Մի տասնհինգ տարի առաջ մասնակցում էի մի շարք իրար հետևից իրականացված կոնֆերանսների։ Բոլորի հիմնական թեման էր լուսաբանումը, հանրային կապերը, կարճ արտահայտություններ սիրող այսօրվա լեզվով ասած՝ փիառը։
Այն ժամանակ գործող լրագրող էի, մի քանի արտասահմանյան լրատվամիջոցի թղթակից։ Ու այդ պատճառով հայտնվում էի բոլոր նմանատիպ կոնֆերանսների:
Մեկը ՏՏ ոլորտի մասին էր․ քննարկվում էր, թե ինչու վերոհիշյալ ոլորտը, որը ամենաբարձր մակարդակով կոչվել էր գերակա ճյուղ, ներկայացված չէ հայաստանյան մամուլում։ Կոնֆերանսի ժամանակ պարզվեց մի քանի բան. լրագրողները չեն ուզում կրթվել, կազմակերպությունները չեն ուզում շփվել և մի շարք այլ նմանատիպ ու հավերժական հանգամանքներ։
Հետաքրքիրն այն էր, որ այս կոնֆերանսի մասին բաց (այն ժամանակ լայնորեն կիրառվող վճարովի լրահոս գոյություն ուներ միայն բաժանորդագրությամբ) գրել էր միայն մեկ լրատվամիջոց․ ադրբեջանական մի ինտերնետ կայք, որը հիմա էլ ողջ֊առողջ է ու շարունակում է լայնորեն լուսաբանել հայաստանյան ներքին կյանքը։
Նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնց ներկայացուցիչները թեժ քննարկումների մեջ էին այդ օրերին, չէին հրապարակել ոչ մի բան այս թեմայով։
Մի քանի շաբաթ հետո տեղի ունեցավ մեկ այլ հավաք։ Այս անգամ նույն թեման էր, սակայն ավելի լայն․ բիզնեսը և լրատվամիջոցները։
Հիշում եմ, անվադողեր վաճառող մի ընկերության ղեկավար զայրացած ամփոփեց այն, ինչ մտածում էին, իսկ երբեմն նաև կցկտուր արտահայտում հավաքի ժամանակ բիզնեսի այլ ներկայացուցիչները․ «Ինչների՞ս եք դուք՝ լրագրողներդ, մեզ պետք, եթե առանց ձեզ էլ մեր գործը առաջ ենք տանում»։
Ինչից հետո նա նաև հավելեց, որ լրագրողները ոչ միայն պետք չեն, այլ նաև մի բան էլ խանգարում են հանգիստ աշխատել։
Սա հայաստանյան փիառի ոսկե դարն էր։ Այն ծածուկ էր, անհասկանալի և երբեմն, շատ երբեմն էլ՝ պահանջված։
Այդ ժամանակ ամեն երկրորդը փիառի գուրու կամ ուսուցիչ չէր: Իսկ ամեն երկրորդ բիզնեսմենն ու պաշտոնյան չէին երազում գարաժում պահել մի հատ սեփական փիառ գործակալություն, որն իրականում պետք է իրենից ներկայացներ ֆեյքերի փոքրիկ ցեխ։
Այդ ժամանակ հրապարակումները թերթերում հիմնականում վախեցնում էին չինովնիկներին, որոնք պարբերաբար առավոտ կանուխ կրպակներից գնում էին ողջ տպաքանակը, որ իրենց մասին հոդվածը մարդ չկարդա։
Վերջիններս մինչև վերջ էլ դիմացան։ Եվ շարունակում են ամեն առավոտ թերթ առնել ու ստիպել, որ իրենց օգնականը ամբողջը կարդա և գտնի իրենց մասին տողերը։ Եվ լավ է, որ նման մարդիկ կան․ շնորհիվ իրենց է դիմանում տպագիր մամուլը։
Այսօր ամեն ինչ փոխվել է։ Շուրջ բոլորը փիառի մասնագետներ են, իսկ բոլոր մնացածը՝ փիառվում են։
Մեկը սևով է մյուսին փիառում, մի երեքը իրար հետ սպիտակով ինքնափիառվում են։ Շատերի մոտ, իհարկե, պուտիկավոր փիառ է ստացվում, մի մասի մոտ էլ՝ զոլավոր։
Մտնում ես սոցցանցեր և զգում, որ տեղի է ունենում փիառ։
Տեսնում ես, որ հանկարծ մի շարք պատասխանատու անձինք և նրանց լայքող անպատասխանատու ֆեյքեր բռնում են մի թեմա ու վազում։
Դիմացից էլ վազում են այլ պատասխանատու անձանց և անպատասխանատուների զանգվածներ՝ ձեռքերում պահած համապատասխան թեմա։
Ու էլի զգում ես՝ փիառի հոտ է գալիս։ Եվ այսպես օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով։ Ու հասկանում ես, որ մի քանի փիառի մասնագետ այ էսպես «վազեցնում» են մի շարք պատասխանատու և բազմաթիվ շարքերով անպատասխանատու անձանց։
Հետո էլ մարդիկ սովորում են էսպիսի «վազվզոցների» և ուրիշ բան արդեն դժվարությամբ են ընկալում։ Լրագրողները դադարում են լուսաբանել այն իրադարձությունները, որոնք փիառային չեն։
Մի օրինակ բերեմ։ Դեռ չորս տարի առաջ որոշվեց, որ Հայաստանում կկայանա WCIT միջազգային բարձր տեխնոլոգիական ֆորումը։ Տարիներ շարունակ այս ֆորումի մասին գրեթե չէր գրվում, քննարկումներ չկային։ Ենթադրում եմ՝ թեման հետաքրքիր չէր։
Հետո պարզվեց, որ ֆորումին կմասնակցի Քիմ Քարդաշյանը։ Թեման միանգամից դարձավ ահավոր հետաքրքիր։ Հետո գործը հասավ բուն WCIT-ի անցկացմանը։ Եվ հայաստանցիները է՛լ ավելի մեծ թափով սկսեցին տեղեկանալ, թե ուր է գնացել Քիմ Քարդաշյանը բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովի ընթացքում՝ Գառնի, Էջմիածին…
Կոնֆերանսը ավարտվեց և այդ ընթացքում մենք իմացանք, որ Քիմը մկրտվել է և արդեն իրեն կարելի է դիմել՝ Հեղինե։ Որպես WCIT-ի ամփոփիչ քննարկման թեմա էլ ստացանք ուշագրավ և կարևորագույն հարց․ «Արդյո՞ք խառնածինները պետք է մկրտվեն հայ եկեղեցում. սարկավագի պարզաբանումը» (զգուշացում․ սա իրական հոդված է)։
Հիրավի փիառը զոլավոր է․․․ Ըըըըը․․․․ Զորավոր է։
Հ․Գ․ Ի պատասխան և ի կանխատեսումն հարցերի՝ հեղինակը ոչինչ չունի Քիմ Քարդաշյանի դեմ։ Ավելին՝ հեղինակը նրա կողմից է։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: