2020.07.24,

Քննադատ

Եզրագծի այս ու այն կողմերը․ ինքնասպանության փորձն ուղիղ եթերում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ինտերնետային ուղիղ եթերում մոտ 25 րոպե լրագրողը մեկնաբանում էր, թե ինչպես է մի երիտասարդ սպառնում իրեն ցած նետել Երևանի Հաղթանակ կամրջից։ 

Այդ ընթացքում ԱԻՆ աշխատակիցները լրագրողին թույլ տվեցին մոտենալ կամրջի՝ ձորի բերան տանող կողմն անցածին և ուղիղ եթերում հարցազրույց վերցնել մարդուց, որը փորձում էր ինքնասպան լինել։

Լրագրողը մի քանի անգամ շեշտեց, որ իր ինքնասպանության մասին հայտարարած անձը դեմ չէ հարցազրույց տալ ու զգուշացրեց, որ «նույնականացնող տվյալ չենք հայտնելու»։ 

Հետո տեսախցիկը ուղիղ եթերում ընդհուպ մոտեցավ հարցազրույց տվող երիտասարդի դեմքին և նույնականացրեց այդ դեմքը(թեկուզ դիմակով ծածկված)։ 

Եթերի ընթացքում մենք իմացանք նրա տարիքը, նրա պատմությունը ու ցանկության դեպքում նրան նույնականացնելը դարձավ րոպեների խնդիր։

ԱԻՆ աշխատակիցներին ու դեպքի վայր ժամանած ու որպես բարերար ներկայացված Հովհաննես Հունանյանին հաջողվեց Հաղթանակ կամրջի եզրագծից դեպի փողոցի կողմ բերել ինքնասպանությամբ սպառնացող երիտասարդին։ 

«Ինքնասպանության փորձը կանխված է, շնորհակալություն մեզ հետևելու համար»,- ուղիղ եթերն ամփոփեց լրագրողը։

Բարդ է հայաստանյան եթերներում (հեռուստատեսային, ռադիո կամ ինտերնետային) ուղիղ եթերում ինքնասպանության փորձ հեռարձակելու դեպք հիշելը։ Եթե իհարկե նման նախադեպ եղել է։

Խոսքը անհատի կողմից իր հեռախոսով ուղիղ եթեր դուրս գալու կամ անգամ տեսանյութ նկարահանելու մասին չէ։ Խոսքը լրագրողական խմբով կամրջից ցած նետվել պատրաստվողի մասին լայվով պատմելու ու նրա հետ հարցազրույց անելու մասին է։ 

Մարդը ձորի բերանին է ու կարող է անգամ անզգուշաբար ցած ընկնել, բայց հարցազրույց է տալիս։ Ու ուղիղ եթերում սենսացիան հեռարձակելու ցանկությունը հաղթում է վտանգի զգացողությանը։ 

Ինտերնետային լայվը որպես գործիք որքան օգտակար, այնքան էլ վտանգավոր կարող է լինել։ Ուղիղ եթերում առաջինը լինելը գին ունի ու այդ գինը կարող է շատ թանկ լինել։

Ինքնասպանություն և նույնիսկ ինքնասպանության փորձ լուսաբանելը լուրջ որոշում է։ Այս թեմայով ուղիղ եթեր հեռարձակելն, առավելևս։

Հաղթանակ կամրջի եզրին գտնվող մարդը ուղիղ եթերում հարցազրույց է տալիս։ Նա ունի սոցիալական խնդիրներ ու հայտարարված ինքնասպանության հուսահատ քայլը տեսել է որպես ծանր վիճակից դուրս գալու հնարավոր քայլ (եթերի ընացքում պարզվեց, որ մարդն ապրելու տուն չունի, նրան խոստացան ժամանակավոր ապահովել բնակարանով, մինչև խնդիրը լուծվի)։ 

Ու մեդիան ուղիղ եթերում ցույց է տալիս այդ քայլը, ցույց է տալիս որպես հնարավոր օրինակ սոցիալական, հոգեբանական, իրավական կամ որևէ այլ խնդիր ունեցողների համար։ 

Սա ինքնասպանության հայտարարված փորձի յուրատեսակ ժողովրդականացում է։ Եթե մեկին հաջողվեց ուղիղ եթերում ինքնասպանության փորձով սոցիալական խնդիր լուծել, ապա կարող են լինել նույնը կրկնել ցանկացողներ։  Հատկապես, եթե իրադարձությունը լայվով լուսաբանող լրատվամիջոցի(ների) ներկայությունն ապահովված լինի։

Ինքնասպանությունների լուսաբանման մասին խոսելիս արժե հիշել «Վերթերի էֆեկտը»։ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» գիրքն այնքան ազդեցիկ էր, որ որոշ բնակավայրերում արգելվեց։ Պատճառն այն էր, որ սիրած աղջկանից մերժում ստացած երիտասարդները կրկնում էին Վերթերի քայլը՝ ինքնասպան էին լինում։ Հուսահատ մարդու համար օրինակը վարակիչ է ու այստեղ զուգահեռը ուղիղ եթերում ինքնասպանության փորձի հետ ակնհայտ է։ 18-րդ դարում գիրքը հզոր մեդիա էր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Կանխարգելելով ինքնասպանությունը» հրատարակությունում նշվում է, որ ինքնասպանությունը հանրայնացնելն ուղիղ կապի մեջ է ինքնասպանությունների թվի հետ՝ որքան շատ լուսաբանում, այնքան շատ ինքնասպանության փորձ։

Այս տրամաբանությամբ՝ հուլիսի 23-ի ուղիղ եթերից հետո ակնկալվում է հայտարարված ինքնասպանությունների փորձերի ու այդ փորձերը ուղիղ եթերում լուսաբանելու պահանջով դեպքերի աճ։

Ու լայվ հեռարաձակողներն ամեն անգամ պետք է որոշեն՝ գնա՞լ ուղիղ եթերում ինքնասպանությունը լուսաբանելու, թե՞ ոչ։ Ու այստեղ պատասխաններ գտնելուն կօգնեն հեռարձակվող բովանդակության չափորոշիչներն ու էթիկայի սեփական կանոնները։ Եթե, իհարկե, դրանք սահմանվեն։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *