2020.08.07,

Քննադատ

Լրագրության անցյալից. իմ «Վարկածը»՝ Ցուկերբերգի ներշնչանքի աղբյուր

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Պաշտոնյաների հետ փոխհարաբերությունները, որպես կանոն, հարթ չեն լինում անկախ լրատվամիջոցների կամ խոսքի ազատությունն իբրև գերագույն արժեք ընկալող լրագրողների համար: Դա ինքնին հակամարտություն է, ակնառու կամ թաքնված կոնֆլիկտ է, որը կարող է ամենատարբեր դրսևորումներն ունենալ՝ զուսպ կամ պոռթկուն, դրվագային կամ շարունակական, հեռակա կամ առերես: Կարող է լինել ինչ-որ տեղից հրահրված կամ էլ ուղղակի թյուրիմացության հետևանք: 

Դրա մի օրինակը ներկայացրի նախորդ հոդվածում՝ 98-ի սեպտեմբերի 21-ի միջադեպի նկարագրությամբ: 

Այդ միջադեպից շուրջ երկու ամիս առաջ՝ Վարդավառի տոնին,  երբ իշխանական վերնախավը հաշմանդամների «Փյունիկ» միության հրավերով հավաքվել էր Արտաշատում և վայելում էր իր ոչ լեգիտիմ հրճվանքը՝ ձևացնելով, թե իբր ոչ մի խախտում էլ չի եղել Քոչարյանին ՀՀ նախագահ դարձնելով,- շատերի համար կապույտ երկնքում ամպրոպ էր լուսանկարում պատկերված պահը, որտեղ «Առավոտի» թղթակիցը սառը ջուր է լցնում ամենայն հայոց սպարապետի ոգևորության վրա: 

Այդ օրվա Վազգենի անկաշկանդ հրճվանքը, մանկական ուրախությունը, որպես սրանց անակնկալ ավարտ՝ ջրվելու փաստը ահագին զվարճացրին լրագրողական համայնքին ու տեսարանին ներկա պաշտոնյաներին, մինչդեռ ավելի ուշ իշխանական վերին օղակներում սա լուրջ մտահոգության թեմա պիտի դառնար. ո՞նց թե լրագրողը ջուր լցնի Պաշտպանության նախարարի գլխին… 

Կարող էր, իհարկե, Վազգենը մուռ պահել իր կամքից անկախ ստացված դրվագի համար, կարող էր և չպահել,- բայց տվյալ դեպքում նա «տուժող» կողմ չէր՝ նախ ինքն էր ջուր լցրել լրագրողի վրա, ապա նոր, իր ու կողքինների համար միանգամայն անսպասելի, ստացել պատասխանը: 

Արդեն իսկ բազմաթիվ առիթներ էի ունեցել՝ համոզվելու, որ որքան էլ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն անկանխատեսելի լինեն, լրագրողներից առանձնահատուկ հմտություն է պահանջվում նրանց հետ «սահմանային» հարաբերություններ պահպանելու համար, երբ ոչ կարողանան քեզ անվանել ծախու, ոչ սպառնան, ոչ էլ հարձակվեն քեզ վրա մետաղաձողերով կամ գոնե բռունցքներով: Ու որ որակյալ լրագրությունը, լրագրական տեքստը զերծ պիտի լինի անպատկառությունից, որքան էլ լրագրողը բախվի պաշտոնյայի ամբարտավանությանը:

Իմ «Վարկածը», որի մասին գրել եմ նախորդիվ, վերակենդանացավ և հենց այս սկզբունքով նոր կերպարանք առավ «Առավոտում»: 

Առավոտ Վարկած նոր

Այն որպես խորագիր հանգրվանեց թերթի երրորդ էջում: Ամեն օր մամուլում հայտնաբերում էի պաշտոնյաների, քաղաքական գործիչների, տարբեր ոլորտներում որոշակի ճանաչում ունեցող, հանրությանը հայտնի մարդկանց ինքնատիպ մտքերն ու արտահայտությունները, բառացի մեջբերում, ապա մեկնաբանում դրանք: 

Առավոտի վարկած

Հետագայում այլ լրատվամիջոցներում տարբեր վերնագրերի ներքո շատերը նմանակեցին սա: Էլ ավելի ուշ, երբ Ցուկերբերգը մարդկությանը մատուցեց ֆեյսբուքը, ես ակամա զուգահեռ տարա «Վարկածի» և ֆեյսբուքյան ստատուսների ու դրանց քոմենթների միջև… Ո՞ւմ մտքով կանցներ, որ վիրտուալ տարածքում նման կատարելության կհասնի իմ հասարակ խորագիրը: 

Այսուհանդերձ, մեծամտությունս չբավարարեց Ցուկերբերգին գրագողության մեջ մեղադրելու համար (այստեղ աղերսվում է ֆեյսբուքյան ժպտացող զմայլիկ):

Առավոտի վարկածները

«Վարկածն» ու թերթի 16-րդ էջում հրապարակվող «Էջեր հայ ժողովրդի հերոսական անցյալից» խորագրով նյութերը, որոնք քաղաքական հումորի անգերազանցելի նմուշներ էին (հեղինակը Արմեն Շեկոյանն էր), 

էջեր հերոսական անցյալից

այն ժամանակվա «Առավոտի» «համեմունքներն» էին, որոնք մի առանձին գրավչություն էին տալիս թերթին, ինչպես, օրինակ, «Փանջունու անկյունը»՝ «Իրավունքին»: Բայց եթե «Առավոտում» այդ խորագրերը հեղինակային էին, ապա «Փանջունու անկյունում» հավաքվել էր մի ամբողջ ստեղծագործական խումբ:

Առավոտ Շեկոյան

Մի օր «Իրավունքի» Հովհաննես Գալաջյանը տարբեր լրատվամիջոցների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հրավիրեց իրենց խմբագրությանը կից գործող  «Փանջունու անկյուն» սրճարան, իր բառերով՝ «գարեջուր խմելու և ռակ ուտելու»: Դա լրատվամիջոցների համերաշխությունը արձանագրելու խորհրդանշական քայլ էր. «Իրավունքի» հյուրասիրությունը վայելող լրատվամիջոցների ներկայացուցիչները որևէ սրամիտ բան պիտի ասեին, և ժյուրին լավագույն սրամտությունները պիտի հրապարակեր թերթի առաջիկա համարի «Փանջունու անկյունում»: 

Սրամտությունը պիտի ծնվեր խեցգետնի բուրգերի ոչնչացմանը զուգընթաց… Ես բնազդով զգում էի, որ դա հեռավոր աղերս պիտի ունենար քաղաքական ուժերի ճակատագրերի հետ, մասնավորապես՝ ՌԱԿ-ի… Բայց միայն ՌԱԿ-ը քիչ էր, և իմ մտքում հերթով առկայծեցին մյուս կուսակցությունների հապավումները: Դրանցից մեկը Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ն էր. Հայրիկյանն այդ շրջանում կուսակցության անվանումից հանել էր «ազգային» բառը, թողնելով միայն «ինքնորոշումն» ու «միավորումը… Ահա այդ «Ինքնորոշում միավորում» անվանումն էլ, որի հապավումն այդ օրերին շարունակ բառախաղերի առիթներ էր տալիս, հուշեց ինձնից ակնկալվող սրամտությունը. պահանջեցի բարձրախոսն ու հայտարարեցի. «ՌԱԿ-ը կերեք, որ էս ա ԻՄ-ն են բերելու»:

…Թե ինչ եղավ հետո՝ պատմեմ հակիրճ: Հաջորդ օրը Իրավունքի Փանջունու անկյունում կարդում եմ. «Վասակ Դարբինյանը ՌԱԿ-ը ուտելուց հետո պահանջեց ԻՄ-ը»: Զանգում եմ Գալաջյան Հովիկին, հարցնում՝ ինչու եք խեղաթյուրել սրամտությունս: Պատասխանում է՝ չենք խեղաթյուրել: Բարկանում եմ, Հովիկը կես ժամից գալիս է «Առավոտ», վիճում ենք, առաջարկում է գնանք ռազբիրատի, իջնում ենք Մամուլի շենքի 15-րդ հարկից, որ գնանք Զանգվի ձոր՝ ռազբիրատի, նստում ենք իմ  «Օկան», Հովիկը զարմանում է՝ էս ինչ լավ ավտո ա, ես ժպտում եմ, Հովիկը ուրախանում է, իմ բարկությունն անցնում է, 15 րոպեից հայտնվում ենք ոչ թե Զանգվի ձորում, այլ «Իրավունքի» մատույցներում, Հովիկը գնում է իր «Իրավունք», ես գալիս եմ իմ «Առավոտ»:

Այդ տարիների «Առավոտում» Արմեն Շեկոյանի մտահղացումն էր նաև «Քաղաքական թատերաշրջանը», որը հանրահայտ գրական երկերի կամ ֆիլմերի վերնագրերի յուրօրինակ համադրումն էր քաղաքական կուսակցությունների անվանումներին կամ զուգահեռվում-աղերսվում էր նրանց գործունեությանը:  

Առավոտ հումոր

Արամը հսկայական պատասխանատվություն էր զգում 16 էջանոց օրաթերթը անխափան հրատարակելու համար: Այդ նպատակով պատժամիջոցներ էր սահմանել՝ ցանկանալով կանխել հնարավոր ձախողումները: Սահմանել էր տուգանքների ճկուն մեխանիզմ: Ասենք՝ թռուցկաժողովից ուշանալու, էջը (եթե էջի պատասխանատու էր) կամ հոդվածը առանց հարգելի պատճառի ժամանակին չտալու, փաստական (եթե լրագրող էր) կամ տեխնիկական (եթե տեխնիկական աշխատող էր) սխալների, այլ թերացումների համար պահումներ էր անում աշխատավարձից, համապատասխան հրամանը փակցնում միջանցքի պատին: 

Թռուցկաժողովներից ամենաշատը ուշանում էր մշակույթի էջի պատասխանատու Սաթիկ Սեյրանյանը, և գրեթե ամիս չէր լինում, որ չտուգանվեր: Ի դեպ, այդ տուգանքները պատճառ չէին հարաբերությունների փչացման, դրանք ավելի շատ զվարճանքի առիթներ էին: Էստեղ չկան վերին արտի ցորեններ, սիրում էր կրկնել Արամը, կամենալով հասկացնել, որ չկան անձեռնմխելիներ ու անտուգանելիներ… «Հա, ես հենց very art-ի ցորեն եմ»,- ընդվզում էր Սաթիկը, շեշտելով մշակույթին իր նվիրվածությունը, տուգանքների պարտադրած անհարմարություններից վեր կանգնելու վճռականությունն ու անհնազանդությունը ռեժիմի բարքերին:

Ի հավաստումն ժողովրդավարական արժեքներին իր հավատարմության և սկզբունքայնության՝ Արամը մի օր անակնկալ մատուցեց ամենքիս. միջանցքում փակցվեց հերթական հրամանը… Արամ Աբրահամյանին տուգանելու վերաբերյալ: 

Արամ Աբրահամյան աշխատավարձ տուգանք

Ինչ-որ հարցում վրիպել էր, և այդ պատճառով թերթում տպագրվել էր փաստական սխալ: Սա դարձավ կատակների ու սրամտությունների առիթ: Ինչ-որ մեկի երևակայությունը երկնեց ինքնադատաստանի սահմռկեցուցիչ տեսարաններ, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ ևս մեկ անգամ Արամը վրիպի:

…Հետո իմացա, որ 2000 թվականին էլ է նման դեպք եղել:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *