2020.04.27,

Քննադատ

«Պռոշտին վատ սովորութիւն է»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

«Ռուսաստանի հայերիս մէջ մի շատ անպիտան, նորամուտ սովորութիւն սկսում է օրեցօր տարածվիլ, որ նէրս է մտնում նաեւ մէր գիւղական ժողովրդի մէջ. այդ է «պռօշտու» սովորութիւնը» («Առողջապահական թերթ», 1881, N 1, Երևան): 

19-րդ դարի վերջի մամուլը հաճախ էր անդրադառնում առողջապահական խնդիրներին՝ պայմանավորված աշխարհում, այդ թվում Հայաստանում, տարածված համաճարակներով՝ խոլերա, ժանտախտ, տիֆ, սիֆիլիս և այլն: 

Համաճարակի պատճառները շատ էին, սակայն տարածման հարցում «պռոշտին» ուներ նույն դերը, ինչ մեր օրերում: 

Եվ բժիշկներն իրենց պարտավորված էին զգում զգուշացնել, որ դա «ամենագռեհիկ» և «ամենավնասակար» սովորությունն է: Եվ ահա ինչու. 

«Յայտնի է, որ ռուսաց շատ ու շատ գիւղերի մէջ սարսափելի կերպով տարածուած է սիֆիլիսը: Ռուսաց առողջապահական մամուլը այս ժողովրդական աղետի պատճառները քննելուց, ի շարս այլոց, ստիպուած էր ցոյց տալ նաև տոներին ռուսաց ռամիկների՝ անդադար իրար շրթունքներ համբուրելու սովորութիւնը» (նույն տեղում): 

Թիֆլիսում այդ սովորությունը ևս ընդունված էր. վաճառականները վերադառնում էին Ռուսաստանից, եվրոպական այլ երկրներից՝ իրենց հետ բեռներից բացի՝ բերելով նաև սիֆիլիսի վարակը: 

Սակայն այդ մասին որևէ մեկին հայտնելն ամոթ էր: Չհամբուրվել մտերիմի հետ՝ կնշանակեր, որ ինչ-որ բան այն չէ: «Շրթունքները ձգում» ու համբուրվում էին բարեկամների հետ: 

Ըստ թերթի դիտարկման՝ տաճկահայերը նման սովորություն չունեն. նրանք, միմյանց հանդիպելիս, ձեռքը տանում են գլխի ուղղությամբ՝ այդպիսով անվտանգ ողջունելով դիմացինին: 

Անգամ գլխարկը հանելու սովորություն չունեն, ինչն առողջապահական տեսանկյունից դարձյալ ողջունելի չէ, քանի որ ձմռանը վտանգավոր է՝ գլուխը մրսացնելու տեսանկյունից, ամռանը ևս՝ «քրտնած գլուխը քամուն տալու» առումով («Առողջապահական թերթ», 1881, N 1, Երևան) : 

Սիֆիլիսը միակ համաճարակը չէր, որից հազարավոր մարդիկ էին մահանում. «Ծննդատենդը (родильная горячка) յղի կանանց յամար միշտ  եղել է մի սարսափ»:  

1875-ին 25 միլիոն բնակչություն ունեցող Պրուսիայում, ըստ «Առողջ կյանք» թերթի, մահվան  9000 դեպք է արձանագրվել. «Նոյն ժամանակամիջոցում  խոլերան ու ժանդախտը՝ երկուսը միասին, տարել են աւելի պակաս զոհեր, քան ծննդատենդը»: 

Այս սարսափելի կոտորածը կանխելու՝ բժիշկների ջանքերն արդյունք չէին տալիս: Ծննդատենդի դեմ միջոց փնտրելուն էր նվիրել իր գործունեւությունը նաև բժիշկ  Զեմելվայսը: Բայց ապարդյուն: Եվ, ահա, վախճանվում է նրա գործընկերը, որը անդամահատման գործողության ժամանակ վնասում է իր մատն ու արյան վարակումից մահանում:  

Նրա դիահերձման ժամանակ Զեմելվայսը տեսնում է, որ դիակի ներքին օրգաններում նույն փոփոխություններն են, ինչ ծննդատենդի դեպքում՝ կանանց մոտ, և ենթադրում է, որ դա մանկաբարձների ձեռքերից սեռական օրգանների միջոցով մարմնում տարածվող ախտ է: 

«Բժշկի առաջարկութեամբ՝ հիւանդանոցում պարապող բժիշկները նախ քան ծննդկանին զննելը պարտաւորւում էին լւանալ ձեռքերը խլորակրով (хлорная известь), որը նրա կարծքով պէտք է ոչնչացնէր ձեռքերի վրայ եղած վարակը: Եվ այս չնչին նախազգուշական  միջոցի հետեւանքը կատարեալ ապշեցուցիչ էր.  1840 -ից 1846  թթ. նրա հիվանդանոցում 1000 ծննդկանից մահանում էր 99-ը, քլորով ախտահանելուց հետո արդեն՝ 12-ը» («Առողջ կեանք», 1917 N2): 

Տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ էր նաև Խոլերան:  

Ի տարբերություն կորոնավիրուսի, որը համար ամենախոցելին 60-ից բարձր խումբն է, խոլերայի դեպքում վտանգի գոտում երիտասարդներն էին. 

«Ամէնից աւելի զօհվում են խօլերային այն մարդիկ, որոնք գտնվում են դեռ թարմ հասակում, այն է 20-40 տարիքում: Ծեր տղամարդիկ և կանայք սակաւ են հիւանդանում, բայց հիվանդացողներից փոքրագոյն մասն է փրկվում» («Առողջապահական թերթ», 1884, N 10-11, Երևան):

«ՄԻնչև այժմ չեն գտած այնպիսի մի դեղ, որ մի անգամից կարողանար սպանել խօլերայի սաղմը մեր մարմնում՝ առանց վնասելու մարդուս: Այդ պատճառով էլ չունենք դեղ խօլերայի դեմ հաստատ ու ազդու դեղ» (նույն տեղում):

Ինչպե՞ ս պաշտպանվել վարակվելուց. 19 -րդ դարում միջոցները նույնն էին, ինչ այսօր՝ 21-րդ դարում: 

Կանխարգելել հիվանդության տարածումը, չշփվել հնարավոր հիվանդների հետ, տնից դուրս գալ՝ ըստ անհրաժեշտության, ազգային տոներին, խնջույքներին կամ մարդաշատ միջոցառումներին չմասնակցել. 

«Եթէ մեկ քաղաքում խօլէրա կայ, դրացի քաղաքներն ու գիւղերը պէտք է աշխատեն ինչքան կարելի է սակաւ յարաբերութիւն ունենալ վարակուած կենդրոնի հետ: Խօսքներս մաքրանների (կարանտին) «վրա չէ», որոնք այժմեան յաճախակի և անդադար յարաբերութեանց ժամանակ նշանակութիւն չունեն և հազիւ թէ օգտավետ են, այլ մեր խոսքը նախապահպանութեանց վրա է, որ մարդիկ զանազան կողմերից չը ժողովուեն խօլէրայով վարակուած տեղը, եթէ այդ տեղում լինի ազգային տօն, ուխտատեղ, վաճառահանդէս և այլն: Նաև մասնավոր գործերով էլ չը չպետք է գնալ վարակուած տեղը՝ զի օրինակ՝ ապրանք առնելու կամ ծախելու, աշխատանք գտնելու և այլն, առանց անհրաժեշտ հարկավորութիւն ունենալու չը պետք է գնալ վարակուած քաղաքը, որպես զի կարելի լինի, որ մարդ իր անձն պահպանի և չ՜ անցկացնի այդ հիւանդութիւնն իր երկրացիների վրա: Այդ նախազգուշութիւնը շատ հեշտ է կատարելը, որովհետև էպիդեմիայի կատաղի ժամանակը սովորաբար երկարատև չի լինում» («Առողջապահական թերթ», 1884, N 10-11, Երևան): 

Բայց, ամենակարևոր խորհուրդներից մեկը, որը տալիս էին գրեթե բոլոր բժիշկները, միմյանց հանդիպելիս՝ չհամբուրվելն էր:  

Ընդ որում, առանձնահատուկ շեշտվում էր, որ այդ սովորության հիմնական «կրողները» տղամարդիկ են.

«Զգուշաւոր պետք է ըլլալ համբուրելու սովորութեան մեջ եւ այս մասին հսկելու է մանաւանդ տղաքներու վրայ: Համբուրելու կամ համբուրուելու սովորութիւնը շատ ընդհանրացած է ինչպէս Ռուսիոյ, Միացյալ Նահանգներու, Սուրիոյ, Յունաստանի, նոյնպէս եւ դժբաղդաբար մեր մէջ: Ձեռք սեղմելը պետք է» («Բուժակ», 1919, N 1-12):

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *