Հանճարեղ, ամենասիրված, ամենաժողովրդական Մհեր Մկրտչյանի արտիստական կենսագրությունը պարուրված է լեգենդներով, սակայն մամուլում գերակշռողը շաբլոնն է, նրա դժբախտ կերպարի շեշտադրումը:
Մտավախություն կար, որ հուլիսի 4-ին հերթական, թեև հոբելյանական 90-ամյակին, դարձյալ բոլորը կգրեն՝ «այդ ուրախ-տխուր մարդը», բառացի կրկնելով տասնամյակների վաղեմության կենսագրական հեռուստաֆիլմի չարչրկված վերնագիրը, այդքան լավագույն ֆիլմերի ու հատվածների միջից կցուցադրեն սև թուղթ ուտելու տեսարանը, Սունդուկյանի թատրոնում քառասնամյա կենսագրությանը չեն անդրադառնա և այլն: Այդպես էլ եղավ:
Զարմանալի նորություն էր, որ 27 տարի առաջ մահացած գյումրեցի արտիստը Գյումրու պատվավոր քաղաքացի չէր: Չհիշենք, կամ հիշենք, թե ովքեր էին տիտղոսակիր և ավագանու որոշմամբ զրկվեցին այդ կոչումներից:
Ամենազարմացածը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր. «Արժանի է, հզոր է… Ճիշտն ասած՝ ինձ համար էլ է ամեն ինչ, ասենք, զարմանալի, որ մինչև հիմա մեզ համար, բոլորիս համար շատ սիրելի Մհեր Մկրտչյանը դեռ պատվավոր քաղաքացի չէր»:
Մամուլը հիմնականում տարածեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի պատրաստած տեսաուղերձը, որում ռուս արտիստներ Ալլա Սուրիկովան, Ելենա Դրապեկոն հուշեր են պատմում «Միայնակներին տրվում է հանրակացարան», «Ունայնություն ունայնությանց» խորհրդային ֆիլմերում Մհերի խաղընկերը լինելու «էկզոտիկայի» մասին:
Սիրված լինելու ֆենոմենը բացատրել է ինքը՝ արտիստը. «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Կարծում եմ դա նրանից է, որ ես էլ եմ նրանց բոլորին շատ սիրում: Բոլորին ու յուրաքանչյուրին՝ առանձին առանձին»:
«Չի կարելի խոսել ազգի անունից» խոսքը արտիստի համեստ ու խորը էության վկայություն է նաև:
Սիրված դերասանի մասին ցանկացած հուշագրություն ու բրոշյուր արագ սպառվում է: Սակայն Մհեր Մկրտչյանի արտիստական ամբողջական նկարագրի մասին մասնագիտական լուրջ գրքեր չկան, ցավոք, և այս բացը, պարտքը բացատրություն ունի:
Այս օրերին մեր մամուլում Մհեր Մկրտչյանի մասին նոր ու թարմ խոսք էր Զավեն Բոյաջյանի հակիրճ խոստովանությունը. «Ամենաճշգրիտ բանաձևումներն անգամ այնքան խղճուկ են թվում այդ անորսալի-անբացատրելին մեկնելու համար, որ թևերդ ես անզոր տարածում: Արժե՞ անճարակությամբ պրպտել հրաշքի մեխանիկան՝ ձգտելով ճեղքել անբացատրելիի խեցին: Մհեր Մկրտչյանը վերջինն էր անասելի մեծ արտիստների զարմից և գնաց Սիրանո դը Բերժըրակի պես՝ իր գաղտնիքը տանելով իր հետ»:
Մասնագիտական միտքը պարտք է Մհեր Մկրտչյանին, համեմատության համար ասենք, որ իր սերնդակիցներ Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի արտիստական կենսագրություններն առավել ամբողջական են:
Մհեր Մկրտչյանի պարագայում դեռ պետք է նրա կենսագրությունը մաքրել հավելյալ դժբախտացումից, որի առաջամարտիկը Ֆրուզի մասին ռուսական հայտնի հեռուստահաղորդումամբ հնչած սուտ տեղեկությունն էր, իբր Մհերի դուստր Նունեն հոր կենդանության օրոք Արգենտինայում ավտովթարի զոհ է դարձել:
Դժվար չէր ճշտել իրականությունը, քանի որ Նունեն ամուսին (Ռուբեն Տերտերյանը վերջերս է մահացել) ու դուստր ունի: Վաղուց ճշտվել է, որ Նունե Մկրտչյանը մահացել է հայրիկի մահից հինգ տարի հետո, 1998 թվականին, վիրահատության բարդությունների հետևանքով: Սակայն 2020 թվականին հայաստանյան մամուլը դեռ շրջանառում է ռուսական եթերի անտեղյակ թեզը:
Կեղծ պատմությունը նույնությամբ վերարտադրեցին նաև այլ կայքեր:
Ահա՝ «Ամենաողբերգական կատակերգուն» գուժկան վերնագրով նյութը խոստանում է բացահայտել, թե ով է եղել և մնում համայն հայության համար Ֆրունզիկը, մեջբերում Խորեն Աբրահամյանի միտքը՝ «Ընդհանրապես Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով և երջանիկ էր։ Մյուս կողմից, նրա մեջ միշտ ապրում էր ինչ-որ ողբերգության զգացում…»: Սակայն վերնագիրն արդեն իր վատ հետքը թողնում է:
Զարմանալի է, ու չգիտես ինչու, մոռանում են գրել, որ Մհեր Մկրտչյանը ժառանգ ունի՝ Արգենտինայում ապրող Իրինա Տերտերյանը: Տարիներ առաջ առաջին անգամ Հայաստան վերադարձած թոռնուհին Գյումրու թանգարանին տրամադրեց հանճարեղ պապիկի հուշերը, որոնք գրառել էր մայրիկը, և որոնք դեռևս հրատարակված չեն:
Գայանե Մկրտչյան