2020.04.13,

Քննադատ

Կորոնաֆուտբոլ ենք խաղում, գրում նամակ Պարետին ու կազմում քրոնիկոններ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կորոնավիրուսը թափառում է աշխարհով մեկ՝ դրդելով մարդկանց ոչ միայն դառնալ կրիա ու դանդաղեցնել կենսական պրոցեսները, այլև ինքնարտահայտվել: Չէ, իհարկե, պահպանում ենք ինքնամեկուսացման ու տեղաշարժման կանոնները, բայց նաև ստեղծարարության մեր բաժինն ենք ուզում: Եվ առաջանում է հարց՝ ինչպե՞ս և որտե՞ղ անել դա:

Հետաքրքիր առաջարկություններ ունեն այն հարթակները, որոնք ճկուն են ու ազատ (թե՛ մտքով, թե՛ բյուրոկրատական ապարատից): Դրանք ավելի շուտ լոկալ նախաձեռնություններ են, որոնք գործում են պետական հովանուց անկախ և արտակարգ իրավիճակի պայմաններում կարողանում են զբաղեցնել շատ թանկարժեք տարածքներ՝ ցպահանջ փոխվելով:

Նման երեք թանկ նախաձեռնությունների մասին կփորձենք պատմել:

Արտակարգ ժամանակի քրոնիկոններ

«Բուն» գիտա-մասնագիտական հարթակը, որն արդեն վաղուց դարձել է հայերեն շարադրված մտքի հավաքագրման շտեմարան՝ ներկայացնելով բանախոսությունների, վավերագրությունների շարքեր ու քննարկումներ, փորձում է գտնել նոր ճեղքեր՝ ինքնամեկուսացումը մեղմելու համար: 

Քարոզչական խոսքին այլընտրանքային (գիտական ու ստեղծարար) հարթակ լինելով, «Բունը» նոր ձևաչափեր է գործարկում՝ վիդեոն փոխարինելով ավելի հեշտ կազմակերպելի աուդիոյով կամ արտակարգ ռեժիմին հատուկ մենախոսություններով, որոնք, իրականում երկխոսություն են (ես եմ ու ես):

«Բունի» համահիմնադիր Քրիստինե Արմենակյանն ասում է, որ երբ պարզ դարձավ, որ աշխատելու իրենց ծանոթ ձևերն այլևս չեն գործում, իսկ նորերն էլ դեռ չեն հորինել, հասկացան, որ կանգնած են լոկալ հայտնագործությունների շեմին:

«Բունն» այս իրավիճակը դիտարկեց որպես հայտնագործելու առիթ:

«Անհրաժեշտ էր լինել հնարամիտ, ստեղծագործ և արագ: Խոստովանեմ, որ արագ լինել մեզ այդքան էլ չհաջողվեց, քանի որ արտակարգ դրության առաջին իսկ օրերից շատերը սկսեցին Բուն TV-ի տեսանյութերից տարածել՝ նշելով, որ վերջապես եկավ բաց թողածը լրացնելու, չնայածը նայելու, նայածը վերանայելու հանդարտ ժամանակը: Այդպես վարվեցին շատերը, այդպես չվարվեցինք մենք, քանի որ թիմով համաձայն չէինք մեր համացանցային ներկայությունն ապահովել զուտ հին կոնտենտ պտտելով, ակնհայտ էր, որ նոր ձևաչափերի կարիք կա»,- ասում է նա: 

Այսպես սկիզբ դրվեց մարտյան, արդեն՝ ապրիլյան աուդիոքրոնիկներին: «Բունը» նախապես կազմված հարցաշարն ուղարկեց տարբեր ոլորտների մասնագետների, իսկ ավելի ճիշտ՝ Քրիստինեի ասած՝ «անկաշկանդ միտք ունեցող մարդկանց»՝ խնդրելով հեռախոսով ձայնագրել իրենց պատասխաններն ու ուղարկել «Բունին»: 

«Ստացված աուդիոն կցում էինք դատարկ լսարանի ֆոնին ու բավականին ազդեցիկ պատկեր ստանում՝ խոսողի և լսողի շեշտված բացակայությամբ: Կարծում եմ՝ այս շարքի բովանդակությունը պիտանի կարող է լինել մեր կյանքի այս փուլը հետազոտողների համար»,- պատմում է Քրիստինեն: 

Այս օրերին սկիզբ դրվեց նաև մեկ այլ շարքի, որ կոչվեց «Դռնփակ»: 

Դա վիդեոպատմությունների շարք է՝ փակ կյանքով ապրող մարդու և նրա պատուհանից բացվող ամենօրյա կրկնվող տեսարանի մասին: Մարդու և պատկերի միջև ընթացքող ներքին երկխոսություն է:

«Բունը» հատկանշական է համարում, որ նոր ծրագրերը ստեղծվում են բացառապես դիտողների ջանքերով, երբ սպառողը վերածվում է ստեղծողի: 

Եվ ցանկացած խնդրանք-առաջարկի մարդիկ արձագանքում են մեծ պատրաստակամությամբ, քանի որ, նախ՝ ունեն ազատ ժամանակ, երկրորդ՝ ինչ-որ բան ստեղծելու՝ օրեցօր սրվող ցանկություն:

«Կորոնաֆուտբոլը» որպես խմբային վավերագրական վեպ

«Գրողուցավ» գրական հանդեսը մի քանի տարի առաջ դադարեցրել էր իր գործունեությունը: 

«Պատճառը որոշակի ճգնաժամն էր, որ առկա էր քաղաքականության ու գրականության հարաբերություններում, մի տեսակ դադար էր, վերարժևորման պահ: «Գրողուցավը» ստեղծվել էր, երբ գրականությունը եփվում էր ինքն իր հյութի մեջ՝ գրական թերթերում ու հանդեսներում ու կարիք ուներ դուրս գալու իր պատյանից, դրվելու քաղաքական կոնտեքստի մեջ», – պատմում է հանդեսի հիմնադիր, գրող Արփի Ոսկանյանը:

Պատյանից դուրս գալու, նոր ժանրեր ու լեզու ստեղծելու հետաքրքիր առիթ դարձավ կորոնավիրուսը: 

Ծագեց «Կորոնաֆուտբոլ» գրական-վավերագրական նախագիծը, ավելի շուտ խմբային վեպը, որը գրվում է փոխանցումներով, իրար պատասխանելու ռիթմով:

Ամեն ինչ սկսվեց Մեսրոպ Հարությունյանի մի կարճ պատմվածքից, որտեղ նա հիշատակում էր իր ընկերներին ու նրանց մասին զվարճալի դատողություններ անում։ Ընկերները որոշեցին պատասխանել:

«Խմբային վեպ գրելու գաղափարը նոր չի, քսաներորդ դարի համաշխարհային գրականությունը տվել է նման օրինակներ, այստեղ նորույթը պայմանավորված է եզակի իրավիճակով, որ բերել է իր հետ կորոնավիրուսի համաճարակը, դրա հետ կապված սահմանափակումներով, ճնշիչ մեխանիզմի գործարկմամբ և այլն»,- ասում է Արփին։ 

Վեպը ոճավորված է ֆուտբոլային խաղի կանոններով, մասնակիցները ոչ թե պարզապես մասնակցում են կամ իրենց բաժին տեքստն են գրում, այլ բառացիորեն խաղում են տեքստի հետ, լեզվի ու մտքի, իրար պաս են տալիս տեքստը, ինչպես կփոխանցեին ֆուտբոլի գնդակը, ընդունում են այն, գոլ են խփում և այլն։ Հընթացս նաև վավերագրում են արտակարգ դրության սահմանափակումներն ու Covid19 վարակի տարածման ընթացքը։  

Այս պահին տեքստը գրում են վեց հոգի, որոնք պարբերաբար մարտահրավեր են ուղարկում իրենց ընկերներին՝ հորդորելով նրանց միանալ ու խաղալ իրենց հետ:

«Սա ոչ միայն մտավոր զբաղմունք է, այլև զվարճանք և ինչ-որ առումով նույնիսկ լուրերի թողարկում։ Անկեղծ ասած՝ ես դադարել եմ հետևել պաշտոնական հաղորդագրություններին այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրում կորոնավիրուսի հետ մղվող ճակատամարտի առաջնագծում ու թիկունքում։ Բոլոր արժեքավոր նորություններն իմանում եմ «Կորոնաֆուտբոլից», որը նաև ապահովում է իմ օրվա ընտիր տրամադրությունը, հետևաբար՝ նաև բարձրացնում դիմադրողականությունս»,- ասում Արփին։ 

Նա պատմում է, որ եթե նախկինում օրը 24 ժամ հետևում էր նոր վարակվածների, բուժվածների, գրանցված մահերի վիճակագրությանն ու զանազան ինֆոգրաֆիկաների, հիմա  պարզապես հետևում է կորոնաֆուտբոլի լսարանի քանակական տատանումներին։ 

«Կորոնաֆուտբոլից» բացի «Գրողուցավը» Covid19-ի հետ կապված մեկ այլ ծրագիր ունի՝ տպագրում է մարդկանց պատմությունները արգելափակման պայմաններում: Դրանք գեղարվեստական ստեղծագործություններ, շարադրություններ, խոհեր կամ այլ բան են։

Արփին վստահ է, որ երբ փոխում ես քո առաջ դրված խնդիրը, անխուսափելիորեն ստեղծվում են նաև նոր ֆորմաներ, հնարավոր է՝ նաև ժանրեր։ Ժամանակին, այդպես առաջացան քաղաքական հանելուկի կամ պաստառ-պատմվածքի ժանրերը.

«Ընդհանրապես շատ դժվար է նոր բան սպասել ամորֆ ու հոմոգեն միջավայրից։ Իհարկե, կստեղծվեն գեղագիտական տեսանկյունից լավ տեքստեր, գեղեցիկ տեքստեր, պրոֆեսիոնալ «սարքած» տեքստեր, անկեղծ տեքստեր և այլն, բայց որպեսզի գրականությունը մի տեղից գնա մի ուրիշ տեղ, պիտի փոխվի կոնտեքստը։ Հիմա փոխվում է»:

Մնա տանը, պատմվածք գրի

«Զանգակ» հրատարակչությունը մտածեց, որ արտակարգ իրավիճակում կապերը չխզելու համար անհրաժեշտ է շեղվել դասական ուղուց և ընթերցողին գրող դարձնել: Եվ հայտարարեց կարճ պատմվածքների մրցույթ՝ անվանելով այն «Նամակ Պարետին»:

«Զանգակ»-ի գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանն ասում է, որ նպատակ կար նախ՝ պահպանել կապերը գրականություն սիրող և ստեղծող մարդկանց միջև, և հետո՝ անել այնպես, որ մարդկանց մեջ կուտակված էներգիան վերածվի տեքստերի: 

Նա բնավ չի կարծում, որ արտակարգ դրությունը ապատիա է առաջացնում ընթերցողի մոտ, անգամ ընդհակառակը՝ ցանկություն կա ստեղծագործելու:

Մրցույթի անվանումը Հայկը համարում է խորհրդանշական, քանի որ Պարետը պայմանական կերպար է.

«Պարետը ստեղծված իրավիճակի սիմվոլն է, հասցեատերը: Նա է, որ կարգավորում է մեր կյանքը, կալանավորում՝ հոգատարությամբ: Գրեթե Աստծո կամ նույնիսկ Գոդոյի պես: Իհարկե, պատմվածքները չպիտի իրական Պարետին ուղղված նամակ լինեն, ասենք, բողոք կամ խնդրանք, այլ լինեն գեղարվեստական կարճ ստեղծագործություն»:

Մրցույթը բոլորի համար է, փորձառուներից մինչև սկսնակներ, կարևորը, որ պատմությունը լինի հետաքրքիր ու դառնա հենց այսօրվա ժամանակի վավերագրությունը: Նամակը՝ ձևն է, Պարետը՝ վերին ատյանը (այս օրերում):

«Զանգակը» պատմվածքները կհավաքագրի, հետո լավագույնները կհրապարակի առանձին տպագիր ժողովածուի տեսքով և հրատարակչության ֆեյսբուքյան էջում: 

Հայկ Համբարձումյանն ասում է, որ այս քայլը հրատարակչության գովազդ չէ, այլ գրողներին բացահայտելու ու նոր գործընկերներ գտնելու հնարավորություն: 

Հրատարակչությունները միշտ են դա անում, պարզապես հիմա կորոնավիրուսից մեկուսացման պայմաններում անում են դա ասելով՝ մնա տանը ու պատմվածք գրի:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *