Ռուսալեզու համացանցի գլխավոր աստղի` յութուբյան enfant terrible` Յուրի Դուդի ֆենոմենը վստահաբար դեռ կդառնա բազում մեդիա և մշակութաբանական վերլուծությունների նյութ, քանի որ առաջին թողարկումից արդեն 3 տարի անց այն կարելի է կարգել ոչ միայն հետաքրքիր և ինքնատիպ, այլև, հիրավի, հեղափոխական։
Եռամյա գործունեության իսկական գագաթնակետը դարձավ փետրվարի 11–ի երկժամանոց «ՄԻԱՎ–ը Ռուսաստանում. համաճարակ, որի մասին չեն խոսում» վավերագրական թողարկումը, որի դիտումները արդեն անցել են 12 միլիոնը (միայն առաջին օրը` 6մլն դիտում, կես միլիոն լայք) և տպավորիչ ծածկույթից բացի բերել աննախադեպ սոցիալ–մշակութային ազդեցություն։
Ֆիլմում Դուդը հյուրընկալվում է ՄԻԱՎ–ԶԻԱՀ վարակակիրների, իրենց բարեկամների, բժիշկների, լրագրողների և ակտիվիստների, նրանց հետ միասին տանելով բացատրական աշխատանքներ ամենատարրական, բայց հիմնային հարցերի շուրջ` ինչպես խուսափել վարակից, վարակվելու դեպքում ինչ միջոցներ ձեռնարկնել, ինչպես արգելափակել ՄԻԱՎ–ի փոխակերպումը ՁԻԱՀ–ի, կարող են արդյո՞ք վարակակիրները լույս աշխարհ բերել առողջ երեխաներ, ինչպես հարաբերվել նման մարդկանց հետ և այլն։
Կորոնավիրուսի տարածման ֆոնին, Դուդը օգտվում է «զարկերակային» մեդիաթրենդից և տեղափոխում է այն Ռուսասատանի համար է՛լ ավելի օրհասական համատեքստ` ՄԻԱՎ, որի տարածումը հաղորդման գոյության նույն երեք տարիների ընթացքում աճել է 40 սարսափելի տոկոսով, անցնելով պաշտոնական տվյալներով՝ մեկ, իսկ ոչ պաշտոնական` երկու միլիոնը, ասել է թե միջինում` օրական 100 մարդ։
Հաշվի առնելով տարիների ընթացքում հավաքագրված բազմամիլիոն լսարանը, ՄԻԱՎ–ին նվիրված թողարկման ամբողջ ընթացքում հնչում են հստակ ուղեցույցեր և հորդորներ` «պաշտպանվե՛լ» և «ստուգվե՛լ»։
Ուղիղ 24 ժամ անց հաղորդումը ունենում է ռումբի էֆեկտ. միայն մեկ օրում հետխորհրդային երկրների օգտատերերի կողմից Գուգլում 25 անգամ ավելի հաճախ է հանդիպել «ՄԻԱՎ թեսթ» և 40 անգամ` «որտեղի՞ց գնել ՄԻԱՎ թեսթ» որոնումները, «ՄԻԱՎ» պարունակող տարբեր ձևակերպումների բոլոր որոնումների համագումարը ավելացել է 4000%-ով։
Հաջորդող մի քանի օրերի ընթացքում ռուսաստանյան դեղատներում զգացվել է ՄԻԱՎ–ի թեսթի դեֆիցիդ. պահանջարկը անհամեմատ գերազանցել է առաջարկը։
Այս տպավորիչ և դեռ օրըստօրե աճող թվերը արդեն ստիպել են արձանագրել, որ «ալտերնատիվ մեդիաարտադրանքը» առաջացրել է շատ ավելի արդյունավետ ռեզոնաս և իրազեկման բարձր գործակից, քան 30 տարիների ընթացքում իրականացված բազում պետական բազմամիլիոնանոց ծրագրեր, բաժանված բրոշյուրներ և ուղեցույցեր։
Յություբի հաղորդման էֆեկտը համեմատելի է այնպիսի մեծ մշակութային կտավների հետ, ինչպես օրինակ` ԱՄՆ–ում լեգենդար բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնի խոստովանությունը, Ջոնաթան Դեմիի «Ֆիլադելֆիա» (1993) ֆիլմը, որը ստիգմատիզացիայի երկարաձիգ տարիներից հետո, իրազեկման և վերաբերմունքի փոփոխության հարթակում դարձավ շրջադարձային երևույթ (ոչ վերջին դերը խաղացին Թոմ Հենքսի դերասանական և Բրյուս Սփրինգսթինի «Streets Of Philadelphia» երաժշտական, Օսկարները), Ֆրանսիայում՝ Սիրիլ Քոլարի «Վայրի գիշերները» (1992) կամ Իսպանիայում`Ալմոդովարի վաղ շրջանի ֆիլմերը։
Ի հեճուկս ակադեմիամետ զանգվածների քննադատություններին, ժամանակն է վերջնականապես փաստելու, որ ռուսական վիզուալ մեդիայի պատմության մեջ «вДудь» հեղինակային ինտերնետ շոուն դարձել է նույնքան հեղափոխական, որքան ժամանակին Նևզորովի «600 վայրկյանը», Լիստևի «Վզգլյադը» կամ Պարֆյոնովի «Նամեդնի»–ն։
Ի դեպ նույն Պարֆյոնովը կամ Ալեքսեյ Պիվովարովը հենց Դուդից հետո գործարկեցին իրենց նմանատիպ ձևաչափերը համացանցում, իսկ մեկ այլ ռահվիրա Ալեքսեյ Վենեդիկտովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանով հեռարձակվող իր հեղինակային հաղորդումը անվանեց «#ДайДудя»` վերնագիր–կոչ ռադիոլսողներին`ուղղել հարցեր Դուդի նման։
Ընդհատակյա հայհոյախոս ռեփերների, սկանդալային բլոգերների հետ վաստակած գումարների և սեռական մանրամասների մասին կպչուն հարցազրույցների շնորհիվ կազմավորված հսկայական լսարանը պարբերաբար ակամա ներգրավվում է կարևորագույն թե՛ պատմական, թե՛ արդիական խնդիրների տիրույթ` հետպատերազմական համախտանիշ («Մարդը պատերազմից հետո» Յուրի Շևչուկի հետ), ազատամտություն («Օլեգ Տաբակով. թե ինչպես նա մարդկանց դաստիարակեց ազատ», ռեպրեսիաներ և ճամբարներ («Կոլիմա. մեր վախի հայրենիքը»), տեռորիզմ («Բեսլան. հիշի՛ր») և այլն։
Քլիքային գիտակցության ժամանակներում հեղափոխական է նաև Դուդի խաղը մեդիաարտադրանքի «տևողության» հետ։ Դժվար է պատկերացնել մի պրոդյուսերի, որը կհամաձայնվեր «կանաչ լույս» տալ մի թողարկման, որը կարող է տևել, ասենք 140 րոպե («Կոլիմա. մեր վախի հայրենիքը», 20 մլն դիտում):
Եվ սա ապացույց է, որ լոնգրիդը, իսկ այս դեպքում՝ «լոնգվոթչը» ոչ միայն չի կնքում իր մահկանացուն, այլ գրավում է նորանոր լսարաններ։
Եթե փորձենք մեկ բառով ամփոփել Դուդի հաջողության գրավականը, թերևս դա կլինի «բացախոսությունը»` այն, ինչն իրեն գրեթե չի կարող թույլ տալ «կողմնակալ», «գրաքննվող», ուստի` «սահմանափակ» հեռուստատեսությունը, որն իր «կոռեկտությամբ» տասնամյակներ շարունակ ազատության կարոտ է պահել միլիոնավոր մարդկանց, որոնք ցանկանում էին, որ խոսեն ոչ թե իրենց ուղղությամբ, այլ իրենց հետ։
Կարեն Ավետիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: