2020.02.19,

Քննադատ

«Մի՞թե դժվար է հարգել իրար»: Այո՞, թե՞ ոչ…

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Հովհաննես Թումանյանը մամուլում շուրջ  300 հոդված է հրապարակել: Այս հրապարակման համար այդ 300-ից մի քանիսն առանձնացնելը բարդ էր այնքանով, որ գրեթե բոլոր հոդվածներում բարձրացված  խնդիրները, որոնք մտահոգել են գրողին հարյուր տարի առաջ, նույնքան այժմեական են այսօր:

Ինչպես այս մեկը.

«Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն, նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ, չի կարողանում իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն գավառները ճանապարհորդելու և կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել և որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին: 

Մի Պետրոս Ադամյան, որ ազգի պարծանքը դառնալուց հետո, երբ հիվանդանա ու մահվան մահճում դիմի իր ժողովրդին՝ սառը լռություն լինի պատասխանը, և ռուսները օգնեն հեռու Մոսկվայից, ռուսները տանեն պատսպարեն և ռուսաց դեսպանական հիվանդանոցում փչի իր վերջին շունչը… Գամառ-Քաթիպայի պես մեկը ամբողջ ազգի կուռքը դառնալուց հետո էլ, երբ մեռնելու վրա էր, կարդում էր իր աչքով, թե ինչպես են հեռագրում ու թերթերում տպում, թե սնունդի ու դեղի փող չկա իրեն համար, և մարդը մեռավ իր վերջին ոտանավորներից մեկի տողերը շրթունքին. «Խղճալի ազգ եք, հայեր, դուք, ավա՜ղ»

Կամ մի Պարոնյան։ Էնքան տաղանդավոր գործեր կուտակելուց հետո էլ ստիպված էր կանաչի ծախելով ապրել և մեռնել իբրև մի խեղճ խանութպան…

Բայց ո՞ր մեկն ասեմ… («Գրականությունը ազգային պաշտպանության տակ պիտի լինի», «Հորիզոն», Թիֆլիս, 1916, N104):

Մամուլի, գրականության, հոգևորականության մասին հասարակության վերաբերմունքը փոքրիկ մի պարբերությունում փորձել է ամբողջացնել Թումանյանը: Եվ հաջողել է.

«Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի, թե նա (ժողովուրդը-խմբ) ինչ ածականով է որակում, երբ խոսում է, օրինակ, մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա։ Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»։ Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են։

…Եվ իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում։ Չեն կարդում և չեն կարդալու, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք «կեղտոտ եք» («Կեղտոտ մամուլ», «Հորիզոն» , 1910, N122):

Մամուլը, ըստ Թումանյանի, ոչ միայն «կեղտոտ» է, այլև ուշադրությունը սևեռում է պատրաստի նյութերի վրա և քիչ է զբաղվում ազգի համար կարևորագույն թեմաների ուսումնասիրությամբ.

«Մամուլում ներկայացնում են մեծ պետությունների քաղաքական անցուդարձը, քանի որ մենք կուլտուրական ժողովուրդ ենք, մենք մամուլ ունենք, ինչպես չհետևենք լուսավոր ազգերի քաղաքական կյանքին», բայց նույն այդ ժամանակ տեղյակ չենք, որ «Թեմական դպրոցներում աշխարհաբար հայերեն լեզու չկա, և հալածված է եղել իր գրականությունը»:

«Անշուշտ, քաղաքական աշխարհքից պէտք է երբէմն-երբէմն տալ տեսութիւններ, և այդ շատ է հեշտ, որովհետև պատրաստ գալիս է տպւած, բայց առաջին ու մէծ տեղը պէտք է բռնեն մեր աշխարհքը, մեր կեանքը, այդ կենաքի հարցերն ու նրանց լուրջ, ամենակողմանի ուսումնասիրութիւնը, այն, որ դժւար է, և գուցէ դրա համար էլ ամենից քիչ տեղ է ունեցել մեր մամուլի մէջ» («Քաղաքականությունը և մենք», «Հորիզոն», Թիֆլիս, 1910, N 237): 

 

«Այժմ գանք հայոց գրականության դժբախտության հիմնական պատճառին։
Երևակայեցեք, թե ամբողջ հայ ազգի մեջ մի 40-50 կամ 100 սափրիչ կա ընդամենը։
Ի՞նչ եք կարծում, նրանց հաջողությունը ապահովված կլինի՞, թե չէ…
Պատասխանը դրական է անկասկած։
Ինչո՞ւ։
Շատ պարզ է՝ ինչու։
Որովհետև անպատճառ պետք է ազգի գլուխը խուզել կամ երեսը սափրել։ Եվ հարյուր սափրիչը նույնիսկ մի քաղաքի չի հերիք, ո՛ւր մնաց ամբողջ ազգին։
…Եթե հացթուխ վերցնենք. նույնը։ Ազգը հո անհաց չի մնալ, թեկուզ մի օր։
Դերձակ առնենք, դարձյալ։ Ազգը հո տկլոր չի կարող ման գա։
Տերտեր առնենք. նույնը։ Պետք է տուն օրհնի, մկրտի, պսակի, թաղի…
Իսկ եթե նույնքան գեղարվեստագետ, գրող, գիտնական ու հրապարակախոս առնե՞նք, ի՞նչ կլինի նրանց վիճակն ու նրանց գործի դրությունը։ Էն, ի՛նչ որ է։ Անպայման անապահով, անհաստատ և շատ դժար լուծելի մի խնդիր։
Ինչո՞ւ։
Որովհետև առանց գրքի ու առանց գիտության ազգը կարող է ապրել։ Իսկ էնտեղ, որտեղ առանց գրքի ու առանց գիտության կարող են ապրել, էնտեղ գրողն ու գիտնականը չեն կարող ապրել, ավելորդ մարդիկ են, և ուզեն-չուզեն պետք է իրենց ճամփից շեղվեն, իրենց գործը թողնեն, ուրիշ գործով զբաղվեն, որ իրենք էլ ապրեն, իրենց տունն էլ պահեն («Գրականությունը ազգային պաշտպանության տակ պիտի լինի», «Հորիզոն», Թիֆլիս, 1916, N 101):

«Հայերէն չգիտեն», – սա հոդվածի վերնագիր է և անուրախ ախտորոշում ազգային կրթական համակարգին. 

«Ասում ենք՝ հայերէն չգիտեն, ընթերցողն էլ կը կարծի, թէ խօսքը Վրաստանի հայերի վրայ է: Դժբախտաբար նրանց վրայ չի մեր խոսքը, այլ հայ ուսուցիչների, էն ուսուցիչների, որ դուրս են եկել մեր թեմական դպրոցներից և Ներսիսեան դպրոցից ու ճեմարանից… Ինչպե՞ս կը բացատրեն իրենք ՝ մեր թեմական դպրոցները և Ներսիսեան դպրոցն ու Ճեմարանն ավարտած մարդիկ: Եւ ի՞նչ կասէն մանավանդ մեր նշանաւոր հայկարանները, Ճեմարանի հայկարան դասատու պ. Մ.Աբեղեանը և Ներսիսեան դպրոցի  պ. Ստ. Մալխասեանը: Ի՞նչն է պատճառը» («Հորիզոն», Թիֆլիս, 1910, N 131):

Հայաստանի ներքաղաքական կյանքում այսօր «սևերի» ու «սպիտակների», «Այո»-ի ու «Ոչ»-ի բաժանված՝ միմյանց հնարավորինս ոչնչացնել փորձող կողմերին է ուղղված Թումանյանի «Մի՞թե դժվար է» հոդվածը.

«Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։

Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է» («Հորիզոն», Թիֆլիս, 1913, N1):

Դժվա՞ր է, այո՞: Իսկ գուցե՝ ո՞չ…

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *