«Չեխական հասարակության այսօրվա մթնոլորտը ցույց է տալիս, թե որքան կարևոր է անկախ լրագրությունը: ԶԼՄ-ների սեփականտերերի կողմնակալության, աշխարհի բաժանված լինելու պայմաններում, թրոլինգի, ֆեյքերի ու կիբերպատերազմների ժամանակ լրագրության դերը մեծանում է: Դրամաշնորհների, պարգևավճարների ու խորհրդատվության միջոցով մենք աջակցում ենք խմբագրություններին, որոնք զբաղված են լուրջ լրագրությամբ, հարգում են լիբերալ դեմոկրատական սկզբունքները և որոնց գործունեությունը չեն ֆինանսավորում խոշոր ֆինանսական խմբերը կամ մագնատները»:
Այսպես է չեխական Անկախ լրագրության աջակցության հիմնադրամը դիմում իր հնարավոր ներդրողներին, որոնց թվում են շարքային քաղաքացիները՝ հասարակության ամենատարբեր սոցիալական ու մասնագիտական շերտերից:
Հիմնադրամը գումար չի ընդունում պետություններից, այդ թվում Չեխիայի կառավարությունից և Եվրահանձնաժողովից: Այդ կանոնը վերաբերում է նաև բարձրաստիճան պետական ծառայողներին: Հիմնադրամը չի ընդունում նաև «կեղտոտ» փողեր: Ֆինանսական քաղաքականությունը թափանցիկ է, բաց և շատ պարզ, դրա նկարագրությունը ընդամենը մի քանի սպառիչ տող է.
«Հանգանակությունները չեն կարող լինել անանուն, և եթե գումարը գերազանցում է 10 հազար չեխական կրոնը (400 դոլարից մի քիչ պակաս), ապա ընդունվում է միայն գրավոր փաստաթղթի դեպքում: Իսկ եթե գումարը գերազանցում է 250 հազար չեխական կրոնը (մոտ 10 հազար դոլար), ապա անհրաժեշտ է հոգաբարձուների խորհրդի համաձայնությունը»:
Համաձայնություն ստանալը հեշտ չէ, բարերարը կամ ընկերությունը մանրակրկիտ ստուգվում են, մասնավորապես Cribis օնլայն հարթակի միջոցով: Դա Չեխիայի և Սլովակիայի ավելի քան տասը միլիոն իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին վճարովի բազա է:
Հիմնված լինելով ավելի քան 40 հասանելի և փակ աղբյուրների վրա, այդ բազան պարունակում է տեղեկություններ սեփականատերերի, լայն ընդգրկման հաշվետվությունների, պարտավճարների մասին տվյալներ և այլն:
«Իմ կյանքի և բիզնեսի յուրաքանչյուր օրը հաստատում է լավ գործող անկախ լրագրության անհրաժեշտությունը»,- ասում է գործարար, արագ սննդի ցանցի սեփականատեր, Անկախ լրագրության աջակցության հիմնադրամի հիմնադիր Պետր Ցիխոնը:
Հիմնադրամի աջակցությունը հասցեագրված է կենսունակ նախագծերին, հատուկ ուշադրության են արժանանում վերլուծությունները, լրագրողական հետաքննությունները և կարևոր սոցիալական թեմաների լուսաբանումը:
Միևնույն ժամանակ՝ հիմնադրամի աջակցությանը կարող են հավակնել միայն այն զանգվածային տեղեկատվական միջոցները, որոնք ունեն սեփականության թափանցիկ կառուցվածք, ազատ են խոշոր քաղաքական ու տնտեսական խմբերի և պետական իշխանության ազդեցությունից:
Ներդրողներից ստացած գումարը օգտագործվում է բացառապես դրամաշնորհների համար: Հիմնադրամի աշխատակիցների փոքր խմբի (ընդամենը 4 մարդ) աշխատավարձը, Պրահայի կենտրոնում գտնվող փոքր գրասենյակի սպասարկման և վարչական այլ ծախսերը հոգում են հիմնադիրները:
2013-ը բարդ տարի էր Չեխիայի լրագրության համար: Այդ փոքր եվրոպական երկրում տեղի էր ունենում սեփականության վերաբաշխում:
Գերմանական կորպորացիաներին, որոնք Չեխիայի մեդիայում զգալի չափաբաժին ունեին ու հիմնականում ուղղորդվում էին բիզնես մոդելով, եկան փոխարինելու տեղական օլիգարխները:
Փոխվեցին երկու առաջատար պարբերականների՝ «MF Dnes»-ի և «Lidové noviny»-ի, սեփականատերերը: Եվ պարզվեց, որ դա անբեկանելի գործընթաց է:
Շուտով նաև այլ տպագիր պարբերականներ ու հրատարակչատներ հայտնվեցին մեդիայով չզբաղվող, «ոչ մեդիա» բիզնեսմենների ձեռքում: Լրագրությունը նրանց համար դառնում էր իշխանության հասնելու ու քաղաքական մանիպուլյացիաների միջոց: Սկսեցին հայտնվել ավտորիտար միտումներ, որոնք ուղղված էին հիմնական թշնամու՝ ազատ մեդիայի, դեմ:
Դրան գումարվեցին նաև ինտերնետի սրընթաց զարգացումն ու ազդեցությունը մեդիա դաշտի ու գովազդի շուկայի վրա, տպագիր մամուլի վաճառքի նվազումը: Շատ հայտնի լրագրողներ, որոնք մասնագիտական էթիկայի կանոնների պահապաններն էին, սկսեցին հեռանալ խոշոր պարբերականներից:
«Ես չեմ ուզում նորից կարդալ Օրուել ու նրա «Անասնաֆերմայի» մեքենագիր տարբերակի հինգերորդ պատճենը»,- ասում է ՏՏ ոլորտի մասնագետ, Հիմնադրամի հիմնադիր Ռիչարդ Կաուցկին:
Կորպորատիվ առասպելի համաձայն՝ Անկախ լրագրության աջակցության հիմնադրամի ստեղծողները հանդիպել են Պրահայի բիզնես ակումբում, Չեխիայի մեդիայի մասին բանավեճի ժամանակ: Նրանց միավորել է մտահոգությունը՝ տեղի ունեցածով, ցանկությունը՝ թույլ չտալու, որ մեդիա ռեսուրսները կետրոնանան քաղաքական գործիքչների ձեռքում, որոնց թվում էր նաև ներկայիս Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
Հիմնադրամը ստեղծողները 12-ն են՝ գործարարներ, հարուստ, հաջողակ, կրթված, հեռատես, ապագա զարգացումները կանխատեսող մարդիկ, որոնց անունները թերևս ծանոթ են շատերին Չեխիայում:
Նրանց թվում են «Bageterie Boulevard» արագ սննդի ցանցի սեփականատեր Պետր Ցիխոնը, սպա-հյուրանոցների ցանցի սեփականատեր Տոմաշ Ռիխտերը, ներդրումային ֆոնդեր ներառող RSJ Group-ի գործընկեր Լիբոր Վինկլերը, որին պատկանում են նաև գինեգործարաններ, «Վինոգրաֆ» գինետների ցանցն ու միշլենյան աստղ ունեցող «Field» ռեստորանը: Հիմնադիրների շարքում են իրավաբանական, քոնսալթինգային ընկերությունների, հրատարակչատների սեփականատերերը:
Բոլորին միավորում է սոցիալական պատասխանատվության զգացումն ու գիտակցումը, որ զանգվածային լրատվական միջոցների տնօրինման կենտրոնացումն այն մարդկանց ձեռքում, որոնց համար մեդիան հիմնական բիզնես չէ, նրանց ազդեցությունը խմբագրական անկախ բովանդակության վրա, վտանգ է դեմոկրատական հասարակության համար:
2020 թվականի մարտ ամիսը ծանր ժամանակ էր ողջ աշխարհի համար: Այդ թվում՝ Չեխիայի, մեդիայի, լրագրողների:
Հիմնադրամի գլխավոր ֆինանսական մենեջեր Նադյա Ստրակովան պատմում է, որ միանգամից պարզ դարձավ, թե ինչպես է COVID19 համավարակն անդրադառնալու զանգվածային տեղեկատվական միջոցների վրա.
«Ես սկսեցի նամակներ գրել մեր բոլոր ներդրողներին՝ բացատրելով, թե որքան կարևոր է նրանց օգնությունը մեդիայի համար: Մենք դիմեցինք քաղաքացիներին, գործարարներին՝ խնդրելով չդադարեցնել բաժանորդագրությունը, չկասեցնել գովազդը, որ խուսափենք աղետից…»:
Հիմնադրամն առաջին հերթին փորձեց ապահովել լրագրողների անվտանգ աշխատանքը: Կարանտինի առաջին իսկ օրերին այն փոխանցեց լրագրողներին 200 պաշտպանիչ դիմակներ, որոնք դեֆիցիտ էին, իսկ դրանց կրումը՝պարտադիր պայման Չեխիայում: Ավելու ուշ հիմնական դրամաշնորհ ստացողներին տրամադրվեց 2,5 մլն չեխական կրոն (մոտ 90 հազար եվրո) որպես արտակարգ օգնություն:
Լրագրող, վերլուծաբան, նոր մեդիայի մասնագետ Ֆիլիպ Ռոժենեկը կարծում է, որ ոչ ոք չէր կարող առաջարկել բավարար ու արագ լուծումներ, քանի որ կանխատեսելի չէր, թե որքան կտրուկ է ամեն ինչը փոխվելու.
«Մենք տեսնում ենք, որ հեռուստատեսության ու լրատվական կայքերի լսարանը հասնում է ռեկորդային ծավալի: Բայց միաժամանակ՝ գովազդատուները կրճատել են իրենց բյուջեները, մարդիկ կարանտինի պատճառով չեն կարողանում գնել ամսագրեր ու թերթեր: Որոշ ռադիոկայաններ կրճատել են հաղորդավարների ու լրագրողների աշխատավարձերը, հեռուստաընկերություններն աշխատում են նվազագագույն աշխատակազմով: Մեդիան ապրում է՝ սպասելով ապագային, հուսալով, որ կառավարությունը կպարզեցնի կարանտինային պայմանները»:
Ողջ աշխարհում այս օրերին հասարակական կազմակերպությունները, պարզապես մտածող մարդիկ, ինտելեկտուալները մտահոգված են լրագրության ապագայով:
«COVID19-ը սպառնալիք է ազատ մամուլի համար… Եվրոպայի քաղաքացիները հիմա, առավել քան երբևէ, պրոֆեսիոնալ, տնտեսապես կայուն լրագրության կարիքն ունեն»,- ասվում է եվրոպական կառավարություններին ուղղված Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի հայտարարությունում:
Անկախ լրագրության աջակցության չեխական հիմնադրամը նույնպես մտահոգված է մամուլի վրա հնարավոր ճնշմամբ.
«Գոյություն ունի ռիսկ, որ արտակարգ միջոցների պայմաններում չենք նկատի հիմնարար ու անկասելի օրենսդրական փոփոխությունները: Հունգարական ու լեհական կառավարությունների քայլերը ցույց են տալիս, թե որքան բացառիկ ուժ է դառնում իշխանությունը արտակարգ իրավիճակներում»:
«Ես չեմ ուզում արտագաղթել, ինչպես դա արեցին մեր ծնողները: Ուզում եմ ապրել ազատ Չեխական հանրապետությունում»,- ասում է ֆինանսական մասնագետ, գործարար, Հիմնադրամի հիմնադիր, դիտորդական խորհրդի և կառավարման մարմնի անդամ Պետր Լաշտովկան:
Անկախ լրագրության աջակցության հիմնադրամը միայն բարեգործական կազմակերպություն չէ: Հիմնադիրներն ու աշխատակիցները համոզված են, որ ֆինանսական սատարումից բացի որակյալ լրագրությանն անհրաժեշտ է բարենպաստ միջավայր:
Հիմնադրամի տնօրեն, նոր ԶԼՄ-ների հետազոտող, Կառլովա համալսարանի դասախոս Յոզեֆ Շլերկան ղեկավարում է մի քանի վերլուծական նախագծեր: Mapamedii․cz-ն չեխական մեդիայի ծովում դիրքավորվում է որպես ուղեցույց, նավիգատոր: Նախագծի կայքում շատ են վերլուծությունները, տեղեկությունները չեխական մեդիայի մասին:
Երբ 2020-ի ձմռանն ու գարնանը ընտրվում էր Չեխական հեռուստատեսության խորհուրդն ու Չեխական ռադիոյի խորհուրդը, հիմնադրամն անցկացրեց մամուլի մոնիթորինգ՝ հավաքելով բոլոր թեմատիկ հրապարակումները: Այդ ընտրություններն անցնում էին բավականին բարդ քաղաքական ու սոցիալական պայմաններում:
Հատկապես հետաքրքիր է «Լրատվական կայքերի վարկանիշը», որը չեխական մեդիա դաշտի յուրահատուկ լակմուս է: Նախագծի ստեղծողներն առաջարկում են յուրաքանչյուր կայքի որակյալ վերլուծություն, գնահատական, որը հիմնված է երեք չափանիշների վրա:
Առաջինը՝ պարբերականի թափանցիկությունն է, ինչը ենթադրում է տեղեկություններ իրական սեփականատերերի, խմբագրական կազմի, նյութերի հեղինակների, ֆինանսական աղբյուրների մասին:
Երկրորդ չափանիշը աղբյուրների հետ աշխատանքն է, հղումների առկայությունը, դրանց հավաստիությունը ստուգելու հնարավորությունը, հեղինակային իրավունքների պահպանումը:
Եվ վերջապես երրորդ չափանիշը լսարանի հետ ազնիվ և բաց հաղորդակցությունն է, երբ լրատվամիջոցը զերծ է մնում մանիպուլյացիաներից, սենսացիոն ու մոլորեցնող վերնագրերից, հստակ տարանջատում է փաստերն ու կարծիքները, գովազդն ու տեղեկատվությունը:
Յոզեֆ Շլերկան ասում է, որ «վարկանիշներ կազմող նախագիծը օգնում է ընթերցողներին կողմորոշվել, թե որ առցանց լրատվամիջոցը վստահելի է, իսկ որը ոչ»։ Դա գործիք է, որն ուղղված է մասնագետներին, վերլուծաբաններին և լրագրողներին, նաև օգնում է հենց Հիմնադրամին՝ ընտրելու նրանց, ովքեր ստեղծում են որակյալ լրագրություն: Այդպես է հիմնադրամը գնահատում իր աջակցության արդյունքները և համոզվում, որ իր օգնությունը հասցեական է:
Նունե Սարգսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: