2020.03.23,

Քննադատ

Կարանտինային խմբագրություն․ ինչպե՞ս օպտիմալացնել աշխատանքը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Քանի որ կարանտինը, հասկանալի և անհասկանալի պատճառներով, կարող է տևել բավականին երկար, առնվազն, ավելի երկար, քան կարող է պլանավորել որևէ լեգիտիմ կամ, նույնիսկ, ոչ լեգիտիմ կառավարություն, լրագրողները պետք է փորձեն կարգավորել իրենց աշխատանքը հնարավորինս հեռավար միջոցներով։

Իհարկե, կան խմբագրություններ, որոնք դեռ դիմադրում են և իրար գլխի հավաքվում ամեն առավոտ, բայց կարանտինը կարող է թակել ամեն դուռ։

Խմբագրության համար տնից աշխատելը ինչ֊որ դեպքերում հեշտ է անցնում, քանի որ առանց այն էլ լրագրողներից շատերը ազատ ռեժիմով են գործում։ Սակայն, շատ դեպքերում սա բավականին սթրեսային փոփոխություն է։

Հիմնականում այն դեպքերում, երբ խմբագրությունը մեծ է և աշխատում է մի քանի ուղղություններով։ Կամ՝ երբ խմբագիրները սովոր են ամեն առաջադրանք տալուց նայել լրագրողի պայծառ աչքերին։

Երկրորդ դեպքում ավելի շուտ հոգեբանական օգնության կարիք կա։ Իսկ առաջին դեպքում կարելի է փորձել կիրառել մի շարք գործիքներ, որոնք թույլ կտան կազմակերպել ցրված թիմի աշխատանքը։ Մենք կխոսենք միայն անվճար գործիքների մասին։ Այսպիսով․

Ընդհանուր կոմունիկացիա

Երբ նպատակ կա աշխատակիցներին բաժանել մի քանի խմբերի, ապա կարելի է գտնել մի քանի լուծումներ։ Ամենապարզը, հասանելին և քաոսայինը ֆեյսբուքյան մեսենջերում խումբ կամ խմբեր ստեղծելն է։ Այստեղ հեշտ է գործել, քանի որ մեծամասնության համար սովորական հարթակ է։ Բարդությունն այն է, որ առանձնանալ չի լինում, կողքից ով ասես գրում է։

Ավելի արդյունավետ են Whatsapp-ը, Telegram-ը: Telegram-ի համակարգչային ծրագիրն անհամեմատ ավելի հարմար է, քան Whatsapp-ինը։

Տեսահանդիպումներ

Եթե խոսքը վիդեոզանգերի մասին է, որոնք կարևոր է պարբերաբար անցկացնել, որպեսզի թիմակիցները չմոռանան իրար դեմքերը, ապա այստեղ հիմնական սահմանափակումը միաժամանակ իրար հետ կապվող մարդկանց քանակն է։ Ֆեյսբուքի դեպքում միայն ութ մասնակից է կարողանում իրար տեսնել, Whatsapp֊ում՝ 16, Google Hangouts-ում՝ 25, Skype-ում՝ 50, Microsoft Teams-ում՝ 50:

Այսօր մեծ թիմերի համար ամենամատչելի տարբերակը Zoom֊ն է, որն անվճար առաջարկում է 100 հոգանոց ձայնագրվող վիդեոզանգեր։ Բայց կա ժամանակային սահմանափակում․ մեկ զանգը տևում է 40 րոպե։ Չնայած, հերիք է անջատվել և նորից կպնել, և նորից կունենաք հարյուր հոգանոց խմբային հանդիպում։

Աշխատանքի կազմակերպում

Եթե ցանկություն լինի հասարակ չաթերից անցնել ավելի կազմակերպված աշխատանքի, որտեղ հնարավոր կլինի մեկուսացված տարածքում բաժանել մարդկանց խմբերի ըստ թեմաների, առաջադրանքների, բաժինների և այլն, ապա շատ ավելի պետքական կլինի Slack հարթակը։

Առաջադրանքների կազմակերպումը կարող է աշխատել Trello հարթակի միջոցով։

Փաստաթղթերի շրջանառության համար հիմնականում ընտրվում է  Google Drive-ը, Microsoft Teams-ը: Երկուսն էլ ունեն փաստաթղթաշրջանառություն, միասնական օրացույց, ֆայլերի պահուստներ։

Հայաստանում, քանի որ լրագրողները հիմնականում օգտվում են Gmail-ից, շատ ավելի հեշտ կլինի Google Drive֊ի տարբերակը։ Այստեղ կա բազմաթիվ լրացուցիչ ծրագրերի ներբեռնման հնարավորություն, որը թույլ կտա աշխատել տարբեր ֆորմատի ֆայլերի հետ՝ աուդիո ֆայլերից մինչև pdf։

Առավել գաղտնի տեղեկատվության փոխանցումը

Երբ խոսքը գաղտնի աղբյուրների հետ հաղորդակցման կամ այլ տիպի գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին է, ապա գերադասելի է օգտվել կամ Signal մեսենջերից, կամ Protonmail էլեկտրոնային փոստից։

Երկուսն էլ այնպես են գաղտնագրում հաղորդակցությունը, որ այն հասանելի չլինի ներխուժման դեպքում։

Հնարավորություններն, իհարկե, ավելի շատ են, սրանք պարզապես ամենամատչելի տարբերակներից են։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *