2020.07.08,

Քննադատ

«Անհրաժեշտ է վերականգնել ագիտատորի բարի անունը»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Ագիտացիան և պրոպագանդան մեր լրատվամիջոցներում մեծ բաժին են կազմում: Որոշ դեպքերում՝ չափազանց մեծ: Սակայն որևէ լրատվամիջոց իր պատվից ցածր կհամարի խոստովանել, որ ուղղակի զբաղված է քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ:

Խորհրդային տարիներին ագիտացիան և պրոպագանդան ոչ միայն խրախուսվում էին, այլև պարտադրվում. կոմկուսի անդամները պարտավոր էին տիրապետել ագիտացիայի, պրոպագանդայի նրբություններին:

Այդ հարցում նրանց օգնում էր մամուլը: «Օգնություն ագիտատորին և պրոպագանդիստին» (Բաքու, 1942-46), «Ագիտատոր», (Բաքու, 1968-1989), «Ագիտատորի բլոկնոտ» (Երևան, 1936-1938), «Պրոպագանդիստ» (Լենինական, 1934-1935) …

Ագիտատոր ամսագիր

Այս թերթերն ու հանդեսները գործնական ուղեցույց էին կուսակցականների համար:

Ագիտացիայի և պրոպագանդայի ոճը, դատելով այսօրվա հռետորաբանությունից, ոճային մեծ փոփոխություններ չի կրել. «Թող ֆաշիստները թունավոր զրպարտության ծովեր ժայթքեն, թող կատաղի լորձունք արտադրեն տրոցկիստական-զինովևյան հակահեղափոխական, սպիտակ գվարդիական թափթփուկները: Սոցիալիզմը մեր երկրում կառուցվելու է» («Ագիտատորի բլոկնոտ», 1936, N 2):

Ագիտացիան և պրոպագանդան արվում էր բացառապես ժողովրդական  զանգվածների համաձայնությամբ, Սահմանդրությամբ երաշխավորված արդար ընտրությունների միջոցով.

«ԽՍՀՄ-ի Ստալինյան Սահմանադրության հիման վրա խորհրդային ժողովուրդը 1937 թվի դեկտեմբերի 12-ին ընտրելով իր Գերագույն Խորհուրդը՝ ամբողջ աշխարհին ցույց տվեց իր բարոյական ու քաղաքական աննախընթաց միասնությունը: Նշանակալից փաստ է հանդիսանում այն, որ ընտրողների 98,6 տոկոսն իրենց ձայները տվին կոմունիստների ու անկուսակցականների ստալինյան բլոկի թեկնածուների օգտին: 90 միլիոն ընտրողներ ձայն տվին բոլշևիկյան կուսակցության օգտին» («Ագիտատորի բլոկնոտ», 1939, N 12-13):

բլոկնոտ ագիտատորի ամսագիր

Մարդիկ  ագիտատոր և պրոպագանդիստ չէին ծնվում, այլ դառնում էին: Ավելի ստույգ՝ նրանց այդպիսին փորձում էր դարձնել համակարգը:

Բայց ներքին դիմադրություն, այդուհանդերձ, կար. «Չնայած քաղբաժնի ձեռք առած կտրուկ միջոցներին, մի շարք կուս. կազմակերպություններ վատ էին նախապատրաստել կուս. ուսուցման օրը: Օրինակ՝ շահագործման բաժանմունքի գրասենյակի ընկերները մոռացել էին կուսուսուցման օրը և չէին եկել պարապմունքի: Առաջին խորհտնտեսության պրոպագանդիստ ընկ. Ծառուկյան Հաջիպապը պարապմունքի էր եկել ՝ առանց նախօրոք նյութը պատրաստելու: Դեպոյի չորս հերթային խմբակներում 100 հոգուց մասնակցում էին 60 հոգի, գծի սպասավորության 101 հոգուց մասնակցում էին 71 հոգի,…իսկ երրորդ խմբակում բոլորովին պարապմունք չեղավ՝ Մնո Աբրահամյանի բացակայության պատճառով» («Պրոպագանդիստ», 1934, N 4-5):

պրոպագանդիստ ամսագիր

«1937 թվին ՀամԿ(բ)Կ Կենտկոմը միջոցներ էր բաց թողել 434 պրոպագանդիստների վերապատրաստման համար, սակայն վերապատրաստվել են միայն 96 մարդ» («Ագիտատորի բլոկնոտ», 1939, N 12-13):

Ագիտացիայի ոլորտում կուսակցությունը մեծ տեղ էր տալիս մամուլին: Կուսակցական ակտիվի սրատես աչքից չէին վրիպում նաև մամուլում տեղ գտած սխալները, որոնք վերագրվում էին «կուսակցական և անկուսակցական մասսաների հետ բավարար կապը չպահելուն».

«Օրինակ՝ «Խորհրդային Հայաստան» թերթի 1938 թվի ապրիլի 10-ի N 82-ում, առաջին էջի վրա տպված էր Հովակիմ Փարսադանյանի լուսանկարը՝ տակը նշելով, թե նա երկարամյա բանվորական ստաժ ունեցող ստախանովական է և առաջ է քաշված՝ որպես Մեղրու Կոնսերվի գործարանի ցեխի վարիչ: Մինչդեռ ստուգման ժամանակ պարզվեց, որ նա այդ գործարանի միմիայն կուլտաշխատողն է , ո՛չ ստախանովական է, ո՛չ բանվոր, ո՛չ էլ՝ առաջ քաշված » («Ագիտատորի բլոկնոտ», 1939, N 12-13):

բլոկնոտ ամսագիր շապիկ ագիտատոր

Կուսակցական կարգապահության հարցում կանոնները ինչպես նախորդ դարի 40-ականներին, այսօր էլ, կարծես, նույնն են. «Եղիր անկեղծ կուսակցության հանդեպ: Վճռաբար պայքար մղիր երկերեսանիների, այլասերվածների, կուսակցությանը խաբողների դեմ: Եղիր կուսակցության կարգապահ անդամ: Հետևողականորեն պայքար մղիր նրա գործի, նրա որոշումների համար, նրա երկաթե կարգապահության համար: Իմացի՛ր կուսակցության ծրագիրն ու տակտիկան» («Պրոպագանդիստ», 1943, N 4-5, Լենինական):

Քարոզչության ու հակաքարոզչության այն մեթոդները, որոնք ընդունելի էին 1930-40-ականներին,  60-70-ականներին արդեն հնացած էին թվում:

քաղաքական ինֆորմացիա Շմիդտ ինֆորմատոր

Բաքվի Լեյտենանտ Շմիդտի անվան գործարանի կուսակցության կոմիտեի քարտուղարի տեղակալ Ռ. Ախունդովը գրում է. «Ագիտացիայի ո՞ր ձևին է հարկավոր նախապատվությունը տալ՝ հի՞ն, թե՞ նոր: Այստեղ վիճելու բան, թերևս, չկա: … Մարդկանց գիտակցության վրա մեծ ազդեցություն են գործում  մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը: … Իսկական ագիտատորին հատուկ են պրոպագանդիստի շատ հատկություններ: Նա քաղաքական կազմակերպիչ է, մասսովիկ, նա արդեն չի սահմանափակվում թերթերի բարձրաձայն ընթերցանությամբ, այլ հոգ է տանում հետաքրքիր զրույցների մասին: Այդպիսի մարդուն ընդունված է համարել քաղինֆորմատոր» («Ագիտատոր», 1968, N 2, Բաքու):

«Այս համարում հրապարակվող հոդվածում տրված են խորհուրդներ այն մասին, թե ինչպես անցկացնել համագումարի դիրեկտիվներին վերաբերող զրույցները: Քաղինֆորմատորների և ագիտատորները պետք է այդ խորհուրդներից ստեղծագործորեն օգտվեն, փաստաթղթի հիմնական դրույթները կապեն ունկնդիրների առջև կանգնած կոնկրետ խնդիրների հետ» («Ագիտատոր», 1971, N 11):

Ահա, ավելի կոնկրետ խորհուրդներ, թե ինչպես կարճ ճանապարհով ազդել ունկնդիրների գիտակցության վրա. «Ելույթ ունեցողը պետք է հանգամանորեն զարգացնի այն միտքը, որ երկրի հիանալի հաջողությունները ձեռք են բերվել բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության, սովետական մտավորականության անձնվեր աշխատանքի շնորհիվ, կոմունիստական կուսակցության ղեկավար և ուղղություն տվող դերի շնորհիվ: … Զրույցների վերջում անհրաժեշտ է հանգամանորեն զարգացնել այն միտքը, որ հնգամյակի հաջողությունը մարդիկ են ապահովում» (նույն տեղում):

Եվս մեկ «ոսկե » կանոն. «Որքան էլ գրավիչ լինեն թերթերն ու ամսագրերը, դրանք չեն կարող փոխարինել ագիտատորի կենդանի, սրտաբուխ, համոզիչ խոսքին: … Հմուտ ագիտացիան մոբիլիզացման ամենակարճ ուղին է, որը, ի դեպ, ֆինանսական ոչ մի ծախս չի պահանջում: Այսօր անհրաժեշտ է վերականգնել ագիտատորի բարի անունը» («Ագիտատոր», 1989, N 9):

Ինչը, կարծես, և արվում է…

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *