«1963 թվականի գարնան վերջերին Հայկական ԽՍՀ ներքին գործերի մինիստրությունը պաշտոնական հաղորդում արեց այն մասին, որ մարտ-ապրիլ ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում զգալիորեն պակասել էր հանցագործությունների և անկարգությունների քանակը: Ի՞նչն էր պատճառը» (Գ. Հակոբյան, «Տիգրան Պետրոսյան», 1989, Երևան, էջ 4):
Պատճառը 1963 թ.-ի մարտի 23-ից մայիսի 20-ը, Մոսկվայում, Էստրադային թատրոնում, տեղի ունեցող Տիգրան Պետրոսյան-Միխայիլ Բոտվիննիկ մրցամարտն էր՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
«Մոսկվայի Էստրադային թատրոնը դարձել է աշխարհի շախմատասերների ուշադրության կենտրոն: Բնական է. որոշվում է մինչև 1966 թվականի աշխարհի շախմատի թագի կրողը: Մատչի բացման հաջորդ օրը՝ մարտի 23-ին, գլխավոր արբիտր Գ. Շտալբերգը գործի է դնում ժամացույցը: Ուժեղագույն շախմատիստների մենամարտը սկսվում է» («Ավանգարդ», 1963, մարտի 26, N37):
Թե էմոցիոնալ ինչ վիճակում էր Հայաստանը այդ երկու ամիսներին, խորհրդային մամուլում չէր նկարագրվում: Թերթերի վերջին էջում, «Սպորտ» բաժնում, ներկայացվում էին խաղի ընթացքը՝ շախմատային քայլերը և տվյալ խաղի արդյունքը:
Տիգրան Պետրոսյանի մասին հուշերում հեղինակներն ավելի ազատ էին՝ նկարագրելու այն, ինչ դուրս էր մնացել մամուլից.
«Երկու ամիս շարունակ ամբողջ հանրապետությունն ապրում էր միայն շախմատով, միայն Պետրոսյանի պայքարով: Հազարավոր մարդիկ իրենց գործերը, հոգսերը մի կողմ դրած, հանգիստը կորցրած, պուրակներում, ակումբներում, հրապարակներում ցուցադրական մեծ խաղատախտակների մոտ կանգնած՝ անհամբեր ու սրտատրոփ սպասում էին Մոսկվայից ստացվող հաղորդումներին: Մարդկանց հոծ բազմություն էր հավաքվում հատկապես Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակներում: Ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չէր լինում: Եվ զարմանալի բան՝ ո՛չ աղմուկ, ո՛չ հրմշտոց» (Գ. Հակոբյան, «Տիգրան Պետրոսյան», 1989, Երևան, էջ 4):
Եվ այնքան սպասված արդյունքը. «Երեկ, Մոսկվայի Էստրադայի թատրոնում, կայացավ Բոտվիննիկ -Պետրոսյան մատչի հերթական XXII պարտիան: Աշխարհի չեմպիոնը սպիտակներով ընտրեց թագուհու ընդունված գամբիտը: Խաղացվեց միայն 11 քայլ, որից հետո հակառակորդները համաձայնվեցին ոչ-ոքիի: Հաշիվը դարձավ 9,5 : 12,5՝ հօգուտ Տ. Պետրոսյանի: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Տիգրան Պետրոսյանին առաջինը ողջունեց արդեն էքս-չեմպիոն Մ.Բոտվիննիկը: Էստրադայի թատրոնի ելքի մոտ Տիգրան Պետրոսյանի երկրպագուները բառացիորեն խլեցին նրան, տարան իրենց հոսանքով» («Ավանգարդ», 1963, մայիսի 21, N 61 ):
Աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո արդեն՝ մամուլն իրեն թույլ տվեց Պետրոսյանի հետ կապված լուրերը բերել առաջին էջ: «Բարի գալու՜ստ, թանկագին Տիգրան» առաջնորդողն արդեն զգացմունքային էր:
Բոտվիննիկի հետ մրցամարտից հետո, Մոսկվայից ընտանիքով Երևան ժամանած աշխարհի շախմատի նոր չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ամեն դետալը կարևոր էր.
«Երևանի օդանավակայանը , ինչպես երբեք, լեփ-լեցուն էր: Այստեղ էին եկել մայրաքաղաքի սպորտային կազմակերպությունների աշխատողներ, Երևանի և մերձակա շրջանների հազարավոր շախմատասերներ, հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ: Ցերեկվա ժամը 12-ն է: Հեռվում, կապույտ երկնակամարում երևում է «ԻԼ-18» արծաթացոլ ինքնաթիռը, ապա վայրէջք կատարում: Հավաքվածները ցնծությամբ են ընդունում չեմպիոնի երևալը օդանավի սանդուղքի վրա՚ («Ավանգարդ», 1963, հունիսի 1, N 66):
Պետրոսյանին հենց շարժասանդուղքից հավաքվածները ձեռքերի վրա են առնում ու տանում մինչև մեքենա:
Օդանավակայանից՝ Երևան ճանապարհին կարգազանց մի վարորդ պարբերաբար մոտենում էր «չեմպիոնական» ավտոմեքենային, ինչ-որ բան գոռում, հետո դարձյալ մոտենում ավտոմեքենային. «Այդ անկարգ վարորդը, որը կոպտորեն խախտում էր երթևեկության ու անվտանգության կանոնները, հանրաճանաչ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն էր՝ Պետրոսյանի և շախմատի լավագույն բարեկամը» (Գ. Հակոբյան, «Տիգրան Պետրոսյան», 1989, Երևան, էջ 89):
«Եվ այսպես, հայ ժողովրդի տաղանդավոր զավակ Տիգրան Պետրոսյանը Երևանում է, իր հայրենակիցների մոտ: … Տիգրան Պետրոսյանը հանգստանալու է Երևանում: Ցանկանում ենք նրան հետաքրքիր և հաճելի հանգիստ» («Ավանգարդ», 1963, հունիսի 1, N 66):
Երևան գալու հաջորդ օրը, հունիսի 1-ին, Տիգրան Պետրոսյանը Հանրապետական մարզադաշտում հանդիպում էր ծրագրել երկրպագուների հետ: Կոմկուսի երկրորդ քարտուղար Գեորգի Տեր-Ղազարյանցի մոտ Պետրոսյանը նախատեսվածից երկար մնաց և մարզադաշտ հասավ մեկ ժամ ուշացումով: Հորդառատ անձրև էր, բայց մինչև ոսկորները թրջված մարդիկ համբերատար սպասում էին նրան:
Հայաստանում գտնվելիս՝ Տիգրան Պետրոսյանը ցանկություն էր հայտնել լինել նաև Լեռնային Ղարաբաղում, սակայն նրա ցանկությունն անկատար մնաց, քանի որ «Այն տարիներին պատմական Արցախ աշխարհը փակ գոտի էր համարվում «դրսի» հանրաճանաչ հայերի համար» (Գ. Հակոբյան, «Տիգրան Պետրոսյան», 1989, Երևան, էջ 90):
1966-ի ապրիլի 11-ից հունիսի 9-ը Հայաստանը ճիշտ նույն վիճակում էր, ինչ երեք տարի առաջ. Տիգրան Պետրոսյանը պայքարում էր՝ պահպանելու շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:
«Երեկ երեկոյան, Մոսկվայի Էստրադային թատրոնում, ժամը 16-անց 30 րոպեին բելգիացի գրոսմայստեր Ալբերիկ Օ՜Քելլին սեղմեց ժամացույցի կոճակը, և շախմատային հսկաներ Տիգրան Պետրոսյանն ու Բորիս Սպասսկին սկսեցին պայքարը համաշխարհային թագի համար» («Ավանգարդ», 1966, ապրիլի 12, N 44):
Եվ երկու ամսվա ապրումներից հետո Հայաստան է հասնում այնքան կարևոր լուրը.
«Շախմատի աշխարհի առաջնության մատչում չեմպիոնի բախտը, փաստորեն, որոշվեց հունիսի 3-ին, երբ Տիգրան Պետրոսյանը հաղթեց 22 -րդ խաղում: Ուրիշ էր այդ հաղթանակը… Միջնախաղի ամենալարված պահին դահլիճը քարացել էր մի պահ: Բայց ահա Սպասսկին կատարեց իր 35-րդ քայլը և, փոքր-ինչ մտածելուց հետո, չսպասելով Պետրոսյանի պատասխան քայլին, կանգնեցրեց ժամացույցը, վեր կացավ տեղից ու առաջինը շնորհավորեց Տիգրանին՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահելու համար: Հենց այդ նույն պահին «ուռա»-ներից ու գոչումներից ցնցվեց Էստրադային թատրոնի շենքը» («Հայրենիքի ձայն», 1966, հունիսի 12, N24):
Որքան բուռն էր նրա հանդեպ ուշադրությունն ու սերը, այդքանով հանդերձ՝ չափազանց անհասկանալի էր նրա մահվանը հաջորդած լռությունը:
Տիգրան Պետրոսյանը վախճանվեց Մոսկվայում` 1984-ի օգոստոսի 13-ին, 55 տարեկանում: Ռուսական լրատվամիջոցները՝ «Սովետսկի սպորտ» թերթից բացի, մահախոսական չտպագրեցին, կենտրոնական հեռուստատեսությամբ ոչինչ չասացին նրա մահվան մասին (Գ. Հակոբյան, «Տիգրան Պետրոսյան», 1989, Երևան, էջ 163):
Տիգրան Պետրոսյանի հուղարկավորությանը Հայաստանից պետական բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա չմասնակցեց: Թե ինչո՞ւ նրա աճյունը չտեղափոխվեց Երևան և չամփոփվեց Կոմիտասի անվան Պանթեոնում, ևս անպատասխան է:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: