2020.09.01,

Քննադատ

«Կյանքը՝ մամուլում. 100 տարի առաջ» -1

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

«Կյանքը՝ մամուլում. 100 տարի առաջ ». Այս  խորագրով, 15-օրյա պարբերականությամբ,  կանդրադառնանք 100  տարվա վաղեմության  խնդիրներին, որոնց արձագանքել է մամուլը  100 տարի առաջ, նույն օրերին:

Շարքի առաջին հրապարակումն ընդգրկում է 1920 թվականի սեպտեմբերի առաջին կեսը: Այդ շրջանում  մամուլի ուշադրության կենտրոնում, Սևրի պայմանագրից բացի, 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագիրն էր. «Սովիեթական Ռուսիոյ և Հայկական Հանրապետական կառավարութեան միջև հաշտութիւն կնքուած է, մինչև որ վերջնական որոշում մը տրուի: Հայաստանի և Ատրպէյճանի միջև գտնուող Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վիճելի հողամասերը Ատրպէյճանի ձեռքը պիտի մնան» («Արևելեան մամուլ», Իզմիր, 1920, սեպտեմբերի 1, N 41):

Նույն այդ շրջանում կարևոր իրադարձություններ էին զարգանում Կիլիկիայի շուրջ:

հին թերթ Կիլիկիա

1920-ի օգոստոսի 4-ին,  Ադանայում, Ազգային գերագույն խորհուրդը, Միհրան Տամատյանի նախագահությամբ,  Կիլիկիան հռչակում է  անկախ հանրապետություն՝ Ֆրանսիայի հովանավորությամբ: Հայ քաղաքական կուսակցությունները շարունակում էին հավատալ, որ ‎‎ֆրանսիացիների օգնությամբ հնարավոր կլիներ Կիլիկիայի անջատումը կործանվող Օսմանյան կայսրությունից և նրա ինքնավարությունը:

1909-ի Ադանայի ջարդերից հետո Կիլիկիայում հայեր չէին մնացել, սակայն 1916 թ.-ին Կիլիկիան Ֆրանսիայի խնամակալությանն էր անցել: Շատ հայեր վերադարձել էին՝ վստահ, որ թուրքական կոտորածներն այլևս անցյալում են:

Սեպտեմբերի 2-ին Կիլիկիայի ինքնապաշտպանությանն ու անկախությանն էր անդրադարձել նաև Ալեքսանդր Խատիսյանը. «Որքան կարելի է ուժ տւեցէք Կիլիկիոյ ինքնապաշտպանութեան գործին, որքան կարելի է ամրացէք այնտեղ, որովհետև Կիլիկիան մեզ համար առանձին նշանակութիւն ունի: Այժմ ես գնում եմ Երեւան, այնտեղ անպայման կը խորհինք և Կիլիկիոյ մասին պէտք եղած միջոցները ձեռք կ՝ առնինք» ( «Երկիր», Ստամբուլ, 1920, N 303):

Ձեռք առնված միջոցները արդյունք չտվեցին. քեմալականները,  ֆրասիացիների հետ գաղտնի պայմանավորվածություններ ունենալով,  հարձակվեցին Կիլիկիայի վրա: Հազարավոր զոհեր տալով՝ հայերը նորից բռնեցին գաղթի ճանապարհը՝ դեպի Լիբանան, Սիրիա: 

Եթե Արևմտյան Հայաստանից հայերն արտագաղթում էին, Արևելյան Հայաստանում, Առաջին հանրապետության հռչակումից հետո, ակնկալվում էր մեծ ներգաղթ, որը, սակայն, տեղի չունեցավ. «Ամենուս հաւատքն այն էր, որ ազատութեան արեւին ծագումէն անմիջապէս վերջ՝ ամեն կողմէ  հայեր գունդագունդ պիտի վազեն Հայաստան՝ ազգային դրօշին ներքեւ ապրելու եւ աշխատելու եւ հայրենի հողին վրա մեռնելու: Բայց այդ բանը տեղի չունեցաւ մինչեւ հիմա: Իրաւ է, որ արտաքին քաղաքականութեան շփոթ վիճակը եւ նորածին պետութեան տնտեսական անբարենպաստ պայմանները մեծապէս կը դժուարացնեն ներգաղթի զանգուածային շարժումը, եւ շատեր, թերևս, իրենց բաղձանքին հակառակ, միջոց չեն գտնէր ճամփորդելու»  («Կոչնակ», Նյու Յորք, 1920, N 37, սեպտեմբերի 11 ): Բայց տնտեսական ու քաղաքական դժվարությունները պատճառներից հիմնականները չէին: Հիմնական պատճառն, ըստ թերթի, «Երեւանի այսօրուան կառավարութեան ծայրահեղ կուսակցականութիւնն է: …Դաշնակցութեան ղեկավարները իրարու հետ շփոթում են պետութեան եւ կուսակցութեան շահերը» (նույն տեղում): 

Սոցիալական անհավասարություն, թանկություն. սրանք լուրջ խնդիրներ էին  100 տարի առաջ ևս. «Օրուայ չարիքը թանգութիւնն է: Շուկայի գները մոլեգնաբար վեր վեր են թռչում համարեա ժամերով: Յուսայատութեմաբ են մարդիկ նայում վաղուայ օրին: Եթէ այսօր, երբ գիւղերում դեռ կալերն են կասում, սև յարդի ու հողի հետ խառն հացի ֆունտն արժէ 40 րուբլի, ի՞նչ պիտի լինի վաղը, յերբ ձիւնը կը ծածկէ գետինը: Ի՞նչ կը լինի փայտը ձմրան ցրտերին, յերբ այսօր, ամառուայ շոգերին, նրա մի սայլն արժե  3000 րուբլի: …Այս շոգերին ձմերուկով զովանալու համար պետք է ունենալ օրեկան առնվազն 200 րուբլի:Եւ ահա մենք տեսնում ենք, որ հետզհետէ հեռու ենք քշւում և այդ բավականութիւնից» («Մշակ» 1920, սեպտեմբերի 1, N 84): 

«Կար մի ժամանակ, որ մենք՝ ծանր, մաշեցնող աշխատանքի մարդիկս, Թիֆլիսի շրջակայ ամարանոցներում մի-մի համեստ անկիւն էինք գտնում դժոխային տապից ազատվելու:…Այժմ, հազար ու մի կարիքների տակ ճմնլուած, մեզ մեզ խենթութիւն է թվում այդպիսի «երջանկութեան» մասին մտածելը: Իսկ ամարանոցները դատարկ չեն մնում: Խելագար գներ տւող՝ որքան ուզէք: Աշխատանքի տուած ցամաք հացը սարսափում է վայելողների այդ խելառ գումարներից, որոնք քամուն են տրւում ունեւորական հաճույքների համար» (նույն տեղում): 

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում պետության գերակա շահ տեսած քաղաքացիներիս համար, միևնույն է, չափազանց խիստ է հնչում Երևանի քաղաքային իշխանությունների՝ հարյուրամյա վաղեմության կոչը՝ Ցեղասպանությունից փրկված,  Երևանում, Էջմիածնում իրենց ապահովությունը փնտրող գաղթականներին։

Երևանի մասին հին թերթ

«Երևանի քաղաքային վարչութիւնը յայտնում է, որ համաձայն սոյն օգոստոս 13-ից նախարարների խորհրդի հաստատած օրէնքի յոդ.  15-ի, որով Երևանի քաղաքային ինքնավարութեանը իրաւունք է տրւում հեռացնել քաղաքից այն բոլոր գաղթականներին, վերաբնակիչներին և ընդհանրապես այն բոլոր ընտանիքներին և անձանց, որոնց Երևան քաղաքում մնալը քաղաքային վարչութեան կարծիքով անհրաժեշտ չէ և բռնագրաւել նրանց բնակարանները: Բոլոր տնատէրերը բնակարանի տէրերը պարտավոր են 7  օրւայ ընթացքում ներկայանալ բնակարանների բռնագրաւման բաժանմունքի  գրասենյակ և ձրի ստանալ բնակարանների վերաբերյալ տեղեկություններ տալու համար պատրաստուած թերթիկները լրացնելու: Այս պարտականութիւն չկատարողները կենթարկուեն վարչական եղանակով 2 ամիս բանտարկութեան կամ  20 000 ռուբլի տուգանքի» («Ժողովուրդ», Երևան,  1920, սեպտեմբերի 1 ):

ժողովրդի ձայնը Օզանյան

Սեպտեմբերը ուսումնական նոր տարվա սկիզբն էր, և մամուլը հատուկ շեշտ էր դնում կրթական խնդիրներին. « 1918-20  թիւի կրթական տարւոյ տեղեկագրէն իմացանք, թէ Հայաստանի սահմաններուն մէջ գոյութիւն ունին 431 ծխական դպրոցներ, 21 միջնակարգ դպրոցներ՝ մէկ համալսարանով: Անցեալի հետ համեմատելով՝ ասիկա մեծ յառաջադիմութիւն է: Բայց Հայաստան ունի  3000է ավել գիւղ, այսինքն՝ հանրային կրթուեան և արուեստից նախարարութիւնը պիտի ունենայ առնուազն   3000 ժողովրդական դպրոցներ: …Մեր ուշադրութեան երկրորդ կեդրոնը՝ ռազմաճակատէն ետք դպրոցը պիտի ըլլայ» («Ժողովրդի ձայն», Պոլիս, 1920,  սեպտեմբերի 1-14 ):

դպրոց թերթ հին

«Որչափ ատեն որ մեր դպրոցները չունենան իրենց սեպհական մասնավոր բժիշկները, …մեր դպրոցները պիտի շարունակեն մնալ նույն այն հնավանդ հակաառողջական վիճակին մեջ, մեր մանուկներն ու մանկուհիները պիտի տուայտին շարունակ ու մաշուին անյարմար գրասեղաններուն վրայ, բազմազան հիւանդութիւնները, որպես՝ ոջիլը, մորթային հիւանդութիւնները, կարճատեսութիւնը, խլութիւնը, գիճութիւնը, ապուշութիւնը, անոնց ծիլ ու ծաղիկ օրերը պիտի թոշնեցնեն» («Դարման», Կ.Պոլիս, 1920 , N 8-9):

գորգագործ գորգ

Այս շրջանում մամուլի բովանդակությունը, որպես կանոն, չափազանց տագնապեցնող էր: Միայն թերթերում տեղ-տեղ հայտնված գովազդի տեքստերն էին պահպանել թեթևությունը. « Կ՜ուզուի երկու հայ երիտասարդներ 18էն  30 տարեկան, որոնք շատ թէ  քիչ Անգլ. գիտեն եւ աւելի լաւ  կ՜ուզեն գիտնալ: Գորգ նորոգել գիտեն եւ աւելի լաւ կ՜ուզեն գիտնալ: Գորգէ բաւական կը հասկնան, բայց մասնագետ կ՜ուզեն ըլլալ: Ծախել շատ թէ քիչ գիտեն եւ լաւ ծախող կ՜ուզեն ըլլալ: Երիտասարդներ, որոնք կ՜ուզեն աշխատելով բարձրանալ եւ ոչ շուտով հարստանալ: Եթե կը փափաքիս գորգի գործի մէջ ըլլալ, գրե…» («Կոչնակ», Նյու Յորք, 1920 թ, սեպտեմբերի 4): 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *