2019.12.27,

Քննադատ

Թևակոխում ենք 2020 թվական՝ ձեռնամուխ լինելով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Թավշյա հեղափոխությունը առաջին պլան մղեց մարդ-մեդիային, որը արագ ստանում, արագ տարածում էր ինֆորմացիան: Ու է՛լ ավելի արագ գործում էր:

Հիմա, երբ արդեն ներխուժում ենք մոգական թվերից բաղկացած 2020 թվական, արագությունը ձեռք է բերում նույնքան մոգական նշանակություն: Բայց երևի հակառակ նշանով, քանի որ այն չի կարող անընդհատ աճել:

Այն պետք է արդյունք տա՝ վերածվելով փոփոխությունների, որոնք կլինեն տեսանելի առօրյայում և հեռանկարային երազանքներում:

Ի վերջո, երբ քայլը դառնում է վազք, բնականաբար վաղ թե ուշ պիտի դանդաղի, նորից վերածվի քայլի, քանի որ մշտական վազքը մարդու բնական վիճակը չէ:

2020 թվականի ցանկություն-խոհերը վազող մարդու դիրքերից են: Մարդու, որը պետք է դադարի վազել, որ ուժասպառ չլինի ու կարողանա տեսնել իրեն շրջապատող միջավայրի փոփոխման գեղեցկությունը:

20/20 հարաբերակցությամբ (կեսը մարդու ու կեսը մեդիայի հայացքով) նայում ենք անցյալ տարվա ընթացքում ձևափոխված միջավայրին:

 

1. Հեղափոխությունից հետո մեկ տարի անց աչքի է զարնում մեդիա դաշտի անհավասարակշռությունը:

 

Շատ լրատվամիջոցներ վերահսկվում են նախկին իշխանությունների կամ նրանց մերձավորների կողմից: Դրանք հիշեցնում են լավ յուղած հոսքագիծ ու համագործակցային ռեժիմով անընդհատ տեղեկատվական ռումբեր են նետում՝ մեղադրելով նորերին (տեղի կամ անտեղի):

Եվ ստացվում է, որ այդ լրատվամիջոցներն ու դրանց մերձ սոցցանցային հեղինակությունները միմյանց թեմաները տարածելով, շարունակելով ու ուռճացնելով, փոխում են մեդիայի կլիման դեպի գլոբալ թեժացում:

Ընտելացնում են լսարանին ապրել թեժ ու լարված:

 

2. Լուրերի հոսանքները նմանվում են ճոճանակի, որը թեքվում է ցանկացած կողմ ու այլևս կենտրոնական, ստատիկ դիրք չի վերադառնում:

 

Ու լրահոսից կախում ունեցող մարդիկ նույնպես ճոճվում են:

Հիստերիկ ոճով, սկանդալային բացահայտման նմանությամբ, «ճշտի» անունից խոսողները թվում են ավելի ուժեղ, կրքոտ ու վստահ:

Լրատվամիջոցներն էլ նման կերպ խոսող փորձագետների, բողոքի ակցիայի մասնակիցների կամ կանխատեսումներ անողներին տրամադրելով խոսքի իրավունք, ձևավորում են բորբոքված, հիստերիկ ֆոն: Ու հետո լսարանին նետում այդ ֆոնային աղմուկի մեջ:

Անգամ՝ արհեստականորեն ստեղծվում է առիթ, որ հետո այն լուսաբանվի՝ շարունակաբար, ցնցումային և հուզական ֆորմայով:

Բայց իրականում հիստերիկ հնչերանգներով կառուցված լուրերի օրակարգը վկայում է, որ լրատվական հարթակը վստահ չէ, որ իրավացի է:

Լրատվամիջոցի կենտրոնը, միջուկը, սկզբունքը, դիրքորոշումը դառնում են դատարկ բառեր: Կարևոր է դառնում նրանց փող տվողը, որը թեքում է լրահոսի ճոճանակը պատեհ ուղղությամբ:

Եվ շատ բան է կախված լսարանից, որը ինքն է կենտրոնն ու ընտրողը:

 

3. Լսարանին անընդհատ փորձում են համոզել երկու բան՝ որ ոչինչ չի փոխվել, և ամեն ինչ փոխվել է:

 

Օրինակ, նեղսրտած օլիգարխները կամ պարտություն կրած տարբեր տրամաչափի քաղաքական ուժերը ուզում են, որ անընդհատ շեշտվի, թե ոչինչ չի փոխվել: Որ նորերը հներից ոչնչով չեն տարբերվում ու ավելի շատ իրենց մասին են մտածում, քան պետության:

Այդ միտքը պարարտ հողում է հայտնվում, քանի որ փոփոխությունները առանցքային ոլորտներում երբեմն թաքնված են մակերեսային և կոսմետիկ գաղափարական շղարշի տակ:

Իսկ իշխող քաղաքական ուժը անընդհատ ասում է, որ ամեն ինչ փոխվել է:

Ոչնչի և ամեն ինչի արանքում դիսկուրսը հազվադեպ է: Հաղորդակցման պրակտիկաները երբեք չեն եղել մեր ուժեղ կողմը:

 

4. Թանկանում է բանավեճի արժեքը:

 

Հիմա Հայաստանում կարծես բոլորը բոլորի հետ վիճում ու միմյանց քննադատում են, բայց իրականում մեծ է իսկական, կրքոտ, տեսական (ոչ պատեհապաշտ կամ մակերեսային) վեճի ունակ մարդկանց դերը:

Հիմա թերևս բանավեճ տեղի չի ունենում, քանի որ հավասարազոր գաղափարական կողմերը իրար չեն հանդիպում: Եվ առաջին հերթին չեն հանդիպում մեդիայում, որը շարունակում է որոնել դեմ ու կողմ կարծիքներ՝ բախում ցույց տալու համար:

Իսկ նման վեճի մասնակիցները սովորաբար ուզում են իրար ոչնչացնել, նեղել, ծաղրել, իջեցնել հողի մակարդակին ու հենց այդ մակարդակում ասել՝ ես հաղթեցի:

Եթե նպատակ դրվի, ոչ թե «հաղթելու», այլ նպաստելու լարված բարքերի մեղմացմանը, սեփական իրավունքների համար պայքարին ու ճկուն լինելու բերկրանքին, հասարակությունը ավելի ամուր նյարդեր կունենա: Եվ ավելի լայն տեսադաշտ:

 

5. Սպասում ենք, որ նվազի «հեղափոխություն» բառի օգտագործումը:

 

Հեղափոխությունը, որը ստացավ «թավշյա» բնութագրումը, ահռելի ոգևորության չափաբաժին նետեց հանրային կյանք, ստիպեց վերապրել անարդարության վերացման պրոցեսում սեփական մասնակցությունը, դարձավ սոցիալական փորձառություն:

Հետո այդ բառը դանդաղորեն զրկվեց գրավչությունից, քանի որ գործը հասավ առօրյային ու կոմպետենտ կադրերի որոնմանը:

Վատ չի լինի, եթե 2020 թվականին այդ բառի կիրառումը չլինի ո՛չ  քամահրական, ո՛չ բոցաշունչ, այլ մնա որպես քաջ քայլի սիմվոլ: Բայց արդեն արված անցյալում:

Հեղափոխությունից հետո հերթը կառուցմանն է: Ճոճանակի կենտրոնի ամրացմանը, որպեսզի թեքումները աջ կամ ձախ չլինեն տրավմատիկ տարբեր քաշ, հասակ, տարիք, սեռ, ունակություններ, երազանքներ ունեցողների համար:

 

6. Ուզենք, թե չուզենք հասարակությունը շերտավորվելու է:

 

Եվ որքան էլ բարձր ամբիոններից ու պաստառներից մեզ ասեն, որ մենք մի ընտանիք-օջախ ենք, հասարակության շերտավորումը չի կանգնելու:

Թեկուզ միայն այն պատճառով, որ միշտ կլինի մի հատված, որն ամենից բարձր դասելու է ինքնարտահայտման իրավունքը, հետևաբար՝ նաև դիմադրելու է ընտանեկան հիերարխիկ կառուցվածքին:

Իսկ ներքին դիմադրությունը շատ առողջ, ստեղծարար ու ռոմանտիկ վիճակ է: Կործանում է իներցիան:

Դիմադրելու պատրաստ լինելը (հատկապես նոր պաշտոնյաների ու վաղուց աշխատող լրագրողների դեպքում) պետք է լինի ոչ թե հանուն փողի, շահի, այլ հաշվի առնելով ենթադրյալ իդեալական զրուցակցի կարծիքը:

Ժամանակին այն իդեալական զրուցակցին անվանել են՝ Աստված:

 

7. Խոսքի ազատությունը կարգավորում է սրտի աշխատանքը:

 

Անցյալ տարվա ընթացքում եղան մի քանի փորձեր՝ մեդիա դաշտը կարգավորելու որոշ օրենսդրական նախաձեռնություններով: Բայց խնդիրն այն է, որ կարգավորումը միանգամից կընկալվի որպես խոսքի ազատության ճնշում (ինչը և հաճույքով արվեց):

Երբ լրատվամիջոցներն ու լրագրողները պայքարում են խոսքի ազատության համար, դա ենթադրում է նաև պայքար՝ հանուն աշխատանքային բարձր մակարդակի և պայմանների:

Օրինակ, ազատ, թափանցիկ ու պաշտպանող պայմանագրերի համար, մեդիայի սեփականատիրոջ կողմից տեքստերի կամ տեսանյութերի քաղաքական խմբագրումների դեմ և այլն:

Խոսքի ազատությունը թելադրելու ցանկությունը չէ: Դա ավելի նուրբ հյուսվածք է: Եթե այն մեջդ է, ուրեմն կարգավորված է ոչ միայն մեզ շրջապատող մեդիայի, այլև հենց մեր սեփական սրտի աշխատանքը:

 

8. Լրագրությունը պիտի դառնա թանկ մասնագիտություն:

 

Կան կանոններ, որոնք խախտել չի կարելի: Պարզապես չի կարելի և վերջ:

Օրինակ, չես կարող գիտակցաբար մասնակցել մանիպուլյացիաների ու կեղծիքի տարածմանն ու հանգիստ քնել՝ ընդունելով, որ էժան խաղաթուղթ ես:

Իհարկե, կարելի է հաճույք ստանալ նաև անկումից, բայց հաստատ դա չի կարող երկար տևել: Ի վերջո, ներքին ձայնը կարթանա ու կշշնջա՝ մի արա, դու ավելի սթափ ու կոմպետենտ ես, քան քեզ օգտագործողները:

Ներշնչանքը թերևս առաջին գործիքն է հանրային նշանակության մասնագիտություն ունեցողի՝ լրագրողի, համար, որն ավելի թանկ է, քան փողը:

 

9. Մարդը չի կարող անընդհատ մեդիա լինել, բայց պիտի անընդհատ մարդ մնա՝ նաև առանց մեդիայի:

 

Շատերս օրվա լրահոսից կախվածություն ունենք: Թվում է՝ եթե մեկ օր լուրեր չկարդանք, լուրջ բան բաց կթողնենք ու այլևս չենք լինի լիարժեք:

Դարի հարցը սա է՝ իսկ ինչու՞ պիտի մեր կյանքի մի ժամը (երկուսը, հինգը,  տասը) ծախսենք կարդալով ու լսելով լրատվամիջոցների ստեղծածն ու կռվարար մտքերի վերարտադրությունը: Ինչու՞ պիտի ամեն խոսողին ու նրան պատասխանողին լսենք:

Հետո բարկանանք ու բորբոքվենք՝ առաջացնելով բարկության ու հույզերի նորանոր բռնկուն մակերեսներ:

Ափսոս է ժամանակը:

 

10. Իրավիճակը գնահատում ենք ոչ միայն տրամաբանորեն, այլև բնազդաբար:

 

Թևակոխելով 2020 թվական, կարելի է ձեռնամուխ լինել նաև ավելի խնայողական կյանքի ռեժիմի, երբ հանրային միացումներն ու անջատումները իրար չեն հակասի:

Երբ բնազդային ցանկությունը՝ ըմբոշխնելու կյանքը, չի նվազի մեդիա սկանդալներով ու սոցցանցային մեյնսթրիմային աղմկով:

Սոցիալական ակտիվությունը սոցցանցերում ոչ միշտ է լավ օգնական, մանավանդ, որ դա արվում է լռեցնելով ներքին ձայնը:

Տրամաբանական է, որ հենց բնազդը՝ ինտուիցիան, ներքին ձայնը, հատկապես ճիշտ խորհուրդներ է տալիս, երբ մի պահ դադարում ես վազել, խորը շունչ ես քաշում ու տեսնում, որ արդեն 2020 թվականն է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *