2020.03.01,

Քննադատ

Մարտի 1. լույս տեսնող թերթերը լեգիտիմացրին գրաքննությունը

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

«Այսօր միասնության ժամանակն է. Սերժ Սարգսյանին սատարող բազմամարդ հանրահավաք Հանրապետության հրապարակում»,-ազդարարում էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի առաջնորդողը (2008  թ., փետրվարի 27):

«Հայաստանի Հանրապետություն», փետրվարի 27, 2008  թ.

ՀՀԿ առաջնորդ, 2008 -ի փետրվարի  19-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը  մեծ հանրահավաք էր հրավիրել  Հանրապետության հրապարակում: Ինչպե՞ս էր  հրապարակը լցվել «սատարող , բազմամարդ ժողովրդով»:

Ինքս 2008-ի փետրվարի  26-ի առավոտյան երեխայիս տարա մանկապարտեզ (Աջափնյակի N 38-ը):  Զգուշացրին,  որ  բոլոր երեխաներին ստիպված են տուն ուղարկել,  քանի որ  ողջ կազմով`  դաստիարակներն ու դայակները, պարտավոր են ներկայանալ հանրահավաքի: Երեխայիս թողեցի  մանկապարտեզում և ասացի, որ  նրա ետևից կգամ, սովորականի պես,  ժամը 16:00-ին: Այդ օրվա մեծ հանրահավաքից պակասեցին երկու հոգի՝  դայակն ու խոհարարը:

Նույն այդ ժամանակ Ազատության հրապարակում բողոքի շուրջօրյա հանրահավաքներ էին. Սերժ Սարգսյանի հաղթանակը կասկածի տակ էր:

«Երեկ Ռոբերտ Քոչարյանը նախագահի կարգավիճակում հերթական,  այս դեպքում՝ վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ ուսանողական ակտիվի հետ» («Հայոց աշխարհ»,  2008, մարտի 1): Հարցին, թե ի՞նչ հանգուցալուծում է պատկերացնում, ի՞նչ զարգացումներ, ի՞նչ սցենարներ, նա պատասխանել է. «Երկրորդ տարբերակը 1996-ի սցենարն է: Այսինքն՝ գրոհել պետական մարմինները: Այս դեպքում կազմակերպիչները միանգամից հայտնվելու են օրենքից դուրս վիճակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իրավապահ մարմիններն ունեն բավարար ուժ, բավարար հնարավորություն՝ պահպանելու սահմանադրական կարգը: …Բայց դրանից հետո հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անցկացնելու են բանտերում և բավական ժամանակ են ունենալու՝ մտորելու , վերլուծության ենթարկելու անցած ճանապարհը և գործած սխալները: Իհարկե, սա ամենաանցանկալի տարբերակն է  բոլորի և Հայաստանի Հանրապետության համար» (նույն տեղում):

«Հայաստանի Հանրապետություն», փետրվարի 27, 2008  թ.

Հոդվածի հրապարակման օրը՝ 2008-ի մարտի 1-ին կատարվածի սցենարն ավելի սարսափելի էր. տասը զոհ:

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի  հրամանագրով «ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու» հիմնավորմամբ,  2008 թ.-ի մարտի 1-ից 20-ը արտակարգ դրություն հայտարարվեց: Ի թիվս այլ սահմանափակումների՝  արգելվեց ԶԼՄ-ների կողմից «պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն» տարածելը:

Սահմանվեց քսանօրյա գրաքննություն: Նպատակը՝ մթնոլորտի շիկացումը թույլ չտալն էր:

Անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվեց: Մոտ երկու տասնյակ  ինտերնետային կայքէջեր (A1plus.am, Lragir.am, hzh.am, Zhamanak.com …) արգելափակվեցին արդեն  մարտի 2-ին: Ժամանակավորապես արգելափակվեց նաև Youtube-ը, քանի որ այնտեղ քաղաքացիները, ընդդիմությունը սկսել էր տեղադրել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր: Թեև արտակարգ դրության հրամանագիրը միայն Երևանին էր վերաբերում, սահմանափակվեց նաև մարզային հեռուստաընկերությունների աշխատանքը:

Նման պայմաններում շատ  թերթեր համաձայն չէին լույս տեսնել:  «Առավոտ» օրաթերթը մարտի 4-ին որոշել էր տպագրվել դատարկ էջերով, ինչը նույնպես համարվեց պաշտոնական տեղեկատվության սահմանները խախտելու փորձ:  Օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ թերթը լույս չի տեսնելու, որովհետև «Առավոտ»-ը չի կարող միայն պաշտոնական լրատվություն տալ. թերթի իմաստը «բազմակողմանի լրատվություն ապահովելն է»:

ԱԱԾ գրաքննիչները  տպարանում կարդում էին հոդվածներն ու որոշում՝ որը կարելի է տպել, որը՝ ոչ:

Ոչ բոլոր թերթերն էին, որ ազատ խոսքի համար նվաստացուցիչ այս պայմանն անընդունելի համարեցին: «Ազգ» օրաթերթը, գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խմբագրած «Ազգ»-ը լույս էր տեսնելու. «Իհարկե, մենք դժվարություններ կունենանք հարմարվել արտակարգ դրության պայմաններին, բայց մենք մի առավելություն ունենք թերևս մյուս թերթերի նկատմամբ, որ արդեն 18 տարի ֆիքսված էջեր ունենք ոչ քաղաքական` մշակութային, մարզական, տնտեսական և այլ թեմաներին նվիրված»,- այդ օրերին  թերթից մշակութային, տնտեսական և հատկապես մարզական թեմաներով հոդվածներին սպասող ընթերցողներին հուսադրել էր  պարոն Ավետիքյանը:

«Հայոց աշխարհ», մարտի 4, 2008թ.

«Բարբարոսները Երևանում, այստեղով թուրքն է անցել»: Մարտի 4-ի «Հայոց աշխարհ»-ն էր այս վերնագրով էր ներկայացնում մարտի  1-ի լույս  2-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ տեղի ունեցած իրադարձություններից հետո ջարդուփշուր եղած ցուցափեղկերն ու այրված մեքենաները:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղական Դմիտրի Մեդվեդևին: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ…»»: Պաշտոնական այս լուրը ևս մարտի 4-ին տպագրված բոլոր թերթերում էր:

«Այս տարի գարունը Երևանում , դժբախտաբար, սովորականի պես չեկավ: …Դժվար էր պատկերացնել, որ չարությունն ու ատելությունը, հավակնություններն այնքան կարող էին այնքան կարող էին մթագնել մարդու բանականությունն ու գիտակցությունը, որ հասարակության մի հատված հիվանդանա անհանդուրժողականությամբ, չարակամությամբ, վերածվի արյունարբուի, սեփական զինվորին ծանակողի ու սպանողի:…Եկել է գարունը վայելելու ժամանակը՝ աշխատանքով, փոխվստահությամբ խոփըմբռնումով, ժպիտով»  («Հայաստանի Հանրապետություն», 2008, մարտի մարտի 5) :

Բացառապես միակողմանի ու իշխանություններին հաճո թեմատիկա էր ընտրված լույս տեսնող թերթերում: Տպագրվող թերթերն,  ըստ էության, լեգալացրին գրաքննությունը:

Մարտի 13-ին նախագահ Քոչարյանի նոր հրամանագրով լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները կրճատվեցին` «Արգելվում է պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակն ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, ապօրինի միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը»:

Այս փոփոխությունն իրականում որևէ բան չփոխեց: Արգելափակված կայքէջերի և չտպագրվող թերթերի հրատարակումն ԱԱԾ-ի կողմից դեռևս արգելվում էր:

Լրագրողների հետ հանդիպմանը Ռ. Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն արտակարգ դրության ընթացքում ԶԼՄ-ների գործունեության «սահմանափակումը» հիմնավորել էր այսպես. «Մենք խնդրում ենք մի քանի օր սուտ չխոսել»: «Սողոմոնյանի դիտարկմամբ, հայրենական լրատվական դաշտը սովոր չէր առանց սխալների աշխատել ներքաղաքական սրացումների պայմաններում, այնպես որ, վերջին իրադարձություններն այս առումով օգտակար եղան» («Հայաստանի Հանրապետություն», 2008, մարտի 18):

Մարտի 20-ին, արտակարգ դրության պայմաններում հրավիրած իր վերջին ասուլիսին, Ռ. Քոչարյանը դիմեց լրագրողներին. «Շատ ու շատ բան կախված է ձեզանից, թե ի՞նչ քայլեր ենք մենք անելու հետագայում, ինչպե՞ս ենք այս խնդիրը մատուցելու մեր ժողովրդին: Փորձելու ենք հրահրել նոր տրամադրություններ, նոր լարվածություն, թե փորձելու ենք ընդհակառակը` աջակցել, որ այս ամենը հանդարտվի: Նման հարցերի տրամաբանական և տրամաբանված քննարկումները կարելի է անել հանդարտ վիճակում, նույնիսկ կենցաղում, երբ երկու հոգի իրար հետ կռվում են, ամենից ողջամիտ բանը իրարից հեռացնելն է, տալ 2-3 օր ժամանակ` մի քիչ հանգստանան, որից հետո փորձել ինչ-որ տեղ հաշտեցնել: և եթե այդ պահին նրանց իրար մոտ բերես, անպայման երկրորդ անգամ իրար հետ կկռվեն` ավելի ծանր հետևանքներով, և շատ ավելի դժվար կլինի հետագայում քայլեր ձեռնարկել հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Ասում եմ սա` գիտակցելով և համոզված լինելով, որ վաղը հրապարակվելու են որոշ թերթեր, որոնք ուղղակի հեղեղված են լինելու սուտ լուրերով, տարբեր կոչերով, և այդ թերթերի բովանդակությունն այնպիսին է լինելու, որ, վստահաբար, չի ծառայելու վիճակի հանդարտեցմանը և կայունացմանը»:

«168 ժամ», մարտի 26, 2008, Վիճակը «հանդարտվեց», ապա և «կայունացավ»: Դա առավել պատկերավոր երևաց, երբ մամուլում հայտնվեցին կալանավորված քաղաքացիների տպավորիչ ցուցակները («Կալանվածների պաշտոնական ցուցակը», «168 ժամ»,  2008, մարտի 26):

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *