2019.06.26,

Քննադատ

Հաշվարկներ ու առաջարկներ՝ վրացական ճգնաժամից հետո

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին վեցերորդ օրն է, ինչ ալեկոծվում է ու քաղաքականցվում, հազարավոր մարդիկ դժգոհ են իրենց քաղաքական վերնախավից՝ պահանջելով տարբեր նախարարների ու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներ:

Սա այն դեպքերից է, երբ կառավարության ու ժողովրդի խզումը սպասում էր ընդամենը պատրվակի՝  բռնկվելու համար: Եվ նման պատրվակ դարձավ ռուսաստանցի պատգամավորը, որը նստեց այնտեղ, որտեղ նստել պետք չէր:

Ամեն ինչ սկսվեց Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովից, որի ռուսաստանցի պատվիրակ Սերգեյ Գավրիլովը հունիսի 20-ին նստեց Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին ու ելույթ ունեցել ռուսերենով: Այդ փաստը զայրացրեց վրացի ընդդիմադիր պատգամավորներին, որոնք ընդհատեցին նիստը՝ ռուս պատգամավորներին անվանելով «օկուպանտներ»:

Հետո սկսվեց ինքնաբուխ հանրային ցասում՝ սկզբից հյուրանոցի, հետո խորհրդարանի առջև: Տեղի ունեցան ընդհարումներ ցուցարների ու ոստիկանների միջև, մարդիկ վիրավորվեցին (նաև եղավ զոհ), բերման ենթարկիվեցին, թափվեց արյուն:

Հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակը, հայտարարվեց, որ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսինքն, տեղի ունեցավ այն, ինչ տեղի է ունենում քաղաքական ճգնաժամների արդյունքում, երբ ժողովուրդը զգում է, որ  վերնախավը կա՛մ պիտի ինքը փոխվի, կամ պիտի նրան ստիպել փոխվել:

Վրաստանի լարված իրավիճակը որոշեց ոչ թե մեղմել, այլ ընդհակառակը սրել ՌԴ նախագահ Պուտինը՝ հուլիսի 8-ից դադարեցնելով ուղիղ օդային չվերթները Ռուսաստանից ու Վրաստանի միջև:

Գավրիլովի քայլը կարող էր արժանանալ թեկուզ ձևական, բայց ներողության, և Ռուսաստանը չէր ստանձնի պատժողի դեր, սակայն Ռուսաստանի նախագահը որոշեց, որ տեղին է օգտագործել «հակառուսական» մեդիա հիմավորումն ու ցույց տալ սեփական ժողովրդին, որ հարևանների հետ տեղի ունեցող ամեն ինչը կապված է բացառապես Ռուսաստանի հետ:

Այդպես է աշխատում կայսերական իմիջը, որին անընդհատ նորանոր առիթներ են պետք՝ չխամրելու համար: Ու ռուսաստանյան մեդիան տարածում է այն միտքը, որ Վրաստանում հակառուսական տրամադրություններ են: Ավելին, Վրաստանում «պատրաստվում են սպանել ռուսներին», և պետք է կիրառել ճնշումներ Վրաստանի վրա:

Մենք դեռ Էլեկտրիկ Երևան շարժումից ենք հիշում, որ ռուսաստանյան դաշնային մեդիան նախընտրում է ներկայացնել աշխարհը որպես քաոս, թշնամական դավադրությունների վայր ու ամեն բողոք բացատրել «հակառուսական» արշավներով, անգամ, եթե շարժումների նպատակը սեփական երկիրն ավելի լավը դարձնելու փորձն է:

Իսկ Վրաստանի համար Ռուսաստանը դեռևս մնում է պատերազմը հաղթած պետություն, որի պատճառով զիջել է տարածքներ:

Այս իրավիճակում ցանկալի է, որ Հայաստանի քաղաքական ու լրատվական դաշտը արձագանքեն զուսպ, քանի որ երկու պետություններն էլ առանցքային նշանակություն ունեն մեզ համար:

Միգուցե կարող ենք նաև լինել այդ զսպվածության արտահանողը՝ առաջարկելով երկու պետություններին խաղաղ (նաև թավշյա) լուծումների փաթեթ: Իսկ դա հնարավոր է, եթե ոչ թե խուսափենք խոսել ռուս-վրացական լարվածության մասին, այլ քննարկենք այն: Ինչը, իրականում, մեր լրատվական դաշտում շատ քիչ է:

Հանրային հեռուստատեսությունը Վրաստանում տեղի ունեցող առաջին օրերի իրադարձությունները ներկայացնելով՝ ասաց, որ «հայտնի է դարձել անկարգությունների զոհերի մասին», օգտագործվեց նաև «խռովություն» բառը: 

Հետո եղավ մեջբերում ՌԴ ԱԳՆ խոսանակի այն միտքը, որ «Թբիսլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք են, որը վնասում է առաջին հերթին հենց Վրաստանին»:

Իհարկե, լրատվամիջոցը փորձում է լինել (թեկուզ ձևականորեն) անաչառ ու երկու կողմերի կարծիքի համար տեղ բացել, բայց խնդիրն այն է, որ չկան երկու կարծիքներ, կարծիքները շատ ավելի են: Եվ կարիք չկա լինելու միայն դրանք արձանագրող: 

Իսկ «անկարգություններ» բառն ուղղակիորեն նվաստացնում է հանրահավաքների մասնակիցներին (ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ նվաստացնում էր Հայաստանի թավշյա հեղափոխության մասնակիցներին): 

Կարիք կա իրավիճակը քննարկելու, թեկուզ հիշելով, թե ինչպես են փլվում հաղորդակցությունից հեռացող վերնախավերը:

Նաև ընդունելու, որ չվերթների դադարեցումը ոչ թե Ռուսաստանի որոշումն էր, այլ նրա նախագահի, և այդ երկու կողմերի միջև այլևս կա տարանջատում: 

Ո՛չ շարքային ռուսաստանցիներին, ո՛չ էլ ռուսաստանցի գործարարներին ձեռնտու չի ավիափոխադրումների դադարեցումը, դա ընդամենը պատժիչ քայլ է ի հեճուկս բոլոր ոլորտներին: Եվ առաջին հերթին կազմակերպված զբոսաշրջությանը: 

Նաև ակնարկներ եղան, որ հնարավոր է արգելվի վրացական գինիների, հանքային ջրերի ու գյուղմթերքի ներկրումը Ռուսաստան:

Հայաստանի քաղաքական դերը այս իրավիճակում կարող է իրականում լինել խաղաղասեր-հաշտեցնող:

Բայց, օրինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ «անձամբ ինքը չի պատկերացնում, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը» այս լարվածությունը մեղմելու գործընթացում:

Իհարկե, բարդ  ու նաև անշնորհակալ է, երբ լարված հարաբերությունները փորձում են նյութականացնել: 

Օրինակ, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի լայվով ասաց, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև ավիափոխադրումների դադարեցումը լավ հնարավորություն է Գյումրիի օդանավակայանը զարգացնելու համար, դա դիտարկվեց որպես ոչ թե հաշտեցնող, այլ ագրեսիվ առաջարկ:

Անգամ, երբ պատգամավորը ասաց. «Սա ֆունդամենտալ կարևոր է»:

Թերևս այսօր ֆունդամենտալ կարևոր է ոչ թե խնդիրներից օգուտ քաղելը, այլ լուծումներ առաջարկելը: Հաշվենկատությունը թմբկահարելը լավ նշան չէ: Ի վերջո, գեղեցիկ չէ:

Հայտնի դարձավ նաև, որ մի քանի ավիաընկերություն պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին» ու տարանցիկ երկթուղիներ մշակել:

Իհարկե, «եղբայրական ժողովուրդներ» ձևակերպումը դեռևս սովետական ժամանակներից ժառանգած հնչեղ հուշ է արթանացնում, բայց երևի քույր-եղբայրական միջպետական հարաբերությունները շուտով կթարմացվեն նաև բառապաշարի տեսանկյունից: 

Շատ բան կա քննարկելու ռուս-վրացական հարաբերությունների ու հայաստանցիների դերակատարման շուրջ:

Օրինակ, թե ինչու Հայաստանը չպիտի ձգտի միայն փող աշխատել ռուս-վրացական լարված իրավիճակից, այլ փորձի երկու կողմերի ժողորդների համար լինել բաց, ազատ, անվտանգ ու գեղեցիկ տարածք: Թեկուզ առայժմ միայն օդային:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *