2020.09.10,

Քննադատ

Օսկարը ուզում է փոխվել. ինչու՞ դա մեզ դուր չի գալիս

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ամերիկյան կինոակադեմիան ընդունել է նոր կարգավորումներ, որոնք պետք է հաշվի առնել Օսկար մրցանակաբաշության «լավագույն ֆիլմ» անվանակարգում ֆիլմ ներկայացնելու դեպքում: 

Դրանք ուժի մեջ կմտնեն ոչ թե անհապաղ, այլ 2024-ին և կազդեն Օսկար-2025-ի գլխավոր, բայց մեկ անվանակարգի վրա:

Այդ կարգավորումները (Inclusion Standarts) հիմնականում նպատակ ունեն ապահովելու ռասայական, գենդերային, ներառական բազմազանությունը: 

Օսկարի նոր կարգավորումները չորսն են և վերաբերում են.

ա․ Ֆիլմի սյուժեին ու դերասանական կազմին

Դերասանական կազմում ու ֆիլմի սյուժեում պետք է ներառված լինի ոչ բավարար ներկայացված էթնիկական կամ ռասայական խմբերի ներկայացուցիչ: Դա կարող է լինել կամ գլխավոր, կամ երկրորդ պլանի կերպար: 

Որպես տարբերակ կարելի է այնպես անել, որ զանգվածային տեսարաններում ընդգրկված լինեն (30%-ը) ռասայական, էթնիկ խմբերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, կանայք կամ ֆիզիկական և մտավոր առանձնահատկություններով անձինք:

Մեկ այլ տարբերակով՝ կարելի է ֆիլմի թեման այսպես թե այնպես կապել այդ խմբերի հետ:

բ․ Նկարահանող խմբին

Նկարահանող խմբում առնվազն երկու կարևոր ստեղծագործական մասնագետ (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, զգեստների նկարիչ, ձայնային ռեժիսոր և այլն) պետք է լինի ոչ սպիտակամորթ տղամարդ: 

Ասենք, կանայք, ԼԳԲՏ կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ (ասիացիներ, լատիամերիկացիներ, աֆրոամերիկացիներ, Ալյասկայի և Հավայան կղզիների բնիկներ և այլն), ֆիզիկական և մտավոր առանձնահատկություններով անձինք:

Տեխնիկական մասնագիտությունների դեպքում բազմազանություն ապահովելու համար հարկավոր է ընդգրկել վերը նշված խմբերից առնվազն վեց ներկայացուցիչ: 

գ․ Ֆիլմարտադրող ընկերություններին

Ֆիլմարտադրող ընկերությունը վճարովի պրակատիկայի (apprenticeship և intership) հնարավորություն է ապահովում կանանց, ռասայական կամ էթնիկ խմբերի ներկայացուցիչների, ԼԳԲՏ աանձանց,  ֆիզիկական և մտավոր առանձնահատկություններով մարդկանց համար:

Նկարահանող ստուդիան կամ ֆիլմի առաջխաղացման համար պատասխանատու ընկերությունը այդպիսով նպաստում է վերը նշված խմբերի ներկայացուցիչների մասնագիտական աճին, ուսուցմանն ու նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:

դ․ Ֆիլմեր տարածողներին, դիստրիբյուտորներին

Մարքեթինգի, հանրային կապերի կամ դիստրիբյուցիայի բաժիններում որպես առանցքային մասնագետներ պետք է աշխատեն վերը նշված խմբերի ներկայացուցիչներ:

Այս կարգավորումներում ամենակարևորն այն է, որ բոլորին հետևելը պարտադիր չէ: Բավական է հետևել երկուսին: Ասենք, ոչ թե ֆիլմի սյուժեում անել փոփոխություններ, այլ նկարահանման և տարածման պրոցեսում: 

Բազմազանության ապահովման այս պահանջները թեև թվում են ռադիկալ, սակայն մեծ հաշվով՝ լուրջ փոփոխություններ չեն ենթադրում բուն ֆիլմերի կառուցվածքում:

Կարգավորումները չեն վերաբերում միայն ստեղծագործությանը:

Պարզ ասած՝ գենդերային, ռասայական և ներառական բազմազությունը կամ պիտի արտացոլվի ֆիլմի սյուժեում ու դերասանների ընտրության մեջ, կամ կիրառվի անջատ ֆիլմերի գաղափարից, միայն նկարահանման հրապարակում կամ հետարտադրական փուլում:

Ամերիկյան կինոակադեմիան փորձում է կարգավորել ողջ ոլորտը, որը երկար շղթա է, այլ ոչ թե միջամտում է ու գրաքննում ֆիլմերի բովանդակությունը: Այդպիսով փորձելով հաշվի առնել փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ամերիկյան հասարակությունում: 

Չմոռանանք, որ Օսկարին մի քանի տարի առաջ մեղադրում էին չափազանց «սպիտակ» լինելու, հետո միայն տղամարդկանց ներկայացնելու, հետո արդեն առավելապես «սև» դառնալու մեջ:

Անգամ այս նոր, մի քիչ մշուշոտ կարգավորումների դեպքում կարելի է ներկայացնել ֆիլմ միայն սպիտակ տղամարդկանց մասնակցությամբ ու միայն սպիտակ տղամարդկանց խնդիրների մասին, բայց ապահովելով վճարովի պրակտիկա՝ բազմազան նորեկների համար, կամ նկարահանող խմբի առանցքային դիրքերում ներգրավել կանանց (զգեստներ, դիզայն, կամ սցենարի համահեղինակ):

Այսինքն, ցանկության դեպքում, ոչ մի լուրջ բան կարելի է չփոխել:

Կարգավորումներ և սահմանափակումներ եղել են միշտ:

Բնական է, որ նոր կարգավորումները ոչ միանշանակ են ընդունվել ողջ աշխարհում: Հնչում եմ կարծիքներ, որ արվեստը անտեսվում է՝ ստորադասվելով քաղաքականությանը, իսկ պարտադիր դարձած բազմազանությունը անպայման իջեցնելու է ֆիլմերի որակը:

Բայց խնդիրն այն է, որ նման կարգավորումներ այսպես թե այնպես արդեն կիրառվում են արհմիությունների շնորհիվ: 

Եվ շատ բան կինոարտադրության մեջ կարող է փոփոխվել ոչ թե ինքնաբերաբար, այլ խիստ ստանդարտների ձևակերպման միջոցով:  Եվ այս կարգավորումները շանս են փոխելու խաղի կանոնները մեծ կինոյում:

Իսկ Օսկարը ոչ այնքան արվեստ որոնող հարթակ է, որքան հանրային տրամադրություններն ի մի բերող ու անգամ կանխատեսող:

Հատկապես BLM (#BlackLivesMetter) շարժման ֆոնին: 

Անգամ կարելի է ասել, որ #BlackLivesMatter-ը որոշ իմաստով նախապատրաստեց 2015-ի #OscarSoWhite-ը, երբ ռասայական խտրականությունն այնքան ակնհայտ էր և այնքան արագ ու կոսմետիկ վերափոխվեց բազմազանությանը, որ դեռ մնացին շատ հարցեր:

Եվ այդ հարցերը հապճեպ լուծվող չեն:

Օսկարը միայն մեկ անվանակարգ է ուզում համալրել նոր պահանջներով: Եվ դա իր գործն է:

Նոր կարգավորումները գործելու են միայն «լավագույն ֆիլմի» հավակնորդների համար, մնացած բոլոր անվանակարգերի վրա (վավերագրություն, անիմացիա, դերասանական կատարումներ և այլն) դրանք չեն տարածվի:

Քանի որ մենք բոլորս համարում ենք, որ Օսկարը մեր բոլորինն է, երբեմն մոռանում ենք, որ մեր զգացական արձագանքները, զայրույթն ու կոչերը՝ «Էս ու՞ր ենք հասել», անտեղի են, քանի որ կինոակադեմիան ինքն է որոշում, թե ուր հասնել և ինչպես: 

Օսկարը միշտ արագ է արձագանքնել հանրային տրամադրություններին, հիմա էլ անում է նույնը: Այդպես է ուզում:

Վերաբրենդավորվում է, թեև կարծես ինքն էլ լավ չի հասկանում, թե ինչպես պետք է վերահսկի կարգավորումների կատարումը: Բայց դա անելու համար դեռ 4 տարի կա:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *