2020.08.25,

Քննադատ

Լրագրության անցյալից. «Ты Роб, ты трус, ты армянин»

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Շատ խորաթափանցություն չէր պահանջվում՝ հասկանալու և աշխատանքային փորձով համոզվելու, որ անկախ Հայաստանում ևս, ինչպես, թերևս, ամենուր,  տպագիր լրագրությունը իր բուն առաքելությունը կատարելու ճանապարհին հաճախ (չվախենամ ասել), խեղաթյուրում է  հասարակության ընկալումները: Դա արվում է երբեմն միտումնավոր և ուղղորդված, երբեմն՝ ինքնաբերաբար ու ակամա: 

Խոսքը վերաբերում է ոչ միայն իրադարձությունները ըստ նպատակահարմարության լուսաբանելուն, այլև պետական, քաղաքական, հանրային գործիչների կերպարները ներկայացնելուն՝ նրանց խոսքը սիրունացնելուն, մտահորիզոնն ու արժեհամակարգը խմբագրելուն կամ հակառակը՝ նրանց փչացնելուն, նայած, թե ինչ խնդիր է լուծում տվյալ լրատվամիջոցի տերը, խմբագիրը, լրագրողը: 

Թաքնված գովազդի ու հակագովազդի, քարոզչության ու հակաքարոզչության մրցակցության արդյունքը լինում է այն, որ ոչ միայն իրականությունն է պատկերվում ծուռ հայելիների մեջ, այլև բոլոր այն անունները, որոնք տպավորվում են հասարակական ընկալումներում, բոլոր դեմքերը, որոնք ճանաչելի են ինչ-որ շրջանակներում, ներկայացվում են խեղված, ծաղրանկարված կամ «ֆոտոշոփված», իսկ դրանց «բնօրինակները», բնականաբար, քնած են իրենց մտերիմների, իրենց արժանիքներն իմացողների կամ իրենց թուլությունները տեսածների, իրենց  ճանաչողների հուշերում:

Այդպես, լրագրողների թեթև ձեռքով ու հասարակության մակերեսային ընկալմամբ, հաճախ փառամոլը դառնում է հերոս, ագահը՝ բարերար, ստահակը՝ հայրենասեր… 

Բայց չի կարելի ասել, թե սա բացառապես լրագրության արատն է. քանի դեռ մամուլը բավարար չափով անկախ չէ՝ սա, բնականաբար, ավելի շուտ կառավարման համակարգի թելադրանքն ու թերությունն է: 

Ռոբերտ Քոչարյան Արամա Աբրահամյանի հարցազրույցը 1998

Արամ Աբրահամյանի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ 1998թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Սքրինշոթ «Ա1+»-ի տեսանյութից

Հատկապես 98-ի իշխանափոխությունը կամ, ինչպես ընդունված է ասել՝ պալատական հեղաշրջումը այս իմաստով յուղ լցրեց կրակի վրա. տեղեկատվական մի անսանձ գրոհ սկսվեց նախկին «հանցավոր», «ապազգային», «դավաճան» իշխանությունների վրա, և գրեթե բոլոր լրատվամիջոցները սկսեցին փառաբանել պալատական հեղաշրջմամբ իշխանությունը զավթածներին ու նրանց համախոհներին:

Իմ դիրքորոշումը առավել քան հստակ էր. առաջին իսկ օրից՝ խոր հիասթափություն իշխանափոխության փաստից և բացահայտ կամ զուսպ հեգնանք՝ իշխանությանը տիրացածների հանդեպ: 

Դա ցայտուն արտահայտեցի Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը կծու անդրադարձով (որը, հաջորդ օրը պարզվեց՝ Արամ Աբրահամյանը ահագին մեղմացրել էր): Որքան էլ պրոֆեսիոնալիզմը պահանջեր ի ցույց չդնել անձնական վերաբերմունքը պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հանդեպ՝ ես առաջին իսկ օրից չէի կարող ու երբևէ չկարողացա հաշտվել Հայաստանի նախագահ հռչակվածի հայերենի սոսկալի վատ իմացության ու նրա խոսքի ահավոր մակարդակի, աչք ծակող գավառամտության և ինքնահավանության ակնառու դրսևորումների հետ: 

Եվ ահա 98-ի «Առավոտի» օգոստոսյան համարներից մեկի 16-րդ էջում բացառապես իմ պատասխանատվությամբ տպագրվեց քաղաքական սարկազմի հերթական նմուշը. մի արտահայտություն, մի բառախաղ, որը տակնուվրա արեց երկրի բարձրագույն պաշտոնյաների հավաքական զգայուն հոգին: Դա  Պուշկինի հերոսի հանրահայտ տողն էր՝ ընդամենը մեկ տառի նենգափոխմամբ. «Ты трус, ты раб, ты армянин…»-ը դարձել էր «Ты Роб, ты трус, ты армянин»:

Այդ ժամանակ ես չէի կարող ենթադրել, որ առաջին հայացքից զվարճալի  (թեև բավականին սուր) բառախաղը կամ էլ նման մի այլ արտահայտություն (ինչ իմանաս՝ քո որ խոսքից առավելագույնս կխոցվեն ժողովրդի իմաստուն առաջնորդները) ժամանակ անց կարող էր փակել «Առավոտն» իմ դեմ… 

Բայց դա տեղի ունեցավ ոչ միանգամից. մի քանի ամիս ես դեռ պիտի աշխատեի հոգեհարազատ, սիրելի և, չափազանցություն չթվա՝ իմ ճաշակով ու պատկերացումներով վերածնված թերթի խմբագրությունում, մինչև որ մի գեղեցիկ օր՝ 98-ի վերջերին, Արամ Աբրահամյանն ինձ հրավիրեց իր սենյակ, ասաց, որ լուրջ խոսակցություն կա, դուռը կողպեց ու ամոթխած դեմքով հայտնեց, թե մեր հովանավորը պայման է դրել, որ կամ ես պիտի չաշխատեմ «Առավոտում», կամ դադարեցնում է թերթի ֆինանսավորումը… «Այսինքն»,- զարմացա: «Դու որոշիր,- ասաց:- Եթե որոշես, որ մնում ես՝ պիտի փորձենք այլ հովանավոր գտնել»:  «Ով է հովանավորը, կարո՞ղ եմ ես հանդիպել իր հետ ու հասկանալ պատճառը»: «Չեմ կարծում»,- պատասխանեց: «Բայց ես չիմանա՞մ, թե ինչ խնդիր կա»,- համառեցի ու հաջորդ պահին էլ հասկացա, որ ըստ երևույթին կամ Արամի առաջ պայման է դրվել, կամ ինքն է որոշել, որ լավ կլինի այս հարցի պատասխանը ես չիմանամ… «Լավ, գոնե ասա՝ ով է էդ պայման դնողը. խոստանում եմ թեման չշարունակել»,- ասացի: «Կոկա-կոլայի ներկայացուցիչը Հայաստանում,- ժպտալով կրկնեց անգիր պատասխանն ու հավելեց,- չեմ կարծում, թե կհամաձայնի հանդիպել…»: 

Պայմանն ավելի քան հստակ էր. ես պիտի հեռանայի: Արամի հավաստիացումները, թե ինքը շատ է ափսոսում, թե շատ կուզեր, որ շարունակեի աշխատել, արդեն բարոյական հարթությունում էին: 

Ավելի ուշ, վերհիշելով ու այնուամենայնիվ փորձելով հասկանալ տեղի ունեցածի պատճառը, նաև մի դրվագ հիշեցի: Թերթի արտահաստիքային թղթակիցներից մեկի հետ թեթև վեճից հետո խմբագրության հնաբնակներից մեկը կիսաձայն ինձ ասաց, որ զգույշ լինեմ՝ «էդ ջահելը Սերժի ականջն ա»: Ցածրահասակ, քչախոս տղա էր, ռազմահայրենասիրական պաթոսախեղդ ակնարկներ էր գրում Արցախյան հերոսամարտից, որ ավելի շատ դպրոցական շարադրությունների էին նման: Ես քմծիծաղով ընդունեցի կգբ-ականի «բացահայտումը», բայց առանձնապես նշանակություն չտվեցի: «Սերժն էր պակաս,- քրթմնջացի:-  Սե՞րժն ինչ գործ ունի «Առավոտի» հետ»: 

Բավականին երկար ժամանակ պահանջվեց դա հասկանալու համար:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *