Header

2020.01.25,

Քննադատ

Լրագրության պատմությունից. իմ փորձը

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Mobile

Այս հոդվածաշարը գրելու առաջարկ ստացել էի ավելի քան մեկ տարի առաջ: Այս ընթացքում ինձ կաշկանդում և ետ էին պահում երեք բան. առաջին՝ որ ամբողջովին չեմ տիրապետում անցած երեք տասնամյակների, այսպես ասած՝ լրատվական դաշտի անցուդարձին, և ներկայացրածս կարող է թերի լինել, երկրորդ՝ որ գրելիքս կարող է լինել սուբյեկտիվ, և երրորդ՝ որ պիտի գրեմ նաև գործընկերներիս ու այլոց մասին, որոնք գուցե չկամենան, որ հրապարակվեն իրենց առնչվող դեպքերն ու պատմությունները…

Ի վերջո, ստորադասելով այս ամենը անցյալի իրողությունները մոռացության չմատնելուն՝ որոշեցի գրել:

քարոզչություն, գրաքննություն, հրապարակայնություն

Համալսարան ընդունվելուց առաջ թղթակցել էի մի քանի թերթերի, համալսարանում սկսեցի ռեպորտաժներ պատրաստել Հանրային ռադիոյի Երիտասարդական, ապա նաև Սփյուռքահայության համար տրվող հաղորդումների խմբագրությունների համար (այս երկրորդում, ի դեպ, բարձր հոնորար էին վճարում), և բնական էր, որ ԵՊՀ բանասիրականի երկրորդ կուրսում հինգ մասնագիտացումներից ընտրեցի ժուռնալիստիկան:

Երրորդ կուրսից ժուռնալիստիկայի բաժնի մի քանի ուսանողներ գործուղվում էին Ռուսաստանի համալսարաններ՝ Մոսկվա, Լենինգրադ… Որքան էլ իրական էր հնարավորությունը և գայթակղիչ՝ հեռանկարը, վերջին պահին, այնուամենայնիվ, հրաժարվեցի գնալ:

«Երևանի համալսարան» թերթում աշխատանքի անցնելուց առաջ ու նաև աշխատելու ընթացքում, թվում էր, ոչինչ չի սպառնում լճացման տարիների անխռով անդորրին՝ մենք շարունակելու ենք կարդալ չարգելված ու արգելված գրականություն, խղճուկ աշխատավարձով տուն պահել և ընկերների հետ անխնա ծախսել որևէ խմբագրությունից ստացած հոնորարը, անեկդոտներ պատմել Բրեժնևի մասին և ապրել ու աշխատել խորհրդային երկրի ճնշող ու գաղջ մթնոլորտում, քանոնով գծած բարքերով:

Բայց շուտով Բրեժնևը մեռավ, և այդ մի հատիկ մահը դառնալու էր սովետական երկրի փլուզման ազդանշանը:

«Երևանի համալսարան» թերթի խմբագրությունում. Վասակ Դարբինյան (ձախից), Մարիամ, Վլադիմիր Մաղալյան (գլխավոր խմբագիր), Աղվան Վարդանյան, Լիլյա: Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի (խմբագրության լուսանկարիչ):

Թերթի բազմամյա խմբագիր Վլադիմիր Մաղալյանի զգուշավոր ղեկավարությամբ, ԵՊՀ կոմսոմոլի առաջնորդների  աչալուրջ ուղղորդմամբ և, իհարկե, գլավլիտի նշանառու հսկողությամբ՝ խորհրդային կարծրատիպերը Բրեժնևի մահից հետո երկար ժամանակ դեռ կենսունակ պիտի լինեին,- երկուսուկես տարի աշխատեցի շաբաթը մեկ լույս տեսնող թերթում, գրեթե ամեն օր համոզվելով, որ անգամ այդ փոքրիկ խմբագրությունում քիչ ջանքեր չեն պահանջվում սովետական քարոզչամեքենայի  ստրուկը չդառնալու համար: Ձևականություններին ու կեղծիքին տուրք չտալը, դրանց ընդդիմանալը հաճախ դառնում էր կոմերիտմիության քարտուղարների հետ պարզաբանումների առիթ: Սրան գումարած՝ մի փոքր վրիպումը, անփութությունը, սխալը կարող էր դառնալ մեծ սկանդալի պատճառ… Իբր այսքանը քիչ էր՝ մեքենագրված նյութերը շարելիս տպարանի Սիլվան «ամբիոնի վարիչը» միշտ «ամբիոնի ավրիչ» էր հավաքում, «լույս է տեսելը»՝ «կույս է տեսել», և բացառիկ ուշադրություն էր պետք նրա այդ կարգի չարաճճիությունները նկատելու համար:

85-ի ապրիլին հրաժեշտ տվեցի ԵՊՀ-ին և տեղափոխվեցի Հայաստանի գրողների միություն: Այդ օրերին Գորբաչովը մատուցեց «Վերակառուցում» անվանումով փորձությունը, որը խորհրդային ավերված տնտեսությունը ի վիճակի չէր մարսել և որը, ի վերջո, դարձավ ԽՍՀՄ փլուզման միանգամայն տրամաբանական սկիզբը:

Շուտով պիտի փոքր-ինչ թուլանային նաև գրաքննության կապանքները՝ շնորհիվ վերակառուցմանը հաջորդած հրապարակայնության ու բազմակարծության, որոնք գորբաչովյան կառավարման առանցքային հաջորդ շեշտադրումներն էին և պիտի հանգեցնեին ոչ միայն գրավոր խոսքի ազատության ձգտմանը, այլև ժողովուրդների ազատ կամարտահայտման փորձերին: Դրա ամենացայտուն դրսևորումը դարձավ ղարաբաղյան շարժումը:

«Հայք». ազատ, անկախ և արհամարհված

«Հայքում» աշխատելու առաջարկն ստացա 90-ի մարտին: Ընկերներով զրուցում էինք Գրողների միության շենքի մոտ: Մեզ մոտեցավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, թերթի գլխավոր խմբագիր Սամվել Գևորգյանը, մի քանի բառ փոխանակելուց հետո դիմելով ինձ ու Աղվանին (Աղվան Վարդանյանին)՝ հարցրեց. «Կգա՞ք «Հայք»…. Մի օր եկեք, զրուցենք»:

Աղվանն ու ես համակուրսեցիներ էինք, ավարտելուց հետո միասին էինք աշխատանքի ընդունվել «Երևանի համալսարանի» խմբագրությունում:

«Հայքի» առաջին համարը լույս էր տեսել 89-ի նոյեմբերի 4-ին, երկրորդը՝ մոտ երեք ամիս անց՝ 90-ի հունվարի վերջին: Հետո արդեն սկսեց տպագրվել շաբաթական պարբերականությամբ… Երկու տարի անց 100-րդ համարում թերթի թղթակից Աննա Իսրայելյանի հարցին ի պատասխան՝ Սամվել Գևորգյանը կպատմի. «Հայքի առաջին երեք համարների ստեղծողներն էին Անահիտ Ասատրյանը, նկարիչ Մկրտիչ Մաթևոսյանը: Ինձ օգնում էին նաև ՀՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի աշխատակից, իմ համակուրսեցի Նվեր Սարգսյանը և Այդին Մորիկյանը: Փաստորեն սա էր «Հայքի» ամբողջ կազմը: Արդեն մյուս տարի՝ 1990-ին, նոր մարդիկ եկան թերթ՝ Աղվան Վարդանյանը, Վասակ Դարբինյանը, Վահրամ Մարտիրոսյանը և այլք: Մենք ունեինք նաև թղթակցական հրաշալի կազմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Վազգեն Մանուկյանը, Կտրիճ Սարդարյանը, նույնիսկ Վանո Սիրադեղյանն էր իրեն երբեմն թույլ տալիս «Հայքի» համար գրել…»:

Նշված այդ 100-րդ համարը առաջինն էր, որի պատասխանատուն ես էի և որը լույս տեսավ իմ խմբագրականով, թեև՝ Սամվելի ստորագրությամբ (պատշաճ չէր լինի հոբելյանական համարից հանել նրա անունը): Երկու տարի թերթը ղեկավարելուց հետո նա արդեն նշանակվել էր Հեռուստատեսության ղեկավար: Հեռանալուց առաջ թերթը վստահել էր ինձ, հավաստիացնելով, որ ՀՀՇ վարչությունը դեմ չէ իմ թեկնածությանը:

«Հայքը» այդ շրջանում առժամանակ լույս էր տեսնում պատկառելի տպաքանակով: Դա կարող էր դառնալ շատ ծանրակշիռ լրատվամիջոց, եթե այդ տարիներին փոքր-ինչ լուրջ լիներ իշխանության վերաբերմունքը թերթի հանդեպ: Բայց շատ արագ գոնե ինձ համար պարզվեց դառը մի իրողություն. այն է՝ ազգային ազատագրական պայքարի հորձանուտում, պատմական փոփոխությունների թոհուբոհում մամուլին հասնում էր  ոչ ավելին, քան սպասարկուի, արհամարհվածի, լավագույն դեպքում՝ աղքատ ազգականի կարգավիճակը:

Սա մասամբ գալիս էր խորհրդային մամուլի հանդեպ քամահրական վերաբերմունքի իներցիայից, մասամբ՝ գուցե հասարակական կարծիքի վրա մամուլի ազդեցությունը թերագնահատելուց: Գործընկերներիս հետ անընդհատ ստիպված էինք հաղթահարել այս ճնշող զգացողությունը՝ ամեն անգամ բացատրություն էինք հորինում, պատճառաբանություն էինք փնտրում, երբեմն էլ դժգոհում և ըմբոստանում:

«Հայք» թերթի խմբագրությունում. ձախից աջ՝ Աննա Մկրտչյան, Աննա Իսրայելյան, Գայանե Աֆրիկյան, Վասակ Դարբինյան, Վահրամ Մարտիրոսյան:

Մենք դեռ չէինք պատկերացնում, դեռ չգիտեինք, թե ինչ մրցակցություն է սպասվում տեղեկատվական դաշտում: Թե ինչ դժվարություններ, ընդհուպ մինչև անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանալու թերթ հրատարակելու, թվում էր՝ պարզ գործում:

Խոսքը երկու ճակատով պարտադրված դժվարությունների ու կռիվների մասին է՝ կռիվներ, այսպես ասած՝ գաղափարական դաշտում, միջթերթային, երբ տարատեսակ արհեստական բանավեճեր էին պարտադրվում, և դժվարություններ ու պատնեշներ՝ տնտեսական, տեխնիկական խնդիրներ կարգավորելու համար:

Մինչ այդ սկսվել ու շարունակվում էր մեկ այլ պատերազմ. դա Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քարոզչական պատերազմն էր, որը մղվում էր բոլոր լրատվամիջոցներով և որը նախորդեց Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններին ռազմական գործողություններին: Եվ միանգամայն իրավացի էին մամուլից այն դժգոհությունները, թե այս գերխնդիրը հաճախ ստորադասվում է ներքին օրակարգային գզվռտոցներին:

Բայց դժգոհությունները մի կողմ՝ մեզ վրա մոգական ազդեցություն էին թողնում մամուլի ազատություն, խոսքի ազատություն բառակապակցությունները: Մենք աներևակայելի երջանիկ էինք, որ թոթափվել էինք սովետական գրաքննությունից ու ամեն տեսակ կապանքներից:

«Կրպակներում տեսակ-տեսակ թերթեր ու ամսագրեր կան հուզիչ ու վեհ անվանումներով՝ «Հայք», «Լուսավորիչ», «Ազգ», «Երկիր», «Մաշտոց», «Անկախություն», «Ազատամարտ», «Հայաստանի Հանրապետություն»… Բովանդակությունը՝ քննադատությունից մինչև չարախոսություն: Բացառությունները քիչ են: Անցումային շրջան է: Ժողովրդավարություն: Խոսքի ազատություն: Ու քանի կան ամենքին հարազատ թերթեր ու ամսագրեր՝ դիկտատուրան մեզ չի սպառնալու»: – Սա էլ «Հայքի» նույն համարում Ալվարդ Բարխուդարյանի «Ի սկզբանէ էր Բանն» հոդվածից է:

Խոսքի ազատությունն, իհարկե, այլընտրանք չունի, քանի դեռ հակասության մեջ չէ այդ ազատության տվյալ պահի «հովանավորի»՝ կուսակցության կամ խմբավորման շահերի հետ: Անկախ Հայաստանի լրատվամիջոցների պատկառելի մեծամասնությունը կուսակցական պաշտոնաթերթեր կամ դրանց հովանավորած պարբերականներ էին, և դա իրականում լուրջ արգելակ էր խոսքի ազատության համար: Թեև մենք միամտաբար կարծում էինք, որ այդպես չէ: Ավելի ճիշտ, բազմանուն այդ լրատվամիջոցների յուրաքանչյուր աշխատակից պնդում էր, որ իրենց թերթում այդպես չէ, այդպես է այլ թերթերում. «Չէի ասի, թե իսկապես կուսակցական թերթ է: Իմ էությամբ էլ չեմ ընդունում նեղ իմաստով կուսակցականությունը:

Այլ հարց է, որ եթե ՀՀՇ-ն կուսակցություն դառնա, ճիշտ կլինի, եթե իր առանձին պարբերականն ունենա, բայց դա չպիտի լինի «Հայքը»: Իմ պատկերացմամբ, այն պետք է մնա Շարժման թերթը»:- Ահա այն խայծը, որը վերը նշված հարցազրույցում մատուցել էր նույն Սամվել Գևորգյանը և որը նրա հեռանալուց հետո կապեց ինձ «Հայքին»… Երկրորդ խայծն էլ, ի դեպ, մատուցել էր երկու ամիս առաջ ՀՀ նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը. «Իշխանությունների և ՀՀՇ-ի գործունեության քննադատության հարցում, կարծում եմ, «Հայքը» նույնիսկ պիտի կանխի ընդդիմադիր մամուլի հրապարակումներին: Դրանով այն միայն կնպաստի իր վաստակած հեղինակության բարձրացմանն ու ընթերցողի վստահության ամրապնդմանը»:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *