2020.07.09,

Քննադատ

Վարակը, դիմակը, դավերը, միֆերն ու դրանց սոսնձման սխեմաները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Դավադրության տեսությունները ծաղկում են ու ծաղկում ողջ աշխարհում վիրուսային արագությամբ ու վիրուսային կծկումների ենթարկում տեղեկատվությունը: 

Ու թեև բոլոր երկրներում դրանց հիմնական առանցքը վարակի ու համավարակային միջոցառումների կործանիչ նպատակներն են, սակայն դավադրությունները մեծամասամբ տեղայնացվում են:

Կան դավադրության վարկածների կառուցման սխեմաներ, որոնք գրեթե միշտ օգտագործվում են, եթե հարկ է լինում տեղեկատվությունը դարձնել քաղաքական զենք: Իհարկե, դավանադրությունները կարող են տարածվել ինքնաբուխ, առանց ուղղորդման, բայց ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների ինֆոդեմիան, դրանք շատ դեպքերում գալիս հանգում են այն խմբավորումների շահերին, որոնց ձեռնտու է տարածել մտքերում քաոս առաջացնող ինֆորմացիա: 

Ժամանակակից միֆերը կամ դավադրության տեսությունները հիբրիդային պատերազմի առանցքն են: Ինչպես հայտնի է, հիբրիդային պատերազմներում հաղթողներ ու պարտվողներ չկան: Պատերազմը մղվում է հանուն հանրության ուշադրության: Իսկ ուշադրությունը տարածք չէ, որը կարելի է մեկընդմիշտ գրավել, ցանկապատել ու ասել, վերջ՝ հաղթեցի: 

Ուշադրություն պահպանելը ամենօրյա ծանր աշխատանք է, հենց աչքդ թեքես ու քչացնես տեղեկատվական հոսքերի չափաբաժինը՝ լսարանը այլևս քոնը չէ: 

Հարկավոր է, որ դավերի մասին վարկածները որքան հնարավոր է մեծ տեղ գրավեն մեդիա դաշտում, քննարկվեն ու տարածվեն, մտնեն առօրյա, առնչվեն յուրաքանչյուրին, քննարկվեն (ցանկալի է բուռն): Հաղթանակը հիբրիդային պատերազմներում քանակն է:

Կորոնովիրուսը ինքնին արդեն առնչվում է յուրաքանչյուրի հետ և շատ հարմար հող է ստեղծում դավադրության տեսությունների ծաղկունքի համար: 

Հարկավոր է միայն սլաքները թեքել դեպի ցանկալի ուղղություն՝ կասկածի տակ դնելով թե՛ վարակը, թե՛ վարակի հաղթահարման ուղիները: Փորձելով գտնել մեղավորներին ու պատասխանատուներին այս անարդար աշխարհում, որտեղ հատկապես համավարակի ժամանակ սրվել է սոցիալական, տնտեսական ու հոգեբանական անարդարության զգացումը: Եվ որտեղ, մեծ հաշվով մեղավորը կոնկրետ անուն չունի, COVID-19-ը բնության քմահաճույքն է:

Եվ քանի որ բնությունը շատ աբստրակտ է հնչում, մարդիկ որոնում են կոնկրետ անուններ, ազգանուններ ու կազմակերպություններ:

Դավադրությունները անգամ կարելի է անվանել հաղորդակցության ժամանակակից լեզու, որն արտահայտվում է անորոշության պայմաններում որոշակիության որոնմամբ:

Ինչի մասին էլ լինեն դավադիր վարկածները, դրանք հղում են անում հանրային վերքերին՝ բորբոքելով, բզբզալով, սպառնալիքները խտացնելով ու մանիպուլացնելով: Ոչ թե հայտնում են մեկ լուր, այլ ստեղծում են մեծ (շատ մեծ) հորինվածք, որտեղ առանձին տարրերն ու ֆրագմենտները կարող են չլինել սխալ, բայց կառույցը միևնույն է հորինվածք է:

Վարակի մասին միֆերը երբեք միայն վարակի մասին չեն, այլ ամեն ինչի:

Լուրը, նորությունը կարելի է հեշտությամբ տարանջատել դավադրական տեքստերից: Որպես կանոն նորությունը մեծ տեղ չի գրավում (ասենք, պետք է կրել դիմակ), փոխարենը այդ լուրը իր հետ բերում է «բանալի» բառերի շղթաներ, որոնք ամեն երկրում տարբեր են, բայց անպայման կողք կողքի դրված ու ցավալի համատեքստում:

Աշխարհում պտտվող դավադրության տեսությունների հիմնական թիրախն, իհարկե, Բիլ Գեյթսն է, 5G կայաններն ու միջազգային մութ ուժերի ցանկությունը իշխել բոլորիս վրա՝ չիպավորելով մեզ, պասվաստելով թույն ու դարձնելով թվային ստրուկներ:

Դրան գումարվում են այն բառերը, մարդիկ ու երևույթները, որոնցից տեղաբնակը կարող է զգալ սպառնալիք: Անգլիայում ու Ֆրանսիայում, օրինակ, դրանք մուսուլմաններն են, եկվորները, նաև միգրանտները (գալիս են դրսից, ապրում հակասանիտարական պայմաններում ու մեզ՝ բնիկներիս, վարակում): Ամերիկացիները հակված են մտածել, որ վարակը չինական կենսաբանական զենք է, որը կիրառում են հրեաները Թրամփի դեմ:

Եվրոպական երկրներում թիրախում են հայտնվում նաև բիզնեսն ու դեղագործական ընկերությունները, որոնց շահը վարակը կապիտալի վերածելն է: Ընդ որում՝ մեծ կապիտալի:

Հայաստանում նման «բանալիներ» են հայկական գենը (զրկում են ինքնությունից ու ավանդույթներից, եթե պաստվաստելու են ու ստիպում են կրել դիմակ), արտաքին թշնամիները (այս դեպքում ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանը, այլ պայմանական «սորոսականը», որը Արևմուտքի թելադրանքով է գործում, այդ շարքում հաճախ են հայտնվում նաև այսօրվա Հայաստանի կառավարության անդամները):

Եվ եթե ասվում է՝ չիպ, «սորոսական», միջազգային կորպորացիաներ, հայ եկեղեցի ու դիմակ, արդեն ստեղծվում է վտանգավոր աշխարհի մասին պատկերացում, որտեղ բարդ է գտնել տրամաբանություն:

Դավադրության տեսություններն ու միֆերը ընդհանրապես բարդ է վերլուծել, քանի որ դրանք ենթագիտակցաբար են ներգործում: Ու երբ փորձ է արվում ցույց տալ, որ ֆրագմենտներն իրար հետ չեն կապվում, որպես կանոն ստանում եք պատասխան՝ իսկ ո՞վ ասաց, որ կապերը չկան, լավ էլ կան, պարզապես մենք տեսնում ենք, իսկ դուք՝ ոչ:

Օրինակ, շատերը չեն տեսնում հակասություն, որ իրար հետ են կապվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ԱՄՆ գործակալները, դիմակների արտադրությունը առաջ տանելու համար դիմակ կրելու ցուցումը, հեղուկ չիպի ազդեցությունը հայի առողջության վրա:

Եվ այդ ամեն ֆրագմենտի հիմքում վախն է:

Մենք երազում ենք տարբեր բաների մասին, բայց վախենում ենք նույն բանից:

Վախը միավորող ուժ է: Եվ եթե արդեն մի քանի ամիս ապրում ենք վարակվելու ու հետո լիարժեք չբուժվելու վախի մթնոլորտում, բնական է, որ շատ կլինեն նաև վախը մոնետիզացնողները: Վախը հույզերի շուկայում առաջնային ապրանք է:

Եվ դավադրություններին հավատալը շատ դեպքերում ունի պաշտպանիչ գործառույթ: Դա վահանի պես է աշխատում, թույլ տալով, որ հաշտվենք ինչ-որ բան փոխելու անզորության հետ: Եթե չգիտենք, թե ինչ է կորոնովիրուսը, ավելի հեշտ է այն համարել սովորական գրիպ ու մեղադրել դրա վտանգը արհեստականորեն ուռճացնողներին:

Բացի այն բանից, որ վախի զգացումը թուլացնում է ապրումակցումը, էմպատիան, այն նաև սկիզբ է դնում իռացիոնալ գործողությունների: 

Դավադրության տեսություններին հավատացողներն, օրինակ, որպես կանոն ծայրահեղ քայլերի կողմնակիցներ են: Ու հեշտությամբ են եզրահանգում, որ հարկավոր է «դրանց» (այլազգիներին, կապիտալիստներին, «սորոսականներին», ազգի դավաճաններին, ստոր ծրագրեր իրականացնող կառավարությանը) վառել, սպանել, ոչնչացնել, քանի դեռ ուշ չէ: Քանի դեռ չիպ, պատվաստանյութ չկա, եկեղեցին դպրոցական ծրագրից դուրս չի շպրտվել, իսկ Արցախը՝ հանձնվել: 

Բնական է, որ այդպես մտածողները դեմ կլինեն դիմակներին՝ համարելով դրանք չիպավորման առաջին քայլը, որը զրկում է մեզ մաքուր օդ շնչելու հնարավորությունից ու անգամ սեփական դեմքից: Հետո միջազգային ուժերը կխլեն մեր երեխաներին ու կջնջեն մեր հազարամյա պատմությունը: 

Ինչ-որ մակարդակի վրա հզոր ու «կեղտոտ» թշնամու կերպարը բարձրացնում է մեր ինքնագնահատականն ու վերահսկման պատրանք ստեղծում (պիտի ամեն ինչ իմանանք, քանի որ երբ իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես):

Պետության ձեռնարկած քայլերի նկատմամբ անվստահությունը կարևոր է:

Դավադրության տեսությունները ծաղկում են, երբ թուլանում է վստահությունը պաշտոնական աղբյուրների նկատմամբ կամ երբ պետական կառույցները հապաղում ու բացատրությունների համար ընտրում են ոչ ճիշտ լեզու և ոճ:

Այդ դեպքում մարդիկ հակված են հավատալու իրենց ներքին ձայնին (եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն ամեն ինչը այն չէ): Եվ դավադրության վարկածի շղթայում արագորեն հայտնվում է այն միտքը, որ Բիլ Գեյթսի փոխարեն չիպավորումն անում են Հայաստանի նոր իշխանությունները՝ Առողջապահության նախարարի գլխավորությամբ:

Պարզ է, որ դավերի ու դավաճանությունների մասին այս պնդումները լավ տեղավորվում են քաղաքական դաշտում, որտեղ կառավարության վարկաբեկումը արվում է խոշոր մեդիա ռեսուրսներով: Եվ անպայման նախարարն ու այլ պատասխանատու օղակները կապվում են կրոնի, ավանդական արժեքների ու գենը թուլացնելու հետ:

Պետության հանդեպ անվստահությունը ամրապնդվում է նաև պետական կառույցների արձագանքով: Օրինակ, երբ առաջ բերվեց դիմակ չկրող ոչ գիտակից, ոչ հասուն հանրության մեղադրանքը, ստեղծվեց հավելյալ առիթ՝ դավադրություն հյուսելու (եթե մեզ են մեղադրում, ուրեմն ճար չունեն, արդեն 5G կայաններ կան ու հակաեկեղեցական պատվաստանյութը՝ չիպով, գալիս է):

Վստահությունը սեփական պետությանը դավադիր վարկածների հիմնական կազմաքանդող բաղադրիչն է: Բայց Հայաստանի դեպքում դա բարդ է ակնկալել:

Նախ՝ Սովետական տարիներից եկած ու վերջին երեսուն տարիներին չհաղթահարված ավանդույթի համաձայն՝ մենք չեն վստահում կոլեկտիվ որոշումներին և ավելի շատ վստահում ենք անձնական կապերին (պետությունը խաբեբա է, մի բան ասում է, մյուս բանը անում, հարևանս ու բարեկամս ավելի լավ գիտեն, թե որն է ճիշտը): 

Եվ երկրորդը՝ բոլորս դյուրահավատ ենք ու դյուրագրգիռ: Հատկապես սարսափում ենք հատուկ ծառայությունների, ուժայինների դերի բարձրացումից, տոտալ վերահսկողությունից, թվային անպաշտպանությունից, որոնք փակում են թթվածինը նաև փոխաբերական իմաստով: 

Երբ այդ ամենին գումարվում է նաև շնչառական նախասկիզբ ունեցող վարակը, «ազատ» շնչելը դառնում է կենսական պահանջ:

Դա գիտակցելով, պետությունը ինքը պետք է խուսափի փակել թթվածինը ու ուժայիններին տալ մեծ դերակատարում, հատկապես երբ հասկանալի է, որ անարդարությունը ամենալուրջ խթանն է՝ դավադրություններ որոնելու ու դրանց հավատալու համար: 

Եվ նշանակություն չունի դրանք ծայրահեղ անհեթեթ են, թե իրական վտանգների ֆրագմենտներ պարունակող:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *