2019.09.07,

Քննադատ

Հեռախոս, իմ ընկեր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Անհայտ բաժանորդ» ֆիլմը, որը սկսեց ցուցադրվել հայաստանյան հանդիսատեսին, ունի կարևոր առանձնահատկություն. այնտեղ շատ հայտնի դեմքեր են: Եվ այդ հայտնիները խաղում են անհայտ կյանք ունեցողի դերեր:

Ֆիլմերից, սերիալներից, գովազդից, հեռուստաէկրանից ու տարբեր այլ վիզուալ արտադրանքից հայտնի դերասանների խումբը մասնակցում է կատակերգական դրամայում, որի առանցքը անհայտ կյանքն է բաց հարաբերությունների դարաշրջանում: Այսինքն, այն ժամանակ, երբ վիրտուալ շփումը դարձել է արագ, սովորական ու պահանջում է անդադար խմբագրումներ:

Ռուսաստանյան պրոդյուսերներով, հայաստանյան արտադրության այս ֆիլմը կոմերցիոն է բառիս բուն ու դասական իմաստով: Այն արված է շուկայի կանոնների համաձայն ու շուկայի ուժերով:

Ազգային կինոկենտրոնն «Անհայտ բաժանորդին» 2019-ին հատկացրել է 20 միլիոն դրամ, բայց կան հիմնական հովանավորներ (ՎիվաՍել, Վիվարո և այլն), ինչպես նաև սյուժեին միահյուսված գովազդատուներ (PicsArt, idram, խաղադրույքային ընկերություններ, Յանդեքս տաքսի ծառայություն և այլն):

Կոմերցիոն նպատակ ունեցող գեղարվեստական ֆիլմերը Հայաստանում քիչ չեն եղել, դրանք հիմնականում կենցաղային հիմքով կատակերգություններ էին, որոնց ավելի ճիշտ է անվանել «խնդալու» համար արտադրանք, երբ կարևորվել է ոչ թե կատակերգական բազմահարկ սցենարը, այլ մեկհարկանի իրավիճակը:

«Անհայտ բաժանորդը» այդ ֆիլմերից տարբերվում է առաջին հերթին ամուր սցենարական կառուցվածքով:

Ֆիլմի սցենարը հայաստանյան ծնունդ չէ, այն գնվել է դրամարկղային հաջողություն ունեցող «Իդեալական անծանոթները» ֆիլմի արտադրողներից (գնորդը ռուսաստանյան ընկերություն է, որը նկարահանել է ռուսական տարբերակը, հետո աջակցել հայաստանյանին):

2016-ին ցուցադրված այդ իտալական կամերային դրաման փաստեց, որ կան ունիվերսալ պատմություններ, որոնք հեշտությամբ տեղայնացվում են ու էկրանավորվում բոլոր այն երկրներում, որտեղ կա միջին խավ, ընտանեկան մեծ ու փոքր գաղտնիքներ, անձնական բարդույթներ, արագ կապի միջոցներ ու սարքեր, հեռախոսների ու սոցցանցերի սերտաճում առօրյային:

Այսինքն, ամենուրեք:

Իտալական օրիգինալ սցենարը լավ ապրանք է կինոշուկայում, արդեն կան դրա տասնյակ ռիմեյքները տարբեր երկրներում: Հիմա իր տարբերակը ունեցավ նաև Հայաստանը:

Ֆիլմի սյուժեով հանդիպում են վաղեմի ընկերները՝ իրենց կանանցով, ու որպես խաղ որոշում հրապարակայնացնել հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները (չունես թաքցնելու բան, դե ուրեմն, ցույց տուր):

Արդյունքում անձնական ինֆորմացիան դառնում է հասանելի բոլորին՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով (սիրավեպերի, անսպասելի հղիության, էլ ավելի անսպասելի սեռական կողմնորոշման ու տարբեր ավելի մանր խոստովանություններով): Փլվում են հարաբերությունները, ճաքում են ընտանիքները, սասանվում է ընկերությունը:

Ռիմեյքը պարտադրում է, որ պահպանվի գործողության հիմնական գիծը, գործող անձանց տիպարները, իսկ երկխոսությունները, երկրորդական գծերն ու ինտերերը կարող են փոփոխվել:

Օրիգինալ ֆիլմը շատ ստատիկ է, թատերային՝ հիշեցնելով փակ տարածքում կատարվող ռեալիթի շոուներ, որտեղ ողբերգությունները ծագում են նրբանկատորեն:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմը (ռեժիսոր Արզո Հարությունյան) որոշել է կամերային դրամային հաղորդել դինամիկա ու անընդհատ շարժման մեջ դնել հերոսներին, որպեսզի հանդիսատեսը չձանձրանա:

Արդյունքում թուլանում է լարումը այն պահերին, երբ իսկապես ծագում է հարց՝ իսկ ո՞վ ենք մենք՝ այն, ինչ ասում ենք բարձրաձա՞յն, թե՞ այն, ինչ շշնջում ենք անձնական չաթերում՝ վստահ լինելով, որ դա կմնա գաղտնիք: Կամ ներքուստ ուզում ենք լինել բացահայտված:

«Անհայտ բաժանորդում» գեղեցիկ մարդիկ գեղեցիկ շարժվում են կադրում, գեղեցիկ ուտում՝ զրուցելով: Նրանց հեռախոսներում կուտակվել է ինֆորմացիա, որը հիշեցնում է ինքնաթիռների «սև արկղ»: Այդ թվում նաև հայաստանյան հասարակության խնդիրները՝ արդեն ֆիլմի տարածքից դուրս:

Կան հանրային տաբուներ, որոնց եվրոպական սցենարը դիպչում է շատ զգուշորեն, իսկ հայաստանյան տարբերակը ակնարկելով՝ շրջանցում է: Բայց միայն այն, որ այդ տաբուներին անդրադառնալը պարտադրանք է սցենարով, արդեն իսկ լավ է:

Բացի հիմնական շերտից (մենք ու մեր հեռախոսները) կա նաև երկրորդ շերտ (մենք ու մեր վախերը):

Վախենում ես բացահայտումից, բայց միևնույն ժամանակ ուզում ես լինել բացահայտված, քանի որ գաղտնիքները քար են՝ կապված վզիդ: Եվ բացահայտումը անհրաժեշտ է վերջանակապես չկործանվելու համար:

Որքան էլ պարզունակ թվա «Անհայտ բաժանորդը», այդ միտքը կարդացվում է:

Ընտանեկան դավաճանությունը ամենասարսափելի բացահայտումը չէ, մարդիկ երկյուղում են պատմել անգամ ընկերներին, թե ով են իրենք: Եվ հենց այդ նուրբ վախերը հայաստանյան տարբերակում լավ չեն հնչում: Կամ հնչում են գեղեցիկ, բայց ոչ դրամատիկ:

Օրինակ, միտքը, որ այլևս չես կարող ապրել սկեսուրի հետ, որ տարիներով թաքցրել ես վթարի մասին տեղեկությունը, որ մանկության ընկերդ նույնասեռական կողմնորոշում ունի, իսկ դու դրա մասին չգիտես, բայց հայտնվում ես նրա մաշկի մեջ:

Իրականում, դա ամենադրամատիկ դրվագն է, որը շատ արագ կոծկվում է:

«Անհայտ բաժանորդը» կոմերցիոն ֆիլմ է, առանց լուրջ հեղինակային դրոշմի, առանց հատուկ էֆեկտների:

Այս ֆիլմի հատուկ էֆեկտները հանրային ակտիվ կյանք ունեցող դերասաններն են, որոնք խաղում են միջին վիճակագրական հայաստանցիների դերեր:

Եվ հանդիսատեսը հաստատ մտածում է, թե ինչ կլիներ, եթե հանկարծ բացվի Խորեն Լևոնյանի, Սոս Ջանիբեկյանի, Նազենի Հովհաննիսյանի և այլոց հեռախոսների պարունակությունը:

Հանրային ակտիվ կյանք (թեկուզ վիրտուալ) ունեցող դերասաններն ու նրանց վախերը միշտ ունեն կոմերցիոն հետաքրքրություն:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *