2020.06.22,

Քննադատ

Թագաժահրանգները-2

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Զուտ ինդուկցիա և դեդուկցիա, ապագայի համար

Մարդկությունը պատերազմում է համավարակի դեմ։ Նաև՝ մեդիայի ոլորտում։ Թվում է մեդիան ճանաչողական նյութերով պետք է օգներ մարդկանց պաշտպանվելու թագաժահրից, որը… իր լրատվամիջոցները չունի, ընդամենը վարակ է։ Բայց պատերազմ ծավալվում է նաև մեդիայում։

Ուրեմն, որոշակի լրատվամիջոցներ ծառայում են վարակին, դարձել են կամավոր «թագաժահրանգներ»։ Դա նախկին իշխանության վերահսկողության տակ գտվող մեդիան է, ինչպես ցույց տվեցին հոդվածիս առաջին մասում մեջբերված նյութերը։

Ահա ևս մեկ օրինակ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդաշարից։ Հյուրը՝ Դավիթ Շահնազարյանը, որը երկու տասնամյակ նախահեղափոխական իշխանության փոշին քամուն էր տալիս, բայց ԱԺ-ի 2018-ի դեկտեմբերյան ընտրություններին մասնակցեց որպես… ՀՀԿ 3-րդ համար, Հայաստանին սպառնում է «ապոկալիպսիսով»։

Հարցազրույցի ընթացքում որպես նրա երևելի մտքերից մեկը 6 րոպե 20 վայրկյան էկրանին մնում է մակագրությունը (տեսանյութում՝ 15։00-21։20 րոպեներին), թե՝ «Հայաստանը համավարակից ավելի շատ զոհեր կունենա, քա… Սպիտակի երկրաշարժից» (հիշեցնեմ թիվը՝ շուրջ 25.000)։

Հարցազրույցից անցել է մոտ 20 օր։ Իրավիճակի զգալի վատթարացում կա, այո, բայց հունիսի 21-ի դրությամբ թագաժահրի վարակակիրների թիվը դեռ 20268 է, իսկ զոհերինը՝ 350։ Հասկացա՞ք։ Հայաստանը պետք է շտապ ևս 24.650 զոհ ունենա, որպեսզի կատարենք պարոն Շահնազարյանի կանխատեսումը։

ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին ենթակա մամուլը վերնագրերով գուժում է մեկ ուրիշ «ապոկալիպսիս», որը երեք ամիս հետո է նշանակել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ «Էսօր ձեզ ասում եմ, որ 3 ամիս հետո սով է լինելու», չնայած՝ կառավարության 20-ից ավելի ծրագրերին, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացիների սոցիալական դժվարությունների մեղմմանը, որոնց նա, ի դեպ, հրապարակավ մերժեց մասնակցել։

ՄՆԿ «Լրատուն» նախագծի «Առանց գրաքննության. ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018» ցուցահանդեսի հպէկրաններում ես տասնյակ նյութեր էի ներկայացրել, թե ինչպես է գործել «դասական», բայց արդեն ինչ-որ չափով հոգնած, պատերազմական բառապաշարը քաղաքականությունից տնտեսություն փոխադրած սովետական պրոպագանդան ՍՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի օրոք՝ 1978-ին, գրաքննությունից մինչև ազատ խոսք ճանապարհին «հրապարակայնություն» միջանկյալ վիճակն ընտրած Միխայիլ Գորբաչովի «վերակառուցման» ընթացքում՝ 1988-ին, և, վերջապես, «պատերա՞զմ, թե՞ ժողովրդավարություն» կեղծ երկնտրանքի, անվտանգության սպառնալիքների քողի տակ մարտաշունչ հռետորաբանության վերակենդանացումը Հայաստանի Հանրապետությունում՝ 1998-ի հեղաշրջումից հետո։

Իսկ ունե՞ն արդյոք «թագաժահրանգներն» այլ քարոզչական ընդհանրություններ։

Հոդվածի առաջին մասում ես թագաժահրի ախտանիշներից շնչահեղձությունը համեմատեցի դավադրության տեսության հետ։ Ավելացնեմ ևս մեկը։ «Իրավունքը» «աղանդների» դեմ իր բուռն պայքարով հայտնի Ալեքսանդր Ամարյանի հետ հարցազրույց է անցկացրել, որը վերնագրված է «Ինչի՞ց մահացավ ՀՀ գլխավոր վիրուսոլոգը, ոչ մեկին չհետաքրքրեց»։

«Անդրադառնալով աշխարհը պատած վիրուսին», Ամարյանը ազդարարում է պատճառը. «ԱՄՆ-ն մաքրում է իր ազգը ծերերից»։

Լրագրողը չի զիջում հյուրին իր դավադրապաշտությամբ. «Ուզում եմ հասկանալ` կորոնավիրուսը, ի վերջո, բնական աղե՞տ է, թե՞ բիոլոգիական զենք»: Ամարյանը պատասխանում է. «Սկզբնաղբյուրը չեմ կարող ասել»… ու հետագայում որևէ ստույգ բան չի ավելացնում, որը աղբյուր կպահանջեր։ Նա չի հայտնում նաև ՀՀ գլխավոր վարակաբանի մասին որևէ վարկած, «Ինչի՞ց մահացավ: – Ես ոչինչ չեմ ասի»…

«Իրավունքից» այս հարցազրույցը (ինչպես նաև ռուսերենից թարգմանած մի նյութ՝ «Ենթադրվում է, որ կորոնավիրուսի մշակման աշխատանքների պատվիրատուն էր Ջորջ Սորոսը»), վերցրել է «Ցանցային հետազոտական ինստիտուտ» հնչեղ անունով կայքը, ապա իր կայքէջ է տարել «Նորավանք» հիմնադրամը։

Երկուսի տնօրենն էլ հհկական գործիչ Գագիկ Հարությունյանն է։ «Նորավանքին»՝ նախկինում իշխող ՀՀԿ-ի գաղափարական կենտրոնին իր վերլուծությունն է տրամադրել նույնիսկ Տիգրան Սարգսյանը, երբ դեռ ԿԲ-ի նախագահն էր, իսկ որպես վարչապետ (2008-2014) նույն վերնագրով հոդվածը տեղադրել կառավարության կայքում։

Դավադրապաշտությունը 7-րդ բնորոշիչն է իտալացի մեծ գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոյի «Հավերժական ֆաշիզմ» էսսեի 14 կետերից (տպվել է 1995-ին, Նյու-Յորքում), որոնցով վերլուծաբանները հաճախ են փորձում չափել տարբեր քաղաքական համակարգեր։

«Իրավունքի» դավադրապաշտական թանձրուկի վերահրապարակումը հհկական վերլուծական կենտրոններում ինձ հուշեց ուրիշ զուգահեռներ ևս փնտրել։

Հետահայաց

«Հայաստանը քաղաքակրթություն վերադարձավ անկախություն ձեռք բերելուց հետո, երբ ներդրվեցին մասնավոր սեփականությունը և այլ հիմնական ժողովրդավարական ինստիտուտները»,- գրում է Տիգրան Սարգսյանը «Նորավանքում» զետեղված «Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ» հոդվածում (էջ 20)։

Նա համարում է, որ Հայաստանը պետք է ԵՄ անդամ դառնա, բայց ունի վերապահում. «Եվրամիության անդամ դառնալու Հայաստանի ձգտումը հարկավոր է դիտարկել որպես մարտավարական խնդիր՝ գիտակցելով ռազմավարական հեռանկարում ինքնորոշման ունակությունը կորցնելու վտանգավորությունը: Նման վտանգավորությունը չգիտակցելը, հաջորդելով կոմունիստական ժխտողականությանը, կարող է ծնունդ տալ նոր ախտի՝ կյանքի հանդեպ սպառողական վերաբերմունքի, հոգևորի ժխտման»:

Նրա կարծիքով, «հայության համար քաղաքակրթական ինքնորոշման խնդրի լուծում պետք է լինի էլիտայի կողմից անցյալի վերիմաստավորումը, ինչը մեզ հնարավորություն պետք է տա երեւան հանել ինքնության եզակիությունը»։

Թեև Տիգրան Սարգսյանը ժողովրդավարական հաստատություններից անվանել էր… միայն մասնավոր սեփականությունը, բայց առանձնահատուկ դեր է հատկացնում հոգևոր էլիտային, ընտրանուն, որը  «Հավերժական ֆաշիզմի» ցուցակի 10-րդ կետն է. «Էլիտարիզմը (ընտրանիապաշտությունը) բոլոր հետադիմական գաղափարախոսությունների բնորոշ կողմն է»,- համոզված է Էկոն:

Իսկ թագաժահրի ախտանիշներից ես գլխացավի հետ կհամեմատեի էլիտիզմը, քանի որ հհկականների ֆաշիզմը, ազգային մեծ գործիչ Նժդեհի աստվածացման նման, ինձ ձեռնածություն է թվում, ամբոխահաճություն։

Պարզաբանեմ օրինակներով։ Երբ ՌԴ նախագահ Պուտինի ճնշմամբ Հայաստանը 2013-ին հայտնվեց ոչ թե Եվրամիությունում, այլ ԵԱՏՄ-ում, Տիգրան Սարգսյանը ոչ միայն հրաժարական չտվեց վարչապետի պաշտոնից, այլև հիմա եվրասիական այդ կազմակերպության ամենաբարձր պաշտոնյան է՝ տնտեսական հանձնաժողովի ղեկավարը։

Նրա հայտնի կուսակիցներից ամենաանկեղծը… կամ ցինիկը՝ 2012-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, 2014-ին ԱԺ նախագահ ընտրված Գալուստ Սահակյանն էլ, մոռանալով ՀՀԿ տեսլականի հոգևոր կողմի մասին, 2018-ի մարտի 6-ին հայտարարեց լրագրողներին. «Մեր ժողովուրդն ընդդիմադիր չի. նա ուզում է իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն»:

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *