2020.07.19,

Քննադատ

Լրագրության անցյալից. ում կինն է ամենանամուսովը, ով ում սիրուհին է, և ով ինչ մականուն ու անցյալ ունի

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Ըստ երևույթին Արամ Աբրահամյանի նյարդերը չդիմացան, ու կարծես նաև մտահղացումը ծնվեց և հասունացավ, որ թերթի մի համարում տպագրենք աշխարհում ընկալվող չափանիշներով իսկապես դեղին էջեր, այդպիսով ի ցույց դնել, ակնառու դարձնել լուրջ լրատվամիջոցի և դեղին մամուլի տարբերությունները նույն թերթում: 

Գաղափարը մեր լրագրողներից մեկին հուշել էր Հայաստանում գործող մեկ այլ ազդեցիկ լրատվամիջոցի փորձառու մի աշխատակից՝ «Ազատության» Հրայր Թամրազյանը: Դա մեզ նույնիսկ ոգևորեց, քանի որ այլ տարբերակ կարծես չէր մնացել՝ ապացուցելու, որ «Առավոտն» ամենևին էլ դեղին մամուլ չէ, հակառակը՝ բարձր չափանիշներ սահմանող ծանրակշիռ լրատվամիջոց է, որ մեր նպատակը ճաշակ թելադրելն է, բարեկիրթ հասարակություն և ուժեղ պետություն ունենալը, ոչ թե էժանագին սենսացիաներն ու բամբասանքները, և այս ձևակերպումները դատարկ բառեր չեն:

98-ի սեպտեմբերի 17-ի համարում հրապարակվեցին «Առավոտի» դեղին էջերը: 

Նախորդ համարի առաջին էջի մի անոնսով նախապատրաստեցինք ընթերցողներին, բորբոքելով հետաքրքրությունը թերթի այդ համարի հանդեպ:

Առավոտ դեղին Բուռնաշ

Այս լուրը, որը առայսօր չգիտեմ ով էր գրել և որը բազմաթիվ տհաճություններ պիտի պատճառեր հատկապես ինձ (դրանցից վերջինը 2018-ին էր, երբ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, միանգամայն պատահաբար հանդիպելով ինձ, վերհիշեց քսանամյա վաղեմության վիրավորանքն ու որոշեց հաշիվ պահանջել ինձնից, սպառնալով ինձ զենքով ու ազատություն տալով լեզվի կապանքներին, որոնք մինչ այդ մի քանի անգամ զսպել էին հոգում կուտակվածը), և 98-ի սեպտեմբերի 17-ի «Առավոտի» դեղին էջերի որոշ հրապարակումներ, բառիս բուն իմաստով, տակնուվրա արեցին քաղաքական դաշտը: Եվ՝ ոչ միայն քաղաքական: 

Հրապարակված ոչ բոլոր նյութերն էին աղմկահարույց. դրանց մեծ մասը սովորական կծոցներ էին, ասեկոսեներ, կային նաև իսկապես էժանագին լրագրության նմուշներ: Դրանք քիչ էին տարբերվում այսօրվա կայքերն ու լրատվամիջոցները գրեթե ամեն օր հեղեղող հրապարակումներից, որոնց խնդիրը ինչ-որ մարդկանց վարկաբեկելը, վիրավորելն ու հեղինակազրկելն է: Տարբերությունը թերևս այն է, որ այն ժամանակ առանձնապես հորինված բաներ գրեթե չկային, ու որոշակի կոռեկտություն, այնուամենայնիվ, պահպանված էր: Որոշ սկանդալային նյութերի թիրախում էլ բարձրաստիճան պաշտոնյանների էին՝ իրենց մականուններով ու կասկածելի գործունեությամբ:

Առավոտ դեղին մուկ

Թող շա՜տ ուշացումով արդարանալու կամ պատասխանատվությունից խուսափելու  փորձ չդիտվի, բայց չեմ կարող նաև շրջանցել փաստը և չխոստովանել, որ մի քանի հրապարակում իսկապես պարկեշտության սահմանն անցնում էին, և դրանք ոչ մի պարագայում իմ նախաձեռնությամբ չէի հրապարակի: Ասենք՝ ով ում սիրուհին է և այլն: 

Առավոտ դեղին Ժոկո

Բայց կցկտուր քննարկումներից, նաև՝ ժամանակ անց այս էջերի հերոսների ով լինելուց, նրանց ընտրությունից կարելի էր հեռուն գնացող ենթադրություններ անել, թե մասնավորապես ում էր հարկավոր կամ ձեռնտու այդ դեղին էջերի հրապարակումները, ովքեր էին հեղինակազրկվելու… Արդյո՞ք Կոկա-կոլայի հայաստանյան ներկայացուցչությունը նման բան կնախաձեռներ: Եթե այո՝ կնախաձեռներ, մարդկանց կյանքը կփչացներ, որ ի՞նչ աներ…

Առավոտ դեղին Սամվել Բաբայան

Որ ոչ ոք ոչինչ չհասկանար ու գլխի չընկներ՝ ով էր այս տեղեկությունների աղբյուրը, չարաբաստիկ այդ համարում կային նաև փաստական անհերքելի տվյալների վրա կառուցված հոդվածներ ու լուրեր, որոնք հրապարակվել էին առանց տեղեկատվության աղբյուր նշելու, կեղծանուններով կամ առանց ստորագրության: Որոշ նյութերի հեղինակների անունները նույնիսկ ես չիմացա: 

Այդ համարից ընդամենը չորս օր անց Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձն էր: Դա պետական մակարդակով նշվեց դեռևս Կարեն Դեմիրճյանի անունը չկրող Մարզահամերգային համալիրում, որտեղ ֆուրշետի հսկայական, առատ ու ճոխ սեղան էր բացվել: 

Շնորհավորանքի խոսք կարդաց Ռոբերտ Քոչարյանը: Մթնոլորտում անսահման լարվածություն կար՝ նա հնչյուններն ու բառերն արտասանում էր մեծ տառապանքով, ապազգայինների ու ազգայինների հակասությունները հասել էին գագաթնակետին, դրանք այդ շրջանում շատ ավելի սուր բնույթ էին կրում, քան, ի դեպ, դրանից քսան տարի անց՝ սևերի ու սպիտակների հակասությունները կարող էին կրել… 

Ընթերցողի ընտրությանն եմ թողնում սրանց միջև զուգահեռը՝ սևե՞րն են ապազգայինի նմանակը, թե սպիտակները, սպիտակնե՞րն են ազգայինի նմանակը, թե հակառակը… Ասեմ միայն, որ շատ ավելի անհեթեթ, շատ ավելի արհեստական էր այն ժամանակվա հակամարտությունը ազգային ու ապազգային հորջորջվածների միջև, և սակավաթիվ ողջամիտները քմծիծաղով էին վերաբերվում դրան:

Առավոտ 97 հին

Սեղանը, որի շուրջ խմբվեցինք լրագրողներով, հեռու չէր բանակի ղեկավարության սեղանից: Դրա մատույցներում էլ բարձրագույն զինվորական կոչումներով ու տոնական համազգեստով անձնակազմն էր: Նկատելով բարձրագույն զինվորականության միջավայրում շողշողացող Վազգենին՝ որոշեցի մոտենալ ու շնորհավորել տոնը: Մենք ծանոթ էինք դեռ խորհրդային տարիներից, երբ աշխատում էի Գրողների միությունում, իսկ ինքը առաջին պատմվածքներն էր ուզում տպագրել և դրանք իմ ծանոթներից մեկի միջոցով ուղարկել էր Գրողների միություն, նա էլ բերել էր ինձ մոտ, ու ես, կարդալով դրանք՝ խորհուրդ տվեցի տանել «Գարուն»… Հետո շփվելու շատ առիթներ էին եղել գրական շրջանակներում ու մանավանդ շարժման տարիներին: Մոտեցա, «շնորհավորում եմ տոնդ, Վազգեն»,- ասացի ու մեկնեցի բաժակս: Վազգենը նայեց ինձ, մի պահ հապաղեց, ապա այլայլվեց ու աչքերիս մեջ նայելով՝ ասաց. «Վասակ… Ես քո բաժակին չեմ խփի»: «Այսինքն»,- շփոթվեցի: «Այսինքն, ես չեմ ընդունում քո շնորհավորանքը…»,- ու սկսեց հայհոյանքների մի շարան «Առավոտի», առհասարակ լրագրողների ու մասնավորապես Արամ Աբրահամյանի հասցեին… 

Ես առժամանակ փորձում էի հասկանալ, թե ինչն է այս տարօրինակ վարքի պատճառը: Ի վերջո նրա խառնիխուռն արտահայտություններից հասկացա՝ սարսափելի վիրավորված է լուրից, որտեղ շոշոփված էր իր անունը: Իմ փորձերը՝ հասկացնել, որ ես էդ լուրի հետ առնչություն չունեմ, ու ճիշտ կանի այդ թեման քննարկի այլ տեղ՝ անցան ապարդյուն: Իմ առաջարկությունը՝ իր զգացմունքներն ու մտքերը հայտնել անձամբ Արամին, ավելի բորբոքեցին նրան, հասցնելով գրեթե կատաղության: 

Դա սկանդալ էր, որ մեջ ներքաշվել էի ակամա, և աչքի պոչով նայելով բարձրաստիճան զինվորականների կուռ և զգաստ շարքին՝ ես հասկանում էի, որ չկար նահանջի ճանապարհ: Նա հայհոյում էր, ես պահանջում էի կոռեկտություն, փորձում էի հարթել սկանդալը, ողջամտություն էի ակնկալում, բայց նա գնալով կորցնում էր ինքնատիրապետումը: Ի վերջո հայհոյախառն մի վերջին սպառնալիք հնչեցրեց, որին միացավ նրա մատույցներում պտտվող Սամվել Բաբայանը՝ «ես էլ եմ տի մտածըմ», և նրանք կտրուկ քայլերով ու հաղթական հեռացան՝ իրենց վրա գամելով այս խայտառակությանն ականատես ամենքի զարմացած հայացքները:

Վիրավորանքս ինչ-որ կերպ պիտի պարպվեր, և ինձ փարված Գագիկ Գևորգյանը՝ Մատ Գագոն, որին Վազգենը խանդաղատանքով անվանում էր իր համհարզը, փորձում էր բացատրել ու համոզել, որ Վազգենն իսկապես վիրավորված է, սարսափելի բորբոքված էր և այլն: 

Կիսատ ծխած ծխախոտս նետեցի գետնին և ի լուր ամենքի գոռացի. «Նախարարդ … է»: Հասկանալի է՝ ամենաթունդ բնութագրումը չտվեցի, թերևս բնազդով զգուշանալով խիստ նյարդային ու Վազգենին նվիրված գեներալներից որևէ մեկի հրապարակային դատաստանից,- իրավիճակն իսկապես պայթյունավտանգ էր,- բայց սիրտս հովացավ, ու Գագիկը ըմբռնումով վերաբերվեց պոռթկմանս, շարունակելով ինչ-որ կերպ պատճառաբանել, բացատրել, մեղմել կատարվածը:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *