2020.09.18,

Քննադատ

«Սնունդը խնայողաբար օգտագործիր». Կյանքը՝ մամուլում- 2, 1917 թ.

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

1917 թվականի սեպտեմբերի այս օրերին աշխարհում շարունակվում էր Առաջին համաշխարհային պատերազմը, Ռուսաստանում հեղափոխական մթնոլորտ էր, Ռուսական կայսրության կազմում գտնվող Հայաստանում՝  անորոշություն և սով: Եվ անթիվ գաղթականներ: 

Հաց չկար, թանկություն էր,  ալյուրի գինն ամեն օր բարձրանում էր: Այդ մասին է  «Սովի ուրվական» հոդվածը. «Հացի կրիզիսը գնալով սաստկանում է: Օր օրի հացի խալվարի ( ծանրության միավոր, որը համարժեք է  30 փութի-խմբ.) արժեքը հավելման թռիչք է գործում ՝  550, 650, 700 կարճ ժամանակ անց առասպելական չափի է հասնում: …Կարիքը՝ չափազանց, դրությունը՝ քաոսային. ոչ օրենք, ոչ կանոն, անիշխանությունը տիրում է ամենուր: Ի՞նչ են մտածում «Պարենավորման» կոմիտեները, երբ ամեն տեղից հացի կարիքի սուր ճիչեր , աղաղակներ են լսվում, մասնավորապես անտուն, անտեր փախստականների կողմից:» («Հայաստան», Թիֆլիս, 1917, սեպտեմբերի 26, N116/: 

Պարենի խնդիր կար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Հիշենք, որ  1917-ին դեռ Առաջին համաշխարհայինն ընթացքի մեջ էր. պետությունները պետք է լուծեին ոչ միայն բնակչության սննդի խնդիրները, այլև կարողանային սնունդ մատակարարել ռազմաճակատ և նաև օգնեին դաշնակից պետություններին:

սուջուխ

Նյու Յորքում  տպագրվող հայալեզու «Կոչնակ»-ը  ներկայացնում էր Միացյալ Նահանգների հիմնական ուղերձը՝ քաղաքացիներին՝ «Սնունդը խնայողաբար օգտագործեք»: Բայց հրամայական տոն ունեցող այս ուղերձը նաև ենթակետեր ուներ. «Սակավապետ եղիր տանդ մեջ: Տներ կան, ուր կերակուրը զուր վատնվում է  հետևյալ ձևերով:
ա) Շատակերությամբ. ավելի կուտեն, քան թե պետք ունեն իրենց աճի, ինչպես նաև իրենց  ֆիզիկական և մտավոր ուժերի վերկանգնման համար:
բ) Շատ անգամ կերակուրն այրվում է կամ փչանում   պատրաստելու ժամանակ:
գ) Ավելի շատ կերակուր է պատրաստվում, քան հարկավոր է մեկ անձի  համար, և ավելացված մասը երբեմն թափվում է կամ մնում է և փչանում: 
Դ) Ավելի կերակուր է լցվում անձի ափսեի մեջ, քան ինքը կարող է ուտել, այդպիսով՝ ափսեի մեջ ավելացած  մասը թափվում է:
ե) Կերակուրները շատ հաճախ փչանում են, քանի որ դրանք անխնամ կերպով են պահվում:
Միացյալ Նահանգներում 20.000.000  ընտանիք կա . եթե երբևէ յուրաքանչյուր ընտանիք կես թեյի գդալ կարագ խնայի,  200.000 ֆունտ (  1ֆունտը մոտավորապես 0,5 կգ է-խմբ. ) կարագ կարելի է խնայել և Դաշնակիցներին ուղարկել»  («Կոչնակ», Նյու Յորք, 1917, սեպտեմբերի 15,  N 37): 

Եթե ԱՄՆ-ում սնունդը խնայելու կոչեր էին հնչում, Հայաստանում բնակչությանը խնդրում էին լճերից ձուկը անխնա չբռնել, քանի որ Կարմրախայտը վերացման եզրին էր: Ահա այսպիսի առաջարկ էր հնչում՝ ուղղված Երկրագործության և պետական կալվածների նախարարությանը. «Որպեսզի կարմրախայտը իսպառ չվերջանա, ամեն չորս տարուց մի տարվա ընթացքում բոլորովին արգելվում է ձուկ որսալը: Ամեն մի նահանջ տարու հունվարի 1-ից Երկրագործության և պետական կալվածների մինիստրությունը կազմակերպում է ձկնորսական հատուկ ոստիկանություն, որի պարտականությունն է ամբողջ արգելված տարվա ընթացքում պահպանել կարմրախայտը: Սակայն ցավելով պետք է ասել, որ այդ ձկի քանակության նվազելը տարեց տարի ավելի է նկատվում: Տեղական բնակիչները հիշում են, որ առաջներում նույնիսկ ջուր վերցնելու ժամանակ ձուկը շատ անգամ ընկնում էր պուտուկի մեջ» («Աղբյուր», 1917, սեպտեմբեր, XXXV):

դպրոց Էրզրում

Հացի խնդիրը՝ հացի խնդիր, սակայն անգամ այդ պայմաններում մարդիկ ցանկանում էին իրենց երեխաներին ուսման տալ: Գյուղերում, սակայն,   երեխաները կրթություն ստանալու հնարավորություն չունեին: Այդ մասին է  «Գյուղացին և դպրոցը» հոդվածը.  «Սեպտեմբեր ամիսն է, և դեռ գյուղական դպրոցի խղճուկ դռները փակ են: Նրա մոտով ամեն օր անցնում է գյուղացին …և մտածում. «Արդյո՞ք այս տարի ուսուցիչ կգա մեր գյուղ, թե՞ ոչ… Ինչպե՞ս է արձագանքում նրա այդ կոչին ինտելիգենցիան, այս դեպքում՝ հատկապես գավառի հայ ուսուցչությունը:  1200-ից սկսած մինչև 2500 ր.(ռուբլի-խմբ.) ռոճիկ: Սրանք են այն պատկառելի գումարները, որոնցով մեր գավառական ուսուցիչները որոշել են այս տարի պաշտոնավարել գավառի գյուղական դպրոցներում: Նման գումարի մասին հայ գյուղացին երևակայել անգամ չի կարող» («Ապառաժ», Շուշի, 1917, սեպտեմբերի 17):

գյուղ դպրոց

Պատմամշակութային արժեքները չգնահատելու, չպահպանելու , դրանց հանդեպ սպառողական վերաբերմունքի մասին՝ հարյուրամյա վաղեմության հոդված. «Երկու օր Բերկրի ( քաղաք Վանից 75 կմ հեռավորությամբ, Գնունիների նախարարական տիրույթը-խմբ.) մնալով՝ ականատես եղա քանդումներում: Քանդողն այս անգամ զորք չէ, այլ երկաթուղու գծի կապալառուները, որոնք, դժբախտաբար, հայեր են՝ Խաչատուր Գրիգորյան և Սարգիս Հովյան: Կամուրջների համար նրանց հարկավոր են տաշած քարեր, և նրանք քանդում են Բերկրիի բերդի հին դարերից հիշատակ մնացած մի քանի հատ ու կտոր պարիսպներ, քանդում են Բերկրիի հայոց եկեղեցու քարերը, քանդում են եղած բոլոր ջաղացները…Այսպես մեր պապերի ու ժողովրդի պատմությունն է կորչում» («Աշխատանք» , Երևան, 1917,սեպտեմբերի 20,  N 39): 

ազատամարտ

Թերթերը տպագրվում էին՝ անկախ պատերազմներից ու սովից: Յուրաքանչյուր թերթ ընթերցողներին պահելու, նաև ընթերցողներին օգտակար լինելու իր ձևն էր գտնում: «Ազատամարտ»-ը սեպտեմբերի վերջից թերթի կեսը հատկացրել էր «Նյութեր հայոց նորագույն պատմության» խորագրով վավերագրական նյութերի շարքին՝ հետաքրքիր գաղափարով. «Ամեն անգամ լույս կընծայվեն 16 փոքրագիր էջեր, որ ընթերցողը հավաքելով, ծալելով ու պահելով՝ մի քանի համարից հետո կունենա մի գրքույկ: Որևէ նյութի տպագրությունը վերջանալու հետո   խմբագրությունը հետևյալ համարի հետ կտա գրքույկի շապիկը» («Ազատամարտ», 1917, սեպտեմբերի  28):  

Թերթերում, ինչպես միշտ է եղել,  ժամանակն ամբողջությամբ բնորոշողը գովազդներն են. «Կարեւոր բոլոր անոնց, որ կը մտադրեն պատերազմին մասնակցիլ:  Ապահովագրիչ: Միշտ պատրաստակամ իր պարկեշտ ծառայութիւնը ձեզ տրամադրելու: Նոր կարգադրությունով մը որոշ պայմաններով կարող եմ ապահովագրել բոլոր անոնք, որ պատերազմին պիտի մասնակցին»: Մանրամասների համար դիմել՝ Հ. Շեքերջյանին («Ազգ» , Բոստոն, 1917, սեպտեմբերի 22 ): 

Լիլիթ Ավագյան

Հոդվածաշարի նախորդ մասը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *