2020.03.08,

Քննադատ

«Երջանիկ ըլլալ կարող ես: Փորձե՜»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Ինչպե՞ս առողջ, հաճելի ու նորաձև արտաքին ունենալ: Ինչպե՞ս երջանիկ լինել ամուսնության մեջ: Ինչպե՞ս չտխրել, եթե ամուսնանալու հնարավորություն չես ունեցել և ինչպե՞ս ի շահ քեզ օգտագործել  չամուսնացած լինելու հանգամանքը: Ինչպե՞ս երեխա ունենալ ու խնամել երեխային: Ինչպե՞ս ազատ ու ինքնաբավ լինել : Ինչպե՞ս բույսեր աճեցնել ու ճաշ պատրաստել: Սրանք  20-րդ դարի սկզբի՝  կանանց նվիրված հայալեզու հանդեսների առանցքային թեմաներն էին:

Քթի վիրահատության լուսանկարի տակ մակագրություն՝ «Առողջապահ », 1910, N 76

Հարցերի հարցը, սակայն, որ բարձրացվում էր բոլոր հանդեսներում՝ տողատակով կամ ուղիղ,   կանանց ազատության,  ազատամտության հարցն էր. «Ազատամտութիւնը երբէք իրաւունք չի տար սանձարձակ քալելու չարին ճամբուն մէջ: Ազատամտութիւնը կը վռնտէ դարաւոր նախապաշարումները: Այն կիները միայն իրաւունք կունենան ազատամիտ անունին, երբ լուրջ զարգացում ստացած, լայն գաղափարներով օժտուած և հաստատուն կամքով մը սպառազինուած են իրենց իրենց ընդունած սկզբունքները պաշտպանելու համար, եթե անոնք ուղիղ դատողութեան և զուտ ճշմարտութեան վրայ հիմնուած են:  Շապիկ փոխելու պէս դիւրութեամբ սկզբունք փոխելը՝ թեթևամտութեան և ոչնչութեան ապացոյց են» («Արտեմիս», 1903, N 9 ):

Կանանց խնդիրներին անդրադարձող մամուլի անհրաժեշտությունը 20-րդ դարի սկզբին այնքան հրատապ էր, որ անգամ կրոնական ուղղվածություն ունեցող «Լույս»-ը «բավական թվով ընթերցող չունենալու պատճառով» հարկադրվեց լքել կրոնաթերթի գաղափարը.

«Եւ քանի որ մեր նպատակը միշտ հանրային բարոյականութեան ծառայելն էր, որոշեցինք փոխան կրօնաթերթի կնոջաթերթ ընել Լոյսը » («Լոյս » 1907, N 27):

Հանդեսը «Բարեկամուհիներու ժամադրավայրը » խորագրով տպագրում էր կանանց ու աղջիկների «կենաքին մէջ պատահած վշտառիթ պարագայ մը, որ անձնապէս վիրավորած ըլլայ իրենց դյուրազգաց սրտերը»:

Ահա այդ նամակներից մեկը. « Անցեալ գիշեր, երբ կպտտեի նշանածիս հետ, բարեկամուհիներէս մէկը, որ քովես կանցնէր, լսելու աստիճան ձայնով մը կ՜ըսէր  քովինին. « Որչափ տգեղ է սա մարդը, ապահով եմ, թէ աղջիկը անոր հարստութեան համար կ՜առնէ »:

Աղջիկն իր պատմությունը եզրափակում էր նշանածին ուղղված գովեստով, թե նա բարձրաձայն ասված ակնարկը լուրջ չի ընդունել: «Իսկ եթե ընդունե՞ր ». հռետորական հարցն ընթերցողներին է ուղղվում, որպեսզի վերջիններս երևակայեն ցավալի հետևանքը (նույն տեղում ):

Երեխաների սեռով պայմանավորված խտրական վերաբերմունքը, ըստ «Արտեմիս» հանդեսի, այնքան տարածված էր, որ «ԵթԷ ծնած տղան արու լինի, մանկաբարձը իսկոյն մօրը կ՜ ըսէ. « Մէջքիդ աւետիս », իսկ եթէ էգ է, լուռ կը մնայ» («Արտեմիս », 1906,  N47):

Ամուսնալուծությունը ևս քննարկվող թեմաներից էր, սակայն կանանց առաջարկվում էր բաժանությունը ոչ թե ողբերգություն դարձնել, այլ ճիշտ հակառակը. «Ամուսնացողներէն երեք քառորդէ  աւելին՝ չկրնալով տօկալ ամուսնական աններդաշնակ կենցաղի մը խստապահանջ հանգամանքներուն՝ կը լքեն իրենց մայրական կամ կնոջական իտէալ կոչումները՝ երթալ միանալու համար մարդկային ընկերութեան այն անջատ մասին, որ զանազան պատճառներով կ՛ուզե անհաղորդ մնալ ամուսնական կեանքին» («Լոյս » 1907, N 27): Ձախողված ամուսնությունից անհամամեմատ հեռանկարային է  չամուսնացած կնոջ կյանքը՝ կրթվելու, զարգանալու, ճամփորդելու ՝ առավել մեծ հնարավորություն. « Եթե պատահի, որ երջանիկ ամուսնութիւն կնքեն, լա՜ւ, եթէ ոչ, թող մնան իրենց  շուքին մէջ, ամուսնալուծուած կիներու պէս, բայց անոնցմէ աւելի պատուաւոր, աւելի երջանիկ » (նույն տեղում):

Կանանց նվիրված պարբերականներից առանձնանում էր «Հայ կին » կիսամսյա հանդեսն էր (1919-1932), որի խմբագիրը գրող, հասարակական գործիչ Հայկանուշ Մառքն էր: Նրա խմբագրականներից յուրաքանչյուրը բարձրացնում էր կանանց վերաբերող ամենացավոտ հարցերը՝ առանց խնայող  կամ շրջանցող բառերի. « Հայ կիներու դասակարգ մը, որ առտնին ամէն մտահոգութենենէ հեռու, զզուելի տիպար մը կը ներկայացնե: Այս կիները ձանձրոյթէ կը մեռնին, և ուրիշ որ և է մտահոգութիւն չունին, եթե ոչ իրենց սնոտի անձը զուարճացնել ինչ գինով որ ալ ըլլայ: Նորաձևութիւնը ասոնց համար կը վատնե իր ճիգերը…Ծանրագին և արտառոց զգեստներ՝ մէկը միւսին յետեւէն, աչքառու ադամանդներ, կառք, թատրոն ու  ճամբորդութիւն » ( «Հայ կին », 1926, N 5):

Ցեղասպանության, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները միլիոնավոր մարդկային կորուստները չէին միայն. «Մեզի համար Ընդհ. Պատերազմի պատճառած թերեւս ամէնէն մեծ աւերն է կանանց եւ մասնաւորապէս հայ կանանց անկումի հարցը ՝ բարոյական, ընկերային եւ ֆիզիքական առումներով: Թողունք այն քստմնելի, լպիրշ տեսարանները, որոնք կը պարզուին փողոցներու մէջ գիշեր թէ ցերեկ, թողունք հոգիի եւ արժանապատվութեան այն ամօթալի սնանկութիւնը, որուն ենթարկուած է մեր իգական սեռի մէկ նկատելի մասը, աւա՛ղ, գրեթէ մանկական տարիքի մէջ, թողունք այն անհրապոյր ու գռեհիկ ապրելակերպը, որ կինը հրէշ կը դարձնէ…Ի՞նչ ըրավ մէզի  պատերազմը…

Հայ կանանց ընկերակցությունն առաջարկում է բոլորին՝ միասին փորձել գլուխ հանել այս բարդ թնջուկից՝ ինչպե՞ս փրկել հայ կնոջն անկումից: Հայ կնոջը, հետևաբար և՝ հայ ժողովրդին («Հայ կին »,  1920, մարտի 1, N 9):

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *