2020.11.30,

Քննադատ

Լրագրության անցյալից. իշխանություն-մամուլ հարաբերությունները պատերազմների ժամանակ

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Գուցե բնազդով, որ թեման պետք է արծարծել ոչ թե պարզ ժամանակագրության տրամաբանությամբ, այլ զուգահեռների մեջ՝ 90-ականների մասին հոդվածներս գրեթե զերծ էի պահել պատերազմական իրավիճակում մամուլի դերակատարությանն անդրադարձից, բավարարվելով հպանցիկ ու ընդհանրական եզրահանգումներով:

Հիմա, այս նոր պատերազմի հրահրումից, դրա հուսահատ ընթացքից և անակնկալ ընդհատումից ժամանակ անց ուրվագծվում է եռաչափ մի պատկեր, որ հագեցած է իրարամերժ մեկնաբանություններով, շփոթահար եզրահանգումներով, որոշ զուգահեռներով:

Եռաչափ ասելով՝ նկատի ունեմ ժամանակային, տարածական ու  սպառազինության տարբեր ընդգրկումներով երեք պատերազմները. 90-ականների գրեթե քառամյան, 2016-ի ապրիլյան քառօրյան և 2020-ի քառասունչորսօրյան: 

Փորձեմ այս երեք պատերազմները դիտարկել իշխանություն-մամուլ փոխհարաբերությունների տիրույթում:  

90-ականների պատերազմը երկարատև ու ծանրագույն փորձություն էր անկախության ուղին բռնած մեր պետության ու ժողովրդի համար, որը հաջորդեց սարսափելի երկրաշարժին, ուղեկցվեց տեսանելի և անտեսանելի թելերով հյուսված խորհրդային հսկա տնտեսության փլուզմամբ և հասարակարգի փոփոխությամբ: Դա մեծ մարտահրավեր էր նաև նոր ձևավորվող անկախ մամուլի համար. էներգետիկ ճգնաժամի պայմաններում տպագիր խոսքը փաստորեն տեղեկատվության միակ աղբյուրն էր՝ չկար շուրջօրյա եթեր, չկային էլեկտրոնային լրատվամիջոցներ, սոցցանցեր, լայվեր, անգամ սովորական հեռախոսակապն էր հաճախ շռայլություն… Այս պայմաններում յուրաքանչյուր տպագիր տող շատ ավելի ծանրակշիռ էր, քան շատախոսության ու խոսքի իմաստազրկման այսօրվա թունավոր մթնոլորտում կարելի է պատկերացնել ամենավառ երևակայությամբ: 

Հակամարտության սրման առաջին օրերին թերթերը ընդհանրական վերլուծություններ էին անում և մերթընդմերթ կցկտուր տեղեկություններ էին հաղորդում սահմանամերձ բախումներից, բախումներին նախորդած շրջանում՝ մարդ կամ անասուն առևանգելու դեպքերից: 

Հետզհետե ռազմական գործողություններ ծավալվեցին ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմաններին: Առանձնապես շատ չէին այդ գործողություններին ականատես լրագրողների հոդվածները, լուրերն ու ռեպորտաժները, և դրանք չէին կարող ամբողջական պատկերացում տալ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այդ պատկերացումը հիմնականում ձևավորվում էր պաշտոնական լուրերով կամ կուսակցական մամուլի շահերին համահունչ գրաքննված հաղորդագրություններով՝ նայած ով էր հրապարակողը: Տարօրինակ չթվա, բայց որոշակի դեր էր կատարում նաև ժողովրդական բանահյուսությունը՝ առաջնագծերից վերադարձած զինվորականների կամ սահմանամերձ բնակավայրերից բերնեբերան տարածվող լուրերը, որոնց բնորոշ էին չափազանցությունները, միակողմանիությունը, կիսատ-պռատությունը և այլն:

Պատերազմի տևական ընթացքը, նաև՝ կենցաղային բազմապատկվող դժվարությունները աստիճանաբար բթացրին ինչ-որ տեղ՝ հեռվում սաստկացող ռազմական գործողությունների արձագանքները: Երբեմն տպավորություն էր, թե մայրաքաղաքը մոռացել է, գուցե նաև անտարբեր է, որ սահմանամերձ բնակավայրերը գնդակոծվում են, որ Ղարաբաղում գյուղեր ենք կորցնում կամ գյուղեր ենք ազատագրվում… Ու միայն զոհվածներին Եռաբլուր ուղեկցող ավտոշարասյուների ազդանշաններն էին զգաստացնում մարդկանց, հիշեցնում պատերազմի թեև հեռավոր, բայց միանգամայն իրական ու  սահմռկեցուցիչ փաստը, սև ժապավեններն էին սթափեցնում, որ կենցաղային դժվարություններից՝ ցրտից ու հովհարաձև անջատումներից զատ կան մարդկային ողբերգություններ, որդեկորույս ծնողների ահռելի վիշտ, որբացած մանուկների ճակատագրեր:

 

Տպագիր մամուլի առաջին էջերում 90-ականների սկզբին պատերազմի թեման ամենահրատապն էր:

Մամուլը 90-ականների պատերազմի տարիներին երբեմն գոտկատեղից ներքև հարվածներ էր հասցնում, ինքն էլ հաճախ լավ չպատկերացնելով՝ իշխանությա՞նը, առանձին վերցրած իշխանավորի՞, թե՞ պատերազմի մեջ թրծվող, դեռևս անկանոն բանակին: Հաճախ էին հրապարակվում չստուգված տեղեկություններ, որոնց հաջորդում էին խիստ, երբեմն վիրավորական որակումներ, որպես հետևանք՝ գրավոր լեզվակռիվ էր ծավալվում հակոտնյա դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև: 

Այս հրապարակումներին ամենաբուռն արձագանքողը Վազգեն Սարգսյանն էր, որը ռազմաճակատից մի  տեղեկություն հրապարակելու համար անձամբ ծեծել էր երկու տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների: ՀՅԴ պաշտոնաթերթն էլ Վազգենի ցասումը վաստակեց նրա անուն- ազգանունը փոքրատառ գրելու համար՝ ի նշան նրա հանդեպ հարգանքի իսպառ բացակայության, եթե չասեմ՝ ի նշան բացահայտ արհամարհանքի… Դեռ 92-ի ամռանը Վազգենն ասելու էր. «Ավելի ամբարտավան, ավելի դավաճան մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում: Եվ ես չեմ հասկանում, թող ինձ ներվի, այն հանդուրժողականությունը, որ գոյություն ունի մամուլի նկատմամբ: Պատերազմող երկրում… ես դա չեմ կարողանում հասկանալ: Եվ երբ Գերագույն խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, հաջորդ նստաշրջանի ժամանակ պաշտպանության նախարարությունը հարց բարձացրեց՝ մամուլում գոնե ռազմական թեմաների նկատմամբ գրաքննություն մտցնելու մասին, այդ հարցը դարձյալ չքննարկվեց և դարձյալ որոշում չստացավ: Իսկ մեր մամուլը բավական է, որպեսզի թշնամին մեր մասին հրաշալի պատկերացում ունենա…

Եթե թերթերը մեծատառերով, խոշոր տպագիր տառերով գրում են, թե հաջորդն Արծվաշենն է, և՝ որքան է Արծվաշենը դիմանալու, և էդ մասին կարդում է թշնամին՝ «Էստի համեցեք»-ի պատմությունն է: Եվ այս հանգամանքներում թերթերին թույլ տալ նման պրոպագանդա տանել, ես դա ուղղակի դավաճանություն եմ համարում և չեմ հասկանում էս ամենաթողությունը»: 

Այսուհանդերձ, հիմնականում հաջողվեց հաղթահարել հակասությունները. փոխադարձ մեղադրանքները պատերազմական տարիներին ներքին մեծ «հրդեհներ» չառաջացրին:

94-ի հրադադարին հաջորդած շրջանում սողացող պատերազմի թռուցիկ տարեգրությունը անվերջ խախտվող հրադադարի, սահմանային լոկալ բռնկումների և դիվերսիաների դեպքերն էին ու ամիսը մի քանի անգամ անակնկալ հայտնվող հաղորդագրությունները, որոնք գուժում էին հերթական զինվորի սպանությունը կամ ինքնասպանությունը խորհրդավոր հանգամանքներում:

… 2016-ի ապրիլի 1-ին լրագրողների շուրջ 40 հոգանոց խմբով գնացինք Արցախ, և ամենքիս համար անակնկալ՝ ապրիլի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Երբ լրագրողների մեր խայտաբղետ, բայց համերաշխ ու միասնական «հրոսակախմբին» պատերազմից ժամեր առաջ հյուրընկալեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեզնից ոչ մեկի մտքով չէր անցնում թթու բառ ասել ՀՀ իշխանությունների մասին, չնայած մեզնից շատերը, մեղմ ասած, հիացած չէինք այդ իշխանությամբ, նրա գործունեությամբ, բարոյականությամբ, ինտելեկտով, եթե չասեմ, որ չէինք վստահում այդ իշխանությանը՝ քիչ է, դրա ամենաթունդ քննադատներն էինք խաղաղ պայմաններում:

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը դիմավորում է 2016-ի ապրիլի 1-ին Ստեփանակերտ ժամանած լրագրողներին:

Ապրիլի 2-ի լուսաբացին մեր շփոթահար հայացքներում մի սևեռում կար. մեր բանակի՝ թշնամու դեմ չկոտրվելը: Նախապատերազմյան ամբողջ շրջանում՝ առհասարակ ու մանավանդ պատերազմական այդ օրերին մեզ համար չգրված, սրբազան կանոն էր  բանակը հարվածի տակ չդնելը, այդ համատեքստում հակաիշխանական ոչ մի բառ չասելը, չվարանեմ խոստովանել՝ ներքին գրաքննությունը, գիտակցելով, թե ինչ պատասխանատվություն ենք կրում մեր հայրենիքի ճակատագրի, մեր զինվորների ու բանակի առջև, թե ինչ վտանգավոր հետևանք կարող է ունենալ մի անզգույշ բառը, սխալ շեշտը կամ չստուգված (էլ չեմ ասում՝ կանխամտածված սխալ) ինֆորմացիան:

2016-ի պատերազմական այդ օրերին մեզնից ոչ մեկի մտքով չէր անցնում մեղադրել իշխանությանը ո՛չ կոռուպցիայի, ոչ խոսքի ազատությունը սահմանափակելու, ո՛չ Սորոսի հետ համագործակցելու, ո՛չ միասեռականության տարածման ու խրախուսման մեջ, չնայած այս ամենը առավել թունդ չափաբաժիններով այն ժամանակ էին տարածված, հասկանալով, թե ինչ հետևանք կարող են ունենալ այդօրինակ «բացահայտումներն» ու մեղադրանքները, խոսքի ազատության սահմաններում տեղավորվող «քննադատությունները»: 

Ստեփանակերտի զորամասում Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը պատմում է զինվորների խաղաղ առօրյայի մասին. 1 ապրիլի, 2016թ. :

Հիմնականում ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներից բաղկացած լրագրողների քառասուն հոգիանոց այդ խումբը, պատկերացրեք, անգամ Սերժ Սարգսյանի և նրա նախորդ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ էր ներողամիտ, որոնց օրոք, չգիտես ինչու, մեր բանակի զինվորը գրեթե համակենտրոնացման ճամբարի սնունդ էր ուտում, անորակ հագուստ էր հագնում ու ոտքը հարող կոշտ սապոգ: Մենք՝ լրագրողներս, միամտաբար հավատում էինք, թե դժվարությունը կոփում է զինվորին, կենցաղային անհարմարությունը ամրապնդում է նրա ոգին,- փոխարենը մեր բանակը զինվում է ու դառնում անխոցելի, հետևաբար կներվի ցանկացած մեկի ցանկացած մեղք, կարդարացվի ցանկացած զրկանք, եթե բանակը չպարտվի..

Մենք՝ Ղարաբաղ մեկնած լրագրողներս, մի կողմ էինք դրել քաղաքականությունը: Մենք գնացել էինք մեր բանակի զինվորի հետ զրուցելու, նրան ոգևորելու: Բայց անակնկալ հայտնվեցինք «խաղից դուրս» վիճակում, և մեր դիրքորոշումը պիտի լիներ չխանգարելը, մեջտեղ չընկնելը, Ղարաբաղի իշխանությունների համար հավելյալ գլխացավանք չդառնալը: Ապրիլի 3-ին մեր խումբը վերադարձավ, ամբողջ ճանապարհին քննարկելով՝ ճի՞շտ ենք անում, թե սխալ, գուցե, այնուամենայնիվ, պետք էր թույլտվություն խնդրել ու գնալ դիրքեր՝ գրելու պատերազմի տարեգրությունը… Բայց խմբի մեծաթիվ լինելը այդ հնարավորությունը հավասարեցնում էր զրոյի: Ու ոչ էլ կարող էինք լրագրողների մեծ մասին ուղարկել տուն՝ «ընտրյալներով» մնալով այնտեղ: 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը լրագրողների խմբին off the record տեղեկություններ է հաղորդում գիշերը սկսված և օրվա ընթացքում ծավալված ռազմական գործողությունների մասին:

Նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ի երեկոյան կայացած փակ հանդիպման հաջորդ օրը մեզ ճանապարհեցին Երևան:

. 2 ապրիլի, 2016թ.: Ստեփանակերտի հրապարակում լրագրողները զրուցում են զորակոչվածների և կամավորականների հետ:

Ապրիլյան քառօրյայից մոտ չորսուկես տարի անց, երբ սանձազերծվեց այս նոր պատերազմը, դրա առաջին օրերից միանգամից անհետացավ լրագրողական այդ համերաշխությունը, որ գոնե պատերազմական իրավիճակում պիտի անքննարկելի լիներ… Մոռացվեցին բարոյական այդ չափանիշները, զարմանալիորեն կերպափոխվեցին ապրիլյան այդ օրերին ինձ հետ Արցախում գտնվող իմ գործընկերներից ոմանք: 

3 ապրիլի, 2016թ.: Վերադարձին՝ լուսանկար Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում:

Ես չեմ խոսում խաղաղ օրերի մասին, երբ ատելության խոսքն արդեն իսկ ժայթքում էր քաղաքական պայքարի խառնարաններից՝ որպես հների ու նորերի շահերի բախման և կառավարման ճգնաժամի արտահայտություն: 

Այս նոր պատերազմում, ելնելով դրա ծավալից ու ընդգրկումներից, թեև ռազմական դրություն հայտարարվեց ու խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ մտցվեցին, զուգահեռ մի ներքին պատերազմ էլ սանձազերծվեց լրատվական դաշտում, սոցցանցերում, եթերներում: Ասես թշնամին դեսանտ էր իջեցրել առողջ միտքն ու բանականությունը մթագնելու նպատակով: 

Չնայած պաշտոնական տեղեկատվության խրոխտ հաղորդագրություններին (պատերազմի մեջ ներքաշվելուց հետո այլ տարբերակ չէր կարող լինել), ակնհայտ էր, որ կողմերի ռեսուրսներն ու ուժերն անհավասար են, և միայն հրաշքը կարող է հաջողություն բերել մեզ: Հրաշք, բնականաբար, չեղավ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց հայտնի հայտարարությունը:

Թե ինչ է կատարվում այս օրերին՝ ամենքիս աչքի առաջ է. իշխանության և մամուլի հարաբերությունները երբեք այսքան վատը չեն եղել: Գնալով խորացող դժգոհությունների, պարտության փաստի՝ օրեցօր ավելի պարզորոշ գծագրվող ֆոնին իշխանությունն ու մամուլը անդադար մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, չեն ուզում փոխել իրենց հռետորաբանությունը, հաղորդակցվելու ոճը, չեն վերահսկում իրենց բառապաշարը: Ձևավորվել ու գոյացել է  փոխադարձ թշնամանքի, ատելության մի դաշտ, ռազմաճակատի մի նոր գիծ, որտեղ «մարտական գործողությունները» նոր թափ են առել հրադադարից հետո, ասես հրադադարը վերջնականապես ազատեց կապանքները միմյանց վրա հարձակվելու: Ասես չկա փոխըմբռնման եզր, ասես գենետիկորեն անհամատեղելի երևույթներ են ելել իրար դեմ…

Մի ընդհանրություն է ակնառու, ցավոք. թե՛ իշխանությանը, թե՛ մամուլին բնորոշ է սեփական խոսքի հանդեպ հարգանքի իսպառ բացակայությունը:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *