Երբ հետաձգված կամ չեղարկված համերգների, ցուցահանդեսների ու ներկայացումների ցանկը դարձավ միակ արվեստի դայջեսթը, պահանջ առաջացավ որևէ կերպ կամուրջ ստեղծել նիրհող, բայց աշխատող հեռուստաալիքների ու արտիստներին պարուրած լռության միջև:
Երաժշտին լսարան է պետք, իսկ հեռուստատեսությանը՝ մեկուսացման պահանջին հարմարեցված, բայց արդիական արտադրանք:
Եվ որքան էլ լսենք, որ այս կամ այն երաժիշտն ու երգիչը լայվ է մտնում տնից ու նվագում կարանտինում գտնվող լսարանի համար, դա միևնույն է չի փոխանցի լիարժեք համերգից ստացած տպավորությունը:
Կենդանի կատարմանը, այն էլ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, անհրաժեշտ է որակ:
Թե՛ միկրոֆոնների դասավորման, թե՛ խցիկների տեղադրման, թե՛ այդ ամենը համադրելու որակ:
Երբ Հանրային հեռուստատեսությունը սկսեց իր «Արտակարգ համերգ» շարքը՝ տաղավար հրավիրելով տարբեր խմբերի ու կատարողների, դա ընկալվեց որպես թարմ ու փայլուն որոշում, թեկուզ միայն այն պատճառով, որ հեռուստաընկերությունը տեխնիկապես հագեցած է և կարող է համերգներ նկարահանել այնպես, որ դրանք ոչ միայն լինեն պահի թելադրանք, այլև՝ արժեքավոր ներդրում:
Սովորաբար լավ խմբերն ու կատարողները հիմա հազվադեպ են ունենում որակյալ վիզուալ փաթեթավորում, տեսահոլովակները արդեն սպառման եզրին հայտնված ինքնաներկայացման քայլ են:
Լավ երաժիշտը նա է, ով ունակ է կրել համերգային բեռը:
Պատրաստ է ոչ թե մեկ երգի, այլ երաժշտական երկարատև զրույցի՝ սեփական տրամաբանական դադարներով:
Հանրայինը արտակարգ դրության օրերին նման համերգների մի ողջ շարք կազմակերպեց: Եվ դեռ շարունակելու է:
Համերգները ուղիղ հեռարձակմամբ են, որակյալ ձայնով ու լավ մոնտաժված: Այսինքն, հենց այնպես, ինչպես պիտի լինի փոքրաթիվ նվագախմբի ու կատարողի ելույթը փոքր բեմում՝ լայն լսարանի համար:
Ու մի հաճելի բոնուսով՝ երաժիշտները, որոնք գալիս են Հանրային (համենայնդեպս՝ մեծ մասը), այսօր գործող ամենահետաքրքիրներից են: Տարբեր են, վառ ու սեփական ձեռագրով:
Ուղիղ եթերը միշտ անկանխատեսելի է, և այն էլ՝ համերգի դեպքում, երբ իմպրովիզացիան, հնարավոր խոտանն ու հնարավոր բացահայտումները համերաշխ բխում են մեկը մյուսից:
Ուղիղ եթերի հմայքը հենց անկանխատեսիլությունն է: Եվ ռիսկն, իհարկե:
Եթե ալիքը փորձում է նվազեցնել ռիսկը և թույլ չտալ, որ երաժիշտները գնան հեռուներ և չվերադառնան, ապա առաջին պլան է մղում հաղորդավարին, որը (ըստ ավանդույթի) պիտի դառնա «մեղմացուցիչ» բարձ՝ բառերով ասի այն, ինչը չի ասվում երաժշտությամբ:
Հարցն, անկասկած, բառերի քանակն ու որակն է:
Իհարկե, բոլորս ընտելացել ենք, որ հաղորդավարները մեր բոլոր հեռուստաալիքներում սիրում են խոսել ուրախ ձայնով, խոսել շատ ու արագ, նույն բառապաշարով ու նույն պատրաստի կաղապարներով («ջերմ ու մտերմիկ մթնոլորտ», «գեղեցիկ կատարումներով մեզ հիացնել», «գեղեցիկ անակնկալ մատուցել» «վայելում ենք գեղեցիկ կատարումներ» և այլն):
Հեռուստատեսության հաղորդավարների շատախոսության ու «նույնախոսության» պատճառներից մեկը թերևս այն է, որ տաղավար եկող հյուրերը լավ հռետորներ չեն, և կարիք է լինում նրանց ոգևորել, լցնել այն դադարները, որոնք ծագում են զրույցի ժամանակ:
Բայց խնդիրն այն է, որ նման ժամկետանց դեր կատարելը ուղիղ եթերով նկարահանվող համերգի ժամանակ, ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև պարզապես վնասակար:
Երաժիշտները գիտեն, որ գալիս են Հանրային նվագելու, ոչ թե զրույց անելու: Համենայնդեպս, պիտի իմանան: Այլապես սա չէր կոչվի համերգ, կլիներ հարցազրույց՝ երաժշտական մոտիվներով:
Այսինքն, հերթական ձևաչափ, այլ ոչ թե արտակարգ նախագիծ:
Համերգին հաղորդավար պարզապես պետք չէ, միգուցե պետք է ուղեկից (արտակարգ դրվագներում), բայց շատախոս ու տեղի ունեցածը (նաև ինքն իրեն) գովազդ անող աշխույժ հաղորդավար հաստատ պետք չէ:
Նախ՝ տեխնիակական անձնակազմը հիանալի գիտե իր գործը, և երկրորդը՝ երաժիշտը ինքն է լցնում վրա հասած դադարը, թեկուզ հենց երաժշտական ֆրազով:
Այս համերգների ժամանակ ցուցադրվում է նաև, թե ինչպես են երաժիշտները մտնում հեռուստաընկերություն՝ պահպանելով արտակարգ դրության պահանջները, ինչպես է ախտահանվում տարածքը և ինչպես են դասավորված տեսախցիկները՝ իրարից մի քանի մետր հեռավորության վրա։
Նման կարճ տեսանյութերը շատ բան են ասում միջավայրի ու անվտանգության կանոնների մասին: Բայց երբ նույն տեսանյութը նորից իր բառերով է շարադրում հաղորդավարը, կարելի է տարակուսել:
Ի վերջո, տեսանելին միշտ ավելի ազդեցիկ է, քան պատմելին:
Եվ հեռուստատեսության ցանկացած աշխատակից դա գիտի միշտ:
Ֆորշի ու Ռեմինորի համերգը այն օրինակներից էր, թե ինչպես է հեռուստաընկերությունն իր լավ մտահղացումն ու արտակարգ վիզուալ աշխատանքը մանրացնում ու մատուցում սովորական եղանակով: Բառերով է ասում այն, ինչը դրա կարիքը չունի:
«Մենք աշխատում ենք, որ դուք տանը նստած վայեք Հանրայինի կազմակերպած աննախադեպ համերգը», «Հանրայինն աշխատում է ձեզ համար», «Լսենք անզուգական կատարումը», «Սիրելի հանդիսատես, մենք դա արել ենք, որ ձեզ լավ լինի», «Եկենք տանը նստած ծափահարենք», «Եկեք ևս մեկ անգամ ծափահարենք» և այլ նման պորտաբույծ, բայց զվարթ արտահայատությունները «Արտակարգ համերգներում» շատ են:
Ընդհանրապես ծափերի գաղափարը մի ուրույն ճանապարհով է զարգանում:
Երբ տպավորվում ենք, մի պահ լռում ենք, սառչում, ըմբոշխնում: Դադար ենք վերցնում, հետո կարող ենք նաև ծափահարել:
Բայց ծափահարելու հաճախակի կոչերը՝ էկրանից այն կողմ, մեխանիկորեն ասվող, քանի որ պիտի ասվեն, մեզ միայն խանգարում են:
Գոռ Սուջյանի համերգի ընթացքում, օրինակ, շատ էին խանգարում: Եթե հաղորդավարը տասը րոպե քիչ խոսեր, Գոռ Սուջյանը երկու երգ ավելի կերգեր:
Միգուցե այս արտակարգ համերգների մասնակից կդառնան երաժիշտներ, որոնք տարբեր պատճառներով ուղիղ եթերում լավ չեն նվագի, քողարկելով դա սեփական շատախոսությամբ, բայց հենց դրան էլ հետաքրքիր է հետևել:
Կենդանի հնչողությամբ համերգները կարիք չունեն վերածվելու հարցազրույցների (հաղորդավարը պիտի զսպի տրիվիալ հարցեր տալու իր տենչը), դա բոլորովին այլ ձևաչափ է: Արդեն լրագրողական, այլ ոչ թե հաղորդավարական:
Էլ ավելի կարևոր է համերգը չդարձնել գովազդային ակցիա՝ հեռուստաընկերության համար, քանի որ կենդանի համերգի փաստն արդեն իսկ լավագույն գովազդն է, որը անիմաստ է դառնում, երբ այդ մասին հաճախ լսում ենք երգերի արանքում:
«Արտակարգ համերգի» հաղորդավարը կարդում է Ֆեյսբուքի գրառումները, որտեղ օգտատերերը շնորհակալություն են հայտնում Հանրայինին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Դա լավագույն դեպքում ընկալվում է որպես ինքնահեգնանք, քանի որ կադրի անկյունում այդ մասին կարդում ենք ողջ համերգի ընթացքում:
Երևի կարելի է ասել, որ «հաղորդավարությունը» հեռուստատեսության ախտն է, եթե հաղորդավարը չունի պատկերացում, թե ինչ դերում է՝ հեղինա՞կ է, սպասարկո՞ղ, թե՞ տարբեր էներգետիկա ունեցող կատարողների ու հյուրերի հակակշիռը՝ միշտ նույն բառապաշարով ու արագ խոսելու ռիթմով:
Արտիստների ու հյուրերի էներգետիկան տարբեր է, իսկ հաղորդավարինը միշտ նույնը՝ զվարթ-գովազդային:
Նույնը լինել չարժե, եթե հարթակ ես տարբերի համար:
Լավ կլինի, որ հետագայում, երբ «արտակարգ» բառը կապվի ոչ թե դրության, այլ երաժշտության որակի հետ, Հանրայինը խմբագրի այս համերգների տեսանյութը՝ նվազեցնելով հաղորդավարի ներկայությունն ու սեփական աշխատանքի գովազդը՝ թողնելով մաքուր ձևաչափի հեռուստաարտադրանք:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: