2019.12.25,

Քննադատ

Հայ մամուլի արխիվում ամանորյա ուրախություն չկար…

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Մինչ 2020-ին ընդառաջ՝ սոցցանցերում քննարկամ հիմնական թեման խոզի բուդն է, ավանդաբար՝ հեգնական երանգով, հեռավոր 1990-ի հայ մամուլը հեգնում էր ոչ թե հայերիս, այլ անգլիացիներին: 

Մասնավորապես՝ նրանց ընդգծված վերաբերմունքը հնդկահավերի նկատմամբ և  որկրամոլությունը. 

«Լօնտոն, 25 դեկտեմբերի. երէկ իրիկուն ամբողջ Անգլիա հոգ մը միայն ունէր, այն թէ ուիսքիի (վիսկիի-Լ.Ա.) պաշարը բաւակա՞ն պիտի ըլլայ վաղուան համար: Անգլուհիներն ալ զբաղում միայն ունին, որ է թե Ծնունդի նշանաւոր հնդկահաւը կարելի՞ է երեք անգամ սեղան հանել: Չեք գիտեր, թէ այդ հնդկահաւը ինչ կարեւորութիւն ունի հոս: Տասնհինգ օրէ ի վեր շարունակ նամակ կը ստանամ ինծի հաւ եւ այլն մատակարարող խանութպանեն որ իր հնդկահաւերը կը գովե:
Այս տարի Ծնունդը երեքշաբթի է. անգլիացին չորս օր ստամոքսային տօն մը պիտի ունենայ» («Արեւելք», դեկտեմբերի 31, 1900):

19-րդ դարի վերջի, 20-րդի սկզբի հայկական ողջ մամուլի ամանորյա համարները նույնքան տխուր են, որքան տարվա մյուս օրերին: Ազգային խնդիրներ, պատերազմներ, կոտորած, Ցեղասպանություն…

Պատմական այս միջավայրում ուրախանալ չէր ստացվում. ոչ բոլորն էին պատրաստ տոնական սեղանների կամ այցելությունների վրա գումարներ ծախսել: 

Եվ թերթերում տպագրվում էին այն մարդկանց անունները, որոնք հրաժարվել են տոնական այցելություններից և այդ նպատակով ծախսվելիք գումարները բարեգործական նպատակների են ուղղել.  

«Առաջիկայ Նոր Տարւոյ եւ Ս. Ծննդեան տօնի առթիւ տեղի ունենալիք այցելութեանց պարտականութենէ զերծ մնալու համար, ի նպաստ Հիւանդանոցիս մէկ կամ աւելի մէճիտ նուիրել բարեհաճող ազգայնոց ցուցակն է…», և անունների երկար շարան («Ծաղիկ» օրաթերթ, 31 դեկտեմբերի, 1899 թ.):

«Որքան ալ իւր անհատական կենաց նեղ շրջանակին մէջ կեդրոնացուցած ըլլայ մարդ իւր ուշադրութիւն, կը բերուի դարձեալ կանգ առնուլ վայրկեան մը և թաղուիլ ամենալուրջ խորհրդածութեանց մէջ, երբ երբ ժամացույցի սլաքներ կը շարժին յամրաբար դէպի վերջին ժամը 19-րդ դարու»: Եվ եզրակացությունը. «Արդարութիւնը պիտի յաղթանակէ վերջապես, որովհետև Տիեզերքի օրենքն է այդ, որովհետև Արարչին կամքն է այդ՚ («Կօչնակ», Բոստոն, 1900, N3):

Մամուլում հանդիպող ամանորյա հումորն էլ ավելի շուտ սև հումոր էր.. 

«Տես բախտին հեգնութիւնը. քրիստոնեայ եւ խաղաղասէր ԱնգլեւՍաքսոնք, որոնց գրպանէն բնաւ չի պակսիր Ս. Գիրքը, որք իրենց սովորական ջերմեռանդութեանց մէջ չեն թերանար երբեքը, կռուի բռնուած են, ջնջող կռուի մը, անպէտք կռուի մը: 

…Լետիսմիթը պաշարող Պօէրները  իբրեւ Կաղանդչեք՝ պաշարուած Անգլիացիներուն ղրկէցին շաքարեղենով լեցուն մի քանի ռումբեր, ինչպես նաեւ Նոր տարի շնորհաւորող բարեմաղթութիւններ: Շաքարեղե՞ն ղրկել իր թշնամիներուն , զոր սովէն անձնատուր ընելու համար ամէն ճիգ կը թափուի, բաւական սուր հեգնութիւն մըն է» («Ծաղիկ» օրաթերթ, 31 դեկտեմբերի, 1899):

Նոր տարին հնարավորություն էր նաև ամփոփելու մամուլի կատարած աշխատանքը, իշխանությունների վերաբերմունքը մամուլի հանդեպ: 

Ռուսաստանում լույս տեսնող «Աշխատանք» շաբաթաթերթը հաշվում է, թե քանի-քանի թերթ է փակվել, քանի-քանի լրագրող՝ ենթարկվել ճնշումների ու հալածանքների. 

«Տարին բոլորում է, ծանր երկունքի տարի. մամոլը՝ շղթայված, ահաբեկված, հալածված մամուլը՝ որպես արձագանք կեանքի, այս մի տարուայ մէջ կատարեց աւելի, քան կարելի էր նրանից սպասել և կատարեց ահագին զոհերով: Բաւական է յիշել մի տարուայ ընթացքում աւելի քան 873 թերթերի փակումը, մի քանի հարիւր խմբագիրների և մամուլի գործիչների վերաբերմամբ տեղի ունեցած ճնշումները, ձերբակալումները, աքսորներ, և մեզ համար կպարզուի մի կողմից այն մթնոլորտը, որի մէջ գործում էր ազնիւ, շիտակ մամուլը» («Աշխատանք» շաբաթաթերթ,1906, 20 դեկտեմբերի):

Ամանորյա տոնական, ուրախ բովանդակությամբ համարներ հայ մամուլի արխիվում գտնել չստացվեց…

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *