2020.06.16,

Քննադատ

Էկրանից դիմակ չկրող պատգամավորներն ու միստիկ անհավատությունը

Ռուսաստանի Պերվուրալսկի 36-ամյա բնակչուհին տուգանվել է 30 000 ռուբլով «կորոնավիրուս գոյություն չունի ամեն ինչ պարզապես քաղաքական գործիչների համաշխարհային խաղ է» մեկնաբանություն գրելու համար։

Կինն իրեն մեղավոր է ճանաչել, բայց չի խուսափել տուգանքից այն հիմնավորմամբ, որ նման ենթադրաբար անվնաս մեկնաբանությունները դատական ​​համակարգի կողմից մեկնաբանվում են որպես քողարկված սոցիալական ապատեղեկատվություն։

Հայաստանում ինչ քողարկված կամ ի՜նչ սովորական բնակչուհի, ներկա ու նախկին բժիշկներ ու Ազգային ժողովի պատգամավորներ են լծված այդ գործին, ու ոչ միայն խոսքով, այլև իրենց անձով ու վարքագծով:

Թեև հունիսի 3-ից պարետի որոշումով հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է, սակայն մի քանի պատգամավորներ ցուցադրաբար եթերում չեն կրում դիմակ բավական չէ, ապակողմնորոշում են հանրությանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին կարելի է համարել դիմակի դեմ քարոզարշավի առաջամարտիկ: Արմնյուզի եթերում էլ վերջերս, բառացիորեն երեկ նա հեգնեց դիմակ կրողներին՝ «մի հատ սուտի դիմակ են դնում»: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հանրայնացրեց այն բժշկական ցուցումը, թե «դիմակն արգելվում է կրել արևին ու անձրևին», ինչը հավելյալ առիթ ու թեմա է առանց այն էլ դիմակ կրելուց իբրև թե խեղդվող մեր հայրենակիցների համար:

Կոնկրետ հունիսի 12-ին 5-րդ ալիքի եթերում առանց դիմակի էր ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, հաջորդ օրը՝ Վահե Էնֆիաջյանը: Գրագետ, բազմաբառ Իվետա Տոնոյանը իսկապես տանելի քարոզչական տեքստ է գրում, թիկնապահի աչալրջությամբ հետևելով կուսակցության նախագահի լեզվի սովորական սայթաքումներին:

Դատելով մամուլի հրապարակումներից, Գագիկ Ծառուկյանն այնքան է գնահատում Տոնոյանին, որ ամեն անգամ հառաչում է՝ «բա որ էս աղջիկն ամուսնանա, ի՞նչ ենք անելու»։ Աղջիկը, դարձյալ մամուլի հրապարակումներից դատելով, ամուսնացել է, բայց դրանից նրա թիկունք լինելը չի տուժել:

Խելացի տիկինը եթերից խոսում էր առանց դիմակի, ինչն աչքի էր ընկնում այն համատեքստում, որ հայաստանյան եթերում դժվար էր պեղել անդիմակ մարդ՝ հաղորդավար, թե հյուր, երբ վարչապետը գեղարվեստական տխուր երանգներով խոսում էր դժոխքի միջով անցնելու մասին:

Քարոզչական նկատառումներով անդիմակ պատգամավորներից առավել անհույս տեսարանի ականատեսը եղանք Շանթի եթերում: Փողոցում հանդիպող դիպլոմատով երիտասարդը (ուսանող կամ աշխատող) արհամարհելով տեսախցիկն ու իրեն սթափության կոչող տարեց կնոջը, «կարող ա՞ խեղդվեմ» ասաց ու շարունակեց իր երթը:

Այս պատգամավորները և այսպիսի վարքով մարդիկ հազիվ թե մտածեն վարակի շղթան իրենցով կոտրելու մասին:

«Քույրս էլ  վարակվեց, բայց էլի չեմ հավատում»

Արտակարգ ռեժիմի երկարացումով պարտադրված սահմանափակումները թույլ են տալիս երկրի համաճարակային իրավիճակը դիտարկել մեկ համայնքի կտրվածքով, հարևանի հետ զրույցի ընթացքում.

– Էդ ինչի՞ ես կանգնել դարպասի մոտ, ներս չես գալիս:
– Ձեր ապահովության համար:
– Դու էլ ե՞ս հավատում:
– ՞(տարակուսանք , զարմանք):
– Բա չիմացա՞ր,  քուրս էլ վարակվեց,  բայց էլի չեմ հավատում…

Յոթանասունի շեմին կին է, ի՞նչ ասես, բայց որ այս խոսքերի հետ քառասնամյա տղան ու հարսն էլ են համաձայն, իրավիճակն էլ առավել անհույս է դառնում: Լավ ժամանակներ լինեին, մի բաժակ սուրճի շուրջ գուցեև կարելի էր այդ անհավատությունը փաստարկված կոտրել:

Սակայն «չհավատալու» այս համընդհանուր տենդը զորեղ ուժ է, և համավարակի սկզբից ի վեր, ասես թուրքական շեղող ու հյուծող օրակարգ է պարտադրվել (Ցեղասպանություն եղել է- չի եղել, վիրուս կա-չկա, դիմակ դնել- չդնել):

Անհավատության այս միստիկ դրսևորումներին ի՞նչ ասես, թվում է մարտի մեկից առաջ նորահայտ վիրուսը սկզբում Հայաստան է ուղարկել անհավատության, աչքի տեսածին չհավատալու, տեսնելու ու մոռանալու  բացիլը, նոր միայն հայտնվել է՝ առավել տևական իշխելու համար:

Զարմանալի ժողովուրդ, որն ապրիորի (առանց փորձի) սիրում է Ծառուկյանին (իսկապես սիրում են), չի հավատում համավարակին, թեև հարազատ քույրն է վարակված:

Դառնացած է վարչապետը, դառնացած ենք մենք

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական լավատեսական ոճին հիասթափություն է խառնել.

«Դառնացած եմ ոչ միայն թվերի հետ կապված. էսօր աշխատանքի եկել եմ Սևանից։ Նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները։ Սկսել եմ մտածել, որ էստեղ խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից… Էնպիսի զգացողություն է, որ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք ուզում էի իջնեի, ասեի՝ կանգ առեք, ժողովուրդ ջան։ Սենց մենք գնում ենք շատ վատ տեղ… Շատերը չէ, որ ֆիքսում են, դա ոչ այնքան այս իրավիճակում առողջապահական, որքան հանրային, վարքագծային-կարգապահական խնդիր է»:

Վարակի հարճուն թվերը կանխելու համար Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս ոչ ստանդարտ բաներ է անում.

«Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար»:

Արտակարգ դրության առաջին շաբաթները բացառյալ, երկու ամիս է նույն իրավիճակն է, ու այս մասին շատերն էին բարձրաձայնում, և զարմանալի է, որ վարչապետը նոր միայն շեշտը դնում է այդ կետի վրա:

Հավանաբար պարոն Փաշինյանն այնքան շնորհակալ ու գոհ էր հեղափոխություն իրականացրած, հպարտ հռչակված ժողովրդից, ասես մոռացել էր նույն ժողովրդի նախորդ տասնամյակների այլևայլ դրսևորումները (հինգ րոպեում ծախսվող 10 հազար դրամով սեփական ձայնը 5 տարով ծախող ժողովրդից, և որ ամենավատն էր՝ ընտանիքներով ձայն ծախող):

Հիմա մենք՝ նույն այս ժողովուրդը, երկու տարում ի՞նչպես պիտի հպարտ դառնանք ու փոխվենք:

Փաստի արձանագրումը և բարձրաձայնումը համարենք լավ նշան, քանի որ վարչապետի հորդորները այնուհետև ծավալվեցին օրիգինալ ու սովորական դրսևորումներով, երբեմն մեկ օրվա մեջ տարբեր ռակուրսներով՝ քաղաքացիական հագուստներով ոստիկանների, տուգանքները չզիջելու մասին.

«Այսպիսի մի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչ այժմ կիրառվել են՝ չեղարկվելու են: Ես ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերը իզուր են, որովհետև հակահամաճարակային կանոնների համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու»:

Ազգային ժողովում հնչեցրած վարչապետի կոչը՝ «Ուշադրություն, հարգելի հայրենակիցներ, խոսում է Հայստանի Հանարպետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնովիրուսի համաճարակ է…», որը հնչում էր նաև ոստիկանական մեքենաներից, հավանաբար ավելի ազդու և օգտակար կլիներ, եթե ավելի վաղ հնչեր, առնվազն մեկ ամիս առաջ:

Գայանե Մկրտչյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *