2020.06.06,

Քննադատ

Լրագրության անցյալից. հակամարտություն «Հայաստանի Հանրապետության» հետ

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

«Թերթ» թերթի փակվելուց հետո, այնուամենայնիվ, առժամանակ շարունակվեց կոնֆլիկտը Տեղեկատվության նախարարի հետ: Թեման հասավ մամուլի էջեր: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ ինչու չի հրատարակվում «Թերթը», նախարարը հրապարակավ ինձ մեղադրեց… ծուլության մեջ, չտպագրվելու պատճառ մատնանշեց իմ ծուլությունը:

Ճակատագրի հեգնանքն էր երևի, որ ամիսներ անց լուծարվեց նաև Տեղեկատվության նախարարությունը:  Դա մեծ աղմուկ հարուցեց ոչ միայն լրագրական, այլև քաղաքական ու գրական շրջանակներում:

Շատ կառույցներ ու հաստատություններ շտապեցին նախարարության լուծարումը  գնահատել որպես հոգևոր աղետ: Դատապարտող հայտարարություններ արեցին կամ բողոքի ձայն բարձրացրին Հայաստանի գրողների միությունը, Պետական հեռուստատեսությունն ու Հանրային ռադիոն (լինելով ՏՆ կառուցվածքի մեջ), «Գրական թերթ», «Գրքերի աշխարհ», «Հայություն» պարբերականները, անվանի գրողներ, նաև՝ մերձգրական մի շարք դեմքեր…

Դա ինձ հիշեցրեց Թումանյանի «Մուկիկի մահը»  անմահ ստեղծագործության մեջ նկարագրված արհավիրքը, և «Մոլորակ» թերթում մի պարոդիա տպագրեցի: Ցավոք՝ այս անգամ էլ չկարողացա հաշվարկել հետևանքները…

Հակահարվածը չուշացավ. «Հայաստանի Հանրապետություն» թերթում մի քանի օր անց տպագրվեց ՀԳՄ անդամ, բանաստեղծ Արտաշես Ղազարյանի «Թուղթ առ Վասակ Դ.-ն»: Սա շատ ավելի հզոր գլուխգործոց էր, քան «Երկիր Ավետյաց» թերթի «Եվս մի Վասակը», որին անդրադարձել եմ նախորդ հոդվածներիցս մեկում:

Արտաշես Ղազարյանը այսպես էր սկսել իր «Թուղթը». «Արտադրություն կոչվածի հախից եկանք: Ողորմի հոգուն: Հիմա հերթը հոգևոր ոլորտինն է: Հնարավորին չափով սեղմ ժամկետում այնպես անել, որ քարը քարին չմնա: Փոշիացնել, քամուն տալ, ջնջել հիմնավորապես: Պսևդո-հայրենասիրական բնազբներին ապավինելով, սեփական շահն ու գրպանի մասունքի պես գուրգուրելով՝ գրոհել ու հողին հավասարեցնել մշակույթի կիսականգուն միջնաբերդը: Հրատարակչական համակարգը բռնատիրական ժամանակների ժառանգությո՞ւն է: Կործանե՛լ: Իրենց համանման վախճանին թող սպասեն Մատենադարանը, Ազգային ակադեմիան, համալսարանը: Տեսար, պահը եկավ, ու դպրոցներն էլ ժամանակավոր թվացին: Դրանք բոլորն էլ ավելորդ շքեղություն են ու անցյալի մնացուկ: Աներևույթ մի ձեռք ահեղաշուք ցած է կախվել, և վճիռն անբեկանելի է…»:

Հավանաբար կռահեցիք, որ հենց ես եմ թվարկված ու հոդվածի շարունակության մեջ բազմապատկված չարագործությունների եթե ոչ հեղինակը, ապա առնվազն մեղսակիցն ու պաշտպանը… Շատ դժվար է զսպել գայթակղությունը և չմեջբերել ամբողջ հոդվածը, բայց բավարարվեմ հակիրճ ծաղկաքաղով.

«Վասակ Դ., ուրացությամբ տոգորված քո պասկվիլն ուղղված է նաև Հայաստանի Գրողների միությանը, որի մի անդամն եմ նաև ես: Եվ բնավ մտադիր չեմ անտարբեր գտնվել այն դեպքում, երբ ինչ-որ մեկը փորձում է արատավորել այդ տան պատիվը…»,

«Չարն ամենազոր է: Կյանքում շատ բան կարելի է անտեսել և ուրանալ, բայց անհնար է անտեսել ժառանգների ներկայությունը…»,

«Շատ վեր մի թռիր, պարոն Վասակ Դ. և հիշիր, որ սև օրեր նրանց են սպասվում, ովքեր իրենց խղճի հետ գործարք են կնքում»,

«Սրբապղծություն է նաև, ոխով ու շարավով ներծծված քո պասկվիլում իբրև նախաբան քաղաբերել Հովհաննես Թումանյանի տողերը: Վերևում Աստված կա, ու մեծն Թումանյանն է ասում. «Էսպես չի մնա»: Անցնելու է խարդավանքի ժամանակը, անցյալ են դառնալու պղտոր ջրում ձուկ որսալու պատեհապաշտական օրերը, և գալու է սեփական խղճի դեմ մերկ ու բաց կանգնելու պահը…»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը այդ շրջանում ստորագրում էր Մեսրոպ Հարությունյանը: Գլխավոր խմբագրի տեղակալի կարգավիճակով: Ես նրան առաջարկեցի տպագրել իմ պատասխան հոդվածը: Համաձայնեց՝ պայման դնելով ու ակնկալելով, որ վիրավորանքներ չեն լինի իմ պատասխանում: «Չէ, ինչ վիրավորանք: Ընդհակառակը…»,- ասացի:

Հինգ օր անց Մեսրոպը տպագրեց իմ հոդվածը՝ «Հայրենիքը վտանգի մեջ է» չարագուշակ վերնագրով: Ես չէի փորձել արդարանալ: Միանգամից ընդունել էի ինձ ներկայացված բոլոր մեղադրանքները.

«Այո, չեմ թաքցնում, արտադրության հախից եկանք: Բայց ուրիշները քիչ դեր ունեն, ուրիշների դերն աննշան է: Չեմ կարող չխոստովանել, որ դրա հախից ես մենակ եմ եկել: Որոշեցի գալ և եկա: Սկսեցի խոշոր գործարաններն ու ատոմակայանը փակելուց: Հիշում եմ՝ կողքից օգնողներ կային: Խրախուսողներ՝ ավելի ճիշտ: Բայց, կրկնեմ, նրանք այդ գործում էական դեր չխաղացին: Փակեցի, մնացածներին զրկեցի էներգամատակարումից, հումքը կերա, ինչ որ ուտելու չէր՝ ծախեցի: Պարսիկներին ու թուրքերին»:

Ի պատասխան հաջորդ մեղադրանքների՝ նախ գովել էի աշխարհի երեսին ու տակ եղած բոլոր հանցանքները ինձ վերագրած հոդվածագրի խորաթափանցությունը, ապա բացահայտել հրեշավոր ծրագրերս. «Միանգամայն դիպուկ է նկատում… Առաջներում ևս առանձնահատուկ ատելություն ունեի հոգևոր ոլորտի հանդեպ: Մասնավորապես, մշակել էի «Թմկաբերդի առումը» համեստ անվանումով մի գաղտնի ծրագիր, որը պետք է իրականացնեի միայնակ: Էությունը հետևյալն էր. պետք է ավերեի Հայաստանի և Արցախի պատմամշակությանի կոթողները, հրաբուխ հրահրեի Արարատ լեռան խառնարանում, հետագայում պիտի հողին հավասարեցնեի Չինական մեծ պատը և Եգիպտական բուրգերը, իսկ ամենավերջում պիտի լայնացնեի օզոնի շերտի ճեղքվածքը… Այս նշվածները իմ ծրագրի չնչին մասն են… Ասեմ, որ առաջին հերթին դպրոցներն եմ փակելու: Ապա կործանելու եմ համալսարանն ու մնացած բուհերը, գրադարաններն ու գրախանութները: Հետո արդեն՝ Ազգային ակադեմիան ու Մատենադարանը: Չեմ խնայելու, ցավոք, նաև վերջերս բացված Ազգային գրապալատը: Ինչ վերաբերում է մշակույթի կիսականգուն միջնաբերդին՝ ապա դա ինքն իրեն էլ կփլվի… Հա, իմիջիայլոց, եղած-չեղածը կործանելուց հետո սկսելու եմ սերունդների հիշողությունից քերել-ջնջել այդ ամենը…»:

Այս երկու հոդվածները «Հայաստանի Հանրապետությունում» լույս տեսան 1997-ի փետրվարին: Սկանդալը նույնքան հնչեղ էր, որքան «Հայքում» տարիներ առաջ տպագրված պարոդիայիս հարուցած աղմուկն ու զայրույթը: Բայց այս մեկը, ի տարբերություն նախորդի, շարունակության չունեցավ ու չտեղափոխվեց առօրյա հարաբերությունների դաշտ: Հեգնանքի,  ինքնախարազանման, սարկազմի տարրերով հագեցած շարադրանքս ըստ երևույթին առավել արդյունավետ եղավ՝ լուրջ, կատաղի, բայց և անհեթեթ մեղադրանքներից պաշտպանվելու, զանազան անմտությունների պատասխանելու առումով, քան կարող է լինել փաստարկված առարկությունն ու տրամաբանված բացատրությունը:

…Կանցնեն տարիներ, և ասես ոչինչ չի եղել՝ Հայաստանի լրատվական դաշտում ի հայտ կգա «Թերթ» անվանումը սուսուփուս յուրացրած մեկ այլ լրատվամիջոց՝ tert.am-ը:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *