2020.05.22,

Քննադատ

Մշակույթ և կինոյի կրիմինալ սերիալ

Մշակութային լրագրության ցցուն խեղճությունը համավարակի շրջանում դիտարկման հետաքրքիր նյութ է: 

Լրագրողական «վամպիրությամբ» (ինքնահնար բառ է, բնորոշելու համար այն երևույթը, երբ մտավորականի խոսքի մի մասը դրվում է իբրև ուղիղ խոսք, մի մասը լրագրողը վերաշարադրում է իբրև իր միտքը) սովորական մշակութային նյութ գրելը անորոշ ժամանակով հետաձգված է:   

Լրագրողական աշխույժ մասսաներն այսպես էին գրում շնորհանդես, պրեմիերա, ցուցահանդես, համերգ, կամ նրանց նախորդող ասուլիսները: 

Արդեն կամ առժամանակ ժամանակավրեպ մի վեճ կար՝ տրամադրե՞լ, թե՞ ոչ լրագրողներին մամուլի հաղորդագրություններ (պրես ռելիզ): Տրամադրվում է՝ ծայրեծայր արտագրում են, ավելին՝ ձգտում էին  ունենալ էլեկտրոնային տարբերակը, որպեսզի արտագրելու չարչարանք չքաշեն: 

Չտրամադրելու դեպքում առկա էր սխալների շփոթ և շքերթ՝ տերմինների, անունների…  Երկու դեպքում էլ վատ արդյունքն ապահովված էր: 

Այս որակի լրագրության համար փորձություն է բնականոն հունին վերադառնալու անորոշությունը: Մեր լրատվական դաշտում մշակույթի Էջ լցնելու այդ աղբյուրը (մշակութային միջոցառում) ցամաքել է, ինքնուրույն նյութ գրելու մեջ էլ լրագրողները հմուտ չեն, և մշակութային  լրատվության առանց այն էլ նվազ ձայնը ավելի է բարակել համավարակային ու քաղաքական աղմուկի մեջ: 

Կայքերի մշակույթի էջերը հիմա հար և նման են, անգամ լուրերի հերթականությունն է պահպանված, անհեղինակ, նույն վերնագրով, երբեմն էլ, ըստ նախասիրության, փոխված՝ սադրող վերնագրով:

Այս հետընթացը՝ մշակույթը լուսանցք մղելը մեկ օրում, իհարկե, տեղի չունեցավ: Տասնամյակների կտրվածքով մշակույթով սկսած կարող լրագրողները սահուն անցել են քաղաքական դաշտ՝ խմբագիրներ են, Ազգային ժողով են լուսաբանում, պատգամավոր են, իսկ մշակույթը մնում է սկսնակի կամ անհավակնոտի ոլորտը:

Արդեն իսկ շատ թերթեր, առանձնապես կայքեր նախկինում ավանդական-պարտադիր մշակույթի բաժիններ չունեն, այդ լրատվությունը մատուցվում է գիտություն ու մշակույթ, կրթություն և մշակույթ ու շոու բիզնես խորագրերով, կամ «Ավելին»-ի ներքո: 

Եթե հեռուստաընկերությունները լուրերի վերջում մի մշակույթ էին ունենում, իբրև քաղցր, թեթևաշունչ լուր, իբրև զարդարանք, այսօր դժվար է անգամ դա ապահովելը:

Ինչպես ինքնօրինակ, դանդաղ ռիթմով, խայտաբղետ է եղել, այս օրերին էլ այդպիսին է մնում  «Հետք»-ի մշակույթը: Օրինակ՝ Ֆրեզնոյում գործող Saroyan House-ը՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը, մեկնաբանել է Սարոյանի հայտնի «Հայը և հայը» պատմվածքի սխալմունքը՝ մեջբերել բնօրինակը

Պարետի վերջին որոշումներից մեկով երկամսյա դադարից հետո թույլատրվում է ստեղծագործական գործունեությունը: 

Սակայն վերադարձը ավանդական, բազմամարդ  միջոցառումներին ու շնորհանդեսներին անորոշ ապագայում է, ուստի լրատվամիջոցները ինքնահոսի- սպասողական վիճակից ելքեր պիտի գտնեն, անբովանդակ լուրեր տեղադրողից դառնան բովանդակություն ստեղծող ու տարածող:

Արվեստագետները հաճախ ելքեր են որոնում մամուլի անտարբերության շրջանակից դուրս գալու, իրենց արածի կարևորությունը շեշտելու համար: 

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն, օրինակ, հույսը չի դնում մամուլի վրա, չի սպասում իր գործերին անդրադառնան, կամ մոռանան ինչ է արել ու անում: Դեռևս մտադրության մակարդակում գտնվող իր ֆիլմի մասին սկսում է լուր տարածել Հայաստանի ու Արցախի համարյա բոլոր լրատվամիջոցներով: 

Հիմնականում անստորագիր այդ նյութերը հավանաբար իր թիմն է ստեղծում, հաշվարկով, որ լավ լուրերը հիշվում են, աղբյուրը՝ մոռացվում: 

Հեղինակային նյութերն էլ նույն ոճով են. «Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ձգտում է մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը»  խորագրով Հանրայինի այս տեսանյութը 3000-ից ավելի դիտում ունի:   

Իհարկե, կարելի է և պետք է արվածի մասին խոսել, սակայն թիմը ձեռքի հետ էլ լռեցնում է այլ տեսակետ հայտնողներին. «Ֆիլմի պրեմիերային հաջորդած մեկ-երկու անխոհեմ մեկնաբանություններից հետո լրատվամիջոցները ողողվեցին միայն դրական արձագանքներով»:

Մնում է հանուն արդարության ավելացնել՝ ողողվեցին միայն մեկ աղբյուրից:

Մշակութային նյութեր.  հաղորդում հանցագործության  մասին

Մշակութային լուրերը հեղափոխությունից հետո սրություն են ձեռք բերել, ասես հանցագործության մասին հաղորդումներ լինեն: 

Ահա վերջին լուրերից մեկը՝ «Ցուցահանդեսային կենտրոնի» ֆոնդերի ստուգման արդյոնքում պարզվել է, որ բացակայում են միլիոնավոր դրամների մշակութային արժեքներ, այդ թվում՝ երկու արժեքավոր կտավներ՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարն ու Հովհաննես  Զարդարյանի «Վերածնունդ» կտավը: 

Ապրիլի 16-ն առաջին անգամ պաշտոնապես հիշատակվեց որպես Հայ կինոյի օր, հույս հայտնելով, որ «նոր իրողությունը կդառնա նաև նոր ճանապարհի սկիզբ՝ ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը»:  

Առայժմ հայկական կինոյի հին փառքերն են հիշվում, հանրայնացվողը կրիմինալն է, Ազգային կինոկենտրոնի շուրջ երկու տարի ձգվող ու ճյուղավորվող կրիմինալ սերիալը:  

Քրեական պատմությունը սկսվեց շատ դրամատիկ. հեղափոխությանը զուգահեռ հացադուլի նստեց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, և թալանի խճճված պատմություններ էր անում, համառորեն սղալելով բողոքի բուն նյութը: 

Հետո արդեն կինոպատմության զուգահեռների մեջ հայտնվեցին հայտնի դերակատարներ՝ մշակույթի նախկին նախարարներ Ամիրյանը, Մակունցն ու Ղարիբյանը, Կինոկենտրոնի նախկին և ներկա նախագահներ Գևորգ Գևորգյանը, Շուշանիկ Միրզախանյանն ու Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: 

Նազենի Ղարիբյանը բացահայտեց, որ մի քանի տարվա մեջ կինոկենտրոնից ահռելի գումարներ ստացած Գալստյանը 17 րոպեանոց անորակ արտադրանք (կոտոշ) է թողարկել, Գալստյանն էլ դատի է տվել  նախարար Ամիրյանին, թե իր կինոյի փողի վրայից 7 միլիոն գրպանի փող է վերցրել ու չի վերադարձրել: 

Հաջորդիվ պատկառազդու և ամերիկյան մեծահարուստ մտավորական Ամիրյանը հեռվից կոչ արեց «Զատիկի ազիզ օրով չզրպարտել»…

Հայ կինոյի շարունակական կրիմինալ սերիալի հերթական մասը մայիսի 10-ին էր, Հովհաննես Գալստյանը բաց նամակով այս անգամ գործի մեջ ներքաշեց ավելին քան զբաղված վարչապետին:

Անվերջանալի ու նվաստացուցիչ այս պատմությունն ակամա զուգահեռվում է ռուս գրող Սալտիկով-Շչեդրինի հետևյալ մտքի հետ. «Եթե ես քուն մտնեմ և արթնանամ 100 տարի անց և ինձ հարցնեն, թե ինչ է կատարվում Ռուսաստանում այսօր, ես կպատասխանեմ՝ խմում են ու գողանում»

Մեզանում էլ դատական պրոցեսներ են գնում պարզելու, թե բացի հայ կինոյի կենացը խմելուց, ուրիշ ինչեր են արվել Հայաստանում:

Գայանե Մկրտչյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *