2019.06.06,

Քննադատ

Սև, ձև, նորաձև

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երբ ՀՀ վարչապետը կառավարության նիստի իր ելույթում ուշադրություն դարձրեց «սևազգեստ խմբերի» «լկտի ու արհամարհական պահվածքի» վրա, նա մի կողմից՝ իր սիրելի սև-սպիտակների թեման նորից բերեց լրատվական դաշտ, բայց արդեն բառիս ոչ թե փոխաբերական, այլ բուն իմաստով, իսկ մյուս կողմից՝ սկսեց մի բարդ խոսակցություն, որի ակունքները մշակույթում են:

Փաշինյանը նկատի ունի մեծ արագությամբ ու խախտումներով ավտոմեքենա վարելու, այդ թվում նաև՝ մայթերով, «ավտոմեքենաներով ճռռիկներ անելու» դեպքերը, երբ խմբային վարքագիծը ցուցադրաբար ագրեսիվ է, ցինիկ ու «խիզախ»:

Մշակութային կոդերը վերադասավորելու ունակ համայնքը կարող էր վարչապետի ուրախ ու կարևոր ուղերձում տեսնել այն լուրջ թիրախն ու առողջ ինքնահեգնանքը, որի մասին խոսելը օրհասական պահանջ է: 

«Լուծել սև շորերի հարցը, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»,- ասել է Փաշինյանը՝ ալեկոծելով հանրային զգայուն ծովը:

Ֆեյսբուքյան գրառումների տարափը (թե սևը լավ գույն է, անգամ անհրաժեշտ, ու վարչապետը մեզ չպիտի ասի, թե ինչ գույնով փաթեթավորվել), ֆլեշմոբային տրամադրությունները (թե այլևս սև շրջազգեստս չեմ հանգնի, ես էլ չեմ հագնի, իսկ դու՞), սոցցանցերում հաշվի լուսանկարը սև դարձնելը և այլ թեթև-ուրախ արձագանքները իրականում զանգվածային դարձրեցին հարցը՝ իսկ ինչու՞ սև:

Բնականաբար, սևը վատի կամ բացասականի հոմանիշը չէ: Սևը գույնը պարտադիր է, երբ զմայլվում ենք աստղազարդ երկնքով՝ ըմբոշխնելով կոնտրաստը, անհրաժեշտ է ավելի նիհար երևալ ցանկացող մարդկանց զգեստապահարանում:

Առանց սևի ինքնաթիռները վայրէջք չեն կատարի (չի երևա լույսը): Ինչպես կասեր Գյոթեն՝ առանց սևի չի լինի սպիտակ (այն ուժը, որը ձգտում է սև գործեր անել, բայց սպիտակի մաս է):

Սևը պարտադրանք է եկեղեցու սպասավորների և այլ կամային մասնագիտություններ ունեցողների համար: Ի վերջո, սևը սգի գույն է, իսկ սգավորը անձեռնմխելի է:

Ասոցիացիաները սևի հետ անվերջ են: Փաշինյանի նշած պատկերային շարքը շարունակելը բավականին հեշտ է, քանի որ պարզ է, որ սևազգեստավորը անպայման տղամարդ է, որի սրտում գաղտնիք է…

Նա անպայման պաշտպանվում է արևից՝ մուգ ակնոցով, մազերը սանրում այնպես, որ դիմային մազափունջը սոսնձված լինի ճակատին, հագին՝ անթափանց սինթետիկ գործվածքից հագուստ, ոտքերին՝ հստակ տիպի կոշիկ՝ սուր քթով ու փակ (հանկարծ չպիտի երևան ոտքի մատները): Նա վարում է մգեցված ապակիներով այսպես կոչված «դագաղ» կամ «մուրճ» ֆորմայի ավտոմեքենա, որից շատ բարձր ցայտում են երգեր՝ ռուսական կալանավայրերում դժվար կենսակերպի, տղամարդկային ռոմանտիկ կապերի ու վրեժի մաքրագործ հավատի մասին:

Այդ կերպարին մենք լավ ծանոթ ենք հայաստանյան սերիալային արտադրանքից ու «ռաբիսի» հետ սերտաճած փոփ-մշակույթից: Հեռուստատեսությունը «գողական» կոդերը շատ հաջող է շահարկել տարբեր իրավիճակներում՝ սևազգեստ լինելը հավասարեցնելով այլընտրանքային պահվածքի հետ, երբ պիտի փակվես, դառնաս անթափանց, որ քեզ գնահատեն:

Ցույց տաս, որ ազատ ես, երբ քեզ չեն ճանաչում: Մի խոսքով՝ ցույց տաս, որ ազատ ես, ոչ թե լինես ազատ:

Արդյունքում, ի՞նչ էր ուզում ասել Փաշինյանը:

Նրա «սպառնալիքը»՝ դիմավորել սևազգեստներին կոշտ ձևով ու ճանապարհել գունավոր ու ծաղկավոր հագուստով, այն ուրախ կոչերից է, որի հետևում ապակրիմինալացումն է:

Ինչպես Կազիմիր Մալևիչը յուղոտ վերջակետ դրեց դասական գեղանկարչության դարաշրջանի վրա՝ իր «Սև քառուկոսով» ողջունելով բացարձակ զրոյական վիճակը, նոր սկզբնակետը, այնպես էլ (ուզում ենք հավատալ) Նիկոլ Փաշինյանն է ավարտական փուլին հասցնում կրիմինալ-քյարթու աշխարհին հատուկ կենսակերպի թաքուն հմայքն ու գաղտնի մնալու գրավչությունը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *