ, որ հեշտությամբ ու ինքնակամ հայտնվել էինք քարոզչկան թակարդում։ Ու ենթագիտակցորեն ուզում էինք որքան կարելի է երկար մնալ այդ փոքր, ապահով, պաթետիկ ու տաքուկ կոչերի տիրույթում։ Որն ի դեպ՝ պատմության մեջ կմնա Արծրուն Հովհաննիսյանի կերպարով ու առոգանությամբ։

«Ես հավատում էի, որ հաղթելու ենք, եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը ճիշտ է։ Հավատալու ու խաբելու այս հավերժ ճոճանակը ոչ ոք չի կարող հավասարակշռել դարեր շարունակ։ Եթե հավատում ես կամ համոզում ես քեզ, որ հավատում ես, չես զգում խաբված կամ առավելևս խաբեբա։ 

Հավատը զգայական նյութ է, բնազդով ընկալվող ու բնազդով էլ բացատրվող, այսինքն՝ բացատրություններից անդին։ 

Հավատը քարոզչության խաչն է ու խարիսխը։

«Ես անլուրջ եմ համարում քարոզչության հետ կապված մեղադրանքները, քանի որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը: Լինում են, իհարկե, սխալներ, չճշտված կամ չհաստատված տեղեկություններ, բայց ոչ թե սխալ քարոզչություն»,- ասել է նա իր ճեպազրույցի օրը հրապարակված իր հարցազրույցում։

Արծրուն Հովհաննիսյանը մի քիչ խուսանավում է՝ սխալ քարոզչություն, իհարկե, կա։ Եթե բանակը պարտվել է, քարոզչությունը չի կարող լինել ճիշտ։ Թեկուզ միայն այն պատճառով, որ չի պատրաստել հասարակությանը պարտությանը։ Այսինքն, իրականությանը։

Իսկ ավելի ճիշտ կլինի ասել, որ քարոզչությունն է խանգարել տեսնել իրականությունը։ Որ քարոզչական կոչերը՝ լինելով գրավիչ ու սփոփիչ, տեղ չեն թողել ավելի բարդ ու տհաճ վերլուծական խոսքին։ 

Որ հենց քարոզչությունը ապացուցեց, որ հավատը թույլ զենք է, եթե դա միակ զենք է մեր հանրային խոսքի զինանոցում։

Հաղթանակի կոչերը, որոնք լսում էինք պատերազմի օրերին, Արծրուն Հովհաննիսյանը բացատրեց բանակի մարտունակությունը բարձր պահելու, հասարակության հայացքներն ու մտքերը միախմբելու ցանկությամբ։ Ու նաև թվերով ցույց տվեց, թե որքան հրապարակումներ է արել պատերազմի օրերին։

Նա հաշվել է, որ պատերազմի 44 օրերի ընթացքում սոցիալական մեդիայում արել է մոտ 400 հրապարակում. 170-ը՝ «հաղթելու ենք» կարգախոսով, 160-ից ավելին՝ ռազմաճակատում ծանր դրության մասին ու սթափության հորդորներ պարունակող․

«Այսինքն, 50-50 հարաբերակցությամբ։ Ես չեմ ասել «հաղթում ենք», ես ասել եմ՝ «հաղթելու ենք», դրանք տարբեր բաներ են։ Բայց 160-ից ավելի հրապարակումներ եղել են, որ վիճակը շատ ծանր է, գոյության կռիվ է և նմանաբնույթ սթափեցնող կոչեր։ Ես մինչև վերջին օրը որպես զինվորական պարտավոր էի հավատալ և հավատում էի, որ հաղթելու ենք»։

Բանակը հիերարխիկ կառույց է և բնական է, որ ՊՆ ներկայացուցիչն այդ հիերարխիայի մաս լինելով՝ պարտավոր է ենթարկվել հիմնական գծին։ 

Բայց չմոռանանք, որ նրան ամեն օր լսող միլիոնավոր քաղաքացիներ չունեին այդ պարտավորվածությունը։ Նրանց տեղեկություն էր պետք։  

«Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, չկա պատերազմ որտեղ տեղեկատվության խզվածք չի առաջանում, ուսումնասիրել է պետք։ Ես որևէ կեղծ ինֆորմացիա չեմ ասել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Եվ կրկին նա ճիշտ է։ Կեղծ ինֆորմացիա չէր էլ կարող լինել, եթե խոսքը քարոզչության մասին է (ի դեպ՝ Արծրուն Հովհաննիսյանը չի էլ թաքցնում, որ քարոզչությունը թեև բարդ է տրվել անձամբ իրեն, բայց դա էր իր գործը)։ 

Խոսքի կեղծ կամ կիսաճշմարիտ լինելը նշանակություն չունի քարոզչության դեպքում։ Այն ընդունվում է, և վերջ։ Ընդունվում է՝ օգնելով միախմբել հասարակությանը, դրդել մարդկանց նայել նույն ուղղությամբ ու ասել նույն բառերը որպես մանթրա կամ աղոթք (օրինակ, հաղթելու ենք)։ Պատերազմների ընթացքում միախմբում է պետք, թեկուզ ինքնախաբեության որոշակի չափաբաժնով։ 

Իսկ հետո արդեն մեծ հարց է, թե ինչ է պետք։ Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև դրա մասին։ Բայց տարօրինակ բան ասաց․

«Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած՝ բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը»։

Արծրուն Հովհաննիսյանը սխալվում է, լրատվական թեման միշտ է լինելու առաջին պլանում։ Հարցն այն է, թե ինչով է լցվելու այդ առաջին պլանը։ Դրա վկայությունը հենց ինքն է։

Նա գրեթե երկու ամիս եղել է ամենազանգվածային կերպարը հայկական եթերում, համացանցում, մեծ ու փոքր էկրաններին նրա խոսքը լսելի ու սպասելի էր միլիոնավոր մարդկանց համար։ Նա մեդիա անձ էր՝ անսահմանափակ հնարավորություններով։ Անգամ կարելի է ասել՝ նա էր լրատվության հրամանատարը։ Ուր ուզեր, կարող էր բեկել ու ուղղորդել մեր մտքերը։ Եվ նրա խոսքին վստահում էին։

Հետաքրքիրն այն է, որ պատերազմի օրերին, նաև պատերազմից մի քանի ամիս անց Արծրուն Հովհաննիսյանը գերադասում է խոսել հավատի մասին, բայց չի օգտագործում «վստահության» բառը։ Չի ասում՝ վստահում էի… Ասում է՝ հավատում էի…

Հավատը ենթադրում է իռացիոնալ վիճակ, վստահությունը պահանջում է ռացիոնալ բացատրություն։ 

Հավատը միակողմանի խաղ է (մեկն ասում է, մյուսը լուռ միանում), իսկ վստահությունը բացում է հավասար երկխոսության հնարարովություն (իմ ասածը ոչինչ է, քանի դեռ ինձ չես վստահում)։

Համենայնդեպս, հիմա երբ փորձում ենք դուրս գալ լայնամասշտաբ քարոզչության բեռի տակից ու կազմաքանդել դրա ազդեցությունը, կա վստահության մեծ դեֆիցիտ։ Բանակից սկսած, լրատվական դաշտով վերջացրած։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *