2019.10.16,

Քննադատ

Կյանքդ՝ հայրենիքին, հոգիդ՝ Աստծուն, և միայն պատիվդ՝ քեզ

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

«Աղբի տեղը աղբամանն է», «Մաքուր Երևան», «Ծխելը վնասակար է», «Խնայիր էլեկտրաէներգիան», «Մեքենան սթա՜փ վարիր», «Քեզ տանը սպասում են»… 

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված սոցիալական այս վահանակները (բիլբորդեր) մտերմաբար խորհուրդներ են տալիս. կուզես՝ ընդունիր, կուզես՝ ոչ:

Ոչ հետևողական, չհամակարգված, նեղ ուղերձներով գովազդային պաստառները, որոնք ամեն օր տեսնում ենք փողոցներում, մեծ իմաստով, հետաքրքիր չեն, թույլ են վիզուալ ու տեքստային լուծումները: 

«Կյանքս՝ հայրենիքիս, Հոգիս՝ Աստծուն, Պատիվս՝ ինձ». այս մեկը Ոստիկանության ներքին զորքերի զորամասի ճակատին է:

Սա էլ՝ Բյուրականում. «Հա՛յ զինվոր, Բյուրականը շնորհակալ է քեզ հերթական հաղթանակի համար»

Թվում է՝ ասելիք կա, կողք կողքի դասավորված են կարևոր բառեր՝ հոգի, պատիվ, զինվոր, հայրենիք, կյանք, աստված, բայց բովանդակություն, լիցք չկա:   

Սոցիալական գովազդի ազդեցությունը Հայաստանում թերագնահատված է: Համակերպվել ենք, որ եթե մեր փողոցներում սոցիալական, քաղաքական բովանդակությամբ պաստառները չեն նյարդայնացնում, արդեն լավ է:

Ինչպես «Հայ մեծեր» շարքը՝ թող որ մաշվածությունից գունաթափ:  

Պաստառներին գերեզմանաքարային ինֆորմացիա է՝ անձրևից խունացած լուսանկար, ծննդյան-մահվան տարեթվեր: Չկա խայծ, պաստառը ինտերակտիվ չէ, պարզ չէ, թե ինչով են հետաքրքիր Թումանյանը, Կոմիտասը, Փարաջանովը, Սարյանը…

Հետևաբար՝ պաստառները կարող են լինել: Կարող են և չլինել: Ոչինչ չի փոխվի: 

Նմանատիպ նախագիծ է միջպետական մայրուղիներում տեղադրված Հայաստանի  եկեղեցական համալիրների պատկերներն ու դրանց կառուցման տարեթվերը… Այս դեպքում ևս պաստառներն այնքան խունացած են, որ մի եկեղեցին մյուսից վիզուալ չի տարբերվում: Մի տեսակ՝ ծույլ ուղերձ ունեն. կուզես՝ այցելիր, կուզես՝ ոչ: 

Մյուս ծայրահեղությունն են գունեղ, ագրեսիվ տեքստով պաստառները, որոնք որպես կանոն, հակառակ ազդեցությունն են թողնում, եթե անգամ քարոզում են ընթերցանություն: 

Անցորդի ինտելեկտուալ երևալու հավակնությունները, երկիմաստ խորհուրդները դատապարտված են չընկալվելու: Ինչպես «Գիրք կարդալը սեքսուալ է» կամ «Միայն ուղտը գիրք չի կարդում» բովանդակությամբ պաստառները… 

Կան պաստառներ, որոնց գոյության իմաստը հասկանալը հեշտ չէ: Սեբաստիայի փողոցում Հեմինգուեյի մեծադիր դիմանկարն է ու նրան վերագրվող խոսքերը. 

«Չշփոթել շարժումը գործողության հետ»:

Ամենաքննարկվողը, սակայն, վարչապետի ուղերձով պաստառներն են: 

«Մեզնից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել և պիտի ասի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Ընդ որում, սա պիտի դառնա նոր ժամանակների համահայկական կարգախոս, ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի է ու անպարտելի»։

Օգոստոսի 5-ին, Արցախում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի այս կտորը մեր աչքի առաջ իրականություն է դառնում: Հանրապետության ողջ տարածքում շարունակում են տեղադրվել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» բովանդակությամբ մեծադիր պաստառները: 

Ճերմակ թուղթ, մինիմալիստական լուծում, պաստառի վրա ոչինչ չի շեղում վարչապետի՝ արագ ձեռագրով գրած տողերի ընթերցումից: 

Օրվա ընթացքում, տարբեր փողոցներում հանդիպելիս, ակամայից կարդում ես: Մի քանի անգամ կարդալուց հետո, ըստ գաղափարի հեղինակների, պիտի որ ինքդ էլ նույն մտքին հանգես: Եթե ոչ այսօր, ապա վաղը: Եթե ոչ վաղը, հաջորդ օրը… Դրանք երկար են մնալու: 

Ի՞նչ կարիք ունեն քաղաքական գործիչները գովազդային վահանակների, պաստառների միջոցով հավաստիացնելու հասարակությանը, թե որքան շատ են  սիրում հայրենիքն ու ժողովրդին: 

Կառավարությունում կարծում են, թե իրենց տեսլականները քաղաքացիներին հասցնելու համար արդյունավետ են ցուցապաստառնե՞րը՝ մոտ 100 000 դոլար արժողությամբ:  

Հայրենասիրություն արթնացնելու համար բյուջեից գումարներ հատկացնելու ավանդույթը իրեն չի արդարացնում: 2015-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց դպրոցներում հայրենասիրական ակումբներ բացելու համար պետբյուջեից հատկացնել 65 մլն դրամ. «Երեխաները կարող են լինել ժողովրդավար, մոնարխիստ, անարխիստ, բայց նրանք պարտավոր են լինել հայրենասեր»:

Հարկատուներիս միջոցներով հասարակությանը դժվար է համոզել հայրենասեր լինել: 

Հայրենիքի հանդեպ սերն, ինչպես սերը ծնողների հանդեպ, իռացիոնալ է, և գովազդային վահանակները այդ սերը ցուցադրելու համար ամենևին հարմար վայր չեն:  

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *