2019.12.06,

Քննադատ

«Լենինականը փլվեց, Գյումրին մնաց»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

1988-ի երկրաշարժի հետևանքները վերացնելու, աղետի գոտին վերականգնելու առաջին խոստումը բավականին հանդուգն էր՝ 2-3 տարում քաղաքաներն ու գյուղերը կվերականգնվեն: 

Ապա նախագահներից յուրաքանչյուրն իր հերթին տարիներ ավելացրեց՝ մինչև 2000-ը, ապա 2003-ը, դրանից հետո արդեն՝ 2004-ը, 2008-ը, 2012-ը, 2019-ը…

Սպիտակի երկրաշարժից 10 տարի անց աղետի գոտում կատարած աշխատանքն այնքան համեստ էր, որ մամուլում կոնկրետ ձեռքբերումների մասին հրապարակումներին փոխարինում էին հուզական տեքստերը. 

«Տասը տարի անցավ ուղիղ այն օրից, երբ հողը ճեղքվեց, խլեց բազում կյանքեր, տարավ մեզնից գեղեցիկ ու զվարթ մանկանց: Գրվեցին բանաստեղծական տողեր, հյուսվեցին երգեր. մխիթարանք մեզ՝ մնացյալներիս: Ողբանք այս օրը շիրիմների առջև, հիշենք սգո օրը, հուսանք բոլոր մնացյալ ավերված ճակատագրերի համար, տոկանք կիսելու աղետյալների դժվարությունները» («Ավանգարդ», 1998, դեկտեմբերի 9-15): 

Իսկ տեղի ունեցածը սարսափելի էր. «Տասը երկար տարիներ են մեզ բաժանում 1988 թվականի դեկտեմբերյան ահեղ օրերից: Հաշված վայրկյանների ընթացքում պատմության նորօրյա էջում հայ ժողովրդի անվան դիմաց գրանցվեց 25 հազար զոհ, 19 հազար վիրավոր, հազարավոր խեղված ճակատագրեր, ավերված տներ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Երկրաշարժն ընդգրկեց հանրապետության տարածքի 40  տոկոսը՝ շուրջ մեկ միլիոն բնակչությամբ: Մասամբ կամ ամբողջովին ավերվեցին 21 քաղաք ու շրջկենտրոն, 324 գյուղ: Ավելի քան 530 հազար մարդ մնաց անօթևան» («Էջմիածին» հանդես, 1998, ԺԲ 11): 

Առաջին դեմքերի այց՝ ավերված Գյումրի, ծաղկեպսակներ, խոսքեր, խոստումներ…

Դրանք դատարկ զնգոցի արժեք ունեին, և մամուլն՝ իր տխուր, հուսահատ տեքստերով արձանագրում էր իրականությունը. 

«Դեկտեմբերի 7-ի երեկոյան, երբ դրված կլինեն բոլոր ծաղկեպսակները, երբ ծխված կլինեն խունկ-աղոթքները, ավարտված՝ խոսք ու քարոզները, բոլոր արարողությունները, մեր աղետի գոտին դարձյալ կպարփակվի ինքն իր մեջ, իր ցավ ու տառապանքի փլատակներում ու տնակներում՝ սպասելով այն օրվան, որ պիտի գա հրաշքի պես… Չի գալու այդ օրը, մոտիկ ապագայում չի լցվելու մեր պետական բյուջեն, ոչ էլ «Հայաստան» համահայկականի հաշվեհամարներն են ուռճանալու այնքան, որ կարողանանք ամբողջովին վերականգնել թշվառ Գյումրին, խեղճ Վանաձորն ու մյուս գյուղերն ու քաղաքները» («Ազգ», 1998, դեկտեմբերի 5):

ԽՍՀՄ-ն արդեն չկար, արտաքին աշխարհից օգնությունը վաղուց դադարել էր, տնտեսությունը չէր աշխատում: 

Աղետի գոտին վերակենդանացնելու տարբեր մոդելներ էին առաջարկվում իշխանություններին.  

«Մենք ունենք կարևորագույն մի ներուժ, որ 10 տարի շարունակ խեղդել ենք սոցիալական ու մարդասիրական ծրագրերի տակ՝ անհատի ձեռներեցությունը: …Տնտեսական մեր ամենաարտոնյալ պայմանները պետք է ուղղվեն ու կենտրոնանան աղետի գոտում, մեր ամենաազատական օրենքներն այնտեղ պետք է կիրառել» («Աղետի գոտին չի վերականգնվի առանց անհատական ձեռներեցության», նույն տեղում):

Ինչպես կյանքի բոլոր իրավիճակներում, այս դեպքում էլ մամուլը փորձում էր բարձրացնել գլխավոր հարցերից մեկը՝ ինչու՞ պատահեց այդ աղետը, հնարավո՞ր էր խուսափել այդքան զոհերից. 

«Ամեն անգամ աղետի գոտի այցելելիս հոգիս ծվատվում էր այն այրող մտքից, որ համաժողովրդական ողբերգության մեջ մենք՝ ժամանակակիցներս, շատ ավելի ենք մեղավոր, քան բնության, այսպես կոչված, կույր ուժը: Ողբերգության տասներորդ տարելիցի նախօրեին, աչքի անցկացնելով իմ անձնական արխիվները, …խորապես հավատացած եմ, որ մեր հայրենակիցների, հատկապես նախադպրոցական երեխաների և դպրոցականների գրեթե 90 տոկոսն ահավոր մահ է գտել բառացիորեն մեր սերնդի աչքի առաջ կառուցված բնակելի տների ու հասարակական շենքերի փլատակների տակ» («Ազգ» 1998, 5 դեկտեմբերի): 

Այդ ժամանակ էլ արդեն սկսեց տարածվել թևավոր դարձած միտքը՝ «Լենինականը փլվեց, Գյումրին մնաց»:

Պաշտոնյաների արդարացումներն ու խոստումները, նրանց ախուվախը, զանազան «խնկարկումներն» ու «ոգեկոչումները» սկսում էին հոգնեցնել, հատկապես որ՝ դրանց թիկունքը դատարկ էր: 

«Պետք է մտածել ողջերի մասին», – կոնկրետ գործողություններ էին ակնկալում աղետի գոտու բնակիչները.  

«Երիտասարդությունը բացարձակապես չունի զբաղմունք: Գյումրիում առևտուր անելը միակ աշխատանքն է, որն այսօր կարող է անել ախուրյանցին: Գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ շրջանն առաջիններից մեկն էր հանրապետությունում: Ունեինք զարգացած անասնապահություն, աճեցվում էր մեծ քանակությամբ ճակնդեղ, ցորեն: Երկրաշարժից դեռ ուշքի չեկած՝ տեղի ունեցավ հողի սեփականաշնորհում, մենատնտեսը սկսեց աճեցնել այնպիսի կուլտուրաներ, որոնք հեշտությամբ են վաճառվում, և շուկան դարձավ անհամաչափ: …Որքան էլ պայմանները սուղ լինեն, այնուամենայնիվ, աղետի գոտուն կատարված հատկացումները պետք է այնքան լինեն, որ կառուցվեն բնակելի տներ, որ, վերջիվերջո, վերանան ամեն վայրկյան աղետը հիշեցնող ժամանակավոր կացարանները» («Հարկ է մտածել ողջերի մասին», «Ավանգարդ», դեկտեմբերի 7, 1995): 

Երկրաշարժից անցել է տասը տարի. շա՞տ է, թե՞ քիչ: «Ժամանակը գործերով է չափվում, գերեզմանի դեմ դրվող օրորոցներով»:

Երկրաշարժից հետո ամենազարմանալի իրադարձությունը, թերևս, ծնելիության վիճակագրությունն էր. 1990- ին աղետի գոտում ծնվել է 22 211 երեխա, 1997-ին, երկրաշարժից գրեթե տասը տարի անց՝ 11 787 («Երկուշաբթի», 1998, N 41, դեկտեմբերի 7):

Այս վիճակագրությունը տարեց տարի ավելի համեստ է, որքան էլ վերնագրերը վստահեցնեն՝ «Հիմնախնդիրը լուծելի է», «Հույսը երբեք չի լքում հային»: 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *