2020.04.30,

Քննադատ

Լրատվամիջոցների «թասիբը» ընտանեկան մտածելակերպի ցուցիչ է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արդեն մի քանի օր է ԱԺ-ում տհաճ, գողական ոճի լեզվակռիվներ են, Գավառում, հայերենում հարմար տեղավորված բառով ասած, վենդետա է, կրակոցներ, սպանություններ, վիզ կտրելու փորձեր, հիվանդանոցը ջարդուփշուր արած վրեժխնդիրներ: 

Հետո ԱԺ փոխխոսնակի մասնակցությամբ ծեծկռտուք, խոսակցություններ՝ «թասիբի», հայհոյանքին միանգամից կոշտ պատասխանելու տղամարդկային ուժի ու «ճշտի» մասին:

Ու այս ամեն ինչի ֆոնին զարմանալի անզոր վիճակում են օրինապահ կառույցները, որոնք շատ դեպքերում հապաղում են այնքան, որ իրենց ուշացած միջամտությունը զրկվում է արդյունավետությունից: 

Այնքան լարված միջավայր է, որ նույնիսկ համավարակն է անցնել տասներորդ պլան: Իսկ առաջին պլանում ֆիզիկական հաշվեհարդարներին, բռնության կոչերին, սեռական բնույթի հայհոյանքներին ու վիրավորանքին պատասխանելու խոհերն են: Դրանք արդարացնելով, պախարակելով կամ թեկուզ՝ որևէ կերպ բացատրելով:

Ի վերջո, եթե պետությունն ինքն է առաջ քաշել «Հայաստան-օջախ» հետադիմական ուղղահայաց կոնցեպտը, ապա ուժի կիրառման դեպքում (խոսքով կամ բռունցքով), առաջին հերթին հենց պետությունը չի կարող ճիշտ արձագանքել (ժողովուրդը ընտանիք է, սրբություն, իսկ սրբություններին չեն պատժում):

Թերևս հենց նույն այդ ընտանեկան տրամաբանությամբ էլ ուղղորդվում են Հայաստանի լրատվամիջոցներից շատերը՝ առաջնային համարելով իրենց «կերակրող հայրերի» ու սեփականատերերի քաղաքական կուրսն ու քմահաճույքները, իսկ հակառակորդներին լրահոսով պատասխանելու փորձերը՝ ազնիվ գործ ու «թասիբի» հարց:

Այս ամենը սերտ կապված է նաև քրեական ենթամշակույթի հետ, որտեղ առանցքայինը կրկին «օջախ»-ն է, ներքին կապերը ու այդ կապերը ատամներով պահելու-փայփայելու ճիգերը:

Լրատվամիջոցներն ունեն իրենց սեփական լրահոսի օրակարգն ու լուրեր կազմելու իներցիայով աշխատող հոսքագիծը: Եվ այդ օրակարգը բնավ էլ կապ չունի լսարանի հետ, լսարանը նրանց համար երկրորդական մի բան է: 

Կարևորը հայրն է, օջախի գլուխը, նրա պատգամն ու դիրքը՝ քաղաքական համատեքստում:

Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի ընդհարումը, ծեծկռտուքը, հիվանդանոցում հայտնվելու փաստը լուսաբանվեց ծայրահեղ հուզական մթնոլորտում ու նույնքան ծայրահեղ մեդիա հնարքներով:

Ծեծի մասին գրեցին բոլորն ու շատ: Դեպքը արտառոց էր, նաև՝ հեշտ այս կամ այն կողմ թեքելու համար: Գավառի դեպքերում, օրինակ, շատ էին տեղեկությունների բացերը, անհայտները, իսկ երկու երիտասարդ տղամարդկանց բախումը՝ մարմնով ու խոսքերով, լավ առիթ էր լրատվամիջոցների համար ցուցադրել «թասիբը»: Իսկ ավելի կոռեկտ ասած՝ քաղաքական ուղղվածությունը:

Երբ կան կռիվ անող երկու մարդ, մեկը պետք է ճիշտ լինի, թեկուզ միայն վերնագիր դառնալով: Բնականաբար նաև, ցանկալի է, որ ճիշտ մարդը լինի մյուսի կամ հանգամանքների զոհ:

Այս վերնագրերի շքերթից միանգամից պարզ է դառնում, թե ինչ ուղղվածություն ունեն լրատվամիջոցները

Մի կողմ դնենք խնդրի բարոյական և անգամ գեղագիտական կողմը (նման կերպ կազմված լուրերը մանիպուլյատիվ են հենց առաջին հայացքից), նայենք այս իրավիճակին զուտ լրատվական արտադրանք թողարկելու տեսանկյունից: 

Իրար կողք են շարվում բառերը, կադրերը, դեպքի արձագանքները այնպես, որ միանգամից պարզ է դառնում, որ լուր թողարկելու նպատակը ոչ այնքան իրավիճակի նկարագրությունն է, այլ իրավիճակի նկարագրությունը՝ հանուն «ճիշտը» ցույց տալու: Եվ միանգամից վերնագրով:

Բնականաբար, հարձակվողը բացասական կերպար է, իսկ հարձակման ենթարկվածը՝ զոհ: Զոհ լինելը գերադասելի է, քանի որ զոհի լեզուն երկար է, հատկապես, եթե նա զոհ է հանուն «ճշտի»: Անգամ կարող է լինել հայհոյանքի զոհ, առավելևս, եթե հայհոյում են՝ նշելով մայրիկի անունն ու կապը որդու հետ:

Փաստն այն է, որ եղել է ընդհարում, «տղամարդավարի» հարցերի լուծում, պատվի համար կռիվ՝ խոսքերով ու մարմնով: 

Խոսքն ընդդեմ խոսքի, կոտոշն ընդդեմ կոտոշի, քաղաքական թիկունքն ընդդեմ մեկ այլ քաղաքական քողի:

Լրատվամիջոցները թեքում են զոհ-ագրեսոր սլաքն այնպես, ինչպես իրենց հարմար է: Եվ տեսնում ենք, որ մեծամասամբ մեդիան աշխատում է իշխանությունների դեմ: Եվ շատ կոպիտ է աշխատում, այլ կերպ չի կարող, քանի որ հակառակ դեպքում հուզական ֆոն չի ստեղծի:

Իսկ հուզական ֆոնը լավ վաճառվող ապրանք է: Եթե լուրը չեզոք է, գին չունի. սա է այսօրվա մեդիա դաշտի առաքելության գիտակցումը, որը կարճ դառնում է «թասիբ»: Շատ լրատվամիջոցների «թասիբը» թույլ չի տալիս լինել չեզոք:

Օրինակ, կարող են հանգիստ սրտով գրել «Կեցցե, Ալեն Սիմոնյանը», որ հարվածել է հայհոյողին, կամ փառաբանել «արդարության մարտիկ» Արթուր Դանիելյանին, որը վաղուց արդեն հայհոյախառն խոսք ու բռնության կոչեր տարածող է թե՛ սոցցանցերում, թե՛ եթերում: 

Բայց հաստատ է մի բան. Հայաստանում «ընտանիքները» շատ են, մեկը չէ: Իսկ Հայաստանը ընտանիք չէ:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *