Ինչպես 2020-ի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմը մեզ շեղեց շատ թե քիչ բնականոն մեր ընթացքից, գրեթե նույն կերպ 99-ի հոկտեմբերի 27-ը խափանեց մեր կյանքի տրամաբանությունը: Այս կարգի աղետները, շատերի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ի վերջո դառնում են մեր պատմության սպիները, որ յուրաքանչյուրս շոշափում ենք հիշողությամբ:
Հետադարձ հայացքով պիտի արձանագրեմ, որ անկախ Հայաստանի գոնե առաջին տասը տարիներին տեղի ունեցած ոչ մի իրադարձության մասին այնքան շատ չի գրվել, որքան հոկտեմբերի 27-ի (միակ համեմատելին 2008-ի մարտի 1-ն է, բայց ժամանակի գործոնը չանտեսելիս այն, բնականաբար, երկրորդն է):
Ահաբեկչության սցենարի հեղինակների ու հանցախմբի անդամների կամքից անկախ՝ դահլիճում հնչած խոսակցությունները՝ մոտ մեկ ժամ տևողությամբ, ձայնագրվել էին, և մանրակրկիտ մշակված այս սցենարի, ամենայն մանրամասնությամբ՝ վայրկյանների ճշգրտությամբ մշակված անխոցելի գծագրի մեջ այդ բացթողումը միակ չկանխատեսված ու չհաշվարկված բանն էր, 27-ը ծրագրածների և իրագործածների թերևս միակ վրիպումն էր:
Ձայնագրությունն արել էր «Առավոտի» լրագրող Աննա Իսրայելյանը, որը «Ազատության» թղթակից Ռուզան Խաչատրյանի հետ թաքնվել էր խորհրդարանի գրադարանում:
Դահլիճում իրենց ոճիրը գործելուց րոպեներ անց ահաբեկիչների պարագլուխը թույլ էր տվել, որ լրագրողները հեռանան դահլիճից. նրան պատանդ լրագրողներ հարկավոր չէին: Առանձնանալով շենքը լքող լրագրողների խմբից՝ Աննան և Ռուզանը մտել էին Ազգային ժողովի գրադարան: Ի զարմանս նրանց՝ խորհրդարանի ներքին ռադիոցանցը անջատված չէր, և գրադարանում ռադիոընդունիչով լսվում էին դահլիճի խոսակցությունները… Ձայնագրիչը, ահա, շուրջ մեկ ժամ «գրառել» էր այդ խոսակցությունները: (Ի դեպ, «Առավոտի» թղթակիցը միակն էր, որը չէր անջատել ձայնագրիչը այն պահից ի վեր, երբ հրոսակախումբը ներխուժել էր դահլիճ, անգամ՝ երբ ոճրագործ-ահաբեկիչների պարագլուխը պահանջել էր անջատել ձայնագրիչները: Առաջին իսկ վայրկյաններից ձայնագրել էր նրանց աղմուկ- աղաղակը, կրակոցներն ու հայհոյանքները, ապա ձայնագրությունը շարունակել արդեն գրադարանից):
Ի վերջո դուրս գալով շենքից՝ Բաղրամյան փողոցում այդ ձայնագրությունը Աննան փոխանցվեց ինձ: Հարկավոր էր շտապ կազմակերպել դրա բազմացումը: Մենք հասկանում էինք, որ դրա համար շատ ժամանակ չունենք՝ այն պետք էր հանձնել իրավապահ մարմիններին (դրա մասին արդեն հայտնի էր դարձել, և պայմանավորվածություն էր ձեռք բերվել դա անել առավոտյան), բայց շփոթահար, խառնիճաղանջ, անհասկանալի իրավիճակում որևէ մեկի հանդեպ վստահություն չկար, և իրավապահներին հանձնելուց առաջ հարկավոր էր ունենալ դրա կրկնօրինակը, մանավանդ որ գրեթե համոզված էինք՝ այդ ձայնագրության մեջ կարող էին լինել շատ հարցերի պատասխաններ:
Ամբողջ գիշերը՝ մինչև լուսաբաց, ձայնագրությունը Խանջյան-27-ում արտագրվեց մի քանի տասնյակ օրինակով: Ընդ որում, արտագրվում էր բնօրինակից, որ հնարավորին չափ որակյալ լինի ձայնագրությունն ու պարզ լսվի ամեն մի բառը:
Առավոտյան 9-ին հոգնատանջ մայր կասետը ձայնագրությունն արած լրագրողը զինդատախազության պահանջով ներկայացրեց քննիչին:
…Ամբողջ հանրապետությունը առժամանակ ուշքի չէր գալիս կատարվածից: Ամբողջ մամուլը ողողված էր ոճրագործության մասին հրապարակումներով: Իրարամերժ, հաճախ զգացմունքային նյութերում աստիճանաբար մեծանում էր թշնամանքը իշխանությանն սպասարկող և ընդդիմադիր կամ ազատ լինելու հավակնությամբ լրատվամիջոցների միջև: Ութ զոհերի մասին յուրաքանչյուր բառ, նրանց մասին խոսող յուրաքանչյուր քաղաքական գործչի դեմքի արտահայտություն մանրադիտակի տակ էր՝ մարդկանց տրամադրություններում տիրապետում էին մեղավորների փնտրտուքը, ոճրագործության պատվիրատուների շուտափույթ բացահայտման սպասումը, կասկածամտությունը:
Այս ամենը առավել քան բավարար հիմք էին հասարակության բևեռացման, որը շատ երկար ժամանակ չէր մեղմվելու:
Սպանվել էին Ազգային ժողովի նախագահն ու Հանրապետության վարչապետը, ԱԺ նախագահի տեղակալները, պատգամավորներ… Կրակոցներն ուղղվել էին «Միասնություն» դաշինքի առաջնորդներ Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին ու նրանց թիմակիցներին: Իշխանության այն թևին, որը, ըստ էության, հակակշիռ էր նախագահականին: Ու միանգամայն բնական էր, և փաստերն էլ վկայում էին (մասնավորապես՝ վերը նշված ձայնագրության մեջ արձանագրված խոսակցությունները, ԱԺ ամբիոնից ելույթները), որ տեղի է ունեցել զենքով ներքին հարցերը լուծելու՝ խնամքով ծրագրված դավադրություն՝ շատ հեռահար նպատակներով:
Այդ օրերին շատերն էին վիճում՝ կբացահայտվի՞, թե ոչ հոկտեմբերի 27-ը, կպատժվե՞ն, թե ոչ այդ ոճրագործության կազմակերպիչները: Որքա՞ն ժամանակ կպահանջվի բացահայտման համար… Շատերը համոզված էին, որ բացահայտումը օրերի, առավելագույնը ամիսների հարց է, ոմանք էլ վստահ չէին, թե առհասարակ դա տեղի կունենա:
Տարիների ընթացքում այս հարցերը հասարակության մեջ և լրատվամիջոցներում կարծես թե կորցրին հրատապությունը, կազմակերպիչների՝ «գարնան ձնհալի պես անկասելի» թվացող բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ:
Եվ այժմ՝ ավելի քան երկու տասնամյակ անց հայ ժողովուրդը դեռ կրում է այս ոճրագործության դառը հետևանքները:
Այս նոր պատերազմում սարսափելի շատ է զգացվում հատկապես Վազգեն Սարգսյանի բացակայությունը: Նրանք, ովքեր Վազգենի հետ մի թիմում էին՝ վաղուց ի վեր դիրքավորվել են հակադիր ճամբարներում. մի ճամբարում նրա հավատարիմ ընկերներն են, գաղափարակիցներն ու զինակիցները, մյուս ճամբարում՝ 98-ին նրա գլխավորությամբ իրականացված պալատական հեղաշրջման հետևանքով իշխանության գլուխ անցածները…
Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, թե ում կողքին և որտեղ կլիներ այսօր Վազգեն Սարգսյանը, եթե չլիներ 99-ի հոկտեմբերի 27-ի ոճիրը:
Ցավոք, Վազգենը չկա, և այդ ոճրագործությունն էլ ոչ միայն թանձր նստած է մեր հիշողության մեջ, այլև շարունակվում է պատերազմին զուգահեռ, ռազմաճակատի ամբողջ երկայնքով:
Վասակ Դարբինյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: