Բրիտանիայի վարչապետ դարձավ նախկին լրագրող, խմբագիր Բորիս Ջոնսոնը։ Այս մարդու պապի հայրը նույնպես լրագրող է եղել։ Նրան սպանել են թուրքերը` կրծքին դաշույնով փորելով «Արթուն Քեմալ» բառերը: Ինչու՞ են սպանողները վերջին վայրկյանին նրան «կնքել» Թուրքիայում տարածված հայկական անունով՝ Արթուն (Գրիգոր անվան հայերեն թարգմանությունը)։
Պապ ու ծոռ․ լրագրությունից դեպի քաղաքականություն
Ալեքսանդր Բորիս դե Պֆեֆել Ջոնսոնը հուլիսի 24-ին դարձավ Բրիտանական թագավորության վարչապետը։ Նա իր երակներում ունի և՛ ստրուկի, և՛ արքայի արյուն։ Ծնվել է Նյու Յորքում և ընտրվել Լոնդոնի քաղաքապետ։ Սերել է փախստականի ընտանիքից և դարձել արտգործնախարար։ Մուսուլմանական ծագում ունենալով՝ փարանջա կրող կանանց նմանեցրել է փոստարկղի, լրագրող լինելով՝ ծեծել լրագրողի։
Բորիս Ջոնսոնը 18 տարի լրագրող է աշխատել Դեյլի Թելեգրաֆ, Սփեքթեթոր և Թայմս թերթերում։ Այս վերջինը դեռ 1909 թվականին Բորիս Ջոնսոնի պապի հորն անվանել էր «կրթված մարդ» (man of letters) և գուշակել նրա համար պետական մեծ գործչի ապագա։
1919 թվականի մայիսի 26-ին Թայմսը հայտնեց, որ աքսորից վերադառնալուց հետո Ալի Քեմալը նշանակվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար։ Ալի Քեմալը Բրիտանիայի այժմյան վարչապետի ապուպապն է, ով ծնվել է Թուրքիայում 1867 թվականին։ Նրա մի կողմը սերում էր կովկասյան չեքեզներից, որոնք ստրկության էին քշվել Թուրքիա։ Մյուս կողմի մասին միայն ենթադրություններ կան։
Ալի Քեմալն ընդդիմադիր լրագրող էր և, ի թիվս այլ հարցերի, քննադատում էր Աբդուլ Համիդի հակահայկական քաղաքականությունը։ Դրա համար էլ նա աքսորվեց` դառնալով Օսմանյան Թուրքիայի խոսքի ազատության խորհրդանիշերից մեկը։
Երբ Երիտասարդ թուրքերի կուսակցությունը գահընկեց արեց Համիդին, Ալի Քեմալը վերադարձավ Թուրքիա, աշխատանքի անցավ ընդդիմադիր Իքդամ (ջանք) թերթում, սկսեց քննադատել երկրի նոր ղեկավարներին՝ հայերի կոտորածներ ծրագրելու և իրագործելու համար։ Նրա թիրախում էին Թալեաթը, Էնվերը և Ջեմալը։
Իքդամ թերթի 1918 թվականի նոյեմբերի 4-ի համարի առաջին էջում «երեք փաշաների փախուստի» մասին լուրն է։ Վերնագիրն ասում է․ «Հայկական հարցը լուծելու նրանց տարբերակը հայերին վերացնելու փորձն էր»։
Անկասկած՝ Ալի Քեմալն ինքն էլ թուրք ազգայնականների թիրախում էր։ Հայոց ցեղասպանության մեկ այլ կազմակերպիչ՝ դոկտոր Նազիմ բեյը, մի քանի անգամ նրա դեմ մահափորձ էր կազմակերպել։
Ալի Քեմալի առինքնող ծոռնիկը
Ալի Քեմալից սկսած՝ Բորիս Ջոնսոնի տոհմը սկսեց «ազնվանալ»՝ շնորհիվ եվրոպացի հարսների և մայրական կողմի պապուտատի ամուսնությունների։ Ինքը, նորընտիր վարչապետը վերջնականապես դարձավ «մեծատոհմիկ»` սովորելով Իթոնի քոլեջում, որը 1440թ․ հիմնադրել է Անգլիայի Հենրի Չորրորդ թագավորը։ Քոլեջի տարեկան վարձը 40.700 ֆունտ է։ Պատանի Ջոնսոնը Իթոնում սովորել է վեց տարի և ստացել է «նշանակալի» կրթաթոշակ։
Այստեղ նա իր Ալեքսանդր անունը դարձրել է Բորիս, փոխել է նաև կրոնը, կաթոլիկից դառնալով անգլիկան։ Իթոնից անմիջապես հետո Ջոնսոնը ընդունվել է Օքսֆորդի համալսարան։
«Այն, ինչ չգիտեմ, ուրեմն դա գիտելիք չէ», ասվում է Օքսֆորդի երդման տեքստում, որն անկասկած արտասանել է Բորիս Ջոնսոնը։ Նա ինքն էլ մի քանի ասույթների հեղինակ է.
«Իմ՝ Բրիտանիայի վարչապետ դառնալն այնքան հավանական է, որքան Էլվիս Փրեսլիին Մարսի վրա հանդիպելը, կամ էլ իմ հաջորդ կյանքում ձիթապտուղ ծնվելը»։
Երբեք մի ասա երբեք։ Բորիս Ջոնսոնը հիմա վարչապետ է՝ հստակ ծրագրերով։ Նա մտադիր է Մեծ Բրիտանիան «հանել» Եվրոպական միությունից։ Վարչապետի կարծիքով՝ Եվրոպայում միշտ էլ ցանկացել են կայսրություններ ստեղծել հռոմեացիները, Հիտլերը, Նապոլեոնը։ Եվրոպական միությունը հերթական փորձերից մեկն է։
Հավանաբար տեղյակ լինելով իր ապուպապի կյանքին ու գործունեությանը, նա մի անգամ նույնիսկ բրիտանացիներին զգուշացրել է, որ Եվրամիության ընդլայնումից հետո 80 միլիոն թուրքեր լցվելու են Անգլիա։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Բորիս Ջոնսոնի պապական գյուղում՝ Կալֆաթում ապրում է 2018 մարդ։ Ըստ ոչ պաշտոնական վիճակագրության, նրանց մեծ մասը դեղին մազեր ունի։ Գյուղը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի հյուսիսում։
Այստեղ շատ է տարածված Սարիողլան ազգանունը։ «Sari» (սարի) թուրքերեն նշանակում է «դեղին»։ Գյուղի գերեզմանատանը շատ են Սարի, այսինքն, «դեղնամազ» ազգանունով տապանաքարերը։ Այնպես որ, պտուղը ծառից այնքան էլ հեռու չի ընկել, և «հավակնոտ շիկահերը», ինչպես կոչում էին Բորիս Ջոնսոնին Իթոնում, իր պապերին է քաշել, գոնե՝ մազերի գույնով։
Ինչու՞ Արթուն Քեմալ
1922 թվական։ Նոյեմբերի 4: Պոլիս։ Ալի Քեմալը սափրվում է հայկական Թոքաթլյան հյուրանոցի վարսավիրանոցում։ Զինվորականների խումբը մտնում է վարսավիրանոց։ Ներքին գործերի նախկին նախարարին չեն թողնում անգամ սափրվելու փրփուրը երեսից մաքրել։ Նրան նստեցնում են մոտորանավակ և տեղափոխում Պոլսի ասիական մաս։ Նոյեմբերի 6-ին գեներալ Նուրեդդին փաշայի հրամանով սպանում են Ալի Քեմալին։ Դեմքը ծակծկում են թրերով, կախում ծառից, քարերով ջարդում գլուխը, իսկ կրծքին դաշույններով գրում «Քեմալ Արթուն»։
Այս սպանության բոլոր մանրամասները Նուրեդդին փաշան պատմում է գրող, բժիշկ և պատմաբան Ռիզա Նուրին։ Ալի Քեմալը դառնում է այդ ժամանակների Թուրքիայի ներքին իշխանական բանսարկությունների զոհը։ Այս մասին մանրամասն նկարագրված է ամերիկացի գիտնական Հարի Կարգասի աշխատությունում։ Աթաթուրքի հավատարիմ զինակից Նուրեդդին փաշան սկսել էր «մաքրել» ապագա մրցակիցներին։ Ալի Քեմալը Լիբերալների միության անդամ էր և հաճախ իշխանական լրագրերի կողմից «մեղադրվում էր» հայերին օգնելու, նույնիսկ՝ հայ լինելու մեջ։
Արմեն Սարգսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: