Կարանտինային գարնան հեռուստատեսային պրեմիերաներից Հանրայինի «Անատոլիական պատմությունը» (սցենարի հեղինակներ՝ Անահիտ Աղասարյան, Հրաչ Քեշիշյյան, ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան) դիտարժան էր ու հետաքրքիր` իբրև քննարկման նյութ: Ի վերջո, թեմա ունեցող ու աշխատված ֆիլմ է, շահեկանորեն տարբեր անհեթեթ ու հեռուստադաշտը գրաված Շիրազի վարդերի, Ժիրայր գլենցների ու անհասցե անտերների ֆոնին:
Երևույթն արժանացել է երիտասարդների ուշադրությունը, և օրերս ուսանողները Zoom- ով քննարկել են ֆիլմն ու գիրքը:
Նախապատմություն
2008 թվականին միաժամանակ երկու լեզվով՝ ռուսերեն և հայերեն թարգմանությամբ, լույս տեսած Մարկ Արենի «Այնտեղ, ուր ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» գիրքը 2019-ին արդեն վերահրատարակվել է յոթերորդ անգամ: Սա նշանակում է, որ թեմայի նկատմամբ հետաքրքրություն կա, գումարած՝ կոմերցիոն առումով շահեկան է հեղինակի բելետրիստիկ ոճը:
Փոքրածավալ, հայաստանյան չափանիշներով բեսթսելեր գիրքը սկսվում է հետաքրքիր, խոստանում տրագիկ, շատ լուրջ պատմություն, ապա ճյուղավորվում ու ավարտվում անհեթեթ:
Արձակագիրը չի կիսում անավարտ վերջաբանից ընթերցողի հիասթափությունը, համարելով դա արձակագրի իր առավելությունը, գրողական հնարք ու տարածք՝ ընթերցողի երևակայության, ստեղծագործելու համար. «Իմ ոճն ավանտյուրիզմն է: Անպայման պետք է նախապես մտովի տեսնեմ, պատկերացնեմ այն, ինչ գրում եմ: Երբեք ոչինչ չեմ թելադրում իմ հերոսներին, նրանց համար ինչ-որ միջավայր եմ ստեղծում, և նրանք իրենց կյանքով են ապրում, իսկ ես ընդամենը հետևում եմ նրանց գործողություններին, գրի առնում նրանց խոսքերն ու արարքներ»
Հեղինակը ձեռնարկել է մեծ թեմա, չի խորացել, այս դեպքում մակերեսային մոտեցում է ցուցաբերվել թաքնված հայերի ինքնության ցավոտ խնդրին: Թեման ակտուալ է, բազմաշերտ, հետազոտողների տիրույթում տարեցտարի ընդլայնվող, անձնական մակարդակում՝ ողբերգական:
Մի քիչ պատմություն
Գրքի ու կինոյի գլխավոր հերոս 80-ամյա Մուստաֆան (Սերժ Ավետիքյան) պատահաբար հայկական օրորոցային լսելիս ուշագնաց է լինում, վերհիշելով մայրիկի երգը: Իրեն մեծացնող թուրք ընտանիքի ասելով, աշխարհում իր ամենահարազատ մարդուն սպանել էին հայերը, և մայրիկի վրեժը հայերից լուծելու համար է Մուստաֆա Ղազին դարձել թուրքական ազգայնական գորշ գայլերից մեկը: Կասկածը ցնցող է, անհավաստի, աղետավոր, և պատկառելի տարիքի ու դիրքի մարդը հետ է գնում ծննդավայրի խուլ գյուղը: Գնում է այնտեղ, ուր ծաղկում էին ու են վայրի վարդեր, ուր ապրում են թուրքեր ու քրդեր:
-Իսկ ինչ եղան հայերը:
– Եսի՜մ…
Ո՞վ պիտի լուսավորի Մուստաֆայի ծննդյան գաղտնիքը, եթե փարթամ վարդերի այգում արևի տակ չորացող այդ ծերերի հիշողությունն այնքան անհուսալի է, որ մեկ ու մեջ սեփական տղային են մոռանում: Ի վերջո, քուրդ հարևանը կտորի մեջ պահված հայերեն նամակ է տալիս, և Մուստաֆան խճճվում է ինքնության որոնումների բավիղներում:
Ինչո՞ւ և ուր անհետացան հայ ծնողները, Գևորգ Պետրոսյան մանուկին թողնելով ծննդավայրում, հանուն մանկան կյանքի զոհելով նրա ազգությունը: Սակայն գաղտնիքներն էլ վաղեմության ժամկետ ունեն, և իսլամացած հայն ի վերջո հասու է լինելու իր ծննդյան գաղտնիքին, ու նա եզակի չէ, մեկն է միլիոնից:
Եվ, ուրեմն, մի քիչ պատմություն. ո՞վքեր են իսլամացած, թաքնված կամ ծպտյալ հայերը: Հետազոտող Րաֆֆի Պետրոսյանի «Տրավմա և ճկունություն. Թուրքիայի ծպտյալ, բացահայտ ու այլևս չթաքնվող հայերը» գրքից կարելի է տեղեկանալ, որ իսլամացած հայերը Ցեղասպանության ապրող զոհերն են, հազարավոր հայ որբեր, որ թուրքերի և քրդերի կողմից իսլամացվեցին որբանոցներում ու մահմեդականների տներում:
Իսլամացած հայերի թիվը դժվար է ճշտել: Հայտնի է, որ 1915-ին հայկական գավառներում 200 հազար հայ իսլամ է ընդունել, 100 հազարից ավելի հայ որբեր էլ Թուրքիայում մնացին ու իսլամացան: Թուրքիայի բնակչությունը 1915-ից հետո յոթ անգամ շատացել է: Ուրեմն 1915-ին 300 հազար իսլամացած հայերի թիվը կարելի է բազմապատկել և հասնել մինչև երկու միլիոնի:
100 տարի հետո թաքուն հայերի թոռները քաջություն ունեցան բացահայտելու իրենց հայկական արմատները, ինչպես, օրինակ, Ֆեթիհե Չեթինը, որն այդ իրական պատմությունը դարձրել է հուզիչ վեպ՝ «Մեծ մայրս»:
Մարկ Արենի Մուստաֆան հորինված կերպար է, բայց դա անկարևոր է, նա մեկն է նրանցից: Ինքնության ճգնաժամ ապրողներից շատերն իրենց համարում են թուրք ու հայ, կամ քուրդ ու հայ, ապրում երկատվածության մեջ:
Ինքնության հարցը ենթադրում է ճկունություն ու տոկունություն, նաև գոյատևություն դժվար պայմաններում, քանի որ իսլամացած որբ երեխաները հաճախ ստիպված են եղել ապրել այն թուրքերի ու քրդերի հետ, որոնք սպանել էին իրենց հայ ծնողներին: Կինոյի Մուստաֆայի դեպքն այս շարքից է:
Պարտավո՞ր էր հանդիսականն այս մասին իմանալ, իհարկե ոչ, բայց պիտի իմանային ֆիլմի ստեղծողները: Դա կերևար մեկ խոսքով կամ արարքով, կամ՝ այսինչ տեսարանն ու խոսքը մոնտաժելով, որպեսզի մանրամասները նպաստեն, ոչ թե թուլացնեն գործը, գիտենալ՝ խուսափելու համար անհարկի հեշտ մոտեցումից, անհավաստի տեքստերից:
«Անատոլիական պատմություն»
Սույն թույլ վեպը լավ կինոյի պոտենցիալ ունի, և Հանրայինի նախաձեռնած՝ գրական գործերի էկրանավորումների հերթը հասավ ինքնության հարցերի մասին գրքին: Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը կատարել է հսկայածավալ աշխատանք, նկարահանումներ անելով Եվրոպայում, Ստամբուլում, Կարսում, Արևմտյան Հայաստանում:
Երկատված ինքնություն էր խաղում Մուստաֆա-Սերժ Ավետիքյանը, և այդ ցնցումը, շփոթմունքը, տարակուսանքն արտահայտվում էր դերասանի հայացքում, բայց ավելի շատ՝ մոլոր ու դողդոջ քայլվածքում:
Մեկ օր առաջ նա լավ հայր էր և լավ մահմեդական, իր պայքարի գործը որդուն հանձնած և հպարտ: Հանդիսականն ապրումակցում է ցնցող լուրը զավակներին հայտնող հոր տառապանքին:
Մուստաֆայի դուստր Լեյլան (Լուիզա Ղամբարյան) քաղցրախոս թրքուհու վանող կերպար էր: Երեկոյան իմանում է հոր կողմից հայ է, առավոտյան «Ո՞նց ես» հարցին արձագանքում. «Ո՞նց պիտի իրեն զգա ինքնությունը կորցրած մարդը»:
Ակնհայտ էր, որ ռեժիսորը թուլություն ունի Խորեն Լևոնյանի կերպարի (Մուստաֆայի ազգայնական որդու) հանդեպ: Նրա Սուլեյմանը ռոմանտիկ ու զայրացած էություն է, որը չէր թաքցնում զզվանքը հայերի, թուլամորթ հավատակիցների, թուրք ռեժիսորի նկատմամբ: Սակայն ի՞նչ տարբերություն, թե որտեղ կայանար երեք «գորշ գայլի» ժամավաճառ զրույցը՝ նույն հագուկապով, նույն ինտերիերով (ամայի հսկա շինություն) ու էքստերիերով (խիտ անտառի պուրակի բեսեդկա). ծախսաշատ արտասահմանում, թե մեր երկրում: Օդանավակայանում Մուստաֆայի հարցաքննության տեսարանն ազդված էր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից, իսկ «Մի վախեցիրի» ներմուծումն անառիթ, թեթև նարցիսիզմ էր և ռեժիսորի դիրքի չարաշահում:
Գրքում բացակայող երրորդ որդին (Սոս Ջանիբեկյան) գրող-հեղինակ է, և նրա տեքստերն ընդհանուր բնույթի ստատուսային խորհրդածություններ էին. «մոլորակը մեկն է, պետք է պաշտպանենք, ոչ թե քանդենք ու վերացնենք», կամ՝ «մենք անցանք այդ դժոխքը հնարավորինս լուռ, և ամեն ինչ կամաց-կամաց…»:
Ասես ռեժիսորը չի վստահում հանդիսականին, իր երկարուձիգ ֆիլմի ուղերձին, ու հուշում է՝ այս պրիզմայով նայեք: Մենք ենք ու ուրիշ բան ենք տեսնում:
Իսկ տեսնում ենք, որ խճճված է ոչ միայն հերոսը, այլև ֆիլմի հեղինակը:
Սուլեյմանն իբրև թուրք սպառնում է հայերի մասին ֆիլմ անող, Ֆաթիհ Աքինի արտաքինով թուրք ռեժիսորին. «Ո՞րն է առաքելությունդ, այ ոչնչություն», ապա շարունակում. «Ես հայ եմ, քո թշնամին եմ, ես հայ եմ ու քո նման խոզից պիտի պատասխաններ ստանամ»:
Իսկ երբ վնասազերծելիս հայ իրավապահները վիրավորում են Սուլեյմանին, նա թուրք ռեժիսորի ձեռքը մոտեցնում է վերքին, ասելով վերջին բառերը. «Էլի թուրքի ձեռքերը հայի արյան մեջ են»: Որ ի՞նչ…
Հեղինակի խոսքն ավելի է խորացնում շփոթը. «Իմ եղբայր Սուլեյմանը մեր ամենասկզբունքայինը, ամենաազնիվն է, ու նա լավ հայ կլիներ, եթե իմանար, կլիներ լավ հայ»:
Ամեն ինչ վատացավ կինոյի վերջում, և ավելորդ լավատեսությունը թուլացրեց այն լարված խորհրդավորությունը, որը ստեղծել էին Սերժ Ավետիքյանը և Խորեն Լևոնյանը, և տաղանդավոր դերասանները հայտնվեցին անօրգանական, անհավաստի վիճակներում:
Մուստաֆայի հայացքը տատանվում է Կարսի մզկիթի ու եկեղեցու միջև, ապա մոլոր քայլվածքով դեգերում է թուրք-հայկական ներկա սահմանին, լեռների ու ձորերի մեջ: Այդ նույն ձորի պռնկին իր ռոյալն է դրել ֆիլմի պաթոսային-խոստումնալից երաժշտության հեղինակ Հայկոն, իսկ Խորեն Լևոնյանը երգում է «Կյանք, ինձ ասա ով եմ ես»:
Գուցեև երգն ու կլիպը հետաքրքիր էին, սակայն այս կոնտեքստում՝ իբրև ֆիլմի վերջաբան, նման էր նրան, որ նկարես նապաստակ, տակն էլ գրես՝ «նապաստակ», որ հասկացվի:
Լավ սկսված, տաղանդավոր դերասանակազմ ունեցող ֆիլմն ավարտվեց անխորհուրդ, տարակուսելի ուղերձով: Ափսոս, ճիշտ գտնված ֆինալը հետահայաց կիմաստավորեր ֆիլմը:
Գայանե Մկրտչյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: