2019.07.05,

Քննադատ

«Այո՜ իմ և իմ երկրի առաջին Սահմանադրությանը»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

«Սովետական Հայաստանի վերջին մնացորդն էլ ոչ ևս է: Կեցցե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- ազդարարում է 1995  թ. հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

1995թ-ի հուլիսի  5-ին համատեղվել էին Գերագույն խորհրդի  ընտրություններն ու  ՀՀ առաջին Սահմանադրության հանրաքվեն: 

Հանրաքվեին նախորդող օրերին պաշտոնաթերթի  առաջին էջերին «Այո՜ իմ և իմ երկրի առաջին Սահմանադրությանը» խորագիրն էր:  Եվ այդ խորագրի տակ էլ հայտնի մտավորականներն իրենց  վստահության փոքրիկ էսսեներն էին ձոնում  Սահմանադրությանն «այո» ասելուն՝ Օհան Դուրյան, Երվանդ Մանարյան,  Վահե Շահվերդյան, Ֆրունզե Դովլաթյան, Շահեն Խաչատրյան, Մերուժան Տեր-Գուլանյան…

Սերո Խանզադյանը հիշեցնում էր  ԽՍՀՄ Սահմանադրությունը, որը գեղեցիկ բառերի հավաքածու էր, բայց…«Այդ Սահմանադրությունը բռնակալ իշխանության ձեռքին սուր էր, դանակ, դաշույն՝ ժողովրդին խոցելու և իր կամքը թելադրելու»: Ա՜յլ է Հայաստանի առաջին Սահմանադրությունը՝ ուղղված Հայաստանի քաղաքացուն. «Հավատում եմ»,- իր խոսքը լակոնիկ ամփոփել էր գրողը («Հայաստանի Հանրապետություն», 1995, հուլիսի 1):

Պաշտոնաթերթի համարներում որևէ անդրադարձ չկար ընդդիմության մտահոգություններին, թե  Սահմանադրությունը նախագահին չափազանց մեծ լիազորություններով է օժտում: Ի պատասխան ընդդիմության հավաստիացումների, թե  գործող իշխանությունները չեն վայելում ժողովրդի վստահությունը, «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը հանրաքվեի նախօրեին հրապարակել էր «Ու՞մ ձեռնտու չեն այսօրվա իշխանությունները կամ Ալիևն ու մեր ընդդիմությունը դաշնակիցներ են» հոդվածը: Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչարյանի, Պարույր Հայրիկյանի անհաջող լուսանկարները դրվել էին  Հեյդար Ալիևի լուսանկարի կողքին:

Հանրաքվեն տեղի ունեցավ, և արդեն հաջորդ օրը, հուլիսի  6-ի համարում, արդեն մեծ տառերով գրված է՝
«Երեկ մենք կատարեցինք մեր ընտրությունը:
ՀՀ առաջին Սահմանադրությունը մեկ օրեկան է:
Ազգային Ժողովն արդեն իրողություն է:
Հուլիսի 5-ը ՝ Սահմանադրության օր» («Հայաստանի Հանրապետություն», 1995 թ., հուլիսի 6):

«Բնական է, որ սպասվում է մեծ աղմուկ ընդդիմության կողմից՝ ընտրություններում, այսպես կոչված, տեղ գտած «կոպիտ» օրինախախտումների շուրջ: …Մերօրյա ժողովրդաքննադատ պարոններին ամեն տեսակ «ազգ»-երից, «գոլոս»-ներից և այլ «քաղաքակիրթ»  եթերից ուզում ենք հիշեցնել, որ, օրինակ, ԱՄՆ-ում նախագահներն ընտրվում են ընտրողների 25 տոկոսի մասնակցության պայմաններում, իսկ մեր ժողովրդի քաղաքական «պասիվության» մասին նրանց չարակամ կանխագուշակություններն այդպես էլ չիրականացան» («Հայք», 1995,  հուլիսի 7):  

«Ընտրություններն  անսպասելի ակտիվությամբ, բայց սպասելի օրինախախտումներով». Սահմանադրության հանրաքվեի հաջորդ օրն իսկ  ընդդիմադիր «Ազգ»-ն արձագանքեց. «Իշխանությունները լրջորեն էին նախապատրաստվել հուլիսի 5-ի միջոցառմանը, որն, ըստ էության, կոչված էր սոսկ օրինականացնել գերազանցապես կանխորոշված արդյունքները: Մինչդեռ զարմանալին այն է, որ նույնիսկ նման աշխատանքն ի զորու չեղավ ստեղծել արդար ընտրությունների պատրանք» («Ազգ», 1995, հուլիսի 6):

«Ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը» . սա արդեն Պարույր Հայրիկյանի գնահատականն էր: Նա  պնդում էր, որ ԳԽ ընտրությունները և Սահմանադրության հանրաքվեն անցել են խախտումներով . արձանագրվել է շուրջ 300 ապօրինություն («Ազգ», 1995, հուլիսի 7):

«Սահմանադրական հանրաքվեն համարվեց կայացած. «Այո»-ն երաշխավորեց կայունությունն ու զարգացումը»,- հայտարարեց ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը («Հայք», 1995, հուլիսի 7):

Եվ հարցը փակվեց:

Հայաստանում ընտրակեղծարարության պատմության սկիզբն ընդունված է համարել 1995-ը: Այդ թվականին ընդունված Սահմանադրությունը հետագայում դարձյալ հանրաքվեների դրվեց 2003-ին , 2005-ին, 2015-ին: Պաշտոնական մամուլի և ընդդիմադիր լրատվամիջոցների՝ ծայրահեղ իրարամերժ  գնահատականները այս հանրաքվեների մասին նույնությամբ հիշեցնում են 1995 թ-ի հուլիսի 5 -ի հանրաքվեին նախորդած և հաջորդած արձագանքը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *