2020.12.24,

Քննադատ

Մեծ ներգաղթ՝ Կարսն ու Արդահանը վերադարձնելու ցանկությամբ

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Մինչ այսօր արձանագրում ենք Արցախի տարածքի կորուստը ու կասկածի տակ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կար ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները մտադիր էին վերադարձնել Արևմտյան Հայաստանի հողերը՝ հայրենադարձ հայերի վերաբնակեցման նպատակով: 

1946-ին հանրայնացվեց ծրագիրը՝ Խորհրդային Հայաստանում համախմբել աշխարհով մեկ սփռված հայերին, կազմակերպել Մեծ ներգաղթ: Հայրենադարձության լուրը մամուլում ամենաքննարկվողներից էր: 

1946-ի փետրվարի 3-ին, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը, ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կարևոր լուրը՝ «Մեծ Ստալինն իր համաձայնությունն էր տվել պետական մակարդակով կազմակերպել աշխարհով մեկ ցրված հայերի վերադարձը Խորհրդային Հայաստան». 

«Հայրենադարձության» որոշումը պետք է դիտել որպես Սովետական կառավարության հումանիզմի մեծագույն ակտ, որը հնարավորություն է տալիս իրագործելու հայերի իղձը` միավորվելու միասնական ընտանիքի մեջ և համատեղ ջանքերով պայքարել իրենց սոցիալիստական հայրենիքի ծաղկման համար: Այդ որոշման մեջ մեր ամբողջ ժողովուրդը տեսնում է Մեծ Ստալինի ցուցաբերած հայրական ջերմ հոգատարությունը հայերի նկատմամբ» («Սովետական Հայաստան», փետրվարի 3, 1946):

«Իհարկե, մենք բոլորին չենք կարող ընդունել Հայաստանի ներկայիս տերիտորիայում: Ամենաուշադիր հաշվարկումով, նկատի ունենալով մեր ռեսպուբլիկայի արդյունաբերության մեծ զարգացումը, գյուղատնտեսության զարգացումը, որը կարող է զբաղեցնել շատ ավելի շատ աշխատող ձեռքեր, մենք առաջիկա տարիներում Հայաստանի ներկայիս տերիտորիայում կարող ենք ընդունել մաքսիմում 350-400 հազար մարդ» (նույն տեղում): 

Սփյուռքի թերթերն արտատպում էին Գրիգոր Հարությունյանի ելույթը, հայկական գաղթօջախներում մարդիկ հերթագրվում էին՝ հայրենիք վերադարձողների ցուցակից հանկարծ դուրս չմնալու անհանգստությամբ:

«Արտասահմանում ունինք մօտ մեկ միլիոն ազգակիցներ աշխարհի չորս ծագերում տարտղնուած: Բոլորն էլ ցանկանում են հայրենիք վերադառնալ: Ներկա պայմաններում մենք չենք կարող գոհացում տալ բոլորին: Հակառակ մեր գիւղատնտեսութեան, տնտեսութեան հսկայական վերելքին, եթե նույնիսկ գերմարդկային ջանքեր թափենք, մէր սահմաններէն ներս առավելագոյնը 35-40 հազար ազգակիցներ կրնանք ընդունիլ: Ի՞նչ պետք է ընել մնացողներին: Մերժե՞նք միւս ցանկացողներին: Ամենեւին, մենք չենք ուզում եւ չենք կարող մերժել արտասահմանի մեր քոյրերի եւ եղբայրների փափաքը: Մեզ կը մնայ բարոյական կորովի ուժով Թուրքիայից պահանջել խլուած հայկական հողամասերը, որպէս զի հնարավորութիւն տրուի արտասահմանի բոլոր ազգակիցներին հայրենիք վերադառնալ ու ապրիլ իրենց հայրենի հողի վրայ» («Ազդարար », Բեյրութ, 1946, փետրվարի 9, N 171): 

Հողերի վերադարձի մասին զրույցները չափազանց նյութական էին: 

Հայրենադարձության ծրագիրը հիմնավորում էր, թե ինչու պետք է Թուրքիան Հայաստանին վերադարձնի տարածքներ. Խորհրդային Հայաստան վերադարձած հարյուր-հազարավոր հայերի համար Հայաստանը նեղ էր: Ահա Ամենայն Հայոց Գեորգ Զ. Կաթողիկոսի խոսքը. 

«Մենք խնդրում ենք առնել Թուրքիայի ձեռքից բռնագրաւուած և այժմ համարեա  ամայացած հողերը և վերադարձնել իրենց իսկական տէրերին ու միացնել Սովետական Հայաստանին: Հայ ժողովուրդը բոլոր ճակատներում քաջութեամբ կռուեց հաղթանակի համար (խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է -խմբ.), ուստի անիրաւութիւն կը լինի, եթե այս անգամ էլ նա յուսախաբ լինի: …Միակ ելքն է Թրքա-Հայաստանի ազատագրումը եւ կցումը Սովետական Հայաստանին, որպեսզի հայութիւնը ամբողջանայ՝ հաւաքուելով հայրենի երկրում» («Ասպարեզ», Ֆրեզնո, Լոս Անջելես, 1946, փետրվարի 15):

«Մենք՝ Արտաշատի շրջանի աշխատավորներս, որոշել ենք ստեղծել արտասահմանից վերադարձող հայերի տեղավորմանն օգնելու ֆոնդ, այդ նպատակով միանվագ տալով բանվորների ու ծառայողների 4-5 օրվա աշխատավարձը և յուրաքանչյուր աշխատունակ կոլտնտեսականի խնայողություններից որոշ գումար: Մենք արդեն հավաքել ենք ավելի քան մեկ միլիոն ռուբլի, շրջանի 44 գյուղերում և շրջկենտրոնում առանձնացրել ենք 569 սենյակ՝ վերադարձող հայերին տեղավորելու համար: Սկսել ենք 186 նոր բնակարանի շինարարություն: Մենք կոչ ենք անում հանրապետության բոլոր աշխատավորներին, մտավորականությանը՝ հետևել մեր օրինակին» («Սովետական Հայաստան», 1946, ապրիլի 5): 

«Սովետական կարգերի շնորհիվ հայ ժողովրդի համար փակվեցավ արտագաղթը և պանդխտության ողբալի շրջանը և սկսավ վերադարձը դեպի մայր Հայաստանի խանդակաթ գիրկը» («Երևան», Սոֆիա, 1946, փետրվարի 2):

«Հայր մը կը գրէ իր զաւկին. «Անմիջապէս ցուցակագրվիր Հայաստան գալու: Ոչ մի բանի մասին մտածելու կարիք չկայ: Պետութիւնը անձնական բնակարան շինելու ամբողջ ծախսի 50 առ հարիւրը վերցնում է իր վրայ եւ ձեզ հետ բերած գոյքը ազատում է մաքսավճար տալուց: Տանդ գումարով գնիր փոխադրելու համար հեշտ եւ թանկարժէք իրեր, ինչպէս՝ կտորներ բրդի, բամպակի, լաւ տէսակ կաշւեղէն , թանկարժէք քարեր, մեքենաներ, ժամացոյց, եւ ձեզ անհրաժեշտ երեխաների եւ ձեր բոլոր իրերը՝ հագուստ եւն. (նաեւ կանացի լաւ տեսակի գուլպաներ)» («Ազդարար», Բեյրութ, 1946, փետրվարի 2, N 170):

Թուրքիայի արձագանքը չուշացավ. 

«Կարսի և Արտահանի մասին Թուրքիոյ վարչապէտ Սարաչօղլուի կողմէ թուրք թերթերուն արուած բացատրութիւնները մեզ կը շահագրգռեն իբրեւ հետաքրքիր դէպք մը: Կարսի եւ Արտահանի վերաբերեալ թրք. իրաւունքները հիմնավորելու նպատակով Սարաճօղլու «այդ վայրերուն մէջ ոչ մէկ հայ կայ» կ՛ըսէ եւ այդ կերպով Միջազգային Դրութեան մարզին մէջ բոլորովին նոր դրութեան մը կը դիմէ: Մեր կողմէ իրեն կրնանք հարցնել. «1916-ին 100 հազար հայեր կային հոն, ի՞նչ եղան անոնք: Ո՞վ է յանցավորը, որ եթե այլեւս հոն չեն գտնուիր այդ Հայերը»: Կը նշանակէ թե բարոյական և իրավական տեսակէտով ոևէ հողամասի վրայ իրավունք շահելու համար բաւական է եղեր բնակչութիւնը տապարէ անցնէլ (կացնահարել-խմբ.) և պնդել, թէ իրեն կը պատկանին այդ հողերը» («Մարմարա», Կ.Պոլիս, 1946, փետրվարի 7): 

Մեծ ներգաղթը ոչ բոլորն էին ողջունում: 

Դաշնակցական Ռ.Դարբինյանը գրում է. «Ներգաղթը կոչված է ծառայելու իբրև խորհրդային պրոպագանդայի ազդու միջոց: …Հայկական ներգաղթը կազմակերպելով՝ խորհրդային կառավարությունը կձգտի նյութապես, բարոյապես և քաղաքականապես քայքայել արտասահմանի հայ գաղութները», հետևաբար պետք է ամեն կերպ խանգարել ներգաղթի շարժամը («Հայրենիք», Բոստոն, 1947, նոյեմբերի 21): 

ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1946-ի հունիսի 21-ին անդրադարձավ արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման ուղղությամբ: Միայն 1946-ին նախատեսվեց կառուցել 135 000 քմ բնակելի տարածություն, որից 40 000 քմ-ն՝ գյուղական վայրերում: Համապատասխան մարմիններին հանձնարարվեց եղած բնակֆոնդից առանձնացնել և վերանորոգել 3 000 քմ տարածք և կառուցել 3 նոր ավան՝ յուրաքանչյուրը 200 տնտեսության համար: («Սովետական Հայաստան», 1946, հուլիսի 12): 

«Լիբանանի և Սուրիոյ Հայութենէն արդեն 4-5 000 հոգի երեք կարաւանով Պէյրութէն մեկնեցան Խորհրդային Հայաստան: Ինչ որ շատ գեղեցիկ է եւ յուզիչ, Խ. Հայաստանի ժողովուրդին ալ ներգաղթի հանգանակութեան մասնակցիլն է, մասնակցութիւն, որ արդեն լայն համեմատութիւններ ստացած է, իսկ կառաւարութիւնն արդէն իսկ սկսած է շինել տալ հարիւրավոր բնակարաններ եւ պատրաստել կահ-կարասիք այն տարագիրներուն համար, որոնք սկսած են ներգաղթել իրենց հայրենիքըեւ որոնց թիւը հետզհետե պիտի ստուարանայ: Ներգաղթել ցանկացողներուն թիվին ստուարացումը փաստ մը ևս պիտի դառնայ Թուրքերէ գրաւուած հայ հողերու ազատագրման դատին ի նպաստ, քանի որ յայտնի պիտի երևայ, թե հայրենի հողին վրայ ապրիլ ուզող Հայերու մեծաքանակ բազմութիւնը ընդունելու եւ տեղաւորելու համար Խ. Հայաստանի այժմեան անձուկ հողամասը պիտի ըլլայ բոլորոըին անբաւական («Անահիտ » Փարիզ, 1946, յունուար-յունիս, թիւ 1): 

1946-1948 թթ. մոտ 90 000 հայեր տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան:

Հայրենադարձության փաստը Մոսկվան ցանկանում էր օգտագործել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով: 1948-ին, երբ պարզ էր, որ Թուրքիայի նկատմամբ ծրագրերը ձախողվում են, հայրենադարձության ծրագիրը կասեցվեց: 

Իսկ արդեն 1949-ին իրականացվեց հայրենադարձների «անհուսալի տարրերի» աքսորը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *