2020.03.05,

Քննադատ

Հայացք մեդիադրամաներին, որոնց ականատեսն էինք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Առանց գրաքննության. Ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018» մուլտիմեդիա ցուցադրությունը, որը կմեկնարկի մարտի 6-ին, այն նախագծերից է, որը պահանջում է խորասուզում ու դանդաղ ուսումնասիրություն:

Այս ցուցադրության հիմքը հետազոտությունն է, որը վերածվել է պատումների շարքի՝ ներկայացնելով վերջին երեսուն տարվա ընթացքում ձևավորված Հայաստանի մեդիա բնապատկերը: 

Այստեղ ցուցանմուշը նառատիվն է: Այսինքն, այն նյութը, որը չի կարող մեկընդմիշտ ամփոփվել, շրջանակվել ու արխիվացվել, այլ անընդհատ կարիք ունի վերանայվելու, ճյուղավորվելու, լրացվելու: 

Բայց նախևառաջ այն պետք է հավաքագրվի, լսելի դարձնի ականատեսներին ու դրամատիկ մեդիա իրադարձությունների վկաներին:

«Առանց գրաքննության…» ցուցադրությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարանի երրորդ աշխատանքն է (առաջինը կոչվում էր «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան», երկրորդը՝ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի»), որի իմաստը մոբիլ, շրջիկ, թվային բովանդակության միջոցով Հայաստանի Հանրապետության կյանքը հետազոտելն է՝ մեդիա անդրադարձների միջոցով: 

Ընդ որում՝ հետազոտության շերտեր են դարձել ոչ միայն փաստերը (լրատվամիջոցների ու լրագրողների նպատմամբ բռնության դեպքերը, դատական գործերը, գրաքննության օրինակները), այլև այն թաքնվածն ու դեռևս չպատմվածը, որը հանգամանքների բերումով մնացել է լուսանցքում ու լայն հանրային քննարկման նյութ չի դարձել:

«Լրատուն» թանգարանի ղեկավար, գրող Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ այն, ինչը կատարվել է մեր աչքի առաջ ու եղել է մեր կյանքի մասը, հաճախ չենք հետազոտել, դրա մասին չենք խոսել, և շատ շերտեր մնացել են լղոզված, կիսատ ու թաքնված:

Եվ հիմա փորձ է արվում հետահայաց զրույցների ու լրահոսի միջոցով վերականգնել դեպքերի շղթան ու մտորել այն մասին, թե ինչ է գրաքննությունը (թե՛ արտաքին, թե՛ ներքին), ինչպես է աշխատել ճնշման մեքենան և բռնության ինչպիսի մեթոդներով են խլեցրել լրագրողներին և արգելակել անցանկալի ինֆորմացիան:

«Առանց գրաքննության…» ցուցահանդեսն ունի չորս մետաբաժիններ՝ «Պրոպագանդա», «Գրաքննություն», «Ճնշումներ», «Բռնություն»: 

Եվ դրանցից յուրաքանչյուրը՝ ճյուղավորվելով և մասնատվելով ավելի փոքր  ենթապատումների, թույլ է տալիս, որ ցուցահանդեսի այցելուները որքան հնարավոր է լայն պատկերացում կազմեն մեդիա դաշտում գործող մարդկանց ու նրանց դերի մասին: 

Հպէկրանների վրա կարելի է լսել հարցազրույցներ, հետևել դեպքերի զարգացումներին, ընթերցել հատվածներ լրագրողական տեքստերից, որտեղ կամ ակնհայտ, կամ քողարկված գրաքննության հետքեր են և քարոզչական հնարքներ:

Վահրամ Մարտիրոսյանը, հավաքագրելով դրամատիկ մեդիա շերտերը, ցանկացել է մեծ տեղ չհատկացնել սովետական պրոպագանդային, քանի որ այն շատ դեպքերում ներգործում էր հստակ ու կոշտ, այլ  ուշադրություն հրավիրել անկախ Հայաստանում ծնված ու դժվար որսալի հնարքների վրա:

Ցուցադրության մեջ կա բաժին, որը կոչվում է «Հավասարակշիռ» լրագրություն», և այդտեղ հավաքագրված լրագրողական նյութերի օրինակներով կարելի է տեսնել, թե ինչպես է սկիզբ առնում մանիպուլյատիվ «անկողմնակալությունը»:

Ինչպես են սովորական դառնում լրատվամիջոցներում հայտնվող ատելության խոսքը, դավադրությունների սպառնալիքը, խտրական վերաբերմունքն ու պատերազմի վախի վրա հիմնված մանիպուլյացիան:

Եվ իհարկե, այս ցուցահանդեսը կօգնի վերականգնելու մեր հիշողությունը անցյալի մասին՝ տեղեկանալով Սովետական Հայաստանում ինքնահրատ թերթերի ու այլախոհության ուժի, լրատվամիջոցների դեմ կիրառվող բռնության (այդ թվում հոգեբանական և ֆինանսական) օրինակների մասին:

Վահրամ Մարտիրոսյանը շեշտում է նաև ճակատագրական համընկնումների ու զարմանալի տարեթվային մոգության փաստը.

«1988-ին, 1998-ին, 2008-ին, 2018-ին տեղի են ունեցել հասարակական ցնցումներ, որոնք հանգեցրել են նաև մեդիայի արմատական փոփոխության: Մեր ցուցահանդեսը ներկայացնում է դրամատիկ օրինակներ, թե ինչպես է ճաք տալիս սովետական գրաքննությունը, ինչպես են արդեն անկախ Հայաստանում, փակվում թերթեր ու հեռուստաընկերություններ, ծեծվում են լրագրողներ, ինչպես են ազգային արժեքների չարաշահմամբ ստեղծվում նոր պրոպագանդիստական կաղապարներ: Ցուցահանդեսը մի համառոտ ուղեցույց է՝ տարբերելու անաչառ լրատվությունը կողմնակալից, կաշառած մեդիան անկախ լրատվամիջոցից»:

«Առանց գրաքննության. Ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018» ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 20-ը (բացի երկուշաբթի օրերից), Սարգիս Մուրադյան ցուցասրահում, Իսահակյան 38։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *