2020.04.20,

Քննադատ

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ լրատվական դաշտը կատաղած է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ապրիլի 19-ին, ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ ու խոսեց իշխանությունների թավշյա գործելակերպի ու ամենաթողության մասին:

Այս լայվը շատ նուրբ ու կարևոր նկատառումներից բացի, կարծես դարձավ նոր կադրային վերափոխումների անոնս:

Վարչապետն ասաց, որ կադրային ջարդ ու վենդետաներ չեն լինելու, այլ լինելու են «զտումներ»:

Ըստ նրա՝ երկու տարվա ընթացքում կոռումպացված համակարգում աշխատած մարդկանց տրվել է շանս՝ փոխվելու: Եվ եթե այդ շանսից նրանք չեն օգտվել կամ շանսը չարաշահել են, ապա «պետք է դուրս շպրտվեն, դեն նետվեն պետական կառավարման համակարգից»:

Փաշինյանը խոսեց նաև «մաֆիոզ տրամաբանության» մասին (երբ որակի նշան են դարձել տարբեր արտոնություններն ու փայ մտնելու ցանկությունը), այդ թվում նաև լրատվական ոլորտում: Նա հիշեցրեց, որ երեսուն տարիների ընթացքում իշխանությունների համար անցանկալի ամեն ինչը խլեցվում էր փողով կամ  բռնությամբ՝ ծեծով, ուժով և այլն:

Լրատվական դաշտին նա անդրադարձավ բավականին կոշտ ձևակերպումներով.

«Ինչպե՞ս է կառավարվել լրատվական դաշտը: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանություններից կոնկրետ փող են ստացել: Էդպես են կառավարվել: Հիմա չեն ստանում այդ փողը: Եվ ամբողջ լրատվական դաշտը կատաղած է, որ առաջ փող էին ստանում, իսկ հիմա չեն ստանում: Հիմա եթե ստանում են ուրիշ տեղերից, վախվխելով են ստանում՝ կարող է, ինչ-որ տեղ, ինչ-որ բան բացահայտվի և խայտառակ լինեն: Եվ այն, ինչը տեղի է ունենում, հենց բուն, խորքային հեղափոխությունն է»:

Այս անդրադարձի առիթը նաև ապրիլի 17-ին տեղի ունեցած վարչապետի ելույթն էր՝ Հանրային հեռուստաընկերությամբ:

Երբ պարզվեց, որ հասանելի են վարչապետի ուղիղ խոսքի տեխնիկական փորձերի կադրերը, որոնց հիման վրա հավաքվել ու տարածվել էր ծաղրական նյութ:

Կադրերի «արտահոսքը» տեղի էր ունեցել Հանրային հեռուստատեսությունից, որը բաց ազդանշանով կապ էր ապահովել ևս ութ հեռուստաընկերությունների համար:

Ստացվեց, որ եթե առաջին դեմքի ուղերձի խոհանոցային կադրերը հասու են բոլորին, ապա առկա է տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիր։

Այդ ուղերձից հետո սկսվեց «փոխհրաձգություն» Հանրային հեռուստաընկերության և վարչապետի աշխատակազմի միջև։

Ելույթից մի քանի ժամ անց Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ «Հանրայինից որևէ արտահոսք չի եղել»:

Բայց քանի որ հեռարձակվել են այն կադրերը, որոնք նախատեսված չէին ուղիղ հեռարձակման համար, Հանրայինը փաստացի առաջարկեց խնդիրը որոնել այն ալիքներում, որոնց ուղարկվել է տեխնիկական ազդանշանը.

«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար»:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատասխանեց, պնդելով, որ «պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ»։

Նա պատմեց, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, ուղիղ հեռարձակումից առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար, իսկ վարչապետի լրատվական ծառայությունն այդ մասին իմացել է ուղերձից 20 վայրկյան առաջ.

«Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում»:

Մանե Գևորգյանն այս դիպվածը անվանեց «ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք».

«Խիստ թափթփված աշխատաոճի վկայություն է նաև վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական»։

Վերջում նա ավելացրեց, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:

Արձագանքեց Հանրայինի ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը, որն այդ հեռարձակման պատասխանատուն էր: Նա Ֆեյսբուքում գրեց.

«Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել՝ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին»:

Նա ասաց, որ «իր պրոֆեսիոնալիզմը թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները», քանի որ վարչապետին տեղեկացնելը, որ նա եթերում է, Մանե Գևորգյանի գործն է։

«Ես չեմ ուզում հավատալ, որ այս ծանր օրերին դավեր են նյութվում անձնական հարցեր լուծելու նպատակով։ Անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար»,- գրեց նա:

Դրանից հետո պատասխանեց Հանրայինը, նշելով, որ «խորապես ցավում են նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ» և նույնպես հայտարարեց, «որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին», քանի որ «հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը»:

Հանրայինը պնդեց, որ «արտահոսք» բառը մասնագիտորեն տեղին չէ:

«Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է ՝ մենք 𝐑𝐄𝐂. ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է»,- ասված էր հայտարարության մեջ:

Իհարկե, հարց է առաջանում, թե ինչու են վարչապետի ներկայությամբ կադրերը հայտնվել եթերում փորձարկումների ժամանակ (ընթացակարգը պահանջում է նաև, որ պատկերը շտկվի հատուկ գունային ցուցանակով կամ չեզոք կադրով, նույնն էլ ձայնի որակի ստուգման դեպքում է):

Եվ ամենակարևորը՝ ինչու այդ մասին չգիտեր հենց վարչապետը:

Մանավանդ, հաշվի առնելով, որ բաց կապուղուց օգտվել են այն լրատվամիջոցները, որոնք ունեն սեփական օրակարգն ու ֆինանսավորման տարբեր աղբյուրներ՝ նախկին իշխանություններից։

Թեև «արտահոսած» կադրերի բովանդակությունը բնավ էլ որևէ կերպ վարկաբեկող չէր (մարդը հազում է, շշից ջուր խմում և այլն), սակայն փաստն ինքնին մտահոգիչ էր: Հարց առաջացավ՝ ուրեմն հնարավո՞ր է…

Նիկոլ Փաշինյանն իր լայվում ասաց.

«Այս վերջին խայտառակ ուղիղ եթերի տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ ճիշտն ասած, զարմացնում են… Իհարկե, շատ վատ երևույթ է տեղի ունեցել, բայց այդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամենի, ինչը երևում է կադրում: Կադրում երևում է սովորական աշխատանքային մի իրավիճակ…»:

Իսկ արդեն նոր աշխատանքային շաբաթվա սկզբին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ «Իմ քայլ»-ի համար այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի:

Որ իրենց դիրքորոշումը լինելու է «կոշտ ու վճռական», և անգամ նշանակություն չունի, թե միջադեպը տեղի է ունեցել անփութության, թե դիտավորության դրդապատճառներով.

«Հնչում են կարծիքներ, որ վարչապետի մամլո խոսնակը կրում է պատասախանատվություն, և առաջինը ինքը պետք է բացատրություններ և պարզաբանումներ տա: Ես այդ կարծիքը չեմ կիսում»:

Նա ասաց, որ խոսնակի պարտականությունների ցանկում ներառված չէ «հեռարձակման տեխնիկական նրբությունների տիրապետումը», դրանց մասին տեղեկացնելն ու իրազեկելը այն անձանց գործն է, որոնք պարտավորված են դա անել իրենց աշխատանքի շրջանակներում:

Եվ եթե, ի վերջո, 15-20 րոպե շարունակ հեռարձակում է տեղի ունեցել և «անգամ օգտագործվել է ինչ-որ տերմինաբանություն (Ռեք, այսինքն տեսագրություն)», որը դիմացինը չի լսել, ապա հնարավորություն կար ինչ-որ կերպ այս մասին տեղեկացնելու:

«Մենք պնդում ենք, որ այս ամենը չի կարող անհետևանք մնալ և չի մնալու»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Խմբակցությունը պատրաստվում է հրավիրել ՀՌՀ-ին և «ոչ միայն պահանջել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու», այլև զբաղվել պատասխանատվության խնդրով:

Նիկոլ Փաշինյանն իր լայվում երկու կարևոր հոգեբանական կետ միացրեց իրար:

Առաջինը հիասթափությունն է, այդ թվում նաև թավշյա, մեղմ մեթոդներից և երկրորդը՝ նրա ասած կատաղած վիճակը, երբ կա բարկություն նույն թավշյա մեթոդներից, քանի որ մարդիկ զգում են, թե արդյունք չկա և հասունացել է նոր հարաբերություններ կառուցելու պահանջը:

Նրա խոսքը որոշ իմաստով՝ ծրագրային է: Մոտավորապես այսպես՝ պետք են նոր հարաբերություններ, որոնք ամենից բարդն են վերափոխվում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *