Ա. Խաղաղության խոսույթը
Մաս IV
«Հետտրավմատիկ դավաճանության համախտանիշ» եզրույթին ես միայն «Խաղարկել հետ» ֆիլմում եմ հանդիպել՝ սա որևէ անձի մեղքը (դիցուք՝ դավաճանությունը), հետին թվով նրա ամբողջ նախորդ կյանքի վրա տարածելու երևույթն է։ Զուգահեռ կարելի է անցկացնել թերևս հետահայաց դետերմինիզմ եզրույթի հետ, որ կիրառվում է իրադարձությունները գնահատելիս։
«Գիտե՞ք, թե որքան գումար է ծախսվել խաղաղապահ նախագծերի վրա: ՇԱՏ-ՇԱՏ,- վրդովվում էր արցախցի երիտասարդ լրագրողուհին, որի հուզիչ պատերազմական օրագրին հետևում էինք շատերս նախ Դիմատետրում, ապա «Սիվիլնեթում»։- Քանի՞ մարդ է հարստացել նման նախագծերով: Քանի՞ դասընթացավար է պատմել քննադատական մտածողության, Hate Speech-ի (ատելության խոսք ) մասին: Եթե ոչ ոք չի ուզում խոսել այդ մասին, ապա ես կասեմ. այդ ամենը ԶՈՒՐ էր, բոլորը պարտվեցին: Քանի որ բոլոր այս մարդիկ, ովքեր գեղեցիկ էին խոսում Թբիլիսիում կամ այլուր, այժմ հաստատ գիտեն իրենց դիրքորոշումը: Իսկ թե ինչի համար աշխատավարձ ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դարի առեղծվածն է ինձ համար» (թարգմանել եմ ռուսերենից):
Նա իրավացի է, խաղաղության խոսույթը չի կանխել պատերազմը, բայց պատճառն այն չէ, որ սխալ է կամ գումարներ են վատնվել, այլ՝ որովհետև հակամարտող երկրների կառավարությունները չեն ցուցաբերել քաղաքական կամք, անհամեմատելի ուժեղ է եղել պատերազմի քարոզչությունը, ատելության խոսքը։ Իսկ քննադատական մտածողությունը՝ մի առարկա, որը ինքս էլ եմ բանախոսում պարբերաբար, պետք է օգներ գոնե մեզ գիտակցել, որ Հայասստանի պետական շահի տեսանկյունից խաղաղասիրական գործունեությունը, հայ-ադրբեջանական շփումները կարող էին միայն ամրապնդել ստատուս քվոն, ինչը հասկանալով՝ Ալիևյան վարչակարգը ամեն կերպ արգելափակում էր դրանք։
Նույն կերպ, քննադատական մոտեցում ցուցաբերելու դեպքում արդեն հիշատակածս «Մարտնչող «խաղաղասիրությունը» առանց դիմակի» հոդվածում «հարատև կռվի» պահանջը չպետք է ուղեկցվեր սոցիալական բողոքով. «Կամ՝ ինչո՞ւ պետությունը չի կարողանում լուծել հացի պրոբլեմը, եթե վերջինս մարդկանց գոյության գրեթե միակ միջոցն է»։
90-ականներին նախ ադրբեջանական, ապա աբխազական երկաթգծի փակման, էներգետիկ ճգնաժամի, միջազգային տնտեսական գործընկերների հետ կապերի խզման պատճառով փլուզվում էր ՀՀ տնտեսությունը, աշխատավարձերը դառնում էին խորհրդանշական։ Պարբերաբար հաշված օրերի ալյուրի պաշար էր լինում երկրում։ 1992-ին իշխանությանը Թուրքիայի հետ բանակցեց և երկիրը նույնիսկ շուրջ 50.000 տ ցորեն ստացավ, թեև՝ ընդհատումներով (ճիշտ է, կային մարդիկ, որ ասում էին՝ մենք թուրքական հաց չենք ուտի, ընդ որում, նաև այնպիսիք, որ իրենց որդիներին կաշառքով ազատել էին զորակոչից)։ Միգուցե հնարավոր էր տնտեսությունը ավելի լավ կառավարել՝ Գերագույն խորհրդից հանրահավաքներ, այնտեղից մեդիա էր անցնում «լափված մազութի» մեղադրանքը, որի էությանը, գործի հետագա ընթացքին կարող եք ծանոթանալ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» համապատասխան բաժնում, բայց դա չէր կարող այնքան բարելավել ցամաք հացով ապրող մարդկանց վիճակը, որ նրանք երկար դիմանային «հարատև կռվին»։
Այսուհանդերձ, կարևոր եմ համարում վերապահում անել։ Խիստ վտանգավոր են զիջումների մասին բարձրաստիճան պաշտոնյաների ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ առաջարկները պ ա տ ե ր ա զ մ ա կ ա ն իրավիճակում։ Դրանք կարող են թուլացնել կանոնավոր բանակի զինվորների կամքը, իսկ կամավորների անձնազոհությունը պարզապես իմաստազրկել։ Ի պատասխան ցավոտ զիջումներով «օր առաջ Բաքու գնալու» առաջարկի, որ 1991-ին հնչել էր փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանի «Եթե չսթափվենք այսօր դարը կավարտենք այնպես, ինչպես սկսել ենք» հրապարակման, ես գրեցի «Երրորդ ուժի» անտեսման օրենքը» հոդվածը՝ առարկելով, որ նույն ծանրակշիռ պատճառներով Ադրբեջանը կարող էր մեզ խաղաղություն առաջարկել, բայց չի անում։ Եվ որ եթե պատերազմը դադարեցնելու «հավանություն» չունենանք երրորդ կողմից՝ Ռուսաստանից, նա միայն «սեպարատ բանակցության» պատճառով անցնելու է հակառակորդի կողմը, ինչպես որ եղավ «Կոլցո» գործողության դեպքում։ Հոդվածս դժկամությամբ ընդունվեց «Հայք» շաբաթաթերթի խմբագրությունում, որի խորհրդարանական թղթակիցն էի, ես այն «Ազգ»-ում տպագրեցի։
Առհասարակ ներքին և արտաքին քարոզչությունը տարբերակելը մասնագիտական նուրբ խնդիր է։ Արցախյան 1-ին պատերազմի սկզբից Հայաստանի միակ՝ պետական հեռուստատեսության լուրերը լի էին տրտունջով, թե ինչ վնաս են մեզ պատճառել ադրբեջանցիները։ Անկախությունից հետո, երևի ոչ այնքան իշխող «խաղաղության կուսակցության» ուղղակի կամ անուղղակի ցուցումներով, որքան՝ որպես սովետական վերջին տարիների իներցիա, երբ դա պետք էր ցույց տալ «կենտրոնին»՝ Մոսկվային, պատկերը մոտավորապես նույնն էր։ 1993-ին նշանակվելով Հեռուստառադիոպետկոմի պետի տեղակալ, ես հրահանգեցի սահմանամերձ գոտու նորություններից վերացնել լացուկոծը, կորուստներին զուգահեռ տեղեկացնել ռազմական հաջողությունների մասին, ինչը որևէ առարկության չարժանացավ ո՛չ Հեռուստառադիոպետվարչության պետ Տիգրան Հակոբյանի, ո՛չ ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից։
Ըստ այդմ, խորհրդանշական է, որ վերջին հազարամյակում տարածքային մեր ամենամեծ նվաճումը, որ պահպանվեց 26 տարի, ունեցել ենք ամենաշատը տարածաշրջանային համակեցության ձգտող իշխանության և ազգայնական ընդդիմության օրոք։ Միաժամանակ, երևի թե նույն պատճառով՝ միջազգային իրավունքին վերաբերող որոշումների կատարյալ խառնաշփոթ։
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում խաղաղության խոսույթը արծարծվել է հիմնականում ՀԱԿ-ի անդամների, համակիրների և լուսանցային խմբերի կողմից։ Հնչել են ուղղակի կոչեր, որ իշխանությունը չվախենա, թե «ցավոտ փոխզիջումները» դավաճանություն են, որոնք հանրային լայն արձագանք չեն գտել։
Բայց եթե էդքան խելոք եմ, արդյոք ինքս փորձե՞լ եմ տարածել խաղաղության խոսույթը։ Ոչ։ Արցախյան 2-րդ պատերազմի մեկուկես ամիսը բացառիկ շրջան է եղել վերջին տարիների ընթացքում, երբ ես Դիմատետրում ոչ մի գրառում չեմ արել։ Պաշտոնական լուրերը հավաստի չէին թվում՝ ակնհայտ թերասության պատճառով, այլ աղբյուրներից ճշգրիտ տեղեկատվություն չունեի, որպեսզի ինձ թույլ տայի դիրքորոշում արտահայտել։ Եվ նախքան պատերազմն էլ այնքան հուսադրված էի հեղափոխությունից հետո բանակում բարոյահոգեբանական վիճակի բարելավմամբ, որ նույն տագնապով չեմ խոսել խաղաղության վատնվող տարիների մասին, ինչ՝ դեռ 2013-ին, «Հայկական ժամանակի» համար գրված նույնանուն հոդվածում։
Հետահայաց կարծիքս այն է, որ Արցախյան 2-րդ պատերազմի սանձազերծումը կանխորոշվեց… Դոնալդ Թրամփի ընտրությամբ, երբ նա, անլրջաբար, տնտեսական թվացյալ շահերի հետևից ընկնելով, ԱՄՆ-ին հետ քաշեց աշխարհի մի շարք թեժ կետերից, այդ թվում՝ Սիրիայից։ Դրանից օգտվելով՝ վերջինիս վրա ազդեցության ոլորտները բաժանեցին Թուրքիան ու Ռուսաստանը՝ 2017-ից առանձին հանդիպումներ անցկացնելով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում (Իրանի ներգրավմամբ)։ Դա Արցախի հարցը «աստանայացնելու» հեռանկար բացեց Թուրքիայի համար, որին Ռուսաստանը չդիմադրեց։
Պուտինը բացեիբաց հայտարարեց, որ Թուրքիան շատ ավելի կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար՝ գազատարի, զենքի վաճառքի ու ԱՄՆ-ի հետ գլոբալ հակամարտության համատեքստում, քան Հայաստան/Ադրբեջանը։ Այլապես Հայաստանի բուն տարածքին՝ Դավիթ Բեկ, Վարդենիս, հասցված առաջին իսկ հարվածից հետո Ռուսաստանը զորք կօգտագործեր։ Ավելի վաղ, քան Նիկոլը կհասցներ դիմել կամ Արայիկ Հարությունյանը «Արցախ-Ռուսաստան առնչությունների դարերի պատմության մասին» թելադրություն կգրեր՝ նախկին նախագահների օգնությամբ։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք խաղաղության «վերջնաժամկետ» ունենք։ Շուրջ 5 տարի։ Որոնց համար ծրագիր կազմելիս արժե հստակ գնահատականներ ունենալ, թե ինչպիսին են եղել
ներքին/արտաքին գրաքննության…
միջնորդների/միջնորդագնի/խաղաղապահների…
արտաքին ուժերի և հանգամանքների օժանդակության
ցեղասպանության…
«քոչվորների ու բնիկների»…
կամավորների/կանոնավոր բանակի
խոսույթները Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմների մեդիայում։
Վահրամ Մարտիրոսյան
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: