2020.06.18,

Քննադատ

Թագաժահրանգները

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Միայն ինդուկցիա և դեդուկցիա, ապագայի համար

Ի՞նչ է կատարվում

Տխուր է, իհարկե, բայց երբեմն ստիպված ենք պարզ հարցերի պատասխանել։ Նախ՝ քանի որ երբեմն ակնհայտ բաների մասին ներկայում չենք գրում, և ապագայի հեռվից ուրիշ պատկեր է երևում, ապա՝ «կեսից» սկսելիս հաճախ հիմնվում ենք ընկալումների վրա, որոնք մինչև այդ կետը միայն թվացյալ կերպով են միասնական։

Ի՞նչ է կատարվում, ուրեմն։ Շատ-շատերը, նույնիսկ Գագիկ Ծառուկյանը՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն նվիրված հուլիսի 16-ի նիստին, պատերազմ են բնորոշում։ Ոմանք նաև՝ երրորդ համաշխարհային։

Ո՞ւմ կամ ինչի՞ դեմ։ Թագաժահրի։ Մարդկությունը պատերազմում է համավարակի դեմ։ Ներառյալ՝ մեդիայի ոլորտում։ Թեև պիտի որ ամբողջ մեդիան մարդկանց ճանաչողական նյութերով պաշտպանելու գործին լծված լիներ, քանի որ թագաժահրը… իր լրատվամիջոցները չունի, ընդամենը վարակ է։ Բայց արի ու տես, որ՝ չէ։ Ուրեմն, որոշակի լրատվամիջոցներ ծառայում են վարակին, դարձել են կամավոր «թագաժահրանգներ»։

Մինչև հակամարտող կողմերին անդրադառնալը փորձենք գնահատել, թե ինչ վիճակում դիմավորեցինք այս պատերազմը։

Հետահայաց ակնարկ

Մինչև 2018-ի հեղափոխությունը Հայաստանում բազմաթիվ էին լրագրողների հանդեպ բռնությունների դեպքերը, իսկ ընտրատեղամասերը, պաշտոնյաների ու օլիգարխների առանձնատները, որոնք հաճախ նույնն էին, վտանգի գոտի էին նրանց համար։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Առանց գրաքննության. ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018» ցուցահանդեսի նախապատրաստության ընթացքում իմ անցկացրած հարցազրույցներն ու ի մի բերած նյութերը բավական մռայլ պատկեր վեր հանեցին։

Նախահեղափոխական իշխանության վարչական, ֆինանսական ճնշումների դիմադրությունը միայն հազվագյուտ դեպքերում էր արդյունք տվել։ Ինչպես՝ «Գալա» հեռուստաընկերության օգտին փառահեղ դրամահավաքը։ Այս թեմայով Լևոն Բարսեղյանի՝ հատուկ «Լրատան» համար տեսագրված ծավալուն պատումը առաջիկայում կտեղադրվի lratun.am կայքում։

Շատ սրամիտ էր «Չորրորդ իշխանություն» թերթի հնարքը, որի խմբագրությունը սնանկացման փորձին ի պատասխան անմիջապես լույս ընծայեց նոր՝ «Չորրորդ ինքնիշխանություն» ոչ սովորական անունով թերթը, և վարչախումբը հայտնվեց իրավական փակուղում։

Այդ տարիներին միջազգային կազմակերպությունները մեդիայի վիճակը Հայաստանում գնահատում էին մասնակի ազատ։ Մենք գիտեինք, որ դա նշանակում է՝ հեռուստատեսային ալիքներն ամբողջովին վարչախմբի վերահսկողության տակ են, բայց կան թերթեր ու կայքեր, որ բավական կոշտ քննադատում են իշխանությանը։

Հեղափոխվե՞ց արդյոք մեդիան

Հեղափոխությունից հետո մի քանի շաբաթում իրենց դիրքորոշումը արմատապես փոխեցին «Հրապարակը», «168 ժամը», «Հայելին», մի շարք այլ թերթեր ու կայքեր։ Ակնհայտ դարձավ, որ այդ լրատվամիջոցները ձևանում էին ընդդիմադիր (կամ ընդդիմադիր էին, բայց վարչախմբի որևէ թևին՝ դժվար որսալի առանձնահատկություն)։

Փուխր կամ միգուցե թվացյալ հավասարակշռությունը, որ կար մամուլում ու համացանցում, խախտվեց հօգուտ նախահեղափոխական իշխանության։

Այն պահպանեց նաև իր հեռուստատեՐությունը՝ ընդլայնված «5-րդ ալիքի» հաշվին, որը սեփականատիրոջ փոփոխությունից հետո դարձավ մոլի քոչարյանական/հակահեղափոխական, ինչպես նաև՝ նախկինում անդեմ «Արմնյուզի», որի հետհեղափոխական սեփականատերերը չորս հհկական են։

Միակ կորուստը՝ հանրային ալիքի հանդեպ վերահսկողությունն էր, որտեղ նախկինների կամակատար որոշ ղեկավարների ու լրագրողների փոխարինեցին նորերը։

Կարելի է ընդհանրացնել, որ մեդիան հակահեղափոխվեց։

Թվարկված լրատվամիջոցներն այսօր պաշտպանում են թագաժահրը (քիչ թե շատ բացահայտ)՝ նրա վտանգը ուռճացված, բլեֆ համարելով։

«Հայելին», որ նախորդ իշխանությունների օրոք հաճախ էր ընդդիմադիրների հրավիրում (ինքս էլ հյուրընկալվել եմ թե՛ նույնանուն ակումբին, թե՛ «Կենտրոնի» հեռուստահաղորդմանը), մայիսի 29-ին, երբ արդեն աշխարհում դիմակ դնելը դարձել էր համատարած, գտնում է մի բժշկի, որը հակառակն է քարոզում։

«5-րդ ալիքը», որի կալանավորված տնօրենը Ռոբերտ Քոչարյանի բացահայտ համակիրն է, հրավիրում է հարցազրույցի Արմեն Այվազյանին, որը համարում է, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է։ ԱՌՋԵՎՈՒՄ ԱՎԱՐԱՅՐՆ Է», քանի որ ԱՀԿ-ի կողմից մեզ սպառնում է «ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ՝ կորոնավիրուսային կեղծաճարակի ու մշտական արտակարգ դրության քողարկմամբ»։ Ի դեպ, նա ևս դոկտոր է՝ քաղաքագիտության։

«Հրապարակը» խոսափող է տրամադրում Երևանի ավագանու նախկին անդամին, որը կորոնավիրուսի «միֆը» համարում է «դիտավորյալ ստեղծված»։

Օրինակները կարելի է շարունակել, բայց մեր մեդիայի բովանդակային պատկերի տեսանկյունից շատ հետաքրքիր է նաև, թե «թագաժահրանգներն» ունե՞ն արդյոք ուրիշ ընդհանրություններ, բացի այն, որ նախկին իշխանության պաշտպաններն են։

Ինչպես որ թագաժահրը չի արտահայտվում մի ախտանիշով, այլ համարյա մեկ տասնյակ՝ շնչահեղձություն, ջերմություն, հազ, գլխացավ, համի ու հոտի զգացողության կորուստ, փորլուծություն, դողէրոցք։

Եվ այսպես՝ շնչահեղձություն։ Համեմատելի է, թերևս, դավադրության տեսության հետ։ Այս ախտանիշով տառապողները հայտարարում են, թե չորս կողմից մեր դեմ դավեր են հյուսում, արդեն շնչելու օդ չկա։

«Լրատան» վերջին ցուցահանդեսում ներկայացրել էինք այս ձեռնածության հայաստանյան ռահվիրաներին։

Այսօր թարմ դեմքեր են ասպարեզ իջել։ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդաշարը թվում է հավասարակշռված, վարողը չի դրդում հյուրին որոշակի պատասխանների, ինչպես հ/ը մի քանի ուրիշ թոք-շոուներին։

Ես համաճարակաբան չեմ, ոչ էլ՝ բժիշկ, և առանց որևէ նախատրամադրվածության լսում էի Հայաստանի անոթային սրտաբանության ասոցիացիայի նախագահ Շահեն Խաչատրյանին, որին օրերս հյուրընկալել էր հաղորդաշարը։ Մինչև այն պահը, երբ բժիշկն ամփոփեց դիմակ դնելու դեմ իր փաստարկները. «Առավե՛լ. դիմակը առաջացնում է էն մասայական դեպրեսիվ վիճակը… որ տրված է համաշխարհային կառավարության կողմից, որ մարդկանց հասցնի էն աստիճանին, որ բոլորը համաձայնեն, ասենք, վակցինացիային» (տեսանյութում՝ 24:35 րոպեից)։

Ահա այստեղ է, որ լրագրողը պետք է ցույց տար իր անաչառությունը և հարցներ՝ ի՞նչ «համաշխարհային կառավարություն», բժի՛շկ, պատմեք մեզ այդ կառավարության մասին։ Բայց նա լռեց։

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *