2019.09.16,

Քննադատ

Մի տխուր պատմություն մեր մասին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջերս իմ անունից մի կեղծ նկար տարածվեց։ Ինչպես ասում են՝ ֆեյք։ Ավելի մանրամասն այդ ամենի մասին այստեղ նկարագրված է։ Իսկ եթե շատ կարճ ասեմ, ապա ինչ֊որ մեկը վերցրել էր իմ նկարը վերջերս կայացած Պեչակուչա երեկոյի գովազդից, մի փոքր ձևափոխել, գրել, որ «հրավիրում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցի»։ Դրանից հետո սկսվեց տվյալ նկարի տարածումը։

Ի՞նչ հաջողվեց հասկանալ։ Առաջին հետաքրքիր երևույթն այն էր, որ այն տարածվեց հաքերային հարձակման ենթարկված հաշիվների միջոցով։ Հայերեն ասած, կոտրած պրոֆիլներով։ Դա այդքան էլ հատկանշական չէ պարզ սպամ տարածող կայքերի և խմբերի համար, որոնք զուտ ֆեյքերի միջոցով իրականացնում են նյութերի տարածում։

Մյուս տարօրինակությունն այն էր, որ մի շարք խմբերում, որտեղ այս նկարները տեղադրվում էին, ադմինները տեղյակ չէին, թե որն է աղբյուրը։ Ավելին, հաճախ հայտնի չէր, թե ինչու է խմբում տեղադրվում նման նկար։

Մեկ այլ կարևոր հանգամանքն այն էր, որ նմանատիպ նկարներ ստեղծվել էին մի շարք հասարակական գործիչների անունից։ Օրինակ, տարածվում էր լրիվ նույն բովանդակությամբ պաստառ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ինչպես նաև մի շարք պատգամավորների նկարներով ու անունից։

Ո՞վ է սա անում և ինչու՞: Բավականին բարդ հարց է։ Կան երեք հիմնական կասկածյալ խմբեր։

Մեկը հարևան ադրբեջանական քարոզչական թիմերն են։ Մյուսը՝ ներքաղաքական տեղեկատվական խաղերը, որոնց ընթացքում հաճախ կարելի է հանդիպել բավականին տարօրինակ քարոզչական գործողությունների։ Երրորդ տարբերակը՝ զուտ թրաֆիկ հավաքելն է։

Բայց տվյալ հոդվածում չեմ ուզում անդրադառնալ հնարավոր հեղինակներին։ Ավելի հետաքրքիր էր տվյալ նկարների տակ ծավալվող երկխոսությունը, եթե այդ ամենը ընդհանրապես հնարավոր է անվանել այդ բառով։ Արձագանքները բացահայտում են մի շարք հետաքրքիր խնդիրներ՝ կապված հայաստանյան սոցիալական ցանցերի հատվածների հետ։ Գնանք հերթով։

ա․ Ակնհայտ է, որ ֆեյսբուքյան խմբերում կան երկու հիմնական մոտեցումներ, որոնք լավ երևում են նման սադրիչ նկարների տարածման եղանակներից։ Խմբերի մի մասը շատ խիստ մոդերացվում է։ Այստեղ ադմինները պարզապես թույլ չեն տալիս տեղադրել ոչինչ, բացի նախօրոք պայմանավորված բովանդակությունից։ Մյուս խմբերում մոդերացիա չի իրականացվում, ցանկացած տրանսցենդենտալ նյութ այստեղ հնարավոր է տեղադրել և ստանալ վիրտուալ բավարարվածություն։

բ․ Ընթերցողները, ավելի շուտ, դրանց մի հատվածը, անընդհատ տարածում են ատելության խոսք ու հայհոյանք։

Այս հատվածը փոքր չէ։ Այն բաղկացած է մի քանի հազար, եթե ոչ՝ մի քանի տասնյակ հազար մարդուց, որոնք անընդհատ հայհոյում են։ Նրանց համար սա կյանքի մի մաս է։ Օրական մի քանի տասնյակ գերթթու խոսք տարածելը նրանց համար դարձել է կյանքի նորմա, ոմանց համար նաև՝ կյանքի իմաստ։

Հայաստանյան Ֆեյսբուքում կա մոտավորապես 1 200 000 ակտիվ օգտատեր։ Սակայն բավականին փոքր տոկոսն է մեկնաբանում նյութերը։ Խոսքը  ընդհամենը մի քանի տասնյակ հազարների մասին է, որոնք մասնակցում են հանրային քննարկումներում։

Նման մարդկանցից առնվազն մի քանի հարյուրը, եթե ոչ՝ հազարը, միայն տվյալ կեղծ լուսանկարների տակ հասցրեց հայտնել իր հեղինակավոր կարծիքը ոչ գրական, բայց ազդեցիկ խոսքով։ Եվ այս ատելությունն ու թույնը գրեթե ամենուր է, որտեղ քննարկվում են հասարակական կամ քաղաքական թեմաները։

Խնդիրն այն է, որ սահմանները լղոզվել են, և մարդիկ համարում են, թե արդեն ամեն թեմայի շուրջ հարկավոր է գոնե մի երկու հայհոյանք գրել։ Կտրուկ նվազում է իմաստ պարունակող կարծիք գրողների քանակը, հայհոյանք գրողների քանակը՝ միայն աճում։

Սա խիստ մտահոգիչ փաստ է, քանի որ հիմնական տենդենցը տանում է միայն դեպի վիճակի վատթարացում։

գ․ Մարդիկ ցանցում արված յուրաքանչյուր գրառում ընկալում են որպես ճշմարտություն։

Հերիք է տեղադրես որևէ մեկի լուսանկար ու նրան վերագրես որևէ խոսք, հարյուրավոր մարդիկ դա կհամարեն փաստ։ Մտքներով չի անցնի գնալ, ստուգել, մտածել։ Սա ամենամտահոգիչն է։

Ամենուրեք քննարկումներ են կեղծ նորությունների, մեդիագրագիտության մասին։ Սակայն, հերիք է տեղադրել նկար, որի տակ գրված է, որ մածունը մանուշակագույն է, անմիջապես հայտնվում է մեծ բանակ, որը սկսում է տարածել այդ գաղափարը։

Պատկերացնու՞մ եք, թե որքան խոցելի է մեր հասարակությունը, եթե կարելի է տեղադրել Արծրուն Հովհաննիսյանի նկարը, վրան գրել, որ ինքը հրավիրում է վարչապետի դեմ ցույցի, և մի քանի հազար մարդ ամենայն լրջությամբ դա քննարկելու է։ Եվ նշանակություն չունի դա անելու են կողմ, թե դեմ լինելով։

Սա նշանակում է պարզ մի բան. օրերից մի օր որևէ մեկը նման ստերով մեր գլխին մի վատ բան կբերի։ Ինքներս էլ չենք հասցնի հասկանալ, թե ոնց եղավ, որ հանրության մի մեծ հատվածին հաջողվեց խաբել։

Հ․Գ․ Կուզեի անպայման նշել, որ տվյալ դեպքը ինձ վրա անձնական հետք բացարձակապես չի թողել։ Պարզապես իսկական ողբերգություն է, որ նման էժանագին մեքենայություններով կարելի է մարդկանց տեղից հանել և դրդել իրենց ժամանակն ու եռանդը նվիրել նման անհեթեթ բաներին։ Մեղմ ասած, այս ամենը տխուր է։

Էլ չասեմ, որ հնարավոր չէ հասկանալ գրառումների կեսը, քանի որ մարդիկ հաջողացնում են նույնիսկ լատինատառ և կյուրեղատառ հայերենում տառասխալներ անել։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *