2020.04.24,

Քննադատ

Միսաք Թոռլաքյանի դատը՝ թուրք լրագրողի գրառումներում

1921 թվականին Ստամբուլի բրիտանական դատարանում երկու ամիս ընթացող դատը լայնորեն լուսաբանողներից «Իլերի» օրաթերթի թղթակից Ահմեդ Չեմալեդինն իր ծավալուն թղթակցությունների հիման վրա գիրք կազմեց՝ «Մեր ժամանակների ամենամեծ ու ամենահետաքրքիր դատավարությունը` Թոռլաքյանի դատավարությունը»:

Գրքում լրագրողը դիմել էր ընթերցողին. «Իմ նպատակն է բառացի վերարտադրել այն դատավարության ընթացքը, որ ես լսեցի: Ընթերցողին կմնա անել բանական եզրակացություն»:

Ամենամեծ ու ամենահետաքրքիր

1921 թվականի հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրին:

Դրանից ամիսներ առաջ, մարտի 15-ին, Բեռլինում առաջին ու միակ անգամ հանդիպել էին Թեհլերյանն ու Թալեաթը:

Բաքվի ջարդերի կազմակերպիչ Ջիվանշիրը 1918 թվականին դեռևս հոխորտում էր. «Ես ներքին գործերի նախարար եմ դարձել, որպեսզի հայերի հաշիվները մաքրեմ» («Կավկազսկոյե սլովո», թիվ 262, 3 դեկտեմբեր, 1918):

Բոլշևիկներն էլ մարդասպանին առևտրական կոմիսարի պաշտոնով Լենինի անունից գործուղեցին Ստամբուլ՝ բարձր ռոճիկով: Ստամբուլում, իր բնակված շքեղ հյուրանոցի առաջ էլ նրան գտավ Թոռլաքյանը…

Միսաք Թոռլաքյանը ձերբակալվեց և դատվեց բրիտանական դատարանում, որտեղ պահակներից մինչև դատավորները անգլիացիներ էին:

Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությանը ծանոթ ենք, որովհետև ժամանակին և լայնորեն լուսաբանվել է, իսկ մի քանի ամիս անց ընթացած Թոռլաքյանի ստամբուլյան՝ ամենամեծ ու ամենահետաքրքիր որակված դատավարության մասին քիչ բան գիտենք:

Խորհրդային Հայստանում առավել քիչ ինֆորմացիա կար, կամ արդարադատի անունից բացի՝ ուրիշ ոչինչ:

Միայն 2008 թվականին հայերեն թարգմանվեց թուրք թղթակցի գրքի և բրիտանական աղբյուրների հիման վրա կազմված Վարդգես Եղիայանի և Արա Արաբյանի «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը» ժողովածուն:

Շարադրենք մեկ դար առաջ տեղի ունեցած դատավարության պատկերն, այսօրվա իմաստով՝ լրագրողական խիզախություն դրսևորած թուրք թղթակցի տեքստերով:

Թոռլաքյանի հարցաքննությունից.

– Ձեր ընտանիքից վերապրողներ կա՞ն:
– Ոչ:
– Ձեր ընտանիքը հարու՞ստ էր:
– Այո, մենք այգիներ, մրգաստաններ ու տներ ունեինք:
– Ինչո՞ւ էիր զենք կրում:
– Ես այն պահում էի անձս պաշտպանելու համար, որովհետև այս երկրում միշտ գողություններ ու մարդասպանություններ են տեղի ունենում:
– Խղճի խայթ ունենու՞մ եք:
– Ոչ, խիղճս լրիվ հանգիստ է:

Թոռլաքյանի դատապաշտպան Հմայակ Խոսրովյանը Բեռլինում ներկա էր եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, և նույն ռազմավարությունը կիրառեց Կոստանդնուպոլսի դատավարության ժամանակ, պնդելով ոչ թե ամբաստանյալի անմեղության, այլ ազատ արձակման վրա՝ վկայակոչելով նրա հոգեկան վիճակը:

Խոսրովյանն ապացուցում է, որ Ջիվանշիրը շարունակել է Թալեաթի գործը:

Եվ իր պաշտպանական խոսքը կառուցում է կոնտրաստի վրա, ներկայացնում իբրև հուզիչ պատմություն՝ երկու կերպարների բախման մասին.

«Մի ամառային տաք գիշեր երկու մարդկանց ուղիները խաչաձևվում են Ստամբուլի ամենահիանալի պանդոկներից մեկի մուտքի մոտ: Նրանցից մեկը հարուստ էր, նախանձելի դիրք ուներ, կինը իր հետ էր, եղբայրները ընկերուհիների հետ մի քանի քայլ հետ էին: Մյուսը մի խեղճ գյուղացի էր, նա միայնակ էր և ոչ միայն այդ գիշեր, այլև միշտ, ամբողջ աշխարհում: Մի ժամանակ, անցյալում, նա նույնպես երջանիկ կյանք էր վարում եղբայրների ու կնոջ հետ: Սակայն իր սիրեցյալներն այլևս կենդանի չէին, իր շրջապատում ամեն ինչ խավար էր: Այսպիսին էր այս մարդկանց վիճակը, երբ այդ սարսափելի դեպքը նրանցից մեկին բերեց այս դատարանը»:

Դատապաշտպանն ասում է, որ զոհն ու դահիճը հանդիպել էին՝ փախչելով նույն արյունոտ քաղաքից, իսկ գյուղացին երբևէ չէր սպասում, որ կհանդիպի իր հարազատների դահիճ հարուստին.

«Երբ գյուղացին հանդիպեց նրան, ականջներում արձագանքեց հոր սրտաճմլիկ ճիչը: Նա երևակայեց, որ մարդասպանը հարձակվոմ է իր վրա`իրեն ևս սպանելու համար: Արյունը գլխին է խփել, և պատահել է անխուսափելին: Եվ այն մարդը, ով կազմակերպել և իրականացրել էր Բաքվի կոտորածները, դադարում է գոյություն ունենալուց: Մի անգիտակից ձեռք սպանել էր նրան: … Երբ նման մի մարդասպան ինքն իրեն ցուցադրում է հանրությանը, մի՞ թե սա գրգռիչ չէ»:

Վկա Երվանդ Օտյան

Միսաք Թոռլաքյանի դատավարությունը հայկական ներուժի, խելքի ու հնարագետ վարքի բացառիկ ու հպարտ օրինակ է:

Իսկապես սպանվել էին նրա բոլոր հարազատները, ավերակվել՝ Արևմտյան Հայաստանի իր ծննդավայր Տրապիզոնը: Թոռլաքյանի ընտանիքի պատմությունը Ցեղասպանության թեմայով լավագույն վեպի՝ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանի» կարևոր թեմաներից  է:

1921 թվականի դատի ժամանակ նախ պետք էր ամեն հնար գործադրել, որպեսզի մարտական ուղի անցած զինվորը ներկայանար իբրև խեղճ գյուղացի: Եվ ամենակարևորը՝ չբացահայտվեր նոր միայն սկսված Նեմեսիս գործողությունը:

Թոռլաքյանն ուներ երեք դատապաշտպան, անգլիացի դատաբժիշկ, տարբեր երկրներից ժամանած երեք տասնյակ վկա: Մի խոսքով, կուռ պաշտպանություն՝ ողջ պատմական զայրույթով:

Թուրքերեն իմացող սպա, վկա Գրիգոր Ամիրյանը ներկաներին ցույց տվեց Ջիվանշիրի ստորագրությամբ քաղաքապետերին ուղղված հանցագործ գրությունը.

«Սա սուրբ պատերազմ է, հանուն թուրք ցեղի բոլոր հատվածների միացման: Դա անելու համար անհրաժեշտ պիտի լինի ոչնչացնել հայ ցեղը»:

Վկա դոկտոր Դեյվիսը ցուցմունք տվեց, որ Ջիվանշիրին տեսնելուց հետո մեղադրյալի հուզմունքն ու գրգռությունը, որոնք բխում են իր ընտանիքի և հարազատների հիշատակից, առաջացրին մի տեսակ նոպա, նյարդային ցնցում, և նա մարդասպանությունը կատարել է այդ վիճակում:

15-րդ վկա, գրող Երվանդ Օտյանը, որը չորս տարի իր կյանքի վրա էր զգացել Ցեղասպանության սարսափները, դատարանում պարզաբանում է, որ «տեղահանությունը հայերին ոչնչացնելու նպատակին ուղղված քաղաքականություն էր»:

– Պատիժը համաչա՞փ էր ոճրին:
– Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե պատիժ էր, այլ ոչնչացման քաղաքականություն:
- Թուրքերն իրենց բնավորությամբ վստահելի՞ են, հյուրընկա՞լ, թե՞ վրեժխնդիր, կռվարար ու ատող են:
- Ինչ որ կատարվեց պատերազմի ժամանակ, ցույց է տալիս թուրքերի հոգեբանությունը:
- Ես ասացի տեղահանությունից դուրս:
- Ես թուրք ժողովրդի մասին լավ կարծիք ունեի..

Գաղտնի կազմակերպություն կասկած

Թուրք դատաբժիշկներն ու դատախազը դատարանում պնդում են, որ Թոռլաքյանը հոգեպես առողջ է, և կատարվածը նպատակադրված մարդասպանություն է:

Թուրք դատաբժիշկ Օսման բեյի տպավորությամբ Թոռլաքյանը երկչոտ, քաղաքավարի անձնավորություն է, խոսում է մղձավանջներ ունենալու մասին, չի կարողանում քնել, իր համար կյանքն և մահը նույնն են:

Սակայն սպանության ժամանակ հիվանդ չի եղել:

Եզրափակիչ խոսքում դատախազը կասկած է հայտնում, որ գործ ունեն կազմակերպված գործողության հետ.

«Մեղադրյալը լուռ եկավ նրա հետևից և երեք անգամ կրակեց մարմնին: Դատարանը երբևիցե լսե՞լ է մարդասպանության առավել նպատակադրված մի դեպք: … Կասկած չկա, որ Թոռլաքյանը գործում է մի գաղտնի կազմակերպության անունից: 30 վկա անմիջապես այստեղ եկան նրան պաշտպանելու համար: Պաշտպանյալը նույնիսկ չի կարողացել մի կարգին թուրքերեն սովորել, մինչդեռ նա մասնագետ բժշկի նման սովորել է մտավոր անհավասարակշռության ախտանիշների, էպիլեպսիայի և խելացնորության մասին: Թեև նա ասաց, որ գրպանում ոչ մի պեննի չի ունեցել, կարողացել է վարձել երեք գլխավոր փաստաբանի և մեկ թարգմանչի՝ դատական լսումների երկու ամսվա ընթացքում: Տրված մի ազդանշանով, երեք հայտնի բժիշկ գնացին նրա բանտախուցը…»:

1921 թվականի նոյեմբերի 4-ին Ստամբուլի օրաթերթերը տպագրեցին «Ռոյթերս»  և «Հավաս» գործակալությունների լուրը.

«Միսաք Թոռլաքյանի դատավարության վճիռը հայտարարվել է այսօր: Մարդասպանության գործում մեղադրյալի հանցանքը հաստատվեց, սակայն դատարանը նրան գտավ անմեղսունակ և ոչ պատասխանատու»:

32 տարեկան Միսաք Թոռլաքյանը այլևս երբեք իր ծննդավայր չվերադարձավ: Նավով հեռացավ Հունաստան, Ռումինիամ ապա ԱՄՆ:

Հ.Գ. Պարզ կամ խորհրդավոր զուգադիպությամբ 1968 թվականին հովվապետական այցով ԱՄՆ-ում գտնվող Վազգեն Ա Կաթողիկոսն այցի գնաց Ֆրեզնոյի հիվանդանոցում մահամերձ Միսաք Թոռլաքյանին, հայրապետական իր աջը դնելով Նեմեսիսի դաշնակցական ուխտավորի ճակատին և Ազգային հերոսի օրհնություն շնորհելով:

Գայանե Մկրտչյան
թատերագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *